Փոխարժեքներ
06 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.58 |
EUR | ⚊ | € 425.79 |
RUB | ⚊ | ₽ 4.4272 |
GBP | ⚊ | £ 507.86 |
GEL | ⚊ | ₾ 141.83 |
Զահրատը, իսկական անունը՝ Զարեհ Յալդըզճեան, 20-րդ դարի հայ պոեզիայի յուրօրինակ և նշանավոր անուններից է։ Ծնվելով և մեծանալով Ստամբուլում և հայերեն գրելով՝ Զահրատը հատկապես հայտնի է իր հումորով և խելամտությամբ լի բանաստեղծություններով: Բանաստեղծություններում նա տպավորիչ կերպով ներկայացնում է առօրյա կյանքի մանրամասները, սովորական մարդկանց կյանքը, Ստամբուլի փողոցները և Քընալը կղզու մթնոլորտը։ Այս հոդվածում մենք ավելի մոտիկից կանդրադառնանք Զահրատի կյանքին, նրա գրական անհատականությանը և Քընալը կղզու հետ առնչությանը:
Զահրատի կյանքը և գրական անհատականությունը
Զահրատը ծնվել է 1924 թ․ մայիսի 10-ին Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում։ Նրա հայրը՝ Մովսեսը, աշխատել է որպես իրավաբան, խորհրդատու և թարգմանիչ Օսմանյան կայսրության Արտաքին գործերի նախարարությունում, սակայն Զահրատը կորցրել է հորը, երբ ընդամենը երեք տարեկան էր։ Մայրը՝ Անգինեն, Սամաթիայի շրջանից էր։ Զահրատին մեծացրել են մորական տատիկն ու պապը՝ Լևոն Վարդանյանը։ Փանգալթը Մխիթարյան հայկական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում, սակայն երրորդ կուրսում թողել է ուսումը։ Մտավախություն ունենալով, թե ընտանիքը հավանություն չի տա բանաստեղծ դառնալու ցանկությանը, նա սկսել է օգտագործել «Զահրատ» կեղծանունը:
Բժշկական ֆակուլտետը թողնելուց հետո Զահրատը տարբեր աշխատանքներ է կատարել: Նա աշխատել է դեղատներում, թղթի խանութներում, նոտարական գրասենյակներում և բժշկական մատակարարման ընկերություններում․ նաև բիզնեսի փորձ է ձեռք բերել այնպիսի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են փողկապի առևտուրը, գոտիների արտադրությունը և զիփ-շղթայի առևտուրը: Զինվորական ծառայությունը որպես պահեստազորի սպա ավարտել է 1949 թ.։ Այս բոլոր փորձառությունները կարող են նպաստած լինել Զահրատի բանաստեղծությունների իրատեսական և դիտողական հեռանկարին:
Զահրատը համարվում է բանաստեղծության ոչ չափական շարժման կարևոր ներկայացուցիչներից մեկը հայ պոեզիայում։ Ոչ չափական շարժման պոեզիայի ըմբռնմանը համապատասխան՝ Զահրատն իր բանաստեղծություններում օգտագործել է պարզ լեզու և ոգեշնչվել առօրյա կյանքից և հասարակ մարդկանցից։ Իր բանաստեղծություններում ընդգծելով «կյանքի համը»՝ Զահրատը ստեղծել է յուրահատուկ ոճ՝ միախառնելով հումորը, հեգնանքը և նուրբ սոցիալական քննադատությունը։ «Գիգոյի» կերպարը Զահրատի պոեզիայի ամենահայտնի դեմքերից է և փողոցում ապրող աղքատ ու մարգինալ՝ լուսանցք մղված մարդկանց խորհրդանիշն է:
Զահրատի բանաստեղծություններում, հումորից բացի, կարևոր տեղ ունեն նաև տխրությունը, փիլիսոփայական մտքերը և մարդու ողբերգական կյանքը։ Այս առումով նրան համեմատում են հայ բանաստեղծ Եղիա Տեմիրճիպաշեանի հետ, ով հայտնի էր իր մահվան թեմայով բանաստեղծություններով և ի վերջո ինքնասպանություն գործեց։ Տեմիրճիպաշեանն ասում էր, որ իր բանաստեղծությունների մեջ կա ժպիտ և ծիծաղ, իսկ Պարոնյանի ստեղծագործություններում՝ տխրություն և արցունքներ։ Զահրատը նույնիսկ հումորային ոճ օգտագործելիս չի անտեսել մարդկանց էկզիստենցիալ խնդիրներն ու տառապանքները։
Զահրատն ամուսնացել է Անայիս Անդրեասյանի հետ 1963 թ․ նոյեմբերին։ 1994 թ․ նրա ծննդյան 70-ամյակը նշվեց Քընալը կղզում, Թբիլիսիում և Երևանում։ Նույն թվականին Փանգալթըի միջնակարգ դպրոցի շրջանավարտների միությունը ժողովեց Զահրատի Գիգոյի բանաստեղծությունները «Ծուռ նստենք և Գիգո խոսենք» գրքում։ 1995 թ․ Ստամբուլի Ալեք և Մարի Մանուկյան մշակութային հիմնադրամի կողմից հրատարակվել է նրա «Մաղ մը ջուր» գիրքը։ 1997 թ․ ապրիլին Հալեպ հրավիրված Զահրատի համար կազմակերպվել է հոբելյանական միջոցառում, իսկ 1997 թ․ ապրիլի 12-ին Հալեպի համալսարանի կողմից տեղի է ունեցել Հայ-արաբական պոեզիայի միջոցառում՝ բանաստեղծի մասնակցությամբ։
Զահրատը 1924 թ․ սերնդի հայ գրողներից և արվեստագետներից է։ Այս սերնդի անունները, ինչպիսիք են Քրիստին Սալերին և Հակոբ Այվազը, նույնպես կարևոր ներդրում են ունեցել Ստամբուլի հայ համայնքի գրական-գեղարվեստական կյանքում:
Զահրատը և Քընալը կղզին
Զահրատի կապը Քընալը կղզու հետ պայմանավորված է ամռան ամիսներին նրա՝ կղզի հաճախակի այցելություններով։ Կղզու անվանումը գալիս է նրա կարմրավուն գույնից, որը պայմանավորված է հողում առկա երկաթով և պղնձով, և թուրքերեն նշանակում է «Խընա կղզի» Շրջապատված բլուրներով, ինչպիսիք են Չընար, Թեշրիֆիե և Մանաստիր բլուրը, Քընալը կղզին Իշխանաց կղզիների շարքում ամենաքիչ անտառածածկ տարածքներով կղզիներից մեկն է։ Զահրատն իր բանաստեղծություններում հաճախ է հիշատակել Քընալը կղզու ծովը, օդը և խաղաղ մթնոլորտը։ Հանդարտությունն ու ոգեշնչումը, որ նրան տվել է կղզին, այն կարևոր տարրերից էին, որոնք սնուցում էին Զահրատի ստեղծագործությունը: Հայտնի է նաև, որ նա Քընալըա կղզում շփվել է հայտնի բանաստեղծ Ջան Յուջելի հետ։ Այս հարևանությունը թերևս հանգեցրել է երկու բանաստեղծների գրական և մտավոր փոխազդեցությանը:
Զահրատի երկերը և ժառանգությունը
Զահրատը բազմաթիվ մրցանակների է արժանացել հայերեն գրված իր բանաստեղծությունների համար, և նրա ստեղծագործությունները թարգմանվել են 25 լեզուներով։ Բացի իր բանաստեղծական գրքերից՝ «Մեծ քաղաք», «Գունավոր սահմաններ», «Լավ երկինք», «Կանաչ հող», «Մի քարով երկու գարուն», «Ծուռ նստեմ և Գիգո ասեմ» և «Ջուր պատից վեր», նա նաև ունի իր հետմահու հրատարակված «Մի մաղ ջուր» կոչվող ստեղծագործությունը։
Կան նաև թուրքերեն ընտրանիներ, այդ թվում՝ «Յուղի կաթիլ», «Ձուկը, որ տեսավ տերեւը» և «Մի՛ մարիր լույսդ», թարգմանված Օհաննես Շաշկալի կողմից։
Զահրատի բանաստեղծությունները համատեղում են հումորը սոցիալական քննադատության հետ: «Կատու ուսուցիչը» բանաստեղծության մեջ կատուն դառնում է ուսուցիչ և մկներին սովորեցնում, թե ինչպես խուսափել կատուներից: Այս բանաստեղծությունը, որը ստիպում է մտածել կրթության և սոցիալական նորմերի մասին, արտացոլում է Զահրատի ստեղծագործական խելքն ու ինքնատիպ հեռանկարը։
Զահրատի ստեղծագործությունները կարևոր տեղ ունեն հայ գրականության մեջ և նպաստել են ժամանակակից հայ պոեզիայի զարգացմանը։ Նրա բանաստեղծությունների «կյանքի համը», հումորն ու հասարակական քննադատությունը նոր շունչ են հաղորդել հայ պոեզիային։ Զահրատի բանաստեղծությունները նոր սերունդներին ներկայացվել են «Զահրատ-100» ընտրանիի միջոցով, որը բաժանվել է ընթերցողներին և դպրոցական գրադարաններին 2024 թ․ տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Նման իրադարձությունները մեծ նշանակություն ունեն Զահրատի բանաստեղծությունները լայն լսարանին հասցնելու և հայ գրականության հարստությունը բացահայտելու առումով։
Զահրատը մահացել է 2007 թ․ փետրվարի 20-ին Ստամբուլում և թաղվել Շիշլիի հայկական գերեզմանատանը։ Զահրատը, որի բանաստեղծությունները շարունակեցին ապրել իր մահից հետո, իր տեղը գրավեց հայ գրականության նշանավոր անունների շարքում։
Զահրատը կարևոր բանաստեղծ է, ով արտացոլում է Ստամբուլի բազմամշակութային կառուցվածքը և հայ համայնքի փորձառությունները: Նրա բանաստեղծությունները՝ լցված հումորով, բանականությամբ և մարդկության հանդեպ սիրով, նրան դարձնում են անմոռանալի։ Որպես Թուրքիայում ապրած հայ բանաստեղծ՝ նա իր բանաստեղծություններում արտացոլել է ինչպես սեփական մշակութային ինքնությունը, այնպես էլ հասարակության իրողությունները։ Զահրատի կապը Քընալը կղզու հետ լույս է սփռում կղզու պատմության և մշակութային հարստության վրա։ Քընալը կղզու հանդարտ մթնոլորտը, բնական գեղեցկությունը և բազմամշակութային պատմությունը ոգեշնչել են Զահրատի բանաստեղծությունները: Ընթերցելով Զահրատի ստեղծագործությունները՝ կարելի է ճամփորդել նրա գրական աշխարհում՝ ծանոթանալով Ստամբուլի ու Քընալը կղզու մթնոլորտի հետ:
Zahrad: Kınalıada’da İz Bırakan Ermeni Şair
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը