կարևոր
652 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-08 16:39
Հասարակություն

Դուք խուսափեցիք գնահատական տալ վարչապետի՝ ընդդիմադիրներին սպառնալու վարքին. Գալստյանը՝ դատախազին

Ներկայացնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը

«Այս դահլիճում՝ խորհրդարանական երկրի գլխավոր հարթակում, ուր  երեկ երկրի վարչապետն ուղիղ եթերում ծայրահեղ ոչ նորմատիվ, հանրային վտանգավորության  վարք է դրսևորում՝ այն համեմելով «համբալ» խոսույթով, նաև  քաղաքական ընդդիմադիրների հասցեին ապառնալիք հնչեցնում, թե կլցնի   ԱԱԾ պադվալներն ու վրան էլ  ձեռքով վիզ կտրելու  շարժում է անում, դժվար է խոսել իրավական երկրից ու օրենքի գերակայությունից:  Այդուհանդերձ խոսելու եմ, որովհետև դուք երկրում ձևավորված մթնոլորտի և  բարքեր համար պատասխանատու առանցքային դեմքերից մեկն եք: Իրողություն, որը երբեք չի ջնջվելու թե ձեր, թե երկրի կենսագրությունից:

 Կույր պիտի լինել, չտեսնելու անվտանգային, իրավական, քաղաքական և բարոյական այն խորը ճգնաժամը,  ինչի մեջ թաղված է երկիրը։ Ճգնաժամը համակարգային  է, հետևաբար հանրային կառավարման ինստիտուտներից յուրաքանչուրը  և, հատկապես՝ քաղաքական մեծամասնությունն ունի պատասխանատվության  ու մեղքի իր բաժինը։

Անպատժելիության, ամենաթողության և ներազգային ատելության խայտառակ մթնոլորտը դոմինոյի էֆֆեկտով քանդել ու քանդում  է  մեր ընդհանրական արժեհամակարգը։ Հատված են բոլոր կարմիր գծերը:

Դուք, Տկն Վարդապետյան, մեր պետական շահերի գլխավոր պաշտպանն եք Սահմանադրությամբ և  այս իրականության մեջ արմատական  փոփոխություն մտցնելը ձեզ համար ոչ միայն լիազորություն է, այլև պարտավորություն:

Տկն Վարդապետյան, ձեր հանրային վարքի մի շարք դրսևորումներ ի չիք են դարձնում անկախ և անաչառ Գլխավոր դատախազ լինելու սահմանադրական պահանջը, նաև այդպիսին երևալու ձեր ճիգը:

Ձեր պաշտոնի չեղոքության պահանջը կասկածի տակ եք դրել բազմաթիվ դրվագներով: Փառք Աստծո կրթության նորաձրության արշավում ձեզ չեմ նկատել, բայց դուք և ՄԻՊ-ը հաճույքով մասնակցում եք վարչապետի զուգընկերուհու հրավիրած  միջոցառումներին և ճաշկերույթին, անգամ երգում,  ինչը կարող է ոչ էական մանրուք թվալ՝ այս ամբիոնից հնչեցնելու համար, բայց սա խոսում է  իշխանական միջավայրում ձեր հարմարավետության մասին: Եվ դա ձեր ընտրությունն է և դուք շատ լավ գիտեք, Տկն Վարդապետյան, թե ձեր պաշտոնը  իրավական և սոցիալական ինչ բարձր պատասխանատվություն է ենթադրում, և,  թե  ձեր հանրային վստահություն աստիճանի վրա ինչպես է ազդում  քաղաքական աֆիլացվածությունը:   

Այսօր ընդհանրական է այն համոզումը, որ Հայաստանում մարդը պաշտպանված չէ և քաղաքացին չի կարող իրացնել օրենքով իրեն ամրագրված իրավունքները։

Տկն  Վարդապետյան, կարդում են 200 էջանոց ձեր՝ տարեկան հաղորդումը,  համեմատում եմ այն  իրական Հայաստանի հետ,  և հարց տալիս, թե ի՞նչ է այն փոխում հայ մարդու կյանքում:

Միջազգային կառույցներն են արձանագրում դատական ոլորտի բարեփոխումների տապալման և արդարադատության, մարդու իրավունքի և հիմնարար ազատությունների վրա  դրա  ունեցած բացասական ազդեցության մասին։

Բացարձակ մտահոգիչ է վիճակագրությունը՝  հանցագործության որոշ տեսակների  աճը, ընտանեկան և կենցաղային բռնություններ՝ 167%, ընտանեկան բռնությանբ սպանություններ 333%, թրաֆիկինգ 89%, անչափահասների շրջանում կենցաղային հողի վրա  սպանությունների աճող թիվ, ավտոճանապարհային  պատահարների աղետալի թիվ, գրեթե օրական մեկից ավել մահացու ելքով:

Երկրի բոլոր ախտերն ու խնդիրները ձեր վրա բարդելու  կանխակալություն չունեմ,  բայց ձեր կողմից ղեկավարվող ինստիտուտից համապատասխան վարք և գործունեություն ենք ակնկալվում, մանավանդ որ օժտված եք բավարար օրենսդրական գործիքներով և լիազորություններով, և որպես պետական շահի պաշտպան դուք նաև  կանխարգելման մեխանիզմ եք,  որն,  ավաղ, իմ համոզմամբ մատնված է անգործության: 

Ձեր պաշտոնառության շրջանում էր  ԱԺ նախագահը կողմից քաղաքացու դեմքին թքելը, հանձնաժողովի նիստում քպ քարտուղարի հայհոյախոս, բռնության կոչերով  խայտառակ վարքը։

Սա պիտի ձեզ սթափեցներ, հանրային բարեվարքության անկումը հակազդող գործելաոճ պարտադրեր։ Բայց ոչ, դուք գերադասում եք հարմարավետությունն ու լռությունը։ Ճիշտ ինչպես այսօր խուսափեցիք իրավական գնահատական տալ փաշինյանի երեկ այստեղ դրսևորած  վարքին և հայտարարություններին:

Ծանր իրավիճակ է քրեական արդարադատության ոլորտում ՝ բանտերում խոշտանգումներ,  նվաստացումներ, բժշկական օգնության անբավարար մակարդակ:

Քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասում կատարած անձանց թիվն աճել է 30 տոկոսով, աճել են նաև ինքնասպանությունները։
Վերջին տարիներին ոչ միայն որևէ դրական փոփոխություն չի եղել խոշտանգումների բացառման ուղղությամբ, այլև անջատվել են ոստիկանության բաժիններում տեղադրված տեսախցիկները: Որպես կանոն, քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած հանցագործությունների և խոշտանգումների դեպքերը չեն դարձել պատշաճ քննության առարկա: Որպես պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող կառույց,  կարող ենք եզրակացնել, որ դուք ձախողել եք:

Անհնար է  տեսնել ու լսել, թե ինչպես է բարեփոխված ոստիկանությունը խոշտանգել ակտիվիստ  Սամվել Վարդանյանին և հավատալ բարեփոխված ոստիկանությանն ու պաշտպանված իրավունքներին։

Անհնար է տեսնել, թե ինչպես են կարմիր բերետավորները ոհմակաբարո խոշտանգում ՀՀ քաղաքացիներին, այդ թվում ԱԺ պատգամավորների և հավատալ ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին:

Անհնար է ուղիղ ռեժիմում տեսնել ոստիկանական մեկ այլ բանդայի կողմից ազդանշանի համար գետնին տապալած քաղաքացուն և առհասարկ  չկորցնել հավատն արդարադատության ու պետական շահի նկատմամբ:  Մանավանդ, երբ արդարադատության նախարարն էլ առանց քննության, հայտարարում է,  թե քաղաքացին հայհոյել է․․․

Օրինակները հարյուրավոր են և պատասխանատվության ենթարկված ոչ մի  ոստիկան։

Մի շարք միջազգային կառույցներ արձանագրել են նաև, որ  զանգվածային միջոցառումների սպասարկման հիմնական պատասխանատու ստորաբաժանումը ոստիկանության զորքերն են, որոնք իրենց կառուցվածքով, գիտելիքներով և սպառազինությամբ ոչ թե ոստիկանական, այլ զինվորական հրաձգային ստորաբաժանում են:

Ինչ ունենք. 2024-ի նոյեմբերի դրությամբ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել հունիսի 12-ի հավաքի ընթացքում ուժի անհամաչափ գործադրման և լուսաձայնային նռնակներ օգտագործելու համար։

ոստիկանական աննախադեպ խախտումների և բռնությունների արդյունքում այս ոլորտի գործնական դաշտի գնահատականը վատթարացել է (2023 թվականի 4,9-ից 2024 թվականին դառնալով 4,7):

Հակառակ միջազգային պարտավորությունների շարունակվում է կալանքի՝ որպես խափանման միջոցի ֆետիշացումը.  2023-ի համեմատությամբ այն  աճել է 11.9%-ով: 

Անգամ միջին ծանրության հանցագործությունների դեպքում հսկող դատախազները սևեռուն կամայականությամբ կալանքի են տանում: 

Բազմաթիվ  են խնդիրները խոսքի ազատության ոլորտում.   լրագրողների դեմ հարձակումներ,  ապատեղեկատվության ու ատելության խոսքի բարձր մակարդակ:

 Ոստիկանության և այլ անձանց կողմից 24 լրագրողի դեմ արձանագրել է  մի  քանի տասնյակ բռնության  դեպքեր:

Շարունակական են նաև ԱԺ-ում   լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորումը: Դուք դարձյալ չեք գնահատում երևույթի հանրային վտանգավորությունը և պատշաճ չեք արձագանքում։

Դուք, որպես  պետական շահի պաշտպան, չեք տեսնում  որոշ լրատվամիջոցների կողմից տևական ժամանակ  գեներացվող ատելության խոսքն՝ ուղղված քաղաքական ուժերին և մասնավորապես՝  արցախահայությունը:

Ավելի քան ակնհայտ է՝ իրավապահ մարմիններն ընտրովի մոտեցում են ցուցաբերում՝ պաշտպանելով պաշտոնյաների և ոչ հանրային շահը:

Թվարկած և այլ համակարգային խնդիրների արդյունքնում  Հայաստանը,  շարունակում է մնալ 54-րդ տեղում՝ որպես կիսաազատ երկիր։ ։

Տիկին Վարդապետյան, այն, որ ձեր նշանակումը քաղաքական է, պայմանավորված ռեժիմի շահերը սպասարկելու  պատրաստակամությամբ, արձանագրել է նաև  Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների մոնիտորինգի վերջին զեկույցը: Ցիտատ.  “Մտահոգությունները շարունակում են մնալ Գլխավոր դատախազության անկախության և անաչառության, ինչպես նաև համակարգի ներսում բարեփոխումների բացակայության հետ կապված”։

Դուք, Տկն Վարդապետյան, համաձայնեք, թե՝ ոչ,  կրում եք ձեր բաժին պատասխանատվությունը ՝ որպես այս մթնոլորտի և բարքերի, որպես  մեր քաղաքակրթական կոդի և իրավական երկրի ձևախեղման մասնակիցներից մեկը։

Հավատացեք՝  ձեր նկատմամբ, որևէ մեկը ատելության խոսք չի տարածում կամ ձեզ թիրախավորում որպես կին:

Դուք քննադատության արժանանում, որովհետև այդպես էլ չկարողացաք հաղթահարել ձեր պաշտոնին անհրաշեշտ անկախության ու սկզբունքայնության պահանջը»։

Մանրամասն՝ տեսանյութում