Փոխարժեքներ
01 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» անդամ Վարդան Գալստյանը գրում է․
«Այն մարդիկ, ովքեր ժամանակին խորհրդարանական ընդդիմությանը մեղադրում էին ԱԺ փոխնախագահի կամ մշտական հանձնաժողովներում ընդդիմությանը հասանելի որևէ պաշտոն չզբաղեցնելու մեջ՝ այսօր արդեն թիրախավորում են ընկեր Արթուր Խաչատրյանին՝ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի կազմում միջոցառման մասնակցելու համար։
Որոշ ընդդիմադիր կոչվող շրջանակներ փորձում են մանիպուլյատիվ ճանապարհով ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը ներկայացնել որպես «իշխանության հետ համագործակցող»՝ պատճառ բերելով իրականությանը սթափ նայելը կամ մասնակցելը բարեկամական խմբի մի հանդիպմանը։
Եթե այդպես է, ապա թող հենց նրանք ինքնախիստ լինեն իրենց պահվածքի մեջ և հրաժարվեն ՔՊ-ի հետ որևէ առնչությունից։
Բացառեն ներգրավվածությունը այն շրջանակներում, որոնք ունեն թեկուզ 0.01% կապ Փաշինյանի իշխանության կամ ՔՊ-ին սատարող բիզնեսների հետ։ Չօգտվեն Նիկոլին սատարող ներկրողների ապրանքներից, չայցելեն նրա հետ փոխկապակցված, նրան արդարացնող անձանց մեծ և փոքր առևտրի կետեր, փակեն իրենց հաշիվները բոլորիս հայտնի գործարար-պատգամավորին պատկանող բանկում։
Թող չմասնակցեն հարսանիքների, ծննդյան տոների, հուշ-միջոցառումների, քննարկումների ու նախաձեռնությունների, որտեղ ներկա են ՔՊ-ին աջակցող քաղաքացիներ։ Եթե այդ տրամաբանությամբ գնանք, ապա քաղաքական դիրքորոշման արտահայտումը պետք է վերածվի ազգականների հարսանիքների «մասնակիցների ցուցակ» ստուգելու ֆարսի։
Իսկ ինչ վերաբերում է իմպիչմենթին՝ իրականում այսօր այն հնարավոր չէ իրականացնել։ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3 միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու։ Այսինքն հարկավոր է առնվազն 36 պատգամավոր, որ ներկայացվի անվստահության նախագիծը։ Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ։ Այսինքն 107 պատգամավորից առնվազն 54-ը պետք է միանա անվստահություն հայտնելու գործընթացին։
Իրատես և հավասարակշռված յուրաքանչյուր մարդ կփաստի, որ այս պահին երկրում չկա այն հանրային, քաղաքացիական և քաղաքական ճնշումը ՔՊ-ական պատգամավորների վրա, որը կարող է իրական արդյունքի բերել իմպիչմենթի գործընթացը։ Իսկ առանց լայն հանրային ճնշման, առանց միասնական ճակատի, առանց փողոցային հզոր զարկերակ ունեցող դիմադրության իմպիչմենթի մասին խոսելը դառնում է պոպուլիստական ելույթ, ոչ թե քաղաքական մարտավարություն։
Պետք է վերջապես ընտրել՝ ուզում ենք բովանդակային քաղաքականությո՞ւն, թե՞ պիտակներով խաղ, որը կթուլացնի ընդդիմադիր ճակատը։
Հիշեցնեմ նաև, որ վերոնշյալ նախադրյալներ ստեղծելու ցանկություն ունեցող «քաղաքական ուժերի» համար դաշտը բաց է՝ թող գործեն, իրենց խանգարող չկա և երբեք չի եղել»։