Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մելինե Անումյան
Պատմական գիտությունների թեկնածու
Երիտթուրքերի և քեմալականների ցեղասպան քաղաքականությունը դրսևորվեց ոչ միայն հայ, այլ նաև մյուս քրիստոնյա ժողովուրդների, մասնավորապես` հույների և ասորիների հանդեպ: Օսմանյան կայսրությունում և քեմալական Թուրքիայում հույների և ասորիների բնաջնջման քաղաքականության ուսումնասիրումը կարևորվում է արդի ցեղասպանագիտության և, հատկապես, Հայոց ցեղասպանության հետազոտման առումով, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի համապարփակ պատկերացում կազմել երիտթուրքերի և նրանց ժառանագորդ քեմալականների հայասպան քաղաքականության մասին: Օսմանյան կայսրության քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված հալածանքները, բռնությունները, ցեղասպանությունները էական են նաև դրանք Հայոց ցեղասպանության հետ համեմատելու տեսանկյունից:
Հարկ է նշել, որ չնայած Հայոց ցեղասպանության բավականին ուսումնասիրված լինելուն, հայ պատմագրության մեջ առայժմ թերի է մնում Օսմանյան կայսրությունում իրականացված մյուս ցեղասպանությունների ուսումնասիրումը: Այս համատեքստում այդ թեմաներով հայ հեղինակների կողմից հրատարակված յուրաքանչյուր հոդված, մենագրություն կամ փաստաթղթերի ժողովածու մեծ ներդրում է հայկական ցեղասպանագիտության մեջ:
Վերջերս նման ուշագրավ մենագրություն է տպագրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Խոսքը վերաբերում է «Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում և Փոքրասիական աղետը (1914-1923 թթ.)» գրքին (պատասխանատու խմբագիր` պ.գ.դ. Արսեն Ավագյան, գրախոսներ` պ.գ.դ. Հայկ Դեմոյան և պ.գ.թ. Սուրեն Մանուկյան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան, 2012 թ., 196 էջ), որի հեղինակն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Վարդանյանը:
Սույն արժեքավոր աշխատությունը նվիրված է Օսմանյան կայսրությունում հույն բնակչության կարգավիճակի և թուրքական իշխանությունների կողմից հույների զանգվածային տեղահանությունների ու կոտորածների քաղաքականության հետազոտությանը:
Մենագրությունը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հույների դրությունը, բնակավայրերը, հույն ժողովրդի նկատմամբ տարվող բռնի տեղահանություների և կոտորածների քաղաքականությունը համակողմանի ներկայացնելու առումով առաջին փորձերից է հայ պատմագրության մեջ:
Գիրքը բաղկացած է մուտքի խոսքից (հեղինակ` Հայկ Դեմոյան), առաջաբանից, երեք գլուխներից և վերջաբանից: Աշխատությունը ժամանակագրորեն ընդգրկում է 19-րդ դարի երկրորդ կեսից 20-րդ դարի առաջին քառորդը:
Հեղինակ Գ. Վարդանյանն առաջաբանում հետևյալ կերպ է մեկնաբանում գրքի վերնագրի ընտրությունը. «Հունական պատմագրության մեջ «Փորքասիական աղետ» ընդունված է անվանել 1919-1922 թթ. հույն-թուրքական պատերազմում հունական բանակի պարտությունը, 1914-1923 թթ. Փոքր Ասիայից, Պոնտոսից և Արևելյան Թրակիայից հույն բնակչության բռնի տեղահանություններն ու կոտորածները, ինչպես նաև Զմյուռնիայի 1922 թ. ողբերգությունը: Այդպես է կոչվել նաև այն պատճառով, որ դրանով վերջ տրվեց Փոքր Ասիայում հույների` մոտ երեքհազարամյա ներկայությանը, միաժամանակ այն խորհրդանշում է հունական հողերի ազատագրման մեծ ծրագրի` «Մեծ տեսլականի» («Մեծ Հունաստանի գաղափարի») վերջը: Որոշ հեղինակներ «Փոքրասիական աղետի սկիզբը համարում են 1453 թ., երբ թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը» (էջ 9):
Մենագրության համար սկզբնաղբյուր են ծառայել Հայաստանի ազգային արխիվի, Կոստանդնուպոլսի հունական տիեզերական պատրիարքարանի վավերագրերը (հատկապես` ‹‹Սև գրքերը››), ինչպես նաև` տվյալ ժամանակահատվածում այլ երկրներում հունական կազմակերպությունների հրատարակած տեղեկագրերն ու փաստաթղթերի ժողովածուները: Ի դեպ` հույների զանգվածային տեղահանությունների և կոտորածների վերաբերյալ կարևոր տեղեկություններ հաղորդող սույն տեղեկագրերն ու փաստաթղթերի ժողովածուները հեղինակի շնորհիվ առաջին անգամ են Հայաստանում դրվում գիտական շրջանառության մեջ: Գ. Վարդանյանն օգտվել է նաև ժամանակակիցների բազմաթիվ հուշագրություններից, ժամանակի պարբերական մամուլից, ինչպես նաև` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և հունարեն գրականությունից:
Առաջին գլխի առաջին ենթագլուխը, որը կրում է ‹‹Հույների բնակության շրջաններն Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին›› վերնագիրը, մանրամասն տեղեկություններ է հաղորդում Օսմանյան պետության մեջ հունահպատակների բնակության վայրերի և թվաքանակի վերաբերյալ` ըստ շրջանների: Ինչպես հաղորդում է հեղինակը, հույները մեծ թիվ են կազմել հատկապես Բալկանյան թերակղզում, Էգեյան ծովի կղզիներում, Փոքր Ասիայի արևմտյան և հյուսիսային հատվածներում (էջ 19): Սույն ենթագլուխը հատկանշական է նաև բազմաթիվ աղյուսակներով, որ կազմել է հեղինակը` հունաբնակ շրջանների թվաքանակի վերաբերյալ ընթերցողին առավել ստույգ պատկերացում տալու նպատակով: Աղյուսակների միջոցով օսմանահպատակ հույների թիվն ըստ վիլայեթների և սանջակների ներկայացնելուց հետո հեղինակը հայտնում է, որ Առաջին աշխարհամարտից անմիջապես առաջ ամբողջ Օսմանյան կայսրությում ապրում էր շուրջ 2,5 միլիոն հույն (էջ 44):
Առաջին գլխի երկրորդ ենթագլխում, որը վերնագրված է ‹‹Հույների ազատագրական շարժումն ու կոտորածները 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին››, ընդգծվում է այն փաստը, որ հույների կացությունն Օսմանյան կայսրությունում նույնքան ծանր էր, որքան մյուս քրիստոնյա հպատակներինը, և օսմանյան իշխանություններն ամեն կերպ արգելակում էին զարգացման առումով թուրքերից ավելի բարձր աստիճանի վրա գտնվող հույների առաջընթացը (էջ 47): Շեշտվում է, թե Հունաստանի անկախացումից հետո օսմանյան վերնախավը գիտակցեց, որ եթե իրադարձությունները դասավորվեն նախկինի պես, ապա հավանական նոր ազգային շարժումները կհանգեցնեն նոր տարածքային կորուստների (էջ 51), հետևաբար` անհրաժեշտ են նոր մոտեցումներ: Վերջիններս արտահայտվեցին թանզիմաթյան բարեփոխումների միջոցով, որոնք թեև առերևույթ հռչակում էին բոլոր օսմանահպատակների իրավահավասարություն` անկախ կրոնից, սակայն ոչ միայն չկարողացան լուծել Արևելյան հարցը, այլև ավելի խորացրեցին այն` հանդիպելով հետադիմականների կատաղի դիմադրությանը: Բացի այդ` քրիստոնյա հպատակները ևս գիտակցեցին Թանզիմաթի իրական նպատակը, այն է` բոլոր օսմանահպատակների ուծացումը:
Ղրիմի պատերազմից հետո էլ Արևելյան հարցը շարունակում էր օրակարգային խնդիր մնալ ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ մեծ տերությունների համար (էջ 57), և կայսրությունում բռնկվեցին նոր, այդ թվում` հունական, ապստամբություններ:
Առաջին գլխի երրորդ ենթագլխի սկզբում, որը կրում է ‹‹Հույների դրությունը երիտթուրքերի կառավարման տարիներին›› վերնագիրը, հաղորդվում է, որ 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո օսմանյան խորհրդարանի 288 պատգամավորներից հույն էին 26-ը (էջ 68), սակայն թե’ 1908 և թե’ 1912 թվականների խորհրդարանական ընտրություններն անցան բացահայտ ճնշումների պայմաններում, և աստիճանաբար սահմանափակվեց նաև հույն երեսփոխանների թիվը (էջ 69):
Հեղինակը, վերլուծելով 1913-14 թթ. հույների բռնի տեղահանությունների և ջարդերի պատճառները, վեր է հանում հետևյալ շարժառիթները.
1. Հույների բռնագաղթը` թուրքացման քաղաքականության բաղադրիչ:
Ըստ հեղինակի` 1913-14 թթ. հույների բռնագաղթը պետական քաղաքականություն էր, որն ուղղակիորեն ղեկավարվում էր պետության կողմից և հանդիսանում երիտթուրքերի վարած բռնի օսմանացման քաղաքականության բաղադրիչներից մեկը: 1913-14 թթ. տեղահանության նպատակն էր Էգեյան ծովափը զրկել հույն բնակչությունից (էջ 73-74):
2. Տեղահանությունը պայմանավորող գործոնները.
ա. Օսմանյան կայսրություն-Հունաստան հարաբերություններն ու դրանց ազդեցությունը հույների տեղահանության գործում:
Բալկանյան պատերազմներից հետո Աթենքում կնքված հույն-թուրքական հաշտության պայմանագիրը չկարողացավ որոշել Էգեյան կղզիների հետագա ճակատագիրը, և հենց այս խնդիրն էլ դարձավ հույն-թուրքական հարաբերությունների ամենակնճռոտ հարցը (էջ 74-75): Գ. Վարդանյանը նշելով, որ մասնագիտական գրականության մեջ ընդունված է տեսակետ, թե հույների տեղահանությունը նպատակ ուներ ճնշում գործադրելու Հունաստանի կառավարության վրա` կղզիների հարցում զիջումներ կորզելու համար, ընդգծում է, որ դա նպատակների միայն մեկն էր, սակայն`ոչ գլխավորը: Պատմաբանի կարծիքով` թուրքերը գիտակցեցին, որ իրենք կարող են յուրաքանչյուր պահի կորցնել հոծ հույն բնակչություն ունեցող շրջանները և հանգեցին կայսրության տարածքը այլ ժողովուրդներից մաքրելու գործն արագացնելու մտքին (էջ 75): Անդրադառնալով նաև հոգեբանական գործոնին, այն է` տարածքային կորուստների պատճառով հպատակ քրիստոնյաների նկատմամբ թուրքերի տածած ատելությանը` գրքում կարծիք արտահայտվում, որ թեև հոգեբանական գործոնի դերն ակնհայտ է, սակայն պետք չէ այն գերագնահատել (էջ 76):
բ. Տնտեսական գործոն:
Հանրահայտ փաստ է, որ Օսմանյան կայսրության տնտեսության հիմնական շարժիչ ուժն են եղել ոչ թե թուրքերը և այլազգի մահմեդականները, այլ` հույները, հայերն ու հրեաները: Այդ փաստը պայմանավորված էր նրանով, որ թուրքերն իրենց պատվից ցածր էին համարում առևտրով և արհեստներով զբաղվելը` գործունեության այդ բնագավառները թողնելով ոչ մուսուլման հպատակներին: Բացի այդ` կարևոր գործոն էր նաև այն հանգամանքը, որ կայսրության ոչ մահմեդական տարրերը` ի դեմս հայերի, հույների և հրեաների, իրենց զարգացածությամբ և մշակույթով շատ ավելի բարձր մակարդակի վրա էին գտնվում և ավելի արագ արձագանքում աշխարհում կատարվող մեծ փոփոխություններին, քան թուրքերը: Թուրքական բուրժուազիան ձևավորվեց շատ ավելի ուշ, քան կայսրության քրիստոնյա հպատակներինը: Եվ 19-րդ դարի կեսերին ասպարեզ եկած թուրքական բուրժուազիան խնդիր ուներ դուրս մղել ոչ մուսուլման հպատակներին երկրի տնտեսական կյանքի էական դիրքերից:
Հեղինակի դիտարկմամբ` Օսմանյան կայսրությունում հույների տնտեսական դիրքերի թուլացումը, ինչպես նաև` տնտեսությունից նրանց դուրսմղումը, լինելով թուրքացման քաղաքականության բաղկացուցիչ մասը, կազմում էին 1913-14 թթ. հակահունական քաղաքականության տնտեսական կողմը (էջ 78):
Առաջին գլխի վերջում նաև մանրամասն վերլուծվում են թուրքական ժխտողականության վաղ դրսևորումները` կապված հույների 1913-1 թթ. բռնագաղթի հետ (տե’ս 85-87 էջերը):
Մենագրության երկրորդ գլխի առաջին ենթագլխում, որը կրում է ‹‹Հույների զանգվածային տեղահանություններն ու կոտորածներն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին›› վերնագիրը, արձանագրվում է, որ տվյալ ժամանակաշրջանում հույների հալածանքներն ու ջարդերը 1913-14 թթ. նրանց նկատմամբ իրականացված նույն քաղաքականության շարունակությունն էին, սակայն այս փուլում այդ քաղաքականությունն աչքի ընկավ ձեռնարկված միջոցառումների և ընդգրկած տարածքի մասշտաբայնությամբ. եթե նախորդ շրջանում հիմնական շեշտը դրվում էր արտաքսումների վրա, իսկ գործողության տարածքները միայն Թրակիան և Փոքր Ասիայի արևմտյան ծովափն էին, ապա Առաջին աշխարհամարտի տարիներին հույների զանգվածային ջարդերն ընդգրկեցին կայսրության ողջ տարածքը (էջ 90): Պատերազմի սկսվելուց հետո երիտթուրքական վարչակարգն ընդունեց մի շարք օրենքներ ու հրամաններ, որոնք պետք է նպատակային բնույթ հաղորդեին հակահունական քաղաքականությանը (էջ 91): 18-45 տարեկան օսմանահպատակ հույն տղամարդիկ ևս, ինչպես հայերը, ընդգրկվեցին բանվորական գումարտակների մեջ: Հեղինակը, հիմնվելով հունական աղբյուրներից քաղված տվյալների վրա, հաղորդում է, թե աշխատանքային գումարտակներում հավաքված շուրջ 200 հազար հույներից նահատակվել է 150 հազարը (էջ 92): 1915 թ. մայիսից մինչև 1918 թ. բազմահազար հույներ ‹‹վերաբնակեցման›› անվան տակ ենթարկվեցին բռնագաղթի, իսկ նրանց ապրած շրջանները բնակեցվեցին մահմեդական փախստականներով, ովքեր էլ տիրացան հույների գույքին: Այս ամենն իրականացվում էր Հատուկ կազմակերպության միջոցով (էջ 93): Այս տարիներին հակահունական քաղաքականությունը դրսևորվեց հատկապես Թրակիայի, Մարմարա ծովի շրջակայքի, Այդընի նահանգի և Պոնտոսի նկատմամբ, քանի որ օսմանահպատակ հույների մեծ մասը կենտրոնացված էր հենց այդ վայրերում (էջ 93):
Սույն ենթագլխում մանրամասն ներկայացվում են հիշյալ շրջաններից յուրաքանչյուրում հույների բռնագաղթն ու կոտորածները:
Երկրորդ գլխի երկրորդ ենթագլխում` վերնագրված ‹‹Հույների զանգվածային տեղահանություններն ու կոտորածներն 1919-1922 թթ. հույն-թուրքական պատերազմի ընթացքում. Զմյուռնիայի աղետը››, Գ. Վարդանյանը հունական զորքերի` 1919 թ. մայիսին Զմյուռնիայում ափհանումից հետո Մուստաֆա Քեմալի ղեկավարած շարժման համատեքստում լուսաբանում է հակահունական քաղաքականությունը և հունաբնակ շրջաններում քեմալական զորքերի գործողությունները: Ինչպես նշվում է գրքում, հունական բանակի առաջխաղացմանը զուգահեռ` քեմալականները սաստկացնում էին Փոքր Ասիան հույներից ազատելուն միտված` քրիստոնյաների հալածանքները (էջ 118): Հույն բնակչության բնաջնջումն առավել համակարգված էր կատարվում Սամսուն-Բաֆրա շրջաններում (էջ 123): Իսկ Պոնտոսի շրջանը գրեթե ամբողջությամբ մաքրվել էր հույներից (էջ 124):
1922 թ. սեպտեմբերի 9-ին թուրքական հեծելազորը Նուրեդդին փաշայի գլխավորությամբ մտավ Զմյուռնիա, որն անպաշտպան էր մնացել, քանի որ մինչ այդ հունական զորքերը լքել էին քաղաքը (էջ 126): Այստեղ քեմալականները նախ հարձակվեցին հայկական թաղամասի` Հայնոցի վրա և կոտորեցին հազարավոր հայերի: Հայկականից հետո հերթը հասավ հունական ու եւրոպական թաղամասերին (էջ 127): Ինչպես ցավով արձանագրվում է գրքում, 1922 թ. սեպտեմբերի 13-15-ին թուրքերի կողմից միտումնավոր կերպով բռնկված Զմյուռնիայի հրդեհը, դրան հետևած բնակչության բռնի տեղահանությունը և զանգվածային կոտորածները «քրիստոնեական տարրի ներկայության վերջն էին Փոքր Ասիայում» (էջ 129):
Գրքի երկրորդ գլխի երկրորդ ենթագլխում անդրադարձ կա նաև 1914-1923 թթ. հույն զոհերի թվաքանակի խնդրին: Մասնավորապես շեշտվում է, թե նշված տարիներին ֆիզիկապես ոչնչացվեց գրեթե մեկ միլիոն հույն (էջ 132):
Գրքի երկրորդ գլխի վերջում` երրորդ ենթագլխում, ներկայացվում են նաև 20-րդ դարի առաջին քառորդին հայ-հունական համագործակցության փորձերը (տե’ս 134-145 էջերը): Վերջաբանում նշվում է, որ Փարիզի վեհաժողովում հայկական և հունական պատվիրակություններն իրենց պահանջները ներկայացնելիս ոչ միայն չէին խանգարում, այլև աջակցում էին միմյանց (էջ 176):
Մենագրության երրորդ գլխի առաջին ենթագլխում (‹‹Լոզանի վեհաժողովում ստորագրված ‹‹Թուրքիայում և Հունաստանում բնակչության փոխանակման վերաբերյալ›› պայմանագիրը և դրա հետևանքները››) մանրամասն վերլուծվում են Լոզանի կոնֆերանսի շրջանակներում կնքված հիշյալ պայմանագրի դրույթները, և նշվում, որ սույն պայմանագրի հետևանքով Հունաստան տեղափոխվեց մեկ ու կես միլիոն գաղթական (էջ 155): Ինչպես ենթագլխի վերջում արձանագրում է հեղինակը. ‹‹…եթե 1453 թ. Կոստանդնուպոլսի անկմամբ վերջ տրվեց Փոքր Ասիայում հույն ժողովրդի քաղաքական, ապա` Լոզանի վեհաժողովից հետո` նաև նրա ֆիզիկական ներկայությանը›› (էջ 156):
Երրորդ գլխի վերջին ենթագլխում, որը կրում է «Հայերի և հույների զանգվածային տեղահանությունների և կոտորածների թուրքական քաղաքականության ընդհանրություններն ու տարբերությունները» վերնագիրը, հեղինակը Հայոց ցեղասպանության պատմագրության մեջ առաջին անգամ զուգահեռներ է անցկացնում Մեծ եղեռնի և հույների ողբերգության միջև` համեմատելով երկու ժողովուրդների` ցեղասպանությանը նախորդած պատմությունը, ցեղասպանության ընթացքը և գործադրման մեխանիզմները: Գիրքն արժևորվում է նաև այս համեմատության առումով:
Վերջաբանում արձանագրվում է, որ հույների նկատմամբ թուրքական իշխանությունների` 1914-1923 թթ. իրականացրած ցեղասպան քաղաքականության հետևանքով Թուրքիան հիմնականում «մաքրվեց» հույներից (էջ 178):
Akunq.net