կարևոր
745 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-06 15:42
Աշխարհ

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքը

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջուկային համաձայնագրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացքը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել՝ նպաստելու այս երկխոսության առաջխաղացմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդար համաձայնագրի հասնելու նպատակով», - նշվել է հաղորդագրության մեջ։ 

Բացի այդ, Վլադիմիր Պուտինը կրկին իր անկեղծ ցավակցությունն է հայտնել 2025 թվականի ապրիլի 26-ին Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։ Մասուդ Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին աղետի հետևանքների վերացման գործում ցուցաբերված օգնության համար՝ ընդգծելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը։

Իրանի նախագահը նաև ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և ՌԴ բոլոր քաղաքացիներին Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։