կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-29 12:26
Հասարակություն

Արտեմ Ասատրյանը չի շտապում գնահատական տալ, քանի դեռ էլեկտրաէներգիան չի թանկացել

Արտեմ Ասատրյանը չի շտապում գնահատական տալ, քանի դեռ էլեկտրաէներգիան չի թանկացել

Այսօր ԱԺ-ում լրագրողները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում սոցիալական ծանր հետևանքների մասին: Նախարարը խոստովանեց, որ իրեն էլ է անհանգստացնում էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը:

 

«Ազդեցությունը մտահոգում է, որովհետև ազդեցությունը բնական է, որ լինում է բացասական իմաստով: Բայց այսօր գնահատական տալ դեռևս չկայացած որոշմանը` ճիշտ չէ: Ես կարծում եմ, որ համապատասխան հանձնաժողովն այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է, և իր որոշումը կայացնելուց հետո մենք հնարավորություն կունենանք նաև անդրադառնալու այդ խնդիրներին»,- ասաց նա:

 

Հարցին, թե արդյո՞ք ՀԾԿՀ-ն որոշում կայացնելիս քննարկում է հարցը աշխատանքի և սոցիալական նախարարության հետ, նախարարը պատասխանեց, որ որոշում կայացնելը ՀԾԿՀ-ի գործն է:

 

Հարցին, թե գողությունն և չարաշահումը ինչպե՞ս կարող է հիմանավորում լինել, Ասատրյանն արձագանքեց, թե համապատասխան հանձնաժողովն իր մասնագիտական եզրակացությունը պետք է ձևավորի օբյեկտիվ հենքի վրա և կարողանա կայացնել որոշում, որը ճիշտ սակագին սահմանելու հնարավորություն կտա:

 

Դիտարկմանը, որ արդեն սոցիալական բունտ է հասունանում, իսկ ի՞նչ են մտածում իշխանությունները, պատասխանեց. «Իշխանությունները ոչ միայն մտածում են այլ նաև գործում են: Այս առումով պետք է ասեմ, որ շատ կարևոր են այն աշխատանքները և միջոցառումները, որոնք ամենօրյա ռեժիմով քննարկվում են, նաև նախադրյալներ են ստեղծվում, որ դրանք արդեն գործնականում կիրառություն ստանան: Գրեթե բոլոր ուղղություններով այդ աշխատանքները ընթացքի մեջ են, և մենք կունենանք համապատասխան առաջարկություններ առաջիկա ժամանակահատվածի համար»: