Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
«Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել Սիրիայի կենտրոնական մասում գտնվող Պալմիրայի ռազմական օդանավակայանին։ Այս կապակցությամբ իսրայելական 12-րդ ալիքը պնդում է՝ «Նեթանյահուն ձգտում է սանձազերծել եւս մեկ պատերազմ, որպեսզի շեղվի Իսրայելի հասարակական կարծիքն իր ներքին դժվարություններից, եւ վստահեցնում է՝ «Սիրիայի տարածքում Թուրքիայի հետ առճակատումն իրապես հավանական է», եւ որ «դա տեղավորվում է Մերձավոր Արեւելքում Իսրայելի կողմից ստեղծվող նոր «կրակի օղակի» մեջ»:
Թերեւս պատահական չէ, որ ԱՄՆ-ը հայտարարել է՝ նախատեսում է հաջորդ ամիս այդ տարածքում երկու ավիակիր տեղակայել։ Արագ փոփոխվող տարածաշրջանային աշխարհաքաղաքական լանդշաֆտում եւ Սիրիայում, գրում է Reuters-ը, Ֆիդանը Վաշինգտոնում ԱՄՆ-ի հետ փոխգործակցության տարբերակներ կփնտրի։ Առավել եւս Սիրիայի հյուսիսում մի շարք ռազմական գործողություններից հետո Անկարան բախվում է իր հարավային սահմանների վրա քրդական զինված ուժերի աճող ազդեցությանը՝ հարեւան քրդական միավորման առաջացման հեռանկարով, որն իր հերթին կարող է խթանել քրդերի անջատողական նկրտումները հենց Թուրքիայի ներսում: Ընդ որում, ըստ Al Jazeera-ի, «Սիրիայի հյուսիսում թուրքական ազդեցության ընդլայնումը համընկել է Վաշինգտոնի եւ Սիրիայի քրդական Ժողովրդավարական ուժերի միջեւ գործընկերության խորացման հետ, որոնք Միացյալ Նահանգները համարել են ԻՊ-ի դեմ իր հակաահաբեկչական ռազմավարության առանցքային հենարանը։
«Չնայած Թուրքիայի բազմաթիվ բողոքներին՝ Վաշինգտոնը հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը՝ քրդերին համարելով գործընկերներ ահաբեկչության դեմ պատերազմում, ինչը հանգեցրել է երկու կողմերի միջեւ հաճախակի դիվանագիտական բախումների եւ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին աննախադեպ իրավիճակի մեջ է դրել։ Դիրքորոշումների նման անհամապատասխանությունը նպաստել է նաեւ երկկողմ հարբերությունների կործանմանը, քանի որ Սիրիայի շուրջ տարաձայնությունները դարձել են երկու երկրների միջեւ ավելի լայն լարվածության մաս, ինչը բացասաբար է անդրադարձել նրանց միջեւ ռազմավարական համակրգման վրա ինչպես տարածաշրջանային հարցերում, այնպես էլ ՆԱՏՕ-ում: Ուստի բաց է մնում ամերիկա-թուրքական համագործակցության հեռանկարների հարցն՝ ընդհանուր առմամբ եւ Սիրիայում, մասնավորապես՝ անվտանգության մեխանիզմների վերաձեւակերպման տեսանկյունից ՝ հաշվի առնելով Թուրքիայի մտահոգությունները։ Այդ ճանապարհը պահանջում է մանրակրկիտ բանակցություններ», - ամփոփել է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի