կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-05 16:05
Հասարակություն

Կաթողիկոսն ընդունել է Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին

Կաթողիկոսն ընդունել է Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին

Սեպտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Մխիթարյան վարժարանի 11-րդ լսարանի սաներին՝ ուղեկցությամբ Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Եղիա ծայրագույն վարդապետ Քիլաղպյանի: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց հայորդիներին՝ ուրախություն հայտնելով համայն հայության նվիրական հոգևոր կենտրոն այցելելու առիթով: Վեհափառ Հայրապետը վարժարանի սաներին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմությունը, խոսեց հայ ժողովրդի կյանքում Սուրբ Էջմիածնի կարևոր դերակատարության մասին՝ հաստատելով, որ Մայր Աթոռը Աստծո կողմից հայ ժողովրդին տրված շնորհ է և քրիստոնեական հավատքի շնորհիվ հայորդիները կարողացել են հաղթահարել պատմության ընթացքում իրենց բաժին հասած բոլոր փորձությունները: Ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդին մշտապես առաջնորդել է փրկության ուղիով:

Նորին Սրբությունը վերհիշեց նաև Արգենտինա կատարած Հովվապետական այցելության շրջանակներում իր այցը Մխիթարյան վարժարան, գնահատանքով խոսեց կրթական հաստատության բարերարների ազգօգուտ և մարդասիրական ծառայության մասին: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց վարժարանի սաներին, որ որտեղ էլ ապրեն՝ կարողանան զգալ Սուրբ Էջմիածնի զորությունն ու օրհնությունն իրենց կյանքում, ներշնչվել հայ ժողովրդի հերոսական պատմության դրվագներով, հայկական հոգևոր և մշակութային արժեքներով:

Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը պատասխանեց նաև պատանիներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերվում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգևոր ծառայությանը և Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների հարաբերություններին: Վերջում Նորին Սրբությունը սաներին մաղթեց բարի կեցություն, ուրախ և հոգևոր ապրումներով լեցուն օրեր Հայաստանում: