կարևոր
1555 դիտում, 1 օր առաջ - 2025-02-14 14:42
Հասարակություն

Համշենահայության ինքնապաշտպանական մարտերը 1915-1923 թթ. (մաս առաջին1915-16 թթ.)

Համշենահայության ինքնապաշտպանական մարտերը 1915-1923 թթ. (մաս առաջին1915-16 թթ.)

Հայկազուն Ալվրցյան

Համ­շե­նա­հա­յութ­յան դի­մադ­րութ­յան պատ­մութ­յու­նը քիչ ու­սում­նա­սիր­ված, բայց հայ ժո­ղովր­դի դի­մադ­րա­կան պայ­քա­րի ա­մե­նա­հե­րո­սա­կան է­ջե­րից է: Նա ան­նա­խա­դեպ է այն ա­ռու­մով, որ, սկսվե­լով 1915-ի ամ­ռան ա­միս­նե­րին, շա­րու­նակ­վեց ութ եր­կար տա­րի­ներ. նախ՝ ե­րիտ­թուր­քա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի, ա­պա՝ նրանց ազ­գա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը որ­դեգ­րած Մուս­տա­ֆա Քե­մա­լի իշ­խա­նութ­յան դեմ:

  1. Հակահայկական տրամադրությունների բորբոքումը

Բարենորոգումների ծրագիրը[1], որը Օսմանյան կայսրությունը միշտ դիտել էր որպես եվրոպական պետությունների կողմից կայսրության ներքին գործերին միջամտելու քաղաքականություն, հաստատվելուց հետո ընդունվեց որպես թշնամական քայլ. «…մանավանդ երբ ցարական Ռուսաստանը եղաւ զայն գլխաւորողը: Թուրքերը հայ ժողովուրդին վրայ սկսան նայիլ իբրև ներքին թշնամիներ: Լեզու գտնելու որևէ ճամբայ չկար այլևս»[2]:

Արդեն 1913 թ. արևմտահայության հասարակական-քաղաքական շրջանակները զգում էին թուրք-մուսուլմանական հանրության ընդերքում խմորվող հակահայկական տրամադրությունները, որոնք շուտով վերածվելու էին ճնշումների, հալածանքների, բանտարկությունների և ջարդերի:

Մթնոլորտն առավել շիկացած էր Արևմտյան Հայաստանի գավառներում, քան  քաղաքական կենտրոններում, ինչպիսին Պոլիսն էր կամ այլ քաղաքներ: 1914 թ. հունիսին Սամսոնում տեղի ունեցած մի ժողովի ժամանակ այս մտահոգությունների մասին բավական կտրուկ և ազդեցիկ ոճով է արտահայտվում նշանավոր ազգային-հասարակական-կուսակցական գործիչ Հարություն Շահրիկյանը. «Մահուան գերանդին շարժման մէջ է և օր մըն ալ կրնա ձեր ամէնուդ գլուխները թռցնել… Հինգ փարայի արժէք չունին ո՛չ պետութիւններու խոստումները, ո՛չ բարենորոգումներու ծրագիրը, ո՛չ Պոլիս հասած Եւրոպացի բարենորոգիչները… Շատ ջանք թափեցինք այդ ելքերուն հասնելու համար: Յանուն համերաշխութեան մէկ կողմ դրինք մեր բուն հայեցակէտը. մեր հաւատոյ հանգանակը՝ ժողովուրդի ինքնապաշտպանութիւնը»[3]: Նա զգուշացնում է, որ հարմար առիթի դեպքում կառավարությունը աղբանոց կնետի բարենորոգումների ծրագիրը և հաշվի կնստի հայերի հետ:  Եվ քանի որ ժողովում քիչ չէին մարդիկ, որոնք չէին կիսում Շահրիկյանի հայացքները, խոսքի վերջում, նա դառնացած   հարց է տալիս. «Հիմա հարց կու տամ, պատրա՞ստ էք այդ ահեղ ժամին ձեզ պաշտպանելու…»[4]:

Իրադարձությունները գալիս են հաստատելու այս մտահոգությունները։ Շուտով իշխանությունների հրահրմամբ կայսրության տարբեր վայրերում սկսվում են հայերի նկատմամբ բռնություններ, ծեծ ու ջարդ, ունեցվածքի թալան և նույնիսկ սպանություններ, որոնք չեն դադարում մինչև 1915 թ. բռնի տեղահանություններն ու  կոտորածները: Բազմաթիվ դեպքերից հիշենք մեկը:

Այսպես՝ Կարնո նահանգի Բաբերդ քաղաքում, որը գտնվում է Կարին-Տրապիզոն ճանապարհի վրա, և շրջակա գյուղերում 1914 թ. սեպտեմբերին՝ նախքան Թուրքիայի՝ պատերազմի մեջ մտնելը, իշխանություններն սկսում են զանգվածային բռնություններ, որոնց վերաբերյալ ՀՅԴ արխիվներում պահպանվել են բավականին մանրամասն վկայություններ: Թիվ 769-9 փաստաթղթում ականատեսը պատմում է, որ Կ. Պոլսի և Տրապիզոնի դեպքերից հետո Բաբերդի շրջակա գյուղերում սկսվում են ջարդեր, առևանգումներ և թալան: Քաղաքի բնակիչները փակվում են տներում և դուրս չեն գալիս. «Սեպտ. 30էն մինչև հոկտ. 14ը ստիպուեցաւ ժողովուրդը փակել եկեղեցիները, դպրոցները, վաճառատուները, գործարաններն ու ամէն ինչ և ապաստանիլ տուները»[5]: Քաղաքացիական և ռազմական իշխանություններին հղված բազմաթիվ նամակները մնում են անպատասխան:  

Վերջապես հոկտեմբերի 13–ին Երզնկայից ժամանում է մեկ զինվորական վաշտ: Ժողովուրդը կարծում է, որ վաշտը եկել է իրեն պաշտպանելու, ուստի հաջորդ օրը մարդիկ տներից դուրս են գալիս, շատերը գնում են շուկա, բացվում է դպրոցների մի մասը: Երկու շաբաթ շարունակ շրջակա հայկական գյուղերն ավերած և կողոպտած Սալիհ Զեքի բեյը[6] որոշում է բնաջնջել քաղաքի հայությանը: Նրա հրամանով շրջակա գյուղերից և քաղաքից հավաքված ավելի քան 6000 մոլեռանդներից բաղկացած թուրքական խուժանը կանոնավոր զորքի աջակցությամբ «…մոլեգնաբար յարձակեցաւ անզէն, չդիմադրող և անպաշտպան խեղճ հայերու վրայ, և առտուան ժամը 4էն սկսեալ մինչև հետևեալ առաւոտ անխնայ ջարդեց, աւերեց ու թալլեց տուն տեղ և բոլոր շուկան (հայերունը միայն, յոյներու համար բացարձակ խտրութիւն կար) առանց շիւղ մը իսկ թողնելու»[7]: Այրվում են տներ, մարդիկ են ողջակիզվում հրդեհի մեջ կամ ծխախեղդ լինում: Այդ տներից մեկում պատռում են հղի կնոջ որովայնը և երեխային սվինի ծայրին անցկացնում և բարձրացնելով ցուցադրում, որին ի պատասխան՝ հոշոտված կնոջ (Վարդխաթուն Այվազյան) հարևան Հովհաննես Գյիճյանը իր պատուհանից հրացանազարկ է անում 4 թուրքի ու ինքն էլ հրո ճարակ դառնում իր բոցավառվող տան մեջ: Մյուս անձը, որը դիմադրում է իր վրա հարձակված 20 թուրքի, երեքին վիրավորում է և ինքն էլ սպանվում[8]:

Բաբերդի շուկան ու փողոցները լեցուն էին դիակներով: Իշխանությունն ամեն ինչ արեց դիակները թաքցնելու համար, այդ թվում՝ մեծ մասը թափելով Ճորոխ գետը: Քաղաքը գրեթե պարպվեց հայերից. «Բաբերդի հայութիւնը՝ մանաւանդ երիտասարդութիւնը ի սպառ ոչնչացաւ, ամէն հասակէ և դասակարգէ հարիւրաւոր երիտասարդներ (որոնց 90 %-ը արական սեռի կը պատկանէր, ինչ որ իրենց յատուկ նպատակը կը կազմէր արդէն) զոհ գնացին անգութ և բարբարոս խուժանին վայրագութեանը և խժդժութեանը»[9]:

  1. Ինքնապաշտպանության հարցը

Բալկանյան պատերազմներից հետո երկրում իշխող տրամադրությունները լավագույնս արտահայտված են Հայ Յեղափոխական Դաշնակցության Տրապիզոնի կոմիտեի Ինքնապաշտպանության մարմնի մի կոչի մեջ, որով նա դեռևս 1913 թ. փետրվարին անհանգստություն է հայտնում հայ ժողովրդի նկատմամբ իշխանությունների ապագա գործողությունների վերաբերյալ և կոչ անում հայ ժողովրդին՝ գալիք կոտորածներին դիմագրավելու և բնաջնջումից խուսափելու նպատակով մասնակցել ինքնապաշտպանական միջոցառումներին:

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ[10]

Վերջերս արագաբար իրարու յաջորդող քաղաքական դէպքերը մեզ հայերուս համար ստեղծեցին այն տեսակ ճգնաժամային դրութիւն մըոր եթէ այս անգամ ալ՝ չփորձուած անցեալի տխուր դասերէն չըմբռնենք այս պատմական րոպէին նշանակութիւնը եւ անտարբեր մնանքմենք մեր ձեռքով պատճառ կը դառնանք հայկական հարցի յաւիտենական փակման եւ գուցէ հայ ժողովրդի ֆիզիքական բնաջնջման:

Ներկայացեր է այն տեսակ մի վայրկեան ուր հայ ժողովրդի ամէն խաւերն ալ իրենց հնարաւոր միջոցներով պէտք է լայն չափով իրենց ջերմ աջակցութիւնը ցոյց տան գործնականապէսՀայկական հարցի վերարծարծումըկառավարութեան շփոթ կացութիւնըպատերազմի ձախողութեանց՝ իսլամ հասարակութեան հոգեբանութեան վրայ ի գործ դրած վատթար ազդեցութիւնըեւ վերջապէս քրիստոնէից հակառակ երեւցած շարժումը ստեղծած են ամբողջ երկրին մէջ հակառակ հոսանք մը որ կրնայ մէկ օրէն միւսը պայթիլ եւ սպառնալ մեր ֆիզիքական գոյութեան:

ՀՅԴաշնակցութիւնը պատմական այս ծանր րոպէինիրեն պարտականութեան գիտակձեռնարկած է հայկական ինքնապաշտպանութիւնը կազմակերպելԻնքնապաշտպանութեան պատրաստ ըլլալը լաւագոյն եւ միակ միջոցն է որպէսզի խուժանը դիւրին որսի իր ախորժակը չսրէ:

Ինքնապաշտպանութիւնը ընդհանուր ազգային գործ էեւ հետեւաբար այս գործին պէտք է նուիրուին բոլոր հայերը անխտիր:

ՀՅԴաշնակցութիւնը կոչ կ΄ընէ ներկայ ազդովորպէսզի լայն չափերով մասնակցինք այն հանգանակութեանոր այս նպատակով բացուած է:

ՀՅԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

 ԾՈՎԱՓԻ[11] ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՐՄԻՆ

1913 Փետր. 2

Ցավոք, մարգարեական այս կանխատեսումներին Տրապիզոն քաղաքի բնակչությունը լրջությամբ չի վերաբերվում. նախատեսված էր հանգանակել 5000 ոսկի, «…որ Տրապիզոնի նման բարեկեցիկ համայնքի մը համար համեստ զոհողութիւն մըն էր և սակայն մեծահարուստները խիստ անտարբեր գտնուեցան և հազիւ կարելի եղաւ 130 ոսկի հաւաքել: Մարմինը, նկատի առնելով այս խայտառակ վերաբերումը, հաւաքած դրամը ետ վերադարձուց և հանգանակութիւնը դադրեցուց՝ այս անգամ ազդարարութեամբ մը, որ կը վերջանար սա տողերով.-

«Այս ցաւալի և դատապարտելի պատկերին հանդէպ Հ.Յ.Դ. Ինքնապաշտպանութեան Մարմինը որոշեց.-

ա. Դադրեցնելով հանգանակութիւնը՝ ետ վերադարձնել ցարդ ստացած գումարները:

բ. Այժմէն յայտարարել, թէ ինք չի կրնար ստանձնել տեղւոյս մէջ հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան պատասխանատուութիւնը:

գ. Ապագա պատմութեան առջև պատասխանատուները ճշդելու համար, հանգանակութիւնը բացող և գոցող երկու տոկումենտները ուղարկել Ժընև, արխիւի մէջ պահելու համար»:

13 Փետր. 1913

  Ակնհայտ է, որ այս հայտարարությունը ոչ միայն դառն հիասթափության հետևանք է, այլև անխուսափելի արհավիրքի նկատմամբ մեծահարուստների զգոնությունն արթնացնելու մի վերջին փորձ է, որը դարձյալ մնում է անարձագանք:

ՀՅԴ Ինքնապաշտպանության բյուրոն այս կոչից երկու շաբաթ անց հատուկ նամակով դիմում է Սամսոն քաղաքի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեին, որի կազմակերպած հանգանակությունը ինքնապաշտպանական նպատակների համար հաջող ընթացքի մեջ էր: Նամակը, ի թիվս բազմաթիվ հարցերի, անդրադառնում է նաև այս խնդրին: Այն սկսվում է Տրապիզոնի կառույցի ձեռնարկած հանգանակության վերաբերյալ մտահոգությամբ.

«ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԻՒՐՈՅԷՆ ՍԱՄՍՈՆԻ ԿԵԴՐԿՈՄԻՏԷԻՆ[12]

1913 փետր. 15, Պոլիս

Ընկերներ,

Շատ ուրախ ենք որ ինք[նապաշտպանութեանհամար ձեր հանգանակութիւնը յաջող կ΄երթայուրախ ենք մանաւանդ անոր համարոր ձեր դրացի Տրապիզոնէն այդ հարցի մասին ստացած տեղեկութիւննիս շատ անախորժ է:

Ամերիկայի մեր ընկերները մեծ եռանդով սկսած են այդ գործին եւ անոնց ղրկած դրամները այդ նպատակին համար՝ պատիւ կը բերէ նոյն կազմակերպութեանեւ իրաւունք ունինք սպասելու որ ծովափնեայ քաղաքները այս գործի մէջ իրենց պատուաւոր բաժինը ունենան»:

Օսմանյան կայսրության մեծ քաղաքների՝ հատկապես Կ. Պոլսի, Զմյուռնիայի (Իզմիրի), Տրապիզոնի, մասամբ՝ Սամսոնի ունևոր հայերը ոչ միայն չէին մասնակցում ինքնապաշտպանության կազմակերպման աշխատանքներին, այլև այդ նպատակի համար կազմակեպվող դրամահավաքներից էին խուսափում: Ծնունդով տրապիզոնցի հայտնի ազգային-կուսակցական գործիչ և արձակագիր Մալխասը (Արտաշես Հովսեփյան) իր հուշերում գրում է, որ հայ ունևորները Սահմանադրության առաջին տարում թիթեռների հույլի նման պտտվում էին Դաշնակցության շուրջ՝ ավելի շատ տուրք տալով օրվա տրամադրություններին, քան առաջնորդվելով ազգային պարտականությունների գիտակցությամբ: Սակայն, մտահոգ սեփական շահի անվտանգության պահպանման խնդրով, նրանք աստիճանաբար  անցնում են թուրքական կուսակցությունների հովանու տակ, «…ուր շատ աւելի մեծ հնարաւորութիւն կար իրենց անձնական շահերը պաշտպանելու: Դաշնակցութեան մէջ ու շուրջը դարձեալ մնացին արհեստաւորութինը, խիստ սահմանափակ գործաւորութիւնն (բանվորություն – Հ.Ա.) ու գյուղացիական զանգուածը»[13]

Սահմանադրության առաջին օրերից, գրում է Մալխասը, ազատ շարժի հնարավորության հետ հնարավորություն ստեղծվեց նաև զինելու ժողովրդին: Սակայն այն դեպքում, երբ «Վասպուրականի, Տարոնի, Էրզրումի, Տրապիզոնի նահանգներու ժողովուրդը նիւթական իր ողորմելի միջոցներով կաշխատէր զինուիլ ամէն գնով, մեր մեծապատիւ ունեւորները, իրենց ճարպացած քսակները բոլորովին անմատչելի դարձուցին նման բանի մը համար, մինչեւ որ համազգային ահաւոր աղէտը վրայ հասաւ, երբ մենք անպատրաստ գտնուեցանք: Եւ, ո՜վ հեգնանք, բոցավառուած Իզմիրի մէջ փճացան բազմաթիւ վաճառականական մեծ տներ, որոնցմէ մէկուն կէս կարողութեամբ իսկ կարելի էր զինել նահանգի մը հայութիւնը»[14]:

  • Ինքնապաշտպանական կռիվները Տրապիզոնի գավառում

ա. Տրապիզոն քաղաքը: Տրապիզոն քաղաքի ազգային-հասարակական-քաղաքական կառույցները, գրեթե ողջ հայ բնակչությունը գարնան վերջին-ամռան սկզբին ապրում էին անհանգիստ և տագնապալի օրեր:Ուշագրավ է, որ քաղաքի հայ հարուստները, ովքեր չէին մասնակցել ինքնապաշտպանության կազմակերպման համար դրամահավաքին, ակամա դարձան ինքնապաշտպանության դիմող առաջին զոհերը: Նահանգապետի հանձնարարությամբ նավավարների ղեկավարն առաջարկում է հայ հարուստներին գաղտնի կերպով Ռուսաստան տեղափոխել: 1915 թ. հունիսի 20-ին պայմանավորված ժամին 38 հայ երևելի հարուստների, որոնց խմբում պատահաբար հատնվում են երկու ոչ հարուստներ՝ յոմուրիացի Ադամ Հովսեփյանը և շապինգարահիսարցի զինվոր Անդրանիկը, նստեցնում են նավակ և իբր գաղտնի դուրս գալիս բաց ծով: Շարքով նստած քառասուն հայի դիմաց նստում են քառասուն թուրք հրացանավոր զինվորներ, որոնք որոշ ժամանակ անց հրաման են ստանում սպանել հայերին: Հայերը, որ բոլորն էլ գաղտնի կերպով ատրճանակներ էին վերցրել իրենց հետ, զգալով վտանգը՝ միաժամանակ կրակում են զինվորների վրա: Բոլորն սպանվում են՝ բացի Ադամից և Անդրանիկից: Նրանք դիակները թափում են ծովը, նավակով  գաղտնի վերադառնում քաղաք: Անդրանիկի ճակատագիրը հայտնի չէ, բայց Ադամը միանում է լեռներում ապաստանած փախստականներին. «Ադամ մինչև  1943 թ. ողջ էր»[15]: Սա, կա­րե­լի է ա­սել, տրա­պի­զոն­ցի­նե­րի ա­ռա­ջին ակամա ըմ­բոս­տութ­յունն էր:

Ուշագրավ է հնչակյաններ Գուրգեն (ոստիկան) և Պարույր (բանակի սպա) Սարգսյան եղբայրների և նրանց հայր Հարությունի՝ նահանգապետին սպանելու փորձը: Նրանք ծրագրել էին հրդեհել քաղաքի տեղահանված հայերի տները՝ այսպիսով ողջ քաղաքը հրի մատնելով, ապա թնդանոթով ռմբակոծել քաղաքը: Քաղաքում տիրող խառնաշփոթի և զանգվածային ձերբակալությունների պատճառով ծրագիրը խափանվում է. երկու եղբայրներն էլ ձերբակալվում են:  Որդիների ազդանշանի ուշանալը տեսնելով՝ հայրն այրում է սեփական տունը[16]:

Զինված դիմադրություն ցույց տվող հաջորդ անձը Տրապիզոնում բնակվող զեֆանոսցի Թոնեալիի Մկրտիչն է, որը պայմանավորվում է մի խումբ դաշնակցականների գաղտնի տեղափոխել Շանա՝ միանալու համար դաշնակցական խմբերին: Սակայն վերջին պահին խմբի անդամները մտափոխվում են և որոշում են մնալ քաղաքում: Մկրտիչը կարող էր միայնակ հեռանալ, բայց որոշում է մնալ և դիմադրություն ցույց տալ: Մի քանի ժամ նա դիմադրում է ժանդարմներին՝ սպանելով նրանցից հինգին: Հաջորդ օրը ժանդարմները թնդանոթ են մոտեցնում Մկրտիչի տանը և այն հիմնահատակ կործանում: Փլատակների տակ զոհվում են նաև Մկրտիչի ընտանիքի անդամները:

Տեղահանության առաջին օրը դաշնակցականներ Շեյրանլիի Սեդրակը և Քերեսթեջիի Երվանդը որոշում են դիմադրել իշխանություններին: Նրանք երկու ընտանիքով դիրքավորվում են Սեդրակի տանը և մի քանի ժամ կռվում տունը շրջապատած թուրքերի դեմ՝ սպանելով շատերին, իսկ վերջին փամփուշտներով սպանում են ընտանիքի անդամներին և միմյանց:

Չի արտագաղթում նաև Ղազար Հարությունյանը, որ մեկ ամիս թաքնվելուց հետո որոշում է հեռանալ քաղաքից, սակայն քաղաքի մատույցներում հանդիպում է ժանդարմների, որոնց հետ կռվի է բռնվում: Մեկ ժամ կռվելուց հետո, երբ մութն ընկնում է, նա աննկատ հեռանում է, թաքնվում հույների մոտ, իսկ ռուսների կողմից Տրապիզոնի գրավումից հետո կամավորականների քառասուն հոգիանոց մի խումբ է ստեղծում և շարունակում պայքարը:

Տրապիզոն քաղաքում, ուր կենտրոնացած էր մեծաքանակ ռազմական ուժ, ժանդարմական ջոկատներ և ոստիկանություն, բնականաբար դիմադրություն կազմակերպելն անհնար էր, հատկապես որ դրա հմար անհրաժեշտ մարդուժ և զենք էլ չկար: Տրապիզոնցի մի խումբ հայ երիտասարդներ, հասկանալով, որ քաղաքում որևէ կերպ չեն կարողանա զինված դիմադրություն ցույց տալ, հեռանում են՝ Բաթում հասնելու մտադրությամբ: Սակայն ճանապարհին ստիպված են լինում մի քանի ընդհարում ունենալ զինված թուրքական ջոկատների հետ: Ի վերջո համոզվելով, որ անհնար է Բաթում հասնել, միանում են լեռներում ապաստանած խմբերին:

Տարբեր ճանապարհներով գյուղերից և քաղաքներից փոքրիկ խմբերով կամ առանձնաբար հեռացածները, որոնք կարողացել էին խուսափել տեղահանությունից, նաև բանակից կամ քարավաններից մի կերպ փախած-ազատվածները պատսպարվում են լեռներում կամ անտառներում: Կարճ ժամանակի ընթացքում նրանք միանում են արդեն ձևավորված խմբերին կամ համախմբվելով ստեղծում նորանոր խմբեր:

Նման դեպ­քե­րից ա­ռանձ­նա­նում է Գ­յու­մուշ­խա­նե-Երզն­կա խճու­ղու Թեք­քե կա­յա­րա­նում տե­ղի ու­նե­ցա­ծը. տրա­պի­զոն­ցի տա­րա­գիր 100 տղա­մար­դ, մեծ մասամբ Բարիան գյուղից, հար­ձակ­վում են ու­ղեկ­ցող ոս­տի­կան­նե­րի վրա, անհավասար կռվում մի քանիսը զոհվում են՝ սպանելով մեծ թվով ոստիկանների: Փրկվածները հեռանում են անտառները[17]:

Հայերի տներում իշխանությունները տեղավորում էին այլ շրջաններից բերված գաղթական թուրք-մուսուլմանների: Հայ մարտիկները շատ բնակավայրերում նաև փչացնում էին իրենց արտերի և այգիների բերքը, որ այն բաժին չհասնի գաղթականներին: Շատ դեպքերում նաև սպանում էին նրանց: Նշենք, որ բազմաթիվ հայեր, չհնազանդվելով տեղահանության հրամանին, զենքը ձեռքերին կռվել են և նահատակվել՝ նա­խընտ­րե­լով մա­հը տա­րագ­րութ­յու­նից[18]:

բՅոմուրիայի գյուղախումբըՏրապիզոնի գավառի Յոմուրիայի գյուղախմբի մեջ մտնող 20-ից ավելի մեծ ու փոքր գյուղերից զուտ հայաբնակ էր միայն Կյուշանա գյուղը: Գյուղերը գտնվում էին լեռների լանջերին, հիմնականում տարածված էին գետերի երկու ափերի երկայնքով: Տները հաճախ գտնվում էին իրարից կես ժամվա հեռավորության վրա, ինչը թշնամուն հնարավորություն չէր տալիս փոքր ուժերով նվաճել այս գյուղերը: Տրապիզոնին ամենամոտ գտնվող գյուղը Զեֆանոսն էր՝ մոտ մեկ ժամ հեռավորության վրա, ամենահեռավոր գյուղերն էին Ուզը և Սյուրմենեն՝ մեկ օրվա հեռավորության վրա: Համշենահայերը հայտնի էին իրենց քաջությամբ և խիզախությամբ, դարավոր փորձը նրանց սովորեցրել էր միշտ զենք պահել և յուրաքանչյուր պահի պատրաստ լինել թշնամուն դիմագրավելու. «Տղամարդը, տունը թէ դուրսը, առանց զէնքի չէր. տաք կամ պաղ զէնք մը պիտի ունենար անպատճառ»[19]:

Գյուղերից շատերն ունեին դպրոցներ՝ 1-2 ուսուցչով: Գյուղախմբի ինքնապաշպանության կազմակերպմամբ զբաղված էր ՀՅ Դաշնակցության Սարափի կոմիտեն, որն ստեղծել էր զինվորական մարմին: Ուշագրավ է, որ դեռևս 1912 թ. հոկտեմբերին կոմիտեն վերադաս մարմնին հղված տեղեկագրի «Ինքնապաշտպանութիւն» բաժնում արձանագրում է. «Նկատելով որ Թուրքիան անակնկալներով յղի երկիր մ՝ է և պատերազմի[20] հետևանքով կրնան խռովութիւններ և մասսայական ջարդեր յառաջ գալ, որպէսզի այդ տեսակի անակնկալներ կանխէ՝ շրջանիս ընկերներէն կազմուած է թռուցիկ խումբ մը 30 հոգիէ բաղկացած, որ բաժնուած է 4 տասնեակի, շրջանիս կազմութիւնը և ընկերներու յարմարութիւնը նկատի առնելով: Ընկերներու օժանդակութեամբ կազմուած է նաև պահեստի սնտուկ մը, ուր գնուած են մաս մը ռազմանիւթ»[21]:

Տեղահանության ու կոտորածների նախօրեին այս մարմինը կազմում է մարտական ուժերի և զենքերի մանրամասն տեղեկագիր, որի համաձայն «Սյուրմէնէն և Եոմուրիան միասին ունէին առնուազն 300-ի հասնող զինական ոյժ մը լաւագոյն զէնքերով, հինգ հարուածային հրացաններով ու տասնոցներով. Ասոնցմէ զատ պակաս չէին նաև ատրճանակները, ծխարձակ հրացաններն ու պաղ զենքերը»[22]:

Տեղեկագիրը պատրաստվել է Տրապիզոնի (Ծովափի) ԿԿ-ի 8-րդ շրջանային ժողովի համար: Այս ծավալուն փաստաթուղթը մանրամասն տվյալներ է պարունակում շրջանի գյուղերի կազմակերպական, տնտեսական և կրթական վիճակի վերաբերյալ: Փաստաթղթից կարելի է պատկերացում կազմել նաև շրջանի բնակչության արտագաղթի և դրա պատճառների մասին: Սակայն ամենահետաքրքիրն ինքնապաշտպանության համար հայթայթվող և պահեստավորվող զենքի և զինամթերքի տվյալներն են: Եվ ուշագրավն այն է, որ, թեև գործի կազմակերպիչը շրջանի ՀՅ Դաշնակցության կոմիտեն է, սակայն զենքի և զինամթերքի համար միջոցները կամավորության սկզբունքով գոյացնում են իրենք՝ գյուղերի բնակիչները և տրամադրում կոմիտեին[23]:

Տեղահանության նախօրյակին Յոմուրիայի բնակչությունը մյուս շրջանների համեմատ թե՛ բարոյահոգեբանական, թե՛ զինական և թե՛ կազմակերպական առումով անհամեմատ լավ վիճակում էր: Սակայն Ջեմալ Ազմին ժողովրդի մեջ ճանաչված մի քանի մարդկանց (քահանաներ տեր Շղա, տեր Ղևոնդ, Կարապետ Մնացականյան) ուղարկում է Յոմուրիա և այլ շրջաններ՝ «…ժողովուրդը համոզելու համար, որ ապստամբութեան չդիմէ» և վստահեցնում է. «Ուրիշ կերպով  ոչ մէկ հայու վտանգ չի սպառնար: Կը խոստանամ բոլոր տեղահանուածները ապահով կերպով մինչև վերջին կայանը հասցնել»[24]:

Յոմուրիայի գյուղացիներից շատերը հասկանում էին, որ նահանգապետը խաբում է, բայց նաև չկարողացան ստեղծել այն կարող ղեկավար ուժը, որը ժողովրդին առաջնորդեր վճռական քայլերի: Մինչև հնգօրյա ժամկետի հրահանգը Տրապիզոն քաղաքից և շրջակա գյուղերից հավաքում են 42 ազդեցիկ հայերի և Սամսոն ուղարկելու պատրվակով նավերով դուրս են բերում ծով և բոլորին ոչնչացնում: Բանն այն է, որ զոհվածների մեջ էին նաև Յոմուրիայի Կյուշանա գյուղից Հակոբ Թոռլաքյանը (Միսաք Թոռլաքյանի հայրը), Սարգիս և Կիրակոս Մալխասյանները, Վարելջյան Գրիգորը, Ծինկիլայից՝ Արշակ Հովակիմյանը, որոնք Յոմուրիայի գյուղերում մեծ հեղինակություն ունեին և, ըստ էության, ժողովրդի առաջնորդներն էին: Իսկ երիտասարդներից ամենաազդեցիկ առաջնորդ Միսաք Թոռլաքյանը ՀՅԴ Բյուրոյի հատուկ հանձնարարությամբ գտնվում էր Բաթումում: Ըստ Հ. Հովակիմյանի, ով Մ. Թոռլաքյանի գործընկերն էր, «Միսաքին բացակայութիւնը ճակատագրական նշանակութիւն ունեցաւ գործին ձախողութեան համար»[25]:

Տեղահանությանը պատրաստվելու համար տրված հնգօրյա ժամկետի նախավերջին օրը գյուղերի ՀՅԴ կազմակերպության ղեկավարները ժողովրդին փորձում են հավաքել գյուղերից մոտավորապես հավասար հեռավորության վրա գտնվող մի անտառի բացատում, որ կոչվում էր Չաշուտ փոս[26]: Հավաքվում է 1500 մարդ, այդ թվում՝ նախօրոք լեռ բարձրացած զինված երիտասարդները: Շատերը չեն ներկայանում հավաքին: Բացակայում էին նաև որոշ գյուղերի պատասխանատուներ: Ամենուր տիրում էր տագնապ և անորոշություն:

Ինչ-որ ելք գտնելու համար հավաքին ներկա պատասխանատու անձինք խորհրդակցություն են գումարում, սակայն ստեղծված իրավիճակում դժվար էր որևէ ելք գտնելը: Հեղինակավոր և տարեց մարդկանցից երկուսը՝ Միհրդատ Մազլումյանը և Արտաշես Էքշյանը, կարծիք են հայտնում, որ եղած ուժերով անհնար է ինքնապաշտպանություն կազմակերպել: Խորհրդակցության մասնակից Հ. Հովակիմյանը գրում է. «Միակ ճամբան էր ձգել ամեն մէկը իր կամքին, – ով կ՚ուզէ կ՚երթա, ով կ՚ուզէ կը մնայ: Այդպէս ալ եղաւ»[27]: Որոշման վրա վճռական ազդեցություն են ունենում նահանգապետի խոստումները, որ փոխանցել էր հայ պատվիրակների միջոցով:

Անտառում մնում է 150 մարդ՝ հիմնականում տղամարդիկ, նաև քիչ թվով կանայք, դեռատի աղջիկներ ու պատանիներ, ովքեր բարձրանում են Շանա գյուղի մերձակա Ուզդաղ լեռը: Տարիներ անց Մ. Թոռլաքյանը, հետադարձ հայացքով քննելով և գնահատելով իրավիճակը, գրում է. «Եթե լեռ բարձրացած հայ մարտիկները չհավատային թուրք ոճրագործի տուած «ազնիւ» խօսքերուն, այսօր Տրապիզոնի շրջանի պատմութիւնը թերևս այլ ձևով գրուէր, ինչպէս գրուեցաւ Մուսա լեռան, Շապին-Գարահիսարի, Վանի և Ուրֆայի հերոսամարտերը»[28]։

Այսպիսի անորոշ ու տագնապալի մի օր՝ 1915 թ. հունիսի 19-ին, հանկարծ Կյուշանա գյուղի Դերեբաշի թաղում է հայտնվում բաթումցի ավազակապետ Ասլան բեյը՝ իր 500 չեթեներով: Փոքրաթիվ գյուղացիներն անակնկալի են գալիս՝ չիմանալով անելիքները: Նրանց աղմուկ-աղաղակի ձայները հասնում են լեռան վրա և անտառում պատսպարվածներին. հրամանատարությունը հետախույզներ է ուղարկում՝ վիճակը պարզելու նպատակով: Այդ պահին հանկարծ լսվում է հրացանի կրակոց. կրակողը Կյուշանա գյուղի քահանայի որդին էր՝ 16-ամյա Բարունակ Թոռլաքյանը՝ ապագա հայտնի ազգագրագետը, «Համշենահայերի ազգագրությունը» նշանավոր աշխատության հեղինակը[29]:

Թուրքերը, կարծելով, որ կրակողը միջադեպի վայր հասած հետախույզներից մեկն է, սկսում են հետապնդել նրանց մինչև դիրքերը:  Այդ կրակոցն ազդանշան է հանդիսանում, որ կողմերի միջև սկսվի կենաց-մահու գոտեմարտ: Կռվի մասնակիցն այսպես է նկարագրում միջադեպը. «Կէսօրէն ետք ժամը երկուքն էր, երբ մարդկային բազմութեան մը հառաչանքն ու ողբը հասաւ մեր ականջին: Ցնցուեցանք: Կը տանին, կը թալանեն, կ΄առևանգեն, կը լլկեն, կը սպանեն…Ալ այդ րոպէին վհատութիւնն ու վախկոտութիւնը չքացան: Դիմանալ անկարելի էր: Ամէն կողմէ հրացանաձգութեան ձայներ կը լսուէին, կարծես թէ թրքական հարսանիք մը ըլլար: Ու հանկարծ մեր խմբապետները պոռացին. – «Ոտքի, մեռցնենք և մեռնինք»…

Ու ժամը 3-ին սկսաւ կռիւը, որ կռիւ չէր, այլ ըմբշամարտ»[30]:

Թուրքերը փորձում են հայերին երեք կողմից սեղմել լեռան լանջին և ոչնչացնել: Հիմնական հարվածը հասցնում են կենտրոնից՝ Կյուշանա գյուղի կողմից: Սամիրա գյուղի կողմից շարժվում է աջ թևը, Չոշարա գյուղի  կողմից՝ ձախ թևը: Պաշարվածների թիկունքում լեռն էր[31]:

Թուրքերի ճնշումն աստիճանաբար մեծանում է, շրջափակման օղակը՝ սեղմվում:  Երեկոյան կողմ, երբ մարտը դադարում է, պարզվում է, որ երկրորդ օրվա համար փամփուշտ գրեթե չէր մնացել: Հայ ռազմիկները տվել էին երեք զոհ, որոնց թվում էին հրամանատարները՝ Արամը և Աբրահամը[32]: Խմբապետների խորհուրդը որոշում է մինչև լուսաբաց բարձրանալ լեռան կատարը և այնտեղից շարժվել դեպի Սպեր (Իսպիր): Լուսաբացին պաշարվածները լեռան գագաթից տեսնում են, որ լեռը շրջապատված է: Բոլորը միասին չէին կարող աննկատ դուրս գալ շրջափակման օղակից, ուստի որոշում են բաժանվել փոքր խմբերի:

Խմբերով շարժվում են տարբեր ուղղություններով և  փորձում աննկատ դուրս գալ շրջափակումից: Դեպքերի մասնակիցը, ում խմբին առաջինն է հաջողվում մեկ զոհ տալով  ճեղքել թուրքական օղակը և փրկվել[33], իր հուշերում գրում է. «Մեզանից հետո բոլորը Ուզդաղի բարձունքից փոքր խմբերով հեռանում են տարբեր ուղղություններով, բայց քչերին է հաջողվում դուրս գալ շրջափակումից: Լեռան բարձունքում մնացին հինգ վիրավորներ, որոնք չէին կարող տեղաշարժվել և ստիպված մնացին այնտեղ: Լուսաբացին թուրքերը գրոհում են լեռան բարձունքը: Մեր հինգ վիրավորների հերոսական դիմադրությունը երկար չի տևում…., սակայն նրանք ոչնչացնում են թշնամու 28 զինվոր: Այսպես և այս գնով ավարտվեց դիմակայությունը Ուզդաղ լեռան վրա»[34]:

Ամառն անցնում է տարբեր խմբերի և թուրքերի զանազան խմբավորումների և ջոկատների միջև ոչ մեծ ընդհարումներով: Այդ ընթացքում ձևավորվում են նոր խմբեր: 1915 թ. սեպտեմբերին Շանայի լեռներում գործում էր ութ խումբ: Կենտրոնական ապաստարանն անփոփոխ կերպով Արկուլա լեռն էր (Քիլիսե դաղ): Այս շրջանում՝ իրարից ոչ շատ հեռու տեղակայված էին երեք խմբեր.

ա. Ծինկիլա գյուղի խումբը, որ ամենամեծն էր: Խմբապետն էր Արշակ Թերզյանը:

բ. Սարայլարի խումբը, որի հրամանատարներն էին Երվանդ Էքշյանը և Վարդան Վարելջյանը: Նրանց հետ էր Վեցմատ Պետրոսը:

գ. Հովհաննես Տերտերյանի խումբը (Քուրդ): Նրա հետ էր Հայկ Քյոսյանը:

Մյուս խմբերը համեմատաբոր հեռու էին տեղակայված: Դրանք էին.

դ. Կյուշանա գյուղի խումբը, որ ձևավորվել էր երկու առանձին խմբերի միավորումից, տեղակայված էր գյուղամերձ անտառում: Հրամանատարներն էին Վրթանես Մալխասյանը և Պողոս Էքշյանը:

ե. Կալաֆկա գյուղի խումբը, որը բաղկացած էր բացառապես երիտասարդներից, և որի կազմում կին չկար: Հրամանատարն էր Հովհաննես Ղուկասյանը:

զ. Ապիոնի խումբը, որ զինական և փորձառության տեսակետից զիջում էր մյուս խմբերին: Բաղկացած էր պատանիներից և աշակերտներից, որոնց հետ էր նրանց ուսուցիչ Գրիգոր Հարությունյանը: Հետագայում Մ. Թոռլաքյանի հետ Ռուսաստանից վերադառնալուց հետո Փիլիկ Չեփնյանը գտնում է նրանց և ստանձնում հրամանատարությունը, ինչն էապես բարելավում է խմբի մարտունակությունը:

է. Այս խումբն ամբողջությամբ բաղկացած էր Չոշարա գյուղի պատանի տղաներից և աղջիկներից, որոնք բոլորն էլ անփորձ էին: Խումբը պատսպարվել էր մի խորը քարայրում,  նրա մասին ոչ ոք տեղյակ չէր: Երբ եղանակը ցրտում է, անփորձ այս պատանիները խարույկ են վառում՝ տաքանալու համար, ինչն էլ մատնում է նրանց տեղը: Կարճ ժամանակ անց թուրքերը շրջապատում են քարայրը: Խմբի անդամներից 16-ը նահատակվում է այդ անհավասար կռվում: Փրկվածները՝ մեծ մասը վիրավոր, ձմեռն անցկացնում են մի նկուղում: Խմբի մասին մյուսներն իմանում են այս միջադեպից հետո:

ը. Տրոնա գյուղում բնակվող 14 հայերից 7 հոգի խումբ են կազմում և քաշվում անտառը: Այս խմբի մասին էլ մյուսներն իմանում են այն ժամանակ, երբ շրջապատվելով՝ բոլորն էլ սպանվում են:

Բացի այս խմբերը՝ ձմռան ամիսներին մի քանի տասնյակ մարդ էլ ապաստանել էր ծանոթ և վստահելի հույների և մի քանի թուրքերի տանը: Սրանք վտանգի պահերին գալիս էին խմբերի ապաստարանները, իսկ «…խումբերը անտառներու կածաններով գիշեր ցերեկ իրարու հետ յարաբերութեան մէջ էին և վտանգի մը պարագային իրարու օգնելու հնարաւորութիւն միշտ կար»[35]:

Հայերի խմբերն ամռան վերջերին և հիմնականում աշնան ամիսներին ավելի շատ զբաղված էին ձմռան պաշար հայթայթելու գործով: Այդ հարցում նրանք բավականին հաջողության հասան. հայերին թալանած և հարստացած թուրքերի հոտերից ու նախիրներից մեծ քանակությամբ անասուններ էին հափշտակում և տանում իրենց ճամբարները: Հատկապես արդյունավետ էին քարավանների վրա հարձակումները, ինչի շնորհիվ ապահովեցին ձմռան պաշարը և այն թաքցրին Արկուլա լեռան թաքստոցներում: Հոկտեմբերի սկզբին թուրքերը ևս մի փորձ են անում ոչնչացնել լեռան վրա ապաստանածներին: Նրանք մոտենում են լեռան մերձակա անտառին, դիրքեր գրավում և սկսում գնդակոծել այն: Վախենալով անտառ մտնել՝ նրանք մինչև երեկո իրենց դիրքերից դուրս չեն գալիս, իսկ մութն ընկնելուն պես հեռանում են դեպի Կյուշանա գյուղի կողմը: Հայերը նույնպես գիշերը հեռանում են Արկուլայից՝ մտածելով, որ երկրորդ օրը նոր հարձակում կլինի: Բայց իրենց հրամանատարին կորցրած  թուրքերը այլևս չեն վերադառնում:

Ռազմական ճանապարհով հայերին ոչնչացնելու հույսը կորցրած թուրքական հրամանատարությունը որոշում է դիմել խորամանակության՝ հայերին ներքաշելով ծուղակի մեջ: Հոկտեմբերի վերջերին Արկուլա է գալիս հայերի երբեմնի բարեկամ Մեհմեդը, որին հայերը կոչում էին Մեհմեդ ջան, քանի որ Ղրիմում ապրել էր հայերի մեջ: Նա առաջարկում է հայերին երկու առագաստանավերով տեղափոխել Ռուսաստան՝ պայմանով, որ իրեն էլ տանեն իրենց հետ: Նավաստիների դրամն էլ տրվելու էր տեղ հասնելուց հետո: Հայերը համաձայնում են, բայց  նաև նախազգուշական միջոցներ են ձեռք առնում: Եվ երբ նոյեմբերի կեսին հայտնվում են առագաստանավերը, 150 մեկնողներ 35 զինված մարտիկների ուղեկցությամբ շարժվում են դեպի ծովափ: Նախազգուշական միջոցների շնորհիվ բացահայտվում է ծուղակը, և դարանակալ թուրքերի հետ ընդհարումից առանց կորուստների դուրս գալով՝ հայերը վերադառնում են իրենց ճամբար: Հ. Հովակիմյանը, պատմելով այս ծուղակի բոլոր մանրամասնությունների մասին, խոսքն ամփոփում է այսպես. «Այս ծուղակէն ալ ազատեցանք կորսնցնելով միայն տասնոց ատրճանակ մը, զոր Մեհմէտ ջանը հետը տարաւ: Վախէն ընտանիքով փոխադրուեցաւ ան քաղաք և հոնկէ ալ մուհաճիր գնաց[36]. կ՚ըսէին թէ հիւանդացաւ և սատկած է»[37]:

Յոմուրիայի փախստական հայերին և հայկական զինված խմբերը հայտնաբերելու և ոչնչացնելու պատասխանատվությունը դրված էր Հաջի Ալի Հաֆըզ Յոմեր էֆենդու վրա, որը նաև վերոնշյալ անհաջող ծուղակի հեղինակն էր: Նա հանձնարարում է Լութվի չաուշին, որ հայտնի էր դարձել փախստական հայերի դեմ իր դաժան գործողություններով, վերջ տալ Յոմուրիայի զինյալ հայկական խմբերին, որոնք ամրացել էին Արկուլա լեռան վրա և շրջակա անտառներում: Չաուշի հրամանատարության տակ կար 300 ավազակներից ու մարդասպաններից բաղկացած մի զինյալ խումբ: Հաջողության դեպքում Յոմեր  էֆենդին նրան խոստանում է բինբաշու (մայոր) կոչում շնորհել[38]: Նոյեմբերի վերջերին՝ ծուղակի անհաջող գործողությունից մոտ երկու շաբաթ անց, Լութվի չաուշի զորաջոկատը, երկու մասի բաժանված, անսպասելի հարձակվում է հայկական դիրքերի վրա: Մի մասը՝ մոտ 150 զինյալ, հարձակվում է լեռան հարավային կողմից, մյուսը՝ կենտրոնից:

Թուրքերը կռվում են ոգևորված: Այնքան են մոտենում հայկական դիրքերին, որ տեղ-տեղ խառնվում են իրար. ոչ մի կողմը չի ընկրկում: Հայերի պաշտպանությունը եռաշերտ էր: Թուրքերը գրեթե գրավել էին առաջին գիծը: Անզիջում և կատաղի մարտի ընթացքում 16-ամյա Բարունակ Թոռլաքյանը դիմում է մի խորամանկության, որը վճռական ազդեցություն է ունենում կռվի ելքի վրա: Բ. Թոռլաքյանը տեսնում է, որ սողալով իրենց դիրքին է փորձում մոտենալ Լութվի չաուշը: Նա գիտեր, որ վերջինս լավ  խոսում է հայերեն, և բարձրաձայն տեղեկացնում է ընկերներին, թե իր հրացանը խափանվել է, և օգնություն է խնդրում: Լութվին անմիջապես վազում է դեպի նրա դիրքը, բայց այդ պահին Բարունակի մտահղացումը հասկացած Պետրոս Օդաբաշյանը հարևան դիրքից դիմահար կրակոցով գետին է տապալում նրան. Լութվին խոցվել էր աչքից[39]:

Այդ կռվում Բ. Թոռլաքյանի ցուցաբերած խիզախության մասին Հ. Հովակիմյանը գրում է. «Հերոսաբար կը մարտնչէր մեր պատանի Բարունակը, որ քիչ մնաց գերի իյնար թշնամիին ձեռքը: Կռիվը այն աստիճան բուռն ու կատաղի էր, որ անկարելի էր տեղի տալ. Պիտի ոչնչանար կամ մէկ և կամ միւս կողմը: Այս կացութեան մէջ էինք, երբ անակնկալօրէն Թուրքերը նահանջեցին, զարմանք պատճառելով մեզի»[40]:

Կռվի անակնկալ ավարտի պատճառը Լութվի չաուշի սպանությունն էր: Կռվից հետո պարզվում է, որ սպանվել էր նաև չաուշի տեղակալը: Անգլուխ մնացած թուրքերը թողնում են կռվի դաշտը և հեռանում: Մյուս դիրքերում, ուր տեղյակ չէին Լութվիի սպանության մասին,  մինչև երեկո կռիվը շարունակվում է:

Հայերը, լավ գիտենալով, որ թուրքերը հաջորդ օրը նոր հարձակում կձեռնարկեն, թողնում են ճամբարը՝ Արկուլա լեռը, և բարձրանում Կալաֆկայի սարը: Հաջորդ օրը Կալաֆկայի բարձունքից նրանք տեսնում են, թե ինչպես մի քանի հազար զինվոր «4-5 ժամ տևած ահռելի կռիվ մը ունեցան անմարդաբնակ սարին հետ: … Ըստ թուրքերու պատմածին, այդ օրը 40 000 փամփուշտ սպառած էին:»[41]: Ի վերջո հասկանալով, թե ինչ իրավիճակում են հայտնվել, հավաքում են իրենց զոհերի դիակները և հեռանում:

Այս կռվում հատկապես աչքի ընկան Բարունակ Թոռլաքյանը, Պետրոս Օդաբաշյանը, Հովհաննես Տերտերյանը (Քուրդ), Հայկ Քյոսյանը, Միհրդատ Մազլումյանն (Խոջա) ու իր դուստր Ազգանուշը և ուրիշներ:

  • Զինված դիմադրությունը  

Տրապիզոնի գավառի հարավարևմտյան գյուղերում

Այս շրջանի գյուղերը, ի տարբերություն Յոմուրիայի գյուղերի, ամենատագնապալի ժամանակներում անգամ առանձնապես աչքի չընկան ինքնապաշտպանության մասին հոգալով: Տրապիզոնից 15 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած Կրոպի գյուղի ուսուցիչ Ներսես Ֆնտքյանը, որ նաև իրենց շրջանի ինքնապաշտպանական խմբերից մեկի անդամ էր, ուշագրավ տեղեկություններ է հայտնում շրջանի հայկական գյուղերի տնտեսական, կրթական և ինքնապաշտպանությանը վերաբերող կազմակերպական վիճակի մասին[42]: Յոմուրիայի շրջանի գյուղացիների մասին խոսելիս վկայակոչեցինք իր համերկրացիներին լավ ճանաչող, նրանց հերոսամարտի տարեգիր Հ. Հովակիմյանի հետևյալ հաստատումը. «Տղամարդը, տունը թէ դուրսը, առանց զէնքի չէր. տաք կամ պաղ զէնք մը պիտի ունենար անպատճառ»: Այնինչ Տրապիզոնի հարավարևմտյան շրջանի գյուղերի (Տրապիզոնի և Մաճկայի գավառակներ) տարեգիր Ն. Ֆնտքյանը  իր համերկրացիների մասին այլ վկայություն է տալիս. «Քրիստոնեան և առաւելաբար Հայը արտոնուած չէր տաք կամ պաղ զէնք կրելու. անսաստողը կը բանտարկուէր, յաճախ կը խոշտանգուէր և զէնքը կը գրաւուէր» (էջ 402):

Ուշագրավ է, որ բավականին բարեկեցիկ կյանքով ապրող այս գյուղերում 1908 թ. Սահմանադրության ընդունումից հետո իշխում էին լավատեսական տրամադրություններ առ այն, որ Հայկական հարցը գտնվում է լուծման ճանապարհին: Ֆ. Ներսիսյանի կարծիքով շրջանի գյուղերում գործող երկու կուսակցություններն էլ՝ ՀՅ Դաշնակցությունը և Հնչակյան կուսակցությունը, մեծ ջանքեր չեն գործադրում շրջանի գյուղերում գաղափարական և ինքնապաշտպանական աշխատանքների ուղղությամբ: Իսկ ժողովուրդը հույսը դրել էր նրանց վրա: Հանրային հավաքներում և ցույցերի ժամանակ մարդիկ ոգևորությամբ երգում էին «Թող Սատկի Սուլթան և Սայիտ փաշան, կեցցէ՛ Խրիմյան, կեցցէ՛ Մարիմեան» (էջ 403):

Սահմանադրությանը հաջորդած տարիներին իշխանությունների հակահայկական տրամադրությունների պատճառով նժարը թեև հակվում է Դաշնակցության կողմը, «բայց կուսակցական քարոզի ձևը չդարձաւ ծրագրային աշխատանք»: Համենայնդեպս այս ոչ մեծ փոփոխությունն անգամ դրական հետևանքներ է ունենում. մի քանի գյուղերում ստեղծվում են 5-6 դաշնակցականներից կազմված զինյալ խմբեր[43]:

Տեղահանությունից առաջ այս շրջանների գյուղերում նույնպես հայտնվեցին «առաջնորդարանի եռյակները»՝ բաղկացած հոգևորականներից և ազդեցիկ հասարակական դեմքերից: Թոց, Աղրիտ, Կրոպի, Վերանա, Նոխածանա, Իզակսա և Ծիֆրիկա գյուղեր ժամանեցին Մատթեոս Տեր Համբարձումյանը, Սահակ էֆենդի Էթմեքչյանը և քաղաքաբնակ մի քահանա: Թուրքերի համար առավել վտանգավոր այս գյուղերում հայկական պատվիրակության՝ հնազանդության քարոզից հետո ժողովուրդը խաղաղվեց: Տեղահանությունից մեկ օր առաջ Կրոպից, Վերանայից, Մանզելերից և Ծիֆրիկայից մի խումբ երիտասարդներ, սրանց հետ՝ 4 պատանի 13-14 տարեկան, որոշում են գիշերը ճանապարհ ընկնել, անցնել լեռները և միանալ Յոմուրիայի խմբերին: Բայց քանի որ բոլոր ճանապարհներն ու կամուրջները խիստ հսկողության տակ էին, նրանք որոշում են պատսպարվել Զիլդաղ լեռան թաքստոցներում: Նշենք, որ նրանց կարևոր տեղեկություններով և սնունդով  օգնում են հույները:

 Ամռան ամիսներին զանազան գյուղերից և տարագրվող քարավաններից փրկվածներն ապաստանում են անտառներում և լեռներում: Նրանց թիվն աստիճանաբար մեծանում է՝ հասնելով մի քանի տասնյակի: Հայերի զինված փոքր խմբերի և թուրքական ժանդարմական խմբերի, զինվորական ջոկատների կամ պարեկների միջև տեղի են ունենում բազմաթիվ ընդհարումներ: Ամռան վերջերին արդեն ձևավորվել էին մի քանի տասնյակ ռազմիկներից բաղկացած խմբեր, որոնք կարող էին լրջորեն սպառնալ Տրապիզոն-Օրդու-Սամսոն ճանապարհի անվտանգությունը: Բացի այդ՝ աստիճանաբար մեծացող խմբերը կապեր էին հաստատում տարբեր շրջաններում գործող այլ խմբերի հետ, հաճախ իրար օգնության հասնում, ինչը լրջորեն անհանգստացնում էր նահանգի իշխանություններին:

Նահանգապետ Ջեմալ Ազմին, զգուշանալով անակնկալներից, բաթումցի հրոսակապետ Ասլան բեկին կարգադրում է 500 հոգուց բաղկացած զորաջոկատով վերահսկողության տակ պահել շրջանը և ոչնչացնել հայկական զինյալ խմբերը: Հուլիս-հոկտեմբեր ամիսներին բազմաթիվ մեծ ու փոքր ընդհարումներ են տեղի ունենում  թուրքական կանոնավոր զորքերի, ժանդարմական ջոկատների, իշխանությունների ձևավորած և իրենց կողմից ղեկավարվող ավազակախմբերի և օրեցօր մեծացող և հզորացող հայկական մար­տա­կան խմբերի միջև: Այդ բախումներն ու կռիվները հիմնականում ավարտվում են թուրքական կողմի պարտությամբ:

Ամռան ամիսներին մեծ ու փոքր խմբերի միավորումից Կռոպի գյուղի բնակիչ Աղաջան Ֆնտքյանը, որ փախել էր տարագրվող քարավանից, ստեղծում է 100 հոգուց բաղկացած մի զորաջոկատ: Այս ջոկատին ոչնչացնելու նպատակով 1915 թ. սեպտեմբերի վերջերին նահանգապետի հրամանով հազարից ավելի զինվորներից, ժանդարմներից և չեթեներից բաղկացած մի զորաջոկատ՝ հրետանու հզոր ա­ջակ­ցութ­յամբ, շրջապատում է Կոնկայի անտառը, ուր իրենց տեղեկություններով ապաստանել էր Ա. Ֆնտքյանի ջակատը. «Սակայն իրականին մէջ մերոնք քսան հոգի էին, և իրենց ղեկավարներն էին Յովհաննէս Ֆունտուքեան, Համբարձում Ռահանեան (զիզակսակցի Համբար) և Ներսէս Ֆունտուքեան»[44]:

Քսան հայ մարտիկները քաջության և ճիշտ մարտավարության շնորհիվ ամբողջ մի օր կարողանում են դիմադրել իրենցից հիսուն անգամ մեծաքանակ թշնամուն, նույնիսկ դիրքերից մեկում փախուստի են մատնում նրանց: Երեկոյան մարտը դադարում է: Երկրորդ օրը թշնամին նոր հարձակում է ձեռնարկում, բայց հայ մարտիկները գիշերն աննկատ հեռացել էին: Այդ կռվից հետո կառավարությունը մինչև 1916 թ. սեպտեմբեր այլևս նման խոշոր հետապնդումներ և մարտական գործողություններ չի ձեռնարկում:

Վրա է հասնում 1915-16 թթ. ձմեռը, որը իսկական փորձություն էր լեռներում և անտառներում պատսպարվածների համար:

Նշենք, սակայն, որ մարտնչող պոնտահայության վիճակը յուրահատուկ էր. նրանք ոչ միայն պետք է մտածեին թուրքական կանոնավոր բանակի, ժանդարմական զորամիավորումների կամ չեթեների դեմ պայքարի միջոցներ հայթայթելու մասին (զենք, զինամթերք և սնունդ), այլև հոգային իրենց ընտանիքների գոնե նվազագույն կարիքները, պաշտպանեին նրանց, ստեղծեին քիչ թե շատ տանելի պայմաններով կացարաններ (ի դեպ՝ կացարանների դեր հիմնականում կատարում էին անձավներն ու քարայրները): Դեպքերի մասնակիցն իր հուշերում գրում է. «Լեռներում գտնվող տղամարդիկ ստիպված էին իրենց հետ բերել նաև ընտանիքները: Նրանց լեռներում պահելն ու խնամելը դժվար էր, բայց ուրիշ ելք չկար. ամեն օր այլ շրջաններից ստացվում էին հայ բնակչության տեղահանության և ոչնչացման մասին սարսափելի լուրեր»[45]:

Ընդ որում՝ հաճախ հարկ էր լինում տեղափոխվել տեղից տեղ, որի հետևանքով նոր դժվարություններ էին ի հայտ գալիս: Դժվարությունները շատ էին հատկապես ծերերի, երեխաների, հիվանդների և վիրավորների խնամքի հարցում: Ձմռան ամիսներին այս ամենին գումարվում էր ցուրտը, հարկավոր էր հայթայթել տաք հագուստ, մի կերպ տաքացնել քարայրներն ու անձավները: Այս պայմաններում հաճախ երեխաներ էին ծնվում, որոնք իրենց հետ բերելով նոր հույս և հավատ առ հաղթանակը, բերում էին նաև բազում հոգսեր ու խնդիրներ, որոնք անմիջական լուծումներ էին պահանջում:

Այդ մասին թերևս լավագույն վկայությունը անտառներում ապաստանածների նամակն է՝ գրված 1915 թ. դեկտեմբերի 20-ին (նոր տոմարով՝ 1916 թ. հունվարի 2-ին):

ՏՐԱՊԻԶՈՆԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ ԱՊԱՍՏԱՆԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՀԱՅԵՐՈՒ ՆԱՄԱԿԸ[46]

(20 Դեկտ. 1915)

Արխիւային այս հազուագիւտ վաւերագիրը կը ներկայացնէ 1915ին Տրապիզոնի կոտորածներէն փրկուած եւ անտառները ապաստանած խումբ մը հայ երիտասարդներու ոդիսականը:

Նամակագիրը մէկն է այն հայ երիտասարդներէնորոնք մէկ կողմէ կը կռուէին հետապնդող թուրք զօրքին դէմմիւս կողմէ՝ ջարդերէն ազատուածները կառաջնորդէին ապահով վայրեր:

Այս նամակը ուղղուած պէտք է ըլլայ ռազմաճակատի միւս կողմը գտնուող՝ Պաթումի կամ Թիֆլիսի Դաշնակցական մարմնի մըորմէ օգնութիւն կը սպասէին՝ սպառող զինամթերքը լրացնելու եւ իրենց փրկարար գործը շարունակելու համար:

Նամակը կը գտնուի բաւական գէշ վիճակի մէջեւ հարկ եղաւ համակարգչային նկարահանումի արհեստագիտութիւնը օգտագործլորպէսզի քիչ թէ շատ ընթեռնելի ըլլայ եւ կարենանք վերծանել անոր բովանդակութիւնը՝ անփոփոխ պահելով բնագիրը:

Հաւանաբար արդէն լսած կը լինէք մեր ցաւագին դժբախտութեան մասինմանրամասնութիւններու մէջ մտնելու կարիք չկայահա հակիրճ կերպով եղելութիւնը:

Յունիսի 18-ին, կառավարութեան կողմէ յայտարարուեցաւ մեզ հինգ օրուայ մէջ պատրաստուիլ աքսորուելու համար ընտանեօք, մեր ցոյց տուած անհաւատարիմ ընթացքի պատճառաւ: Այս հինգ օրուայ մէջ ամէն միջոցի դիմեցինք. ամէն տեսակ երաշխաւորութիւն եւն եւն ցոյց տուինք յայտարարութիւնը ետ առնելու, ամենավերջը գոնէ առնուազն որոշ չափով մեղմացնելու համար, այսինքն միայն յեղափոխական կամ վտանգաւոր ճանչցուած անձերը աքսորելու, իսկ մնացած անմեղները, կին, երեխայ եւն եւն ետ ձգելու:  Քոնսիւլներու, կրօնական պատասխանատու անձերու դիմել, աղաչել, խնդրել ոչ մէկ արդիւնք չունեցաւ, ընդհակառակը մեր դժբախտութեան պատճառներուն նպաստեցին: Որովհետեւ […] շարունակ յոյս տուին որ կ’աշխատինք մեծ զիջումներ ընել տալու, ու յաջողութեան մեծ յոյս ունինք, ապահով եղէք, մի վախնաք եւն: Թերեւս այս խօսքերը եթէ չլինէին կազմակերպուած ուժի, զէնքի դիմէինք եւ որոշ արդիւնք ձեռք բերէինք. թէեւ խոշոր գործ անկարելի էր սպասել քանի որ 20-25 հոգի, աչքառու ընկերներէն յանկարծակի առաջին օրը ձերբակալելով, ծովամոյն ըրին (ըստ իրենց աքսորեցին), ուրիշներ արդէն զինուորութենէ փախստական ասդին անդին փախած հեռացած էին. այնպէս որ մնացած տղաները երաշխիք չէին ցոյց տար դիմադրելու, բայց եւ այնպէս կ’ըսեմ, եթէ կսկիծի ու այդ տրուած յոյսերու տպաւորութեան տակ չշուարէինք, յիմարացած չըլլայինք, թերեւս նորէն օգտակար բան մը կարենայինք ընել: Սակայն այսպէս թէ այնպէս իրականութիւնը այն եղաւ, որ առանց աննշան զիջումի մը ճիշդ յայտարարութեան համաձայն Յունիսի 23էն սկսած աքսորեցին (որպէս թէ) առհասարակ բոլոր հայերին. մինչդեռ իրականին մէջ ճանապարհին մորթոտեցին, կտրտեցին, ականատեսները սարսափելի դէպքեր կը պատմեն, նորածիններ սուինի ծայրը անցնել, ջահել աղջիկներու ու կիներու լլկում ու ահռելի տանջանքներ պատճառել սովորական բաներ են եղած. իսկ չափահաս կարգ մը գեղեցիկ աղջիկներ ու կիներ քաղաքին մէջ եւ շրջակաները կնութեան առած են, բռնի իսլամացնելով. կան նոյնպէս բաւականաչափ տղաներ անչափահաս, որոնք նոյնպէս իսլամացնելէ վերջ, որպէս իրենց զաւակը կը պահեն: Դեռ զրոյց կը շրջի թէ մաս մը իսկապէս աքսորուածներ կան, Մուսուլ, Գոնեայի շրջանները, բայց այս բանը հաւատալի չի թուիր մեզ:

Գալով, ինքնապաշտպանութեան դիմելով, փախուստ տուող, եւ անտառը ապաստանողներու մասին: Գլխաւորապէս Շանայի շրջանի հայերը չյանձնուեցան. կ’ըսեն թէ 300-500 անձեր (տղայ եւ կին ալ մէջերը լինելու պայմանով) իրենց անտառները ապաստանած են զէնքով. յաճախ ժանտարմներ կ’ուղարկուին ձերբակալելու. սակայն, առ հասարակ զոհերը թուրքերու կողմէ կը լինին, ձեռնունայն կը վերադառնան. միայն վերջին անգամ 3 զոհ տուին մերոնք, ի դիմաց 9 ժանտարմայի (4-ը մեռած, 5-ը վիրաւոր). ապահովաբար երբեք ձեռք չեն անցնիր, եթէ միայն երկար չտեւէ դրութիւնը եւ ռազմամթերքնին այսպէսով չսպառի, որովհետեւ երբեմն 24 ժամ շարունակ փոխադարձ հրացանաձգութիւն տեղի կ’ունենայ: Ասոնց հետ մեր յարաբերութիւնները խզուած են մինչեւ հիմա. թերեւս նոր միջոց մը ճարենք յարաբերութեան. իրենց մասին կ’իմանանք միայն:

Նամակաբերս եթէ յաջողի անձամբ նամակս ձեզ հասցնելարդէն կը պատմէ իմ մասինիսկ կարող է պատահիլոր փոստարկղի միջոցաւ ուղարկէԱյդ պարագային ստիպուած եմ մանրամասնութիւններ տալու իմ գործի մասինՆամակաբերիս հօրեղբօր որդինոր վրացի շատ ազնիւ անձ մըն էամէն զոհաբերութիւն յանձն առաւ հակառակ այնքան խստութիւններուամէն ջանք ի գործ դրաւ քաղաք մնացած այնքան աղջիկներու հետ միասին ազատելուԵս մի քանի օր ասոնց մօտ մնալէ վերջիմանալով որ ուրիշ անտառի մը մէջ փախստական հայեր կանփութացի քովերնինՀիմա այդ ազնիւ վրացին կը պահէ փոքրիկներիսկ ես անտառն եմ մօտաւորապէս 90-100 հոգիի հետ։

Ասոնց մասին ահա մանրամասնութիւններ: Կէսը անչափահաս տղաներ եւ կիներ են. մնացած տղամարդկանց հազիւ 15-20 հոգին կարգին զէնք ունին, մնացածները անզէն են, արդէն գրեթէ բոլորը գիւղացիներ են ու խեղճուկրակ: Մեզ ալ շրջապատեցին քանիցս, բայց օգուտ չունեցաւ. շատ հեշտ չէ անտառներէ մեզ ձեռք ձգել: Միայն աննկարագրելի թշուառութիւն ու խեղճութիւն կը տիրէ մերիններու մէջ. շրջակայի յոյն գիւղացիք օգնած ու կերակրած են հազիւ հազ բաւելի չափով, իսկ բռնութիւն գործ ածել հաշուի չի գար, աւելի կը վտանգէ մեր գործը: Վերջերս գիւղացիք շատ կը դժուարանան, որովհետեւ հոդ բաւական տնտեսական տագնապ գոյութիւն ունի. ամէն ոք ինքզինքը կը հոգայ: Մի քանի եւրոպացիներու դիմեցինք դրամական օգնութեան համար, շատ անբաւական գումար ուղարկեցին: Վիճակնիս աննկարագրելի է, ձմեռը եւ ցուրտը շատ կը նեղեն մեզ. եթէ դրամ լինի բաւականաչափ կարելի է գոնէ կիներն ու տղաքը յոյներու տուներու մէջ տեղաւորել, որովհետեւ վերջերս կառավարութիւնը թոյլ կը շարժի դէպի մեզ, նոյնիսկ յայտարարեց որ փախստականներ եթէ կան՝ գան յանձնուին, «այլեւս վտանգ չկայ». ասոր վրայ խիստ նեղուողներ ուրիշ տեղերէ 10-ի չափ քաղաք իջան, իսլամացած են ու կը գործեն ազատ առ այժմ: Խնդիրը այս սրիկաներու լարած թակարդի շուրջ չէ. խնդիրը հոն է, որ այս խօսքերը ու դէպքերը քիչ քաջութիւն կը ներշնչեն յոյն գիւղացիներու, որոնք առաջուայ չափ չեն սարսափիր հայեր պահելէ, միայն թէ դրամ լինի, դրամ ու միշտ դրամ. կարճ՝ դրամով կարելի է մեր կեանքը փրկել:

Վերջացնելէ առաջ ասեմ նաեւ թէ քանի երկար տեւէ դրութիւնըեւս որքան ուշանայ օգնութիւնըայնքան կը ծանրանայ եւ կը կնճռոտի մեր գործը:

Սպասելով ձեր անմիջական աջակցութեան,

Սրտագին բարեւներով

Ի դիմաց փախստական հայերու

Ստորագրութիւն

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

ԴՐՕՇԱԿ« 2024, թիվ 11


[1] Բարենորոգումների ծրագիրը միջազգային քաղաքական օրակարգ վերադարձավ Առաջին բալկանյան պատերազմում Օսմանյան կայսրության պարտության արդյունքում: Նախագծի վերջնական տարբերակում նախատեսվում էր բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանի 6 վիլայեթներում, որոնք բաժանվելու էին երկու խոշոր նահանգների (1. Էրզրում, Տրապիզոն, ՍեբաստիաՎան և  2. ԲիթլիսԽարբերդԴիարբեքիր), որոնց կառավարումը հանձնվում էր երկու օտարերկրյա ընդհանուր տեսուչների, որոնք նշանակվելու էին մեծ տերությունների հավանությամբ։ Այս նախագծում ներառվել էր նաև Տրապիզոնի վիլայեթը, ինչը չկար նախորդում: Այն հաստատվեց 1914 թ. հունվարի 26-ին (նոր տոմարով՝ փետրվարի 8-ին):

[2] Յովակիմեան Յ., (Արշակունի), Պատմութիւն հայկական Պոնտոսի, Պէյրութ, 1967, Էջ 212:

[3] Մինախորեան Վ., 1915 թուականը. արհաւիրքի օրեր, Վենետիկ – Ս. Ղազար, 1949, էջ 51:

[4] Նույն տեղում:

[5] Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Պէյրութ, 2016, հտ. ԺԲ, էջ 10:

[6] Սալիհ Զեքի (Կուշարկով) – Հայոց ցեղասպանությունն իրագործած օսմանյան պաշտոնյաներից մեկը, որը Մեծ եղեռնի հուշագրություններում հանդիպում է նաև «Հրեշ Զեքի» մականվամբ։ Ծնվել է 1883 թ. Սամսոն քաղաքում, չերքեզի ընտանիքում: Հայրը Օսմանյան կայսրություն էր ներգաղթել 1864 թ. Ռուսաստանի Կուբանի շրջանից: Օսմանյան կայսրության ռազմական արտակարգ ատյանի կողմից 1920 թ. հեռակա կարգով դատապարտվել է մահվան: Սակայն դատավճիռն ի կատար չի ածվել, քանի որ 1918 թ. փախել էր արտասահման։ Այնուհետև Կուշարկով ազգանվամբ անցել է «Կոմունիստական կուսակցության» շարքերը։ Այդպես նա կարողացել է իր հետքը կորցնել և խուսափել արդարահատույց հայ վրիժառուների գնդակից, թեև նրա անունն ընդգրկված էր «Նեմեսիս»-ի բոլոր ցուցակներում։ Սալիհ Զեքին 1925-1933 թթ. բնակվել է Թիֆլիսում: Նա միաժամանակ եղել է ադրբեջաներենի լատինատառ այբուբենի մշակման հանձնաժողովի նախագահի տեղակալ, ինչպես նաև՝ ադրբեջաներեն հրատարակվող «Yeni Fikir» թերթի գլխավոր խմբագիր։ Մահացել է Մոսկվայում 1940 թ. նոյեմբերի 3-ին:

[7] Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան… հտ. ԺԲ, էջ 10:

[8] Նշվ. աշխ. Էջ 11:

[9] Նույն տեղում:

[10] Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Պէյրութ, 2014, հտ. Ժ, էջ 325: ՀՅԴ Արխիվի թիվ 792-6 փաստաթուղթը:

[11] ԾՈՎԱՓ-ը Տրապիզոնի կուսակցական ծածկանունն էր:

[12] Նամակն ամբողջությամբ տե΄ս Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Պէյրութ, 2014, հտ. Ժ, էջ 330-331: ՀՅԴ Արխիվի թիվ 118-24 փաստաթուղթը:

[13] Մալխաս, Պաթումէն Տրապիզոն, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1941, թիվ 10, էջ 90:

[14] Նույն տեղում:

[15] Թոռլաքեան Մ., Օրերուս հետ, Պէյրութ, 2001, էջ 339 340:

[16] Թոռլաքեան Մ., նշվ. աշխ., էջ 341-342:

[17] Թոռլաքեան Մ., նշվ. աշխ., էջ 351:

[18] Թոռլաքեան Մ., նշվ. աշխ., էջ 343

[19] Յովակիմեան Յ., (Արշակունի), նշվ. աշխ. Էջ 308:

[20] Նկատի ունի 1912 թ. հոկտեմբերին սկսված Առաջին բալկանյան պատերազմը:

[21] Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Պէյրութ, 2016, հտ. ԺԲ, էջ 321: ՀՅԴ Արխիվի թիվ 792-40 փաստաթուղթը:

[22] Յովակիմեան Յ., (Արշակունի), նշվ. աշխ. Էջ 346:

[23] Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Պէյրութ, 2016, հտ. ԺԱ, էջ 313-323: ՀՅԴ Արխիվի թիվ 793-8 փաստաթուղթը:

[24] Թոռլաքեան Մ., նշվ. աշխ., էջ 326:

[25] Յովակիմեան Յ., (Արշակունի), նշվ. աշխ. Էջ 351:

[26] Փոս բառը Համշենի բարբառում նշանակում է դաշտ, հարթ տեղ:

[27] Յովակիմեան Յ., (Արշակունի), նշվ. աշխ. Էջ 358:

[28] Թոռլաքեան Մ., նշվ. աշխ., էջ 328:

[29] Բ. Թոռլաքյանը ծնվել է 1899 թ. Յոմուրիայի գյուղախմբի Կյուշանա գյուղում, սովորել է գյուղի ծխական դպրոցում, ապա ավարտել է Տրապիզոնի Սահակ-Մեսրոպյան ութամյա վաժարանը: Տեղահանությունից խուսափելով՝ մոր հորդորով միանում է լեռներում ապաստանած հայ ռազմիկներին: Նա նշանավոր ազգային-կուսակցական գործիչ, «Նեմեսիս» արդարահատույց խմբի անդամ, Բաքվի 30000 հայերի դահիճ Ջիվանշիրին Կ. Պոլսում սպանած Միսաք Թոռլաքյանի ազգականն է: Այս հայրենասեր և համարձակ գերդաստանի գրեթե բոլոր տղամարդիկ զոհվում են կամ դավադրաբար սպանվում: 1918 թ. Մ. Թոռլաքյանը գերդաստանի ավագի իրավունքով արդեն փորձառու ռազմիկ 19-ամյա Բ. Թոռլաքյանին պատվիրում է իրենց ընտանիքների՝ ցեղասպանությունից փրկված կանանց և աղջիկներին տեղափոխել Ռուսաստան և հոգ տանել նրանց մասին: Պատանի Բարունակը իր վրա է վերցնում այս պարտականությունը: Հետագայում՝ մինչև թոշակի անցնելը, նա ուսուցչություն է անում Սոչիի շրջանի հայկական դպրոցներում: Թոշակի անցնելուց հետո ավելի քան 20 տարի նվիրվում է Համշենի բանահյուսության ուսումնասիրությանը, որպես բանահավաք՝ շրջում Ռուսաստանի, Աբխազիայի և Միջին Ասիայի՝ համշենահայերով բնակեցված գյուղերում և քաղաքներում: Նրա ուսումնասիրությունների մի կարևոր մաս «Համշենահայերի ազգագրությունը» վերնագրով հրատարակվել է «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարի 13-րդ հատորում 1981 թ.: 1986 թ. լույս է տեսել նրա կազմած՝ «Նշխարներ Համշենի և Տրապիզոնի բանահյուսության» ժողովածուն: Բազմաթիվ հետազոտություններ հրատարակվել են գիտական հանդեսներում: Ունի նաև չհրատարակված աշխատանքներ, որոնց մեջ հատկապես կարևորվում է «Համշենի խոհանոցը» արժեքավոր հետազոտությունը: 

[30] Յովակիմեան Յ., (Արշակունի), նշվ. աշխ. Էջ 352:

[31] Кочьян А., В горах Ёмуры, տե΄ս «Первый бой на Узудаге» բաժնում,  http://hamshen.org/forum/viewtopic.php?f=14&t=119 կամ http://www.isc-s.ru/publikacii/v-gorax-yomury.html

[32] Նահանջելիս հրամանատարների դին թողնում են կռվի դաշտում: Երբ ռուսական զորքերը գրավում են այս շրջանը, կռվի մասնակիցներից մեկը՝ Վարդան Մալխասյանը, գտնում է Աբրահամի աճյունը և հուղարկավորում Կյուշանա գյուղում: Տե΄ս նույն տեղում:

[33] Այս խմբի մեջ էր նաև ազգային-կուսակցական գործիչ, «Պատմութիւն հայկական Պոնտոսի» մեծարժեք աշխատության հեղինակ Հովակիմ Հովակիմյանը (Արշակունի): Տե΄ս Кочьян А., նշված աշխատության մեջ, որը թեև գրվել է հայերեն, սակայն հրատարակված է ռուսերեն թարգմանությունը՝ այն էլ միայն նշված կայքէջերում:

[34] Кочьян А., В горах Ёмуры, տե΄ս «Первый бой на Узудаге» բաժնում,  http://hamshen.org/forum/viewtopic.php?f=14&t=119 կամ http://www.isc-s.ru/publikacii/v-gorax-yomury.html

[35] Տե΄ս Յովակիմեան Յ., (Արշակունի), նշվ. աշխ. Էջ 363-364:

[36] Այսինքն՝ գաղթեց, վտարանդի դարձավ, փախավ իր բնակության վայրից:

[37] Յովակիմեան Յ., (Արշակունի), նշվ. աշխ., Էջ 367: Տե΄ս նաև Кочьян А., В горах Ёмуры, «Попытка бегства в Россию» բաժինը:

[38] Տե΄ս Кочьян А., նշվ. աշխ., «Бой в районе горы Килиса и смерть Ливтви чауша» բաժնում»:

[39] Նույն տեղում:

[40] Յովակիմեան Յ., (Արշակունի), նշվ. աշխ., Էջ 268-269:

[41] Նշվ. աշխ., Էջ 370:

[42] Այս բաժինը շարադրվում է հիմնականում ըստ Ներսես Ֆնտքեանի «Եղեռնը Տրապիզոնի հարաւ-արեւմտեան գիւղերուն մէջ» հուշագրության, որը հրատարակվել է Հ. Հովակիմյանի (Արշակունի) գրքում, տե΄ս էջ 400-442:

[43] Ն. Ֆնտքյանը դաշնակցական էր և լավատեղյակ էր այն հարցերում, որոնց մասին խոսում է անաչառ կերպով:

[44] Թոռլաքեան Մ., նշվ. աշխ., էջ 336:

[45] Кочьян А., В горах Ёмуры տե΄ս http://hamshen.org/forum/viewtopic.php?f=14&t=119 կամ http://www.isc-s.ru/publikacii/v-gorax-yomury.html

[46] Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Պէյրութ, 2016, հտ. ԺԲ, էջ, ՀՅԴ արխիվի թիվ 793-9 փաստաթուղթ: