կարևոր
442 դիտում, 56 րոպե առաջ - 2026-09-25 18:06
Աշխարհ

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների ընթացքը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Հորմուզի նեղուցի շուրջ Օմանի հետ բանակցությունները և Իրանի ու ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

«Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Թեհրանի հետ Իսլամաբադի հուշագրում ամրագրված պայմանավորվածությունները խախտելու ԱՄՆ-ի որոշումից հետո Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման շուրջ։

Իրանցի նախարարը ռուսաստանցի գործընկերոջը տեղեկացրել է Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության գոտու վերաբերյալ Իրանի ու Օմանի միջև համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների իրավիճակի մասին», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Արաղչին տեղեկություններ է ներկայացրել միջնորդների կողմից շարունակվող ջանքերի մասին՝ ուղղված ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​կարգավորման գործընթացը վերսկսելու համար պայմանների ստեղծմանը։

Նաև նախարարները կարծիքներ են փոխանակել երկկողմ համագործակցության հարցերի, «այդ թվում՝ քաղաքականության, տնտեսության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մակարդակով գործողությունների համակարգման շուրջ»։Արաղչիի և Լավրովի հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ի գիշերը։

Ավելի վաղ հանդիպման մասին հաղորդագրություն էր տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն, ըստ որի՝ կողմերը նշել էին, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով ստեղծված ճգնաժամը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։