կարևոր
676 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-21 14:58
Հասարակություն

Facebook-ն այլևս չի արգելափակում ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթեի նկարներով օգտահաշիվները

Facebook-ն այլևս չի արգելափակում ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթեի նկարներով օգտահաշիվները

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը (պատկանում է Meta ընկերությանը, որը ծայրահեղական է ճանաչվել ՌԴ-ում) դադարել է արգելափակել այն օգտահաշիվներն ու խմբերը, որոնք հրապարակում են Արցախի և Հայաստանի ազգային հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանի լուսանկարները։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ՏՏ փորձագետ Սամվել Հայրապետյանը։

Նշենք, որ վերջին տարիներին Facebook–ը բազմիցս սահմանափակել է հասանելիությունը այն օգտատերերի պրոֆիլներին և էջերին, որոնք տեղադրել են Արցախյան առաջին պատերազմի հերոսի լուսանկարները։

Փորձագետը նշել է, որ արգելափակումները, որպես կանոն, տեղի են ունեցել ադրբեջանցի օգտատերերի բազմաթիվ բողոքներից հետո։ Այժմ իրավիճակը փոխվել է` հրամանատարի նկարը ջնջելու դեմ բողոքարկելու արդյունքում դրանք հիմնականում վերականգնվում են։ Նույնը տեղի է ունենում նաև Մոնթեի անուն–ազգանունով հրապարակումների հեռացման դեպքում` բողոքարկումից հետո դրանք ևս վերականգնվում են։

Հայրապետյանը կոչ է արել օգտատերերին այլևս չհրաժարվել Մոնթե Մելքոնյանի լուսանկարները և նրա պատմությունները հրապարակելուց, իսկ արգելափակման դեպքում անպայման բողոքարկել։

«Գոյություն ունեն բոտեր, որոնք ֆիլտրում են ըստ բառի ու ըստ նկարի և ջնջում այն, տևական ժամանակ բողոքարկելու արդյունքում մենք կհասնենք այն կետին, որ հրամանատարի հարցը բոտերի տիրույթից կտեղափոխվի ռեալ ադմինների տիրույթ, բայց սրա համար համառ պայքար ու ժամանակ է պետք, համառ ու ազգային միասնական պայքար։ Հիմա մեր խնդիրը Մոնթեն է, սակայն ապագայում գուցե այլ մեծություն էլ լինի, պետք է տեր կանգնենք մեր մեծերին, մեր պատմությանն ու մեր ինքնությանը»,– գրել է Հայրապետյանը։