կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-13 15:35
Քաղաքական

Ամբողջ ծրագրում «Արցախի Հանրապետություն» անվանում չեք գտնի, կա «Արցախ», որն Արցախի Սահմանադրությամբ իրավական կատեգորիա չէ. Արծվիկ Մինասյան

Ամբողջ ծրագրում «Արցախի Հանրապետություն» անվանում չեք գտնի, կա «Արցախ», որն Արցախի Սահմանադրությամբ իրավական կատեգորիա չէ. Արծվիկ Մինասյան

Կառավարության ծրագրում ներկայացված ցուցանիշներն իրար հետ համաձայնեցված չեն: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց  ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

«Այս փաստաթղթում ամրագրված է Հայաստանի բնակչության կրկնապատկման դրույթը՝ 20 տարվա ընթացքում, ինչը նշանակում է 5 միլիոնից ավելի բնակչություն: Այս դրույթի ներքո առնվազն տարակուսելի է՝ ո՞նց կարելի է կառավարության ծրագրում թիրախ համարել 5 տոկոս տնտեսական աճը, ո՞նց կարելի է աղքատության, ծայրահեղ աղքատության հաղթահարումը համարել ցուցանիշ, թիրախ՝ առանց մտածելու, որ 5 տոկոս տնտեսական աճը պարզապես ի վիճակի չէ լուծել այս խնդիրը: Առհասարակ, տնտեսական կառուցվածքային վերափոխման ճանապարհային քարտեզ գոյություն չունի»,- շեշտեց նա:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Արծվիկ Մինասյանը նշեց՝ հստակ պետք է արձանագրվեր, որ էական նշանակություն ունի այն, որ խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը չափազանց կարևոր է, եթե իրացվեն 2016-ի Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում համաձայնեցված` վստահության և անվտանգության միջոցների ամրապնդմանն ուղղված գործողությունները, ինչը ևս չկա կառավարության ծրագրում: 

«Ոչ միայն մեկ-երկու տեղ, այլև ամբողջ ծրագրում չկա «Արցախի Հանրապետություն» անվանում, չեք գտնի, կա «Արցախ» արտահայտությունը, որը, Արցախի Սահմանադրության  համաձայն, իրավական կատեգորիա չէ, ավելին` ինքնիշխան պետությանը բնութագրող հասկացություն չէ, ուստի անպայման պետք է ամրագրվի «Հանրապետություն» արտահայտությունը՝ որպես ուղերձ, որ ՀՀ-ն երաշխավորում է, ճանաչում և ներսում ռազմաքաղաքական երաշխիքն է ապահովում: Սրանք արտաքին քաղաքականության մեջ կարևոր հարցեր են՝ որպես ուղերձ աշխարհին»,- պնդեց Մինասյանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դաշնակցական գործիչը նշեց. «Մենք կարծում ենք, որ չափազանց կարևոր է ավելացնել նաև հետևանքների վերացման հատվածը՝ որպես կարևորագույն գործողություն անկախ պետականության համար»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նա շեշտեց, որ «առանց նախապայմանների կարգավորում» ձևակերպումը պետք է կառավարության ծրագրում լիներ, որը չկա: