կարևոր
1294 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-06 20:55
Քաղաքական

Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզորացման երաշխիք

Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզորացման երաշխիք

Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյունք չեն։ Յուրաքանչյուր ազգ պատմության ընթացքում ձևավորում է իր ապրելու իմաստը՝ որպես համախմբող նպատակ, ազգային իղձ և ապագայի տեսլական։ Այն իր մեջ ամփոփում է ազգային ինքնությունը, արժեհամակարգը և պատմական հիշողությունները։

Ազգային իղձը ծնվում է տվյալ ազգի պատմական փորձառություններից՝ պատերազմներից, պայքարներից, պարտություններից և դժվարություններից, ինչպես նաև հաղթանակներից ու վերածննդի դրվագներից՝ դառնալով ազգային հավաքական գիտակցության կորիզը և վերածվելով ապագայի հանդեպ կենսական ձգտումների շարժիչ ուժի։

Ազգային իղձը միաձույլ և համապարփակ հայեցակարգ է, որը սահմանում է ազգ-պետության (nation-state) էությունը, ռազմավարական առաջընթացն ու ապագայի ընկալումը։ Այն տեղ է գտնում և ամրագրվում պետական կարևոր փաստաթղթերում՝ սկսած անկախության հռչակագրից մինչև սահմանադրություն, ինչպես նաև ազգային-պետական նշանակության այլ իրավական կամ քաղաքական փաստաթղթերում։ Այս կերպ, այն դառնում է ռազմավարական փաստաթղթերի հիմքը և վերածվում է պետական քաղաքականության առանցքի։ Դրա հիման վրա ձևավորվում են ոլորտային ռազմավարություններ՝ միտված այդ գերնպատակների իրականացմանը, և ըստ այդմ տեղի է ունենում յուրաքանչյուր ոլորտի առաջնահերթությունների հստակեցում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքներով։ Եվ այսպես ուրվագծվում է նաև տվյալ պետության ազգային անվտագության մոդելը։

Ցանկացած պետություն իր կառավարման համակարգը կառուցում և գործունեության է մղում ազգային նպատակների, արժեհամակարգի և ինքնիշխանության հաստատման տրամաբանությամբ։

Այն, ինչ տեղի է ունեցել և շարունակում է տեղի ունենալ Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին և, մասնավորապես, վերջին շրջանում, հակասում է պետականության վերոհիշյալ սկզբունքներին և առահասարակ անկախ ու ինքնիշխան պետություն կերտելու գաղափարին։

Փորձ է արվում ջնջել հայկական ազգային իղձի հիմնարար բաղադրիչները։ Այս ջանքերը արտահայտվում են մի քանի հիմնական ուղղություններով։ Նախ, արժեզրկվում են մեր ազգային խորհրդանիշները՝ այդ թվում պետական օրհներգը փոխելու փորձերով և Արարատ կամ Արագած արհեստական բանավեճերով։ Երկրորդ, փորձում են փակել Արցախյան ազատամարտի էջը, նպատակ ունենալով՝ սպանել արդար պայքարի ոգին։ Երրորդ, կասկածի տակ են առնվում պատմական ճշմարտություններն ու չբուժված վերքերը։ Դրա վկայությունը իշխանությունների երկիմաստ և ժխտողական դիրքորոշումն է Հայոց ցեղասպանության հարցում։

Այս գործընթացը տեղի է ունենում ոչ միայն քաղաքական, այլև բարոյական և իրավական հարթություններում։ Արցախի ժողովրդի նկատմամբ սերմանվում է ատելություն։ Նրանց մեղադրում են չկռվելու մեջ և Արցախի կորստի պատասխանատվությունը գցում նրանց վրա։ Այդ կերպ ուրանում են մեր պատմական անցյալը, անմեղ զոհերի հիշատակը և մեր նահատակների սխրագործությունները։

Այս քաղաքականության վերջին փուլում իրականացվում են Սահմանադրությունը փոփոխելու և Անկախության հռչակագիրը վտանգելու քայլեր։

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը փաստացի վտանգված է. եթե չեղարկվի Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը այլևս չհենվի հռչակագրում ամրագրված համազգային նպատակների վրա, ապա կարելի է ասել, որ կփակվի Երրորդ Հանրապետության պատմության վերջին էջը։ Իսկ այն, ինչ կարող է ծնվել դրա փոխարեն, բազմաթիվ ենթադրությունների տեղիք կարող է տալ, սակայն մեկ բան հստակ է՝ դա չի լինելու հայկական։

Ուստի.

անհրաժեշտ է այս կործանարար ընթացքը կասեցնել հետևեալ ճանապարհային քարտեզով․

1․ աջակցել Արցախի վտարանդի կառավարության (government-in-exile) և պետական ինստիտուտների անխափան գործունեությանը՝ ապահովելով Արցախի քաղաքական ժառանգության շարունակականությունը և դրա արդիականացումը՝ ադապտացնելով ներկա իրողություններին ու մարտահրավերներին։

– Ներդնել միջոցներ, այդ կառույցների միջազգային ճանաչման հնարավորությունները մեծացնելու համար։

2․ Կազմակերպել համահայկական վեհաժողով՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում գործող քաղաքական կուսակցությունների, համայնքային կազմակերպությունների, կրթական-ակադեմիական և մշակութային կառույցների, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու մասնակցությամբ՝ մշակելու համազգային ծրագիր ուղղված մեր ազգային իղձերի իրագործմանն ու պետականության հիմնասյուների ամրապնդմանը։

– Ձեւավորել Համահայկական խորհուրդ համակարգելու համար համազգային ծրագրից բխող նպատակների իրականացման աշխատանքները՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլային տրամաբանությամբ։

– Ընդունել հռչակագիր, որը, միաժամանակ, կարժևորի հայ ժողովրդի պետական ինքնիշխանության իրավունքը, կընդգծի Արցախի չլուծված կարգավիճակի հարցը և ինքնորոշման իրավունքի չիրացվածության փաստը, ինչպես նաև կստանձնի հանձնառություն հանգուցալուծելու երրորդ հանրապետության սահմանադրական ճգնաժամը։

– Խորհրդի աշխատանքները պետք է հիմք հանդիսանան այլընտրանքային, զուգահեռ կառավարություն կազմակերպելուն՝ իր բոլոր ատրիբուտներով։

3․ Հստակ արձանագրել եւ միջազգային հանրությանը ներկայացնել ներկայիս վարչակազմի լեգիտիմության բացակայությունը՝ ընդգծելով կոնսենսուս (-1)-ի իրողությունը։

– Մշակել փաստաթուղթ, որը միջազգային հանրությանը կիրազեկի այս իշխանությունների անօրինական գործողությունների ու հակաժողովրդական բնույթի մասին և կարտացոլի կոնսենսուս (-1) -ի հստակ պատկերը վեհաժողովի մասնակից կազմակերպությունների ստորագրությունների միջոցով։

– Համահայկական խորհուրդը զարգացնել ու վերածել, ոչ միայն համակարգող մարմնի այլև համազգային քաղաքական մանդատ կրողի։

4․ Կազմակերպել ինստիտուցիոնալ և ցանցային դիմադրություն՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ներքին թշնամու ճիրաններից ազատագրելու նպատակով։

– Անհրաժեշտ է ներքին և արտաքին ճակատների գործողությունների համակարգում:

– Սահմանադրականության վերականգման նպատակով՝ երկրի ներսում առաջացնել լիարժեք երկիշխանություն, ոչ միայն փողոցում, այլ ինստիտուցիոնալ մակարդակում, առաջ քաշելով այլընտրանքային կառավարության լեգիտիմության հարցը, որը հիմնված կլինի հայ ժողովրդի իրական ու կենսական շահերի պաշտպանության վրա։

Պետք է կանգնեցնել Էրդողան-Ալիև-Փաշինյան եռյակի պանթուրքական ծրագիրը, վերջինիս հակադրելով Միացյալ Հայաստանի կերտման հայեցակարգը, որի ուղղությամբ առաջին և անշրջանցելի քայլը պետք է լինի Արցախի վերազատագրումը։

Միայն այս ճանապարհով կդրսեւորվի հայկական ինքնիշխանությունը և կվերագտնվի մեր արժանապատիվ տեղը նոր ձեւավորվող բազմաբևեռ աշխարհակարգում։

Արշակ Մեսրոպյան