Փոխարժեքներ
16 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.68 |
EUR | ⚊ | € 443.11 |
RUB | ⚊ | ₽ 4.7597 |
GBP | ⚊ | £ 517.3 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
Ինչո՞ւ ես ընտրեցի Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Այս հարցին ունեմ իմ հիմնավոր պատասխանը: Իսկ դուք՝ այստեղ նստած յուրաքանչյուրդ, ձեզ համար ունե՞ք արդյոք այդ հարցի պատասխանը:
Ես ուզում եմ այս պարզ, բայց իրականում չափազանց խորքային հարցուպատասխանով սկսենք մեր հոբելյանական նիստը՝ նվիրված ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին:
Սիրելի՛ կուսակից ընկերներ,
Մենք բոլորս մեր կյանքի ինչ-որ փուլում կայացրել ենք այդ կարևոր որոշումը, և իրականում դրա պատասխանից է կախված մեր հաստատակամությունը և հավատարմությունը մեր կատարած ընտրությանը:
Այստեղ կան մարդիկ, ովքեր կուսակցության շարքերում են նրա ստեղծման օրվանից, շատերն էլ քաղաքական թիմին միացել են տարբեր տարիների:
Եվ ես ուրախ եմ այսօր, այստեղ՝ Հանրապետականի անցած դժվարին ճանապարհի այս հանգրվանում ողջունելու ձեզ:
Անցած համագումարը ես համարեցի յուրօրինակ ջրբաժան, ինքնամաքրման գործընթացի այդ փուլի ավարտի ազդարարման պահ, որի արդյունքներով մենք հաստատելու ենք Հանրապետականի դավանած արժեքների համար պայքարում ամուր կանգնողների վճռականությունը:
Կուսակցությունում մնալու պայման պետք է լիներ Հանրապետականի յուրաքանչյուր անդամի ազնիվ պատասխանը`
• պատրա՞ստ է մինչև վերջ տեր կանգնելու մեր ազգային արժեքներին,
• պատրա՞ստ է աննահանջ կանգնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության ու ինքնիշխանության համար պայքարի դիրքերում,
• պատրա՞ստ է մեր լեզուն, պատմությունը, մշակույթը, եկեղեցին պաշտպանելու օտարահաճո ապազգային տարրերի հարձակումներից,
• պատրա՞ստ է տեր կանգնելու մեր ազգային արժանապատվությանը, մեր սուրբ հողին ու պետությանը և արժանի լինելու բոլոր ժամանակներում հանուն այդ հողի և պետության նահատակված մեր հերոսների հիշատակին:
Այդ օրվանից անցել է չորս տարի, և դուք այսօր, այստեղ ձեր ներկայությամբ ցույց եք տալիս, թե ջրբաժանի ո՞ր կողմում եք, և որքանո՞վ են այդ պայմանները ձեզ համար ընդունելի:
Ես ուրախ եմ, որ կարող ենք ուղիղ նայել միմյանց աչքերի մեջ և ասել, որ մենք հաստատակամ ենք կուսակցությանն անդամագրվելու մեր որոշման մեջ՝ այն կայացնելու առաջին իսկ պահից:
Իսկ նրանք, ովքեր այլևայլ նպատակներով էին անդամագրվել կուսակցությանը, տեսանք, որ պահը եկավ, և «որոմը զատվեց ցորենից»: Այլ բան չասենք այս տեսակին, որ ամենուր է և բոլոր ժամանակներում «որոմի» նման իր կայուն տեղն ունի «տարբեր դաշտերում»: Դրանից ոչ մի քաղաքական ուժ ապահովագրված չէ: Եկեք յուրաքանչյուրս նայենք մեր անցած ճանապարհին:
Իմ որոշման հիմքում համոզմունքներս էին, կյանքիս կարևորագույն նպատակը՝ նաև որպես Հայաստանի անվտանգությունն ապահովող դարպաս, Արցախը պաշտպանելը, մեր սրբությունները՝ ընտանիքը, հավատքը, լեզուն զերծ պահելը ոտնձգություններից, ինչը Հանրապետական կուսակցությունն իր առաքելությունն է համարում: Որոշմանս հիմքում նաև ինձ հարազատ, մտերիմ, զինակից ընկերներիս՝ Աշոտի, Վազգենի, Անդրանիկի և շատ-շատ հանրապետականների անցած ճանապարհը, նրանց զոհողություններն էին, և պատասխանատվության այն մեծ զգացումը, որ երբեք ու ոչ մի պարագայում կուսակցությունը, ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի, իր վրայից երբեք չի գցում և չգցեց թե՛ իշխանություն ունենալու, թե՛ ընդդիմություն դառնալու ժամանակ:
Եկեք հիշենք, թե ի՞նչ պայմաններում, ի՞նչ նպատակով և ի՞նչ առաքելությամբ ստեղծվեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին գրանցված քաղաքական կազմակերպությունը:
Ազգային զարթոնքին նպաստած, բազում զրկանքներ կրած՝ կուսակցության ատաղձը կազմող մեր ընկերները ավելի քան երեք տասնամյակ առաջ հստակ նշել են այդ նպատակը, ուղենիշները և գաղափարախոսական հենքը, որը դրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեության հիմքում: Դրանք ամրագրված են կուսակցության ծրագրում:
ՀՀԿ ծնունդը, այո, օրգանապես կապված է տասնամյակներ շարունակ անկախության համար մղվող պայքարի և Արցախյան ազատամարտի հետ: Ազատամարտի սկզբում կազմավորված Անկախության բանակ ռազմաքաղաքական միավորումը կազմակերպական հենք հանդիսացավ ՀՀԿ հիմնադրման և ձևավորման համար:
Անկախության բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երևանում գումարած ժողովում հռչակեց Հայաստանի հանրապետական կուսակցության ստեղծումը, որը 1991թ. մայիսի 14-ին դարձավ ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը: Մեր և մեր պետության տարեգրության ժամանակաշրջանը ոչ պատահականորեն ամբողջությամբ համընկնում են. Հանրապետական կուսակցության գրանցումը և Հայաստանի անկախության վերականգնումը տեղի ունեցան նույն թվականին, և կուսակցությունը դարձավ ազգային պետականության կայացման շարժիչ ուժերից մեկը՝ անցնելով բոլոր այն դժվարությունների ու փորձությունների միջով, որոնցով անցել և անցնում է մեր պետությունը:
Պատերազմի տարիներին, նախ Անկախության բանակը, ապա ՀՀԿ անդամներից բաղկացած ջոկատներն ակտիվ մասնակցություն ունեցան ՀՀ սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման համար մղվող պայքարին, հետագայում նաև Արցախի պաշտպանությանն ուղղված բոլոր ռազմական գործողություններին:
Կուսակցությունը, Հայաստանի անկախ պետականության կերտման, նրա ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին եղել և մնում է որպես ամուր պատվար:
Մեր կուսակցության գործունեության 35 տարիների ընթացքում մենք երբեք չենք ունեցել և չենք ունենա առաջնորդի պաշտամունք։ Յուրաքանչյուրս, ինձնից սկսած, իր մտքում պետք է մշտապես կրկնի՝ Հանրապետականը իմ կուսակցությունն է և առանձին որևէ մեկինը չէ։ Յուրաքանչյուրիս այս համոզման վրա պետք է հիմնվի մեր հավաքական ուժը, որպեսզի շարունակական և զորեղ լինի այսօր և երբևէ:
Մեր կուսակցության հիմնադիրներից Աշոտ Նավասարդյանը համարում էր, որ Հանրապետականը մեր երկրի քաղաքական խճանկարում գրավում է իր ուրույն տեղը, որին հասել է տարիների քրտնաջան, անձնուրաց պայքարի ու մաքառումների գնով, և որ Հանրապետական կուսակցության գործունեությունն ուղղված է եղել գաղափարապես կայուն, ազգային բարոյականով օժտված, պայքարի արդիական քաղաքական ձևերի պահանջներին համապատասխան կուռ կազմակերպության կառուցմանը:
Հանրապետականի մեկ այլ առաջնորդի՝ Վազգեն Սարգսյանի համոզմամբ, Հանրապետական կուսակցությունը իր սթափ կեցվածքով միշտ եղել է պետության ձևավորման, կազմավորման կառույցներում և պետության կայացման առաջին օրվանից կանգնած է եղել բանակի կողքին:
Վազգենի հատկապես վերջին մտքին չեմ կարող չհավելել, որ որպես ՀՀ պաշտպանության նախկին նախարար, իմ պաշտոնավարման երկու ժամկետում էլ ինքս մշտապես զգացել եմ Հանրապետական կուսակցության, նրա ղեկավարած կառավարությունների առանձնահատուկ հոգատար վերաբերմունքը, ուշադրությունը մեր բանակին:
Իմ մյուս ընկերը՝ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը համարում էր մեր պետության հենարանը, որը մշտապես գործել է պետության մեջ ազգային արժեքների գերակայության սկզբունքի դիրքերից և շարունակելու է իր գործունեությունը՝ միշտ առաջնորդվելով ազգի շահերով և պայքարելով Հայաստանի զարգացման համար։
Այդ օրերի հեռվից անգամ նրանց բնորոշումները ոչ միայն չեն կորցրել արդիականությունը, այլև ավելի են ամրապնդվել՝ նկատի առնելով Հանրապետականի անցած ուղին: Հանրապետական կուսակցության առաջնորդները բացարձակապես ճիշտ էին և իրենց ապրած կյանքով, իրենց օրինակով են ապացուցել հավատարմությունն այն արժեքներին, որոնց պաշտպանությունը Հանրապետականի առաքելությունն է:
Հավերժ փա՛ռք նրանց:
Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Հանրապետական կուսակցությունը պատվով ու պատասխանատվությամբ առաջնորդած մեր ընկերների և Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակը:
Ես հրապարակավ հայտարարել եմ և այժմ էլ նույնքան վստահ եմ՝ ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտում կարևոր դերակատարներից է եղել մեր երկրի համար բոլոր դժվարին տարիներին, եղել է երկրում կայունություն և զարգացում ապահովող առաջատար ուժերից մեկը, որը շարունակում է ամուր կանգնած մնալ ազգային արժեքների պահպանման և պաշտպանության դիրքերում: Սա է, որ հանգիստ չի տալիս շատ-շատերին:
Մենք անցել ենք և՛ իշխանություն ունենալու, և՛ ընդդիմություն լինելու փորձությունը՝ ի հեճուկս Հանրապետականին Հայաստանի քաղաքական դաշտից վերացնելու սին պատրանքներ ունեցողների, կուսակցության դեմ ամենակեղտոտ մեթոդներով գործողների և նրանց հովանավորների:
Եթե թերթելու լինենք կուսակցության գործունեության օրացույցը, ապա կտեսնենք, որ 1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար կարևորագույն բոլոր ժամանակահատվածներում Հանրապետականը մշտապես եղել է առաջին գծում, եղել է պայքարող, պաշտպանող, եղել է պետականաշինության և բանակաշինության ակունքներում ամուր կանգնած ուժ և անտրտունջ, ինչպես Վազգենը կասեր՝ անմռունչ, պատասխանատվության բարձր զգացումով կատարել է իր գործը: Մենք ունեցել ենք հաղթանակած, բանակցային սեղանի շուրջ ամուր դիրք ունեցող, միջազգային կառույցներում մեր տեղն ու դերը գիտակցող, գործընկեր պետությունների հետ արժանապատվորեն հարաբերություններ կառուցող պետություն:
Անշուշտ, բազմաթիվ ձեռքբերումների կողքին անխուսափելիորեն, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, կուսակցությունն ունեցել է նաև սխալներ ու թերացումներ, որոնց մենք ինքներս էլ անդրադարձել ենք՝ քննարկել ու քննադատել, բայց դրանք չեն եղել ճակատագրական մեր պետության և ժողովրդի համար: Կուսակցության հերթական ու արտահերթ համագումարների հաշվետու զեկույցներում մեր գործունեությունն ամբողջությամբ արտացոլված է, և կրկնելու կարիք չկա: Դա մեր տարեգրության վկայությունն է:
Ես ելույթս սկսեցի հարցով, որին ունեի իմ պատասխանները, և դուք դա լսեցիք: Սակայն, այսօր ժամանակն է ոչ միայն հարցնելու ինքներս մեզ, թե ինչո՞ւ ենք ընտրել Հանրապետական կուսակցությունը անցյալում, այլ թե ինչի՞ ենք պատրաստ Հայաստանի ներկայի և ապագայի համար։
Այս հարցի պատասխանը կորոշի, թե արդյոք մեր կուսակցության ստեղծման 40-րդ կամ 50-րդ տարեդարձը կնշվի ինքնիշխան հայկական պետությունում, թե՞ մեր պետության հետ միասին պարզապես կհիշվի պատմության էջերում։
Հանրապետականի վերջին համագումարի իմ հաշվետու զեկույցում ևս հանգամանորեն անդրադարձել եմ մեր պետության, ժողովրդի և կուսակցության հետ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձություններին, գնահատականներ հնչեցնել և խոսել ապագայի, մեր բացթողումների և թերացումների մասին, հրապարակավ ներողություն խնդրել և հորդորել նույնն անել բոլոր նրանց, ովքեր պատասխանատվությունը մշտապես ուրիշների վրա բարդելու մոլուցքով չեն տառապում և ունեն այդքան խիզախություն: Խոսել եմ նաև այն լրջագույն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է Հայաստանը:
Այս ընթացքում մենք, ցավոք, անցանք ևս մի մեծ ողբերգության միջով՝ արցախահայությունը ենթարկվեց էթնիկ զտման՝ բռնի տեղահանվեց, և Արցախն ամբողջությամբ հանձնվեց թշնամուն՝ ի չիք դարձնելով վերջին երեք տասնամյակում հայ ժողովրդի հսկայական ջանքերն ու զոհողությունները: Այս ամենին՝ իր պատճառներով և հետևանքներով հանդերձ, մենք անդրադարձել ենք կուսակցության Գործադիր մարմնի հայտարարություններում, նաև մեր հարցազրույցների, ելույթների ժամանակ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրյա հարթակներում, հնչեցրել ենք հիմնավոր գնահատականներ և ներկայացրել առաջարկություններ: Ընդգծել ենք, որ ճգնաժամային իրավիճակները պահանջում են դրանց հաղթահարման համապատասխան լուծումներ, և, բնականաբար, նման իրավիճակում պատկերացնել, որ հայ ժողովրդի համար գոյաբանական նշանակության խնդիրներում երկխոսությունը պիտի իրականացվի լեգիտիմությունը կորցրած իշխանության հետ, առավել քան անընդունելի է, ավելին՝ նման գործելաոճը որևէ դրական արդյունքի չի հասցնի: Դիմել ենք հայաստանյան հանրությանը, արցախահայությանը, սփյուռքին, Հայաստանի դաշնակիցներին և գործընկերներին՝ կոչ անելով լրջորեն գնահատել իրավիճակը, դրանից բխող հետևանքները և մեկնարկել համախմբված քննարկումների և գործողությունների շարք՝ աղետալի ընթացքը դադարեցնելու նպատակով: Միջազգային գործընկերներին կոչ ենք արել առաջնորդվել արցախահայության իրավունքների վերաբերյալ նախկինում արված իրենց հայտարարություններով, իրավիճակին ադեկվատ, ժամանակին, հասցեական և գործնական միջոցներով քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի հանցավոր գործելաոճը, կանխելու հերթական ողբերգությունը, Ադրբեջանին բերելու երկխոսության դաշտ՝ քննարկելու համար միջազգային երաշխիքների ներքո արցախահայության՝ սեփական բնօրրան վերադարձի հարցերը:
Մենք այդ աղետից հետո մեր ողջ ուժերով ու հնարավորություններով լծվել ենք Հայաստանի կառավարիչների կողմից անտերության մատնված արցախահայության ամենատարբեր խնդիրների լուծմանը, որը, բնականաբար, ոչ մի կերպ չի կարող համեմատելի լինել պետական մակարդակով հաստատված, համակարգված, երկարաժամկետ աջակցության ծրագրերի հետ, ինչն այդպես էլ չարվեց՝ պատճառ դառնալով մեր բազմաթիվ հայրենակիցների արտագաղթին Հայաստանից: Իսկ նրանք, ովքեր մնացել են երկրում, Հայաստանի կառավարիչների անտարբերության և անգործության պայմաններում ամեն օր բախվում են բազմաթիվ խնդիրների՝ սոցիալական ծանր վիճակից սկսած մինչև իրավունքների պաշտպանություն:
Այսօր մեզ անխնա քննադատում, իսկ ավելի շատ՝ զրպարտում և մեզնից գործողություններ են պահանջում նաև նրանք, ովքեր մեծագույն հաճույքով մասնակցում էին մեր դեմ «դագաղների» ու «սև ժապավենների» խրախճանքին, պահանջում մեր հեռացումը, ցուցադրաբար ողջունում, ոմանք էլ թաքուն հրճվում մեր դեմ պետական ռեպրեսիվ մեքենայի կողմից իրականացվող ապօրինություններով: Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետում «դուք բերեցիք Նիկոլին» թեզը՝ մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը: Անցյալ, որը ոմանց համար միգուցե ազնիվ մոլորություն էր՝ իշխանության փոփոխությամբ իրենց կյանքում հրաշքների իրականացման ակնկալիքով, բայց ոմանց համար կանխամտածված գործողություն էր՝ սուտ խոստումներով իշխանությունը զավթելու նպատակի հետապնդմամբ:
Եվ կարևոր չէ, թե այդ ոչ հեռավոր 2018-ին մոլորվածներն ու միտումնավոր գործողները ինչպես միմյանց օգտակար եղան անձամբ իմ և Հանրապետական կուսակցության, մեր շատ ընկերների դեմ թունավոր, 1937 թվականի մեթոդներով կեղտոտ արշավ իրականացնելու գործում: Փաստ է, որ այսօր՝ այդ տխրահռչակ իրադարձություններից 7 տարի անց, փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայհոյում է այս կապիտուլյանտ իշխանություններին, ամեն երրորդը՝ ինքն իրեն՝ սրանց անվերապահորեն հավատալու միամտության կամ մոլորության համար: «Թողեք, թող աշխատեն» թեզը միայն հիմա, չափազանց ուշացումով երկրի համար կործանարար համարողները այժմ էլ որդեգրել են «մեզնից մեզ պաշտպանեիք» թեզը, ասելով՝ մենք պահանջում էինք իշխանությունից հեռանալ, դուք էլ չլսեիք մեզ, թեկուզ մեզ հրապարակում կոտորելու գնով մնայիք իշխանության: Նրանք՝ նման բան ասողները, առնվազն ազնիվ չեն. և՛ ես, և՛ նրանք, և՛, իհարկե, դուք՝ այստեղ գտնվողներդ, շատ լավ գիտեք, թե այդ օրերին իշխանության կողմից անգամ մեկ մարդու կյանքից զրկելն ինչ անհնազանդության ալիք ու քաոս կառաջացներ երկրով մեկ, որքան կմեծացներ արտաքին վտանգի ռիսկերը, ինչպիսի դատապարտման տեքստեր կարտասանեին այսօր մեզ մեղադրողները, իսկ գրանտակեր մարդու իրավունքների բազում պաշտպաններն իրենց տերերի ցուցումով ինչ ջանասիրությամբ կլծվեին գործի:
Մինչդեռ 2018-ից հետո նրանք՝ սորոսական և նույնանպատակ այլ կառույցները, կուրացել ու խլացել են, ասես գետնի տակ անցել, քանի որ ցուցում չունեն գործելու: Ինչո՞ւ չունեն՝ դա արդեն մեկ այլ և ծավալուն թեմա է:
Մեզ մեղադրողներին միայն կասեմ հետևյալը՝ սեփական սխալն ընդունելը, առավել ևս՝ ուղղելը, անշուշտ, մեծ համարձակություն է պահանջում. շատ լավ հասկանում եք, որ յոթ տարի առաջ հրաժարականի պարտադրանքին ոգևորությամբ մասնակցելը կամ տոտալ անտարբերությունը ձեզ հանցակից է դարձնում այն ամենին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո:
Ընդունել սեփական հանցակցությունը, ունենալ այդքան ազնվություն խոստովանելու, որ ամեն մեկիդ մասնակցությունը հրապարակում թույլ է տվել իշխանազավթին օգտագործել ձեզ իր հեռահար նպատակի համար, չափազանց դժվար է, ինչ խոսք, իսկ, այ, ուրիշին մեղադրելը ամենահեշտն է: Ուրեմն ինչո՞ւ չգնալ հեշտ ճանապարհով:
Մեր կուսակցության վերջին համագումարին այս թեմայով անգամ ձևակերպում տվեցի, որ ես ձեզ չեմ ստիպել գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի՝ էշի ճակատը: Դա, կարծես, թևավոր խոսք դարձավ սրանց մասին: Հիմա ուզում եմ, վերջին զարգացումները հաշվի առնելով, շարունակել միտքս. «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»: Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է:
Ցավոք, այս ճանապարհն են ընտրել նաև նրանք, ովքեր իշխանության հասնելու իրենց քայլերում հաջողության չունեցան, այդ թվում՝ պայքարի մեր երբեմնի գործընկերները, և պարզվում է՝ նրանց անհաջողության մեջ էլ մենք ենք մեղավոր: Ինձ համար պարզ է, թե ինչու են նրանք այդպես վարվում կամ այդքան փութաջանորեն քողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե, գալիք ընտրություններից առաջ, պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել:
Երբ Հայաստանի պետականակործան կառավարիչների դեմ պայքարում մենք՝ մեզ մերժողների հետ կողք կողքի կանգնում էինք հրապարակում, ենթարկվում բռնաճնշումների, փողոցում պայքարում բիրտ ուժի դեմ, ունեինք այն բարձր գիտակցումը, որ այս իրավիճակում հիշաչարությունը, քինախնդրությունը չպետք է ավելի կարևոր լինեն, քան «խորտակման վտանգի ենթակա մեր ընդհանուր նավը» միասին անփորձանք ափ հասցնելը: Եվ այս գիտակցումը երբեք չի լքել մեզ: Մինչդեռ նշածս շրջանակներից ոմանք նույնիսկ այսքանից հետո շարունակում են «Սերժ մերժել», քար նետել Հանրապետականի վրա։ Համաձայնեք, որ ստեղծված իրավիճակում դա այլևս ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ հոգեբանական ախտ, ինչպես Արմեն Աշոտյանը կասեր` պաթոլոգիա։
Ոմանք հիմա էլ 2018-ի իշխանազավթման մասին մի քանի տարի առաջ ասածս են քննարկում, թե՝ ես չեմ պարտվել սրանց, այլ պարտվել եմ շատ ավելի մեծ ուժերի։ Ուզում են հասկանալ և իբրև թե ոչ մի կերպ չեն հասկանում՝ այդ ի՞նչ ուժերի եմ պարտվել: Ցավով պետք է նշեմ, որ այն ամենից հետո ինչ բոլորիս աչքի առաջ կատարվում է մեր երկրում և այն արհավիրքը, որը տեղի ունեցավ Արցախի հետ, այդպես էլ չբացեց նրանց աչքերն ու միտքը, որպեսզի վերջապես գիտակցեն, որ այդ պայքարում պարտվեցինք ոչ միայն ես և մեր քաղաքական թիմը, այլ վերջնարդյունքում պարտվեցինք ազգովի:
Պարտվեցինք մեր տարածաշրջանում իրենց հաշվարկներն ու ծրագրերն ունեցող և ամեն կերպ դրանց իրագործմանը ձգտող ուժերին: Նրանց, ում ձեռնտու չէր այն կարմիր գիծը, որ մենք գծել էինք մեր ազգային շահի տեսանկյունից, նրանց, ում պատկերացումները Հայաստանի և Արցախի մասին չեն համապատասխանում մեր պատկերացումներին։ Նրանք Հայաստանում գտան կարմիր գծեր չունեցող, իշխանության ու փողի համար ամեն ինչի պատրաստ ազգուրաց տականքների, ովքեր պոպուլիզմով մթագնեցին շատերի ուղեղները և հիմա ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում մինչև չիրականացնեն իրենց տերերի բոլոր պահանջները:
Որքան էլ աներկբա է, որ մենք միակ երկիրը չենք, որտեղ ներսի տականքը տերերի պահանջով մեծ աղետ է բերում սեփական պետության ու ժողովրդի գլխին, այնուամենայնիվ դա մխիթարություն չէ, առավել ևս՝ փրկություն հնարավոր հերթական աղետից, եթե աղետաբեր տականքը չհեռացվի իշխանությունից:
Էլ ի՞նչ է պետք չհասկացողներին հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչի՞ համար, թե ի՞նչ է կատարվում հիմա և ի՞նչ նպատակ ուներ այդ ամենը, և թե այդ ի՞նչ ուժեր են, ո՞վքեր են այս ամենի շահառուները, ինչպե՞ս են նրանք այսօր ևս խաղում իշխանատենչության մոլուցքով տարված ներսի տարբեր ուժերի հետ, ի՞նչ շահեր են հետապնդում մեր երկրում ու նաև ամբողջ տարածաշրջանում:
Ուզում եմ 2018-ի իշխանափոխության գործընթացում այս և այն կողմից բոլոր ներգրավվածներին և այսօր նորից ոգևորվածներին կրկին հարցնել՝ ի վերջո, ի՞նչ ստացաք մեզ մերժելով, ինչի՞ հասաք, հիմա ի՞նչ խնդիր եք լուծում տարբեր կողմերից դարձյալ կեղտոտ արշավ ձեռնարկելով իմ և մեր քաղաքական թիմի դեմ:
Ես թե´ իմ, թե´ մեր թիմի սխալները լավ գիտեմ, կարիք չկա մեզ վրա բարդելու ուրիշների չարդարացված հաշվարկները, սին հույսերը, քաղաքական պրիմիտիվ կեցվածքը, մարդկային մոլորությունները։ Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես երբեք չարությանը չարությամբ չեմ պատասխանել, մշտապես կողմ եմ եղել առանց այն էլ փոքրաթիվ ու տրոհված, փոխադարձ անհանդուրժողականության, թշնամանքի, ատելության բացիլով ախտահարված մեր հասարակության տարբեր հատվածներին հաշտեցնելուն, համազգային ընդհանուր նպատակի շուրջ համախմբելուն:
Բայց նաև երբեք թույլ չեմ տվել և թույլ չեմ տա չարաշահել այդ վերաբերմունքը, առիթից օգտվել և անցնել բոլոր սահմանները՝ ոտնձգություն թույլ տալով իմ կամ իմ կուսակցական ընկերների արժանապատվության, անցած ճանապարհի հանդեպ: Ուստի, որքան էլ հասկանում եմ այս տգեղ, անհարկի, ժամանակավրեպ, իր խորքում նաև վտանգավոր գործընթացը արդարացիորեն քննադատող, կանգ առնելու, սթափվելու կոչեր հնչեցնող բազմաթիվ սրտացավ մարդկանց, այնուամենայնիվ ուզում եմ ասել նրանց, որ արդար չէ բոլորին նույն արշինով չափելը:
Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հայտարարել ենք մեր պետությունը կործանման տանող միակ թիրախի և դրա դեմ պայքարելու անփոփոխ որոշման մասին: Եվ դա ուժի մեջ է լինելու մինչև այդ նպատակին հասնելը: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ մեր բոլոր հնարավորություններով աջակցելու ենք նույն նպատակը հետապնդող ցանկացած նախաձեռնության և մինչ այս պահը հավատարիմ ենք այդ որոշմանը: Դա տեսանելի է եղել ամեն օր: Մենք երբեք կողմ չենք եղել երկպառակությամբ մեր արտաքին թշնամուն ուրախություն պատճառելու, իսկ ներսում՝ նրանց պես մտածողների ձեռքերը տաքացնելու անխոհեմ քայլերին: Մեր ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում ամենախայտառակ պարտությունները պառակտվածության, «իրարուտոցիի» և դավաճանության հետևանք են: Չտեսնել սա, դաս չառնել սրանից, սադրել ու հերթական անգամ գնալ այս կործանարար ճանապարհով, նշանակում է կույր լինել մտքով: Սա ազգային ինքնաոչնչացման ճանապարհ է:
Եվ հիշեք՝ ով ստով, կեղծիքով, չարությամբ, թույնով լցված կգա մեր դեմ՝ ճշմարտությունով կզինաթափվի։ Նրանք, ովքեր պայքարի հիմնական ուղղությունը շեղում են, հավանաբար այլ նպատակ ունեն: Մեր նպատակակետը հստակ է և անփոփոխ. այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է: Եթե մեզ հետ կողք կողքի երբեմնի պայքարողների նպատակն այսօր այլևս նույնը չէ, մեր ճանապարհները չեն կարող մեկտեղվել:
Ես շնորհակալ եմ իմ կուսակցական ընկերներին, համախոհներին, աջակիցներին՝ այս օրերին տարատեսակ զրպարտանքների ու ոչ հեռու անցյալի իրողությունների խեղաթյուրման դեմն առնելու իրենց ջանքերի համար: Նրանց խնդրում եմ իրենց ժամանակն ու էներգիան առավելապես ուղղել մեր հիմնական գործին ամբողջ ուժով լծվելու ուղղությամբ, իսկ կոռեկտության բոլոր սահմաններն անցած, ճշմարտության դեմ մեղանչողների դեմ պայքարը դիտարկել որպես կուսակցական գործչի պատվախնդրություն և ամենօրյա սովորական աշխատանք, քանզի զանազան պատճառներով անազնիվ մեթոդներով պայքարողներ միշտ էլ եղել են և լինելու են: Թե որն է մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում ազգային շահերի պաշտպանության դիրքերում ամուր կանգնած, անառողջ հավակնություններով չտառապող Հանրապետական կուսակցության դեմ սկիզբ առած անմաքուր արշավը, դժվար չէ կռահել:
Մենք՝ հայերս, չպետք է նմանվենք այն ազգերին, որոնք իրենց մեղքերով իջան պատմության գերեզման: Բոլոր բաժանարար, նույնն է թե՝ կործանարար գծերը ջնջելու ժամանակն է: Ընդամենը մեկ գիծ կա, որ բաժանում է չարը` բարուց, սերը` ատելությունից, սուտը՝ ճշմարտությունից, և այդ գծի հանդեպ յուրաքանչյուրիս դիրքավորվելու ժամանակն է: Հեռվից հորդորներ հնչեցնելու, կեղծ բարեպաշտության պահը չէ: Եկեք քրիստոնեական բարեպաշտությամբ ազգովի միասին ու աներկբա ասենք՝ հրաժարվում ենք այս ռեժիմից և նրա ամբողջ խաբեությունից, նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ընթացքից, նրա չար կամքից, նրա չար սպասավորներից, ասել է թե՝ չարի իշխանությունից. հրաժարվելով հրաժարվում ենք:
Այո, սա այլ բան չէ, քան չարի իշխանություն, որի գործունեության հետևանքով մեր միտքը մշուշված է, սիրտը՝ կարծրացած: Այլապես՝ ցեղասպանություն տեսած ազգը չի կարող այն ուրանալ, չի կարող անտարբեր լինել իր համար կյանք տված զինվորի ընտանիքի դեմ գործվող անիրավությունների հանդեպ, բայց որ ամենասարսափելին է՝ չարախնդալ և անգամ հրճվանք ապրել թշնամու բանտերում անմարդկային հալածանքների ենթարկվող իր հայրենակիցների տառապանքների վրա, չի կարող Արցախը ոչ հայկական համարել, չի կարող ընդհանուր գեթ մեկ եզր ունենալ հակահայաստանի դիվային ծրագիր և կեղծ գաղափարախոսություն առաջարկողների հետ: Սա բնության ու մարդկային բարոյական բոլոր կանոններին դեմ երևույթ է, մեծագույն մեղք, որ պետք է ապաշխարությամբ, զղջումով և ազգային վերազարթոնքի ճանապարհին կանգնելով մաքրվի:
Այսքանով կուզենայի փակել այս թեման՝ առայժմ անցյալում թողնելու համար կատարված իրողությունները, որ այսօր շեղում են մեզ ներկայի անելիքներից: Անցյալը հանգամանորեն, դրվագ առ դրվագ վերլուծելու, անցյալի հետ համարձակորեն առերեսվելու առիթ բոլորը կունենան, երբ չեզոքացրած լինենք մեզ սպասվող գոյաբանական վտանգները:
Այսօր՝ մեր կուսակցության համար այս նշանակալի հոբելյանի օրը, հասկանալիորեն, մենք ոչ տրամադրություն ունենք միմյանց շնորհավորելու և շնորհավորանքներ ստանալու, ոչ էլ՝ հանդիսավոր միջոցառումներ կազմակերպելու: Քանի դեռ Արցախը հանձնված է, Հայաստանի որոշ տարածքներ թշնամու կողմից օկուպացված, քանի դեռ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվում և անմարդկային, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների են ենթարկվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու մեր բազմաթիվ գերեվարված հայրենակիցներ, պատերազմից հետո անհայտ կորած են հարյուրից ավելի հայորդիներ, լրջորեն խարխլված է Հայաստանի ինքնիշխանությունը, հարվածի տակ է դրված երկրի անվտանգությունը, ոտնձգությունների են ենթարկվում մեր ազգային արժեքները, մենք ոչ միայն հանդիսավոր միջոցառումներ անցկացնելու տրամադրություն չունենք, այլև չենք ունենալու այնքան ժամանակ, մինչև այս աղետին չդիմակայենք:
Դուք շատ լավ գիտեք, որ քննադատության, առավել ևս ինքնաքննադատության պակաս մենք երբեք չենք ունեցել, և դա թույլ է տվել մեզ դասեր քաղել ու հետևություններ անել, զատել օբյեկտիվ քննադատությունը կուսակցությանը ստահոդ տեղեկություններով միտումնավոր վարկաբեկելուց: Մենք պետական ամբողջ ռեպրեսիվ մեքենան չենք օգտագործել մեզ քննադատողների դեմ, ինչպես արվում է մեր երկրում արդեն յոթ տարի շարունակ: Մեր գործունեության սկզբից ի վեր մեզ հարվածել են դրսից ու ներսից, աջից ու ձախից, հարվածել են թիկունքից միայն նրա համար, որ մենք մեր գործողությունները կառուցել ենք՝ հիմնված բացառապես մեր ազգային շահերի վրա, որ մենք չենք ենթարկվել այս կամ այն ինտեգրացիոն համակարգը մյուսի շահերի հաշվին ընտրելու հորդորներին և կարողացել ենք շատ հստակ հիմնավորել, թե ինչու: Մեզ հարվածել են մեր իրավունքներն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու, մեր պետությանը և ժողովրդին պատուհասելիք վտանգները գիտակցելու և արկածախնդրության չգնալու համար: Հնարել են «Մեկ գիշերում որոշում կայացնելու» հեքիաթը և այնքան են պատմել, որ սկսել են իրենք էլ հավատալ իրենց հնարածին՝ միտումնավոր չտեսնելու տալով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խնդիրների ֆոնին բանակցային կողմերի հետ մեր տևական և ծանր, բայց միևնույն ժամանակ արգասաբեր աշխատանքը: Դրա արդյունքը, այո, ԵԱՏՄ-ին անդամակցության նպատակով մեր հետևողական բանակցությունների հաջող ավարտն էր և ԵՄ-ի հետ զուգահեռ տարվող աշխատանքի ավարտին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այն ներառում էր մեր համագործակցության ամբողջական օրակարգը և շահերը:
2018 թվականի սկզբին Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովում նույն այդ երկրները որպես մոդելային օրինակ էին ներկայացնում Հայաստանը, որին հաջողվել էր կողմերի հետ նման անհավանական թվացող համաձայնությունների գալ:
Մենք չենք հաշտվել այն մտքի հետ, որ մեր երկրի անվտանգությունը, մեր ազգային շահը կարող է դառնալ սակարկման առարկա: Պայքարել ենք թույլ չտալու համար, որ մեր տան դուռը բացվի այլոց շահերի համար՝ ի վնաս մեզ: Սակայն տրոյական ձիու հաջողված օրինակը լավ ուսումնասիրած ուժերը 2018-ին դա կիրառեցին նաև Հայաստանում՝ օգտագործելով 5-րդ շարասյունը և ստերից թունավորված մոլորյալ ժողովրդին: Այսօր Հայաստանի Հանրապետության հետ տեղի ունեցող ողբերգությունը ասածիս վկայությունն է:
Հայաստանի քաղաքական դերակատարների զգալի մասը, այդ թվում՝ ոչ իշխանական թևում, ակտիվ լծվել են տարաբնույթ արտաքին օրակարգեր սպասարկելու գործին։ Ոմանք ասում են, որ Հայաստանը պետք է անդամակցի ԲՐԻԿՍ-ին, ուրիշները՝ որ մենք պետք է անդամակցենք ԵՄ-ին։ Ես կարծում եմ, որ մինչ նման հարցերի քննարկումը և որոշումը մենք ավելի կարևոր խնդիր ունենք լուծելու. Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որ ծնվել է Հայաստանի անկախության համար պայքարից, կայացել և զարգացել է Հայաստանի անկախության ամրապնդմանը զուգահեռ, իր հիմնադրման պահից ի վեր ինքնիշխան և ազատ պետության ջատագով է: Հայաստանը նորից հայամետ ու հայաստանակենտրոն հուն վերադարձնելուց հետո միայն, հավատացեք, մնացած խնդիրները շատ ավելի բնական կերպով կհանգուցալուծվեն՝ որպես գերակայություն ունենալով բացառապես հայ ժողովրդի ազգային շահերը։
Շատերը հարցնում են՝ ի՞նչ պետք է արվի իշխանափոխությունից հետո, կարևորագույն այս հարցի վերաբերյալ ի՞նչ պատկերացումներ ունի Հանրապետական կուսակցությունը: Մենք՝ որպես իրատեսական մոտեցումներով առաջնորդվող քաղաքական ուժ, մեզ թույլ չենք տա սուտ ու փուչ խոստումներով խաբել մարդկանց, ինչպես անում են Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչները տևական ժամանակ: Կարծում ենք՝ իշխանափոխությունից հետո առնվազն երեք առաջնահերթ խնդիր պետք է լուծել.
-Առաջինը՝ երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծումն է՝ որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր: Իհարկե, սա ոչ մի կերպ չի նշանակում անպատիժ թողնել ավանտյուրիստներին, չի նշանակում անպատիժ թողնել ներկայիս կապիտուլյանտների ռեժիմի աններելի հանցագործությունները, շատ դեպքերում՝ հանցավոր անգործությունը, երբ խոսքը մեր երկրի և ժողովրդի պաշտպանությանն ու անվտանգությանն է վերաբերում: Ավելին, սա նշանակում է խստագույն պատժի ենթարկել ՀՀ Սահմանադրության և օրենքների հետ խնդիր ունեցող ցանկացած մեկին:
Ի թիվս այս խնդրի լուծմանը միտված բազմաթիվ քայլերի, որոնք մենք շատ լավ պատկերացնում ենք, անհրաժեշտ կլինի երկրում արմատապես վերափոխել տեղեկատվական քաղաքականությունը՝ վերջ դնելով հասարակության մանիպուլացմանը, բևեռացմանն ու թշնամանքի քարոզին:
-Երկրորդը՝ մեր Զինված ուժերի մարտունակության վերականգնումն է՝ 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան: Դա միանգամայն իրատեսական է զորքերի և զենքի գրագետ կառավարման, զինվորների բարձր մարտական ոգու վերականգնման, զորքերի համակողմանի ապահովման կազմակերպման, զինվորական բարձրորակ մասնագիտական կադրերով բանակի համալրման և մի շարք այլ խնդիրների լուծման պարագայում:
-Երրորդը՝ մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորումն ու Հայաստանի Հանրապետության դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունների վերականգնումն է՝ տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ թե ցանկությունների, այլ իրականության և շահերի հստակ գիտակցման ու գնահատման վրա: Մեր երկրի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը, փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, պետք է ամբողջովին պաշտպանի մեր ազգային շահերն ու արժեքները՝ սահմանելով հստակ առաջնահերթություններ և նպատակներ:
Արցախյան հիմնախնդրի միջազգայնացման նոր ռազմավարություն է անհրաժեշտ, որն ունենա իրավական, քաղաքական և հումանիտար բաղադրիչներ՝ ներառելով նաև արցախահայության իրավունքների պաշտպանության և հայրենիք վերադարձի միջազգային օրակարգը:
Իսկ անդամակցել ԲՐԻԿՍ-ի՞ն, թե՞ ձգտել ԵՄ անդամ դառնալ. այս երկընտրանքը մենք միշտ ունեցել ենք և մշտապես ելել ենք մեր պետության ու ժողովրդի շահերից: Այդ պատճառով է, որ լինելով Եվրասիական միության անդամ, մեզ հաջողվեց ԵՄ-ի հետ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Երկու կողմի հետ էլ մենք զարգացնում էինք փոխշահավետ հարաբերություններ՝ ամրապնդելով երկխոսությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Սա չափազանց կարևոր էր նաև մեր անվտանգության ապահովման և Արցախյան հակամարտության խաղաղ ու արժանապատիվ կարգավորման տեսանկյունից: Մեր այս քաղաքականությունը քննադատվել ու քարկոծվել է տարբեր շրջանակների կողմից, բայց, փառք Աստծո, այսօր հենց այդ քաղաքականության շնորհիվ է Հայաստանի տնտեսությունը փրկվել փլուզումից: Սա ակնհայտ և անվիճելի իրողություն է մասնագիտական բոլոր շրջանակների և բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտների համար, որոնք այդ քաղաքականության արդյունքներն ուղղակիորեն զգում են իրենց գործունեության ամբողջ ընթացքում:
Աշխարհում փոխվում և գլխիվայր շրջվում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, համամարդկային այլ արժեքներին, միջազգային կոնվենցիաներին հավատարմության մասին պատկերացնումները: Դրա վկայությունն են աշխարհի քարտեզի վերաձևման ուղղությամբ զարգացումները և մյունխենյան անվտանգության վերջին գագաթնաժողովի բաց քննարկումները:
Այլևս ակնհայտ է, որ համընդհանուր սկզբունքներն ու արժեքները շատ հաճախ հակասության մեջ են իրական քաղաքականության և աշխարհաքաղաքական շահերի հետ: Պետությունները սկսում են վերանայել իրենց արտաքին քաղաքականությունն ու պարտավորությունները միջազգային կազմակերպությունների հանդեպ: Արդյունքում, ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին այդքան տարփողված սկզբունքները շատ հաճախ ստանում են նոր մեկնաբանություններ՝ հանգեցնելով միջազգային հարաբերությունների ընդունված կանոնների մերժմանը կամ փոփոխությանը:
Պետությունների միջև պայքար է ընթանում ոչ միայն բնական ռեսուրսներին տիրանալու, այլև արժեհամակարգերի պարտադրման, իսկ փոքր պետությունների դեպքում՝ սեփական արժեհամակարգի պահպանման համար: Մենք՝ հանրապետականներս, որպես ազգային պահպանողական կուսակցություն, ունենք մեր հաստատուն արժեհամակարգը, աշխարհայացքը և մեր հավատամքը, որը մեր ծրագրում հստակ ամրագրված է: Ըստ այդմ՝ ՀՀԿ աշխարհայացքն ու գործունեությունը բխում են Ազգի և Հայրենիքի հավիտենականության գաղափարներից, և որ Հայ ազգի գերագույն նպատակը հարատևումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի:
Աշխարհաքաղաքական զարգացումները, մեր շուրջը տեղի ունեցող սարսափելի պատերազմներն ու պարտադրված օտար արժեքների դեմ ազգերի անհաշտ պայքարը հերթական անգամ ապացուցում են, որ ազգայինը համամարդկային է, պահպանողականությունն արդիական է, արարչականը իրականն է։ Սա հավերժ պայքար է, որտեղ տանուլ տվողը մնում է միայն պատմության դասագրքերում հիշատակվող երբևէ գոյություն ունեցած ազգ և պետություն:
Խաղաղության շղարշի տակ թաքնված՝ գաղտնի բովանդակությամբ կասկածելի բանակցությունների հետևանք պայմանագրից հիմա էլ համաձայնագիր դարձած թղթի վերաբերյալ մեր կուսակցության Գործադիր մարմինը պաշտոնապես իր դիրքորոշումը հայտնել է՝ արվել է հրապարակային հայտարարություն: Կրկնելու հարկ չկա: Միայն հավելեմ, որ «խաղաղության համաձայնագիր» բառակապակցության երկու մասերն էլ, մեղմ ասած, վիճելի են, մոլորեցնող և իրականությունից հեռու։ Չմոռանանք նաև, որ համաձայնագիրը պետք է ունենա առնվազն երկու կողմ, իսկ այսօրվա գործընթացում միայն մեկ կողմ է երևում՝ Ադրբեջանը, որը գերիշխող դիրքից բացահայտ և քայլ առ քայլ իր պայմաններն է թելադրում: Ակնհայտ է, որ նույնիսկ այս իրավիճակում առկա են ծանրակշիռ դիվանագիտական հիմնավորումներ հայկական կողմի շահերը պաշտպանելու համար։
Հիմնավորումները կան, պաշտպանողը չկա։ Ակնհայտ է, որ այս գործընթացը ոչ թե «խաղաղության», այլ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շարունակման մասին է։ Եվ միանշանակ է, որ իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով և միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռևս կարելի է փոխել իրավիճակը: Բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան նաև համարժեք իրավական գնահատականի։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ընդամենը օրեր առաջ արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կոչվող հիմնարկի վերջին մեկնաբանությանը, վերահաստատեց իր դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, որքան էլ կապիտուլյանտ վարչախումբը ձայնակցելով Ադրբեջանին՝ այդպես ներկայացնի: Դա ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով այլևս անթաքույց տարվող արցախուրաց քաղաքականություն:
Այսօր Հայաստանի կառավարիչները փորձում են մեզ համոզել, որ Արցախի կորուստը «խաղաղության» գինն է: Սա ստի հանճարեղ օրինակ է: Եթե սուտ խոսելու մրցույթ լիներ, այս կառավարությունը կդառնար համաշխարհային չեմպիոն. խոստացան խաղաղություն՝ ստացանք պատերազմ, խոստացան բարեկեցություն՝ ստացանք արտագաղթ, խոստացան պաշտպանել Արցախը՝ հանձնեցին Արցախը: Այսքանից հետո սրանք նույնիսկ կարողանում են նայել մեր աչքերին և ասել, որ ամեն ինչ ճիշտ է արվում, որ իրենք իրենց ծրագրով առաջ են գնում: Մի հարցնող լինի՝ այդ ո՞ր ծրագրով՝ ազգային աղետի՞: Ինչ խոսք, այդ ծրագիրը կատարվում է 100%-ով:
Բայց դա ոչինչ, կարևորը, այսպես ասած, «խաղաղությունն» է: Հանգիստ ապրեք, սիրելի՛ հայրենակիցներ, քանի դեռ իշխանությունները «հանուն խաղաղության» չեն որոշել, որ ձեր տունն էլ է սահմանային վեճի առարկա: Եթե մի օր լսեք, որ ձեր գյուղն Ադրբեջանի տարածքում է, մի անհանգստացեք: Դա պարզապես այս «խաղաղարար» իշխանության հերթական «հաջողությունն» է:
Պատերազմով մարդկանց վախեցնելով, մեր երկիրն իրենը համարող թշնամու հետ առևտուր անելու, ճանապարհներ բացելու, բարեկեցությունը բարձրացնելու սուտ խոստումներով արդարացնում են հերթական դավաճանությունը: Ես չեմ հավատում, որ այս պայմաններում տնտեսական կապերը և առևտուրը խաղաղ համակեցության երաշխիքներ են։ Այդպես կարող են մտածել միայն մարդկության պատմությանը և ներկա համաշխարհային վիճակին անծանոթ մարդիկ։ Օրինակ, Միացյալ Թագավորությունը դուրս եկավ ԵՄ-ից՝ անտեսելով տնտեսական շահերը և հնարավոր կորուստները։
Նույն Միացյալ Թագավորությունում Շոտլանդիայի անկախացման մղումներն ուժեղ են՝ չնայած Լոնդոնի հետ տնտեսական կապերին։ Բելգիայի ներսում Ֆլանդրիան ունի անջատողական ուժեղ միտումներ, թեպետ փաստացի ԵՄ-ի սրտում է։ Կամ դիտարկենք ԱՄՆ-ի և Չինաստանի միջև աճող լարվածությունը, թեև այդ զույգն է համաշխարհային տնտեսության առաջատարը և ամենափոխկապակցվածը։ Հետևությունները թողնում եմ մեր ժողովրդին։
Այս տարի նախատեսված է ՀՀԿ հերթական համագումարի անցկացումը, որի ընթացքում մենք հնարավորություն կունենանք առավել մանրամասն քննարկելու մեր ծրագրերը, օրակարգի շրջանակներում վերլուծելու իրականացված աշխատանքը, վերհանելու խնդիրները և թերությունները։ Իսկ այսօր, խորհրդի հոբելյանական նիստի ավարտին, մենք խորհրդի հաստատմանը կներկայացնենք Գործադիր մարմնի կողմից ներկայացված ՀՀԿ ուղերձի առաջարկը։
Ակնհայտ է, որ ժամանակակից ժողովրդավարությունը ամենուր խարսխված է կայուն կուսակցական համակարգի վրա, որտեղ առաջնայինը ծրագրերն են, այլ ոչ թե անհատները: Մարդկությունը դեռ ժողովրդավարական կառավարման արդյունավետ այլ համակարգ չի հնարել: Ցավոք, այսօր մեր երկրում կուսակցությունների վարկանիշը բավական ցածր է, ապատիկ վիճակում գտնվող հասարակության մի զգալի մասը կորցրել է հավատը քաղաքական ուժերի նկատմամբ և չի վստահում վերջիններիս: Հասարակության սպասումներն ու չարդարացված ակնկալիքներն իրենց պատճառներն ունեն, որոնք մեկ այլ և խոր անդրադարձի թեմա են: Մի առիթով ես այս երևույթին ավելի հանգամանորեն կանդրադառնամ: Փաստ է, որ առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ՝ առանց բացառության, այսօր ի զորու չէ հասարակության մոբիլիզացիա ապահովել Հայաստանում փոփոխություն իրականացնելու համար: Սա ցավով եմ ասում: Եվ որպես այդ քաղաքական ուժերից մեկը, մենք պարտավոր ենք հետևություններ անել:
Ինչպես նշեցի, քանի դեռ ժողովրդավարական կառավարման այլ համակարգ աշխարհում գոյություն չունի, կուսակցությունները պետք է ձգտեն բարձրացնել իրենց վարկանիշը հասարակության շրջանում: Այս խնդիրը նաև մեր առջև է դրված:
Գիտեմ, որ ժամանակն անցնում է, վտանգները գնալով ավելի առարկայական են դառնում, իսկ մարդիկ հոգնել են խոսքեր ու խոստումներ լսելուց, անարդյունավետ պայքարից և ուզում են արդյունք տեսնել: Գիտեք, Պրուսիայի համար ծանր օրերին կանցլեր Բիսմարկը գերմանացի ժողովրդին «արյուն և երկաթ» էր առաջարկում, Միացյալ Թագավորության համար օրհասական պահին վարչապետ Չերչիլը՝ «քրտինք, արցունք, արյուն և ծանր աշխատանք»։
Որպես ՀՀ երրորդ նախագահ և Հանրապետական կուսակցության ղեկավար, ես վստահաբար ասում եմ, որ ամենից առաջ այսօր մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ են պատվախնդրություն և հավատ, առաջին հերթին՝ սեփական ուժերի նկատմամբ։ Մենք իրավունք չունենք հուսահատվելու, հոգնելու, առավել ևս՝ ապրելու մեր սովորական, բնականոն կյանքով, քանի դեռ մեր երկրի ու ժողովրդի համար գոյաբանական վտանգը չենք չեզոքացրել հետևողական, համառ, ծանր աշխատանքի արդյունքում: Ոչ մի ժողովուրդ առանց այս ճանապարհն անցնելու հաջողության չի հասել:
Հոբելյանի առթիվ այսօր միմյանց շնորհավորելու փոխարեն, սիրելի՛ հանրապետականներ, պարզապես խոստանանք միմյանց և մեր ժողովրդին, որ պատվախնդրությամբ և հավատով հաղթահարելու ենք մեր սերնդին բաժին հասած այս փորձությունը ևս, որքան էլ այն ծանր լինի:
Եվ թող Աստծո օրհնությամբ հաջողությունը ուղեկից լինի մեզ:
Մեր պետության և ժողովրդի համար վճռորոշ այս ժամանակաշրջանում Համո Սահյանի դիպուկ մի արտահայտությամբ կամփոփեմ խոսքս. «Ընկնելը մեղք է, հոգնելը՝ ամոթ»:
Շնորհակալություն: