Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Օրդու քաղաքում իշխանությունների ձեռք առած միջոցների շնորհիվ դիմադրության փորձ չի արվում: Օրդեցի Ե. Անդրեասյանի[1] հուշերի համաձայն՝ զինված դիմադրություն է ցույց տալիս միայն մեկ մարդ՝ Խաչիկ Գույումջյանը: Նա աղքատ ընտանիքից էր, եղել էր նախ՝ Հնչակյան, ապա՝ Դաշնակցության անդամ: Խուսափել էր զորակոչից, իսկ տեղահանությունից փրկվել էր թաքնվելով: Երբ ոստիկանությունը հայտնաբերում է նրա թաքստոցը, շրջապատում և պահանջում է հանձնվել: Խաչիկը սպանում է ոստիկաններից մեկին, վիրավորում մյուսին, և սկսվում է անհավասար մարտը: Դեպքի վայր ժամանած գայմագամը խոստանում է խնայել նրա կյանքը, եթե հանձնվի: Վիրավորված և գրեթե արնաքամ Խաչիկը, ի վիճակի չլինելով շարունակելու մարտը, հանձնվում է, որից հետո նրան տեղափոխում են հիվանդանոց, այնուհետև՝ Սամսոն, անդամահատում են վիրավոր ոտքը: Բուժվելուց հետո նա վերադառնում է Օրդու (էջ 523):
Մեկ այլ օրդեցու[2] հուշերից տեղեկանում ենք, որ քաղաքի մի քանի երիտասարդներ (Հրանտ Կյուրինյան, Հովհաննես Էրյուքյան, Միսաք Մ. Տեր Անդրեասյան, Ջիվան Ա. Ծատուրյան Մկրտիչ. Հ. Լազյան, Գրիգոր Գ. Ճգնավորյան), որոնք խուսափել էին զորակոչից և իրենց զենքերով հեռացել լեռները, հանդիպում են գյուղացի փախստականների խմբի, որի հետ հաճախ կռիվներ են մղում իրենց հետապնդող ոստիկանների դեմ (էջ 524):
Համշենահայ ֆիդայիներ
Լեռներն ու անտառներն են հեռանում հատկապես աքսորից մի կերպ ազատվածներն ու դասալիք զինվորները, Օրդուի շրջանի գյուղացիները, որոնք միանում են այդ օրերին արդեն ճանաչված խմբապետներ Կարապետ Վարդանյանի (Վաշտոնօղլու)[3] և Սեդրակ Մինասյանի (Դելի Սեդրակ կամ Մինասօղլի)[4] խմբերին: Ուշագրավ է, որ երբ քաղաքը գրեթե ամբողջությամբ պարպված էր հայերից, ոստիկանությունը եկեղեցու թաքստարանում հայտնաբերում է մոտ 40 հրացան, փամփուշտ և զինվորական համազգեստ (էջ 523):
Տարբեր վայրերում ձևավորվող խմբերի հրամանատարներից հատկապես հեղինակավոր էր թերմեցի Զիլ Օհաննեսը (Հովհաննես Զեյթունյան), ով արդեն հասցրել էր ճանաչում ձեռք բերել նաև որպես քաջ ու իմաստուն խմբապետ: Ծանոթանալով իրավիճակին՝ նա բոլոր խմբապետներին հրավիրում է խորհրդակցության, որը տեղի է ունենում Թերմեի գավառակի Ալեմդաղ (Էլիմ դաղ) գյուղի մերձակա անտառում[5]:
Խորհրդաժողովին մասնակցում են հետևյալ խմբապետները[6]. Սամսոնի գավառի Թերմեի գավառակից՝ Զիլ Օհաննեսը[7] և Խաչիկ Կարագյոզյանը[8] (Կարա Խաչիկ), Չարշամբայի գավառակից՝ Հակոբ Քեհյանը (Ակոպոս)[9] և Բելուկ Բաշը (Հովհաննես), Ֆաթսայի գավառակից՝ Աբյոն Հակոբը, Ունիեի գավառակից՝ Չաքրյան Ավետիսը, Տրապիզոնի գավառի Օրդուի գավառակից՝ Կարապետ Վարդանյանը (Վաշտօղլի) և Սեդրակ Մինասյանը (Դելի Սեդրակ կամ Մինասօղլի):
Խմբապետները քննարկում են ամենահրատապ հարցերը, որոնք, ըստ էության, բոլոր գավառներում էլ գրեթե նույնն էին: Ժողովն ընդունում է հետևյալ որոշումները.
ա. Կանանց, երեխաներին, ծերերին և հիվանդներին մինչև ձմեռ հնարավորության սահմաններում դուրս բերել երկրից, իսկ ցանկացողները և զենք կրելու ունակ մարդիկ առայժմ մնան և պայքարեն (ակնհայտ էր, որ խմբապետներն այն հույսն ունեին, թե գնացողները երբևէ պետք է հնարավորություն ունենային վերադառնալու):
բ. Մնացողների համար անտառներում և լեռներում պատսպարաններ պատրաստել և ապահովել ձմեռվա պաշար:
գ. Աշխատել ամեն գնով զենք հայթայթել և զինել խմբերին: Դրա հիմնական ճանապարհը զենքը թուրքերից խլելն էր:
Միաձայն բոլոր խմբերի ընդհանուր հրամանատար է ընտրվում Զիլ Օհաննեսը, որից հետո խմբապետները վերադառնում են իրենց շրջանները: Այս ժողովով ձևավորված միասնությունը, տարբեր շրջանների մասին ստացած տեղեկություններն ու հաստատված կապերը, փոխօգնության և շատ հարցերում միասնաբար գործելու հնարավորությունները մեծ ոգևորություն են առաջացնում բոլորի մոտ:
Ժողովի առաջին արդյունքը չի ուշանում: Զիլ Օհաննեսը, որ Տրապիզոնի նահանգում հայտնի առևտրական էր, օգտագործելով իր հնարավորությունները և երբեմնի կապերը առևտրականների հետ, հայթայթում է որոշ քանակությամբ «Մոսին» հրացաններ, փամփուշտ և նռնակներ, որոնք հավասարապես բաժանվում են խմբերին:
Ժողովից վերադառնալով՝ Կ. Վարդանյանը հավաքում է Օրդուի շրջանի խմբապետներին, նրանց տեղյակ է պահում ընդունված որոշումների մասին: Խմբապետները հստակեցնում են իրենց անելիքները: Ժողովի ավարտին շրջանի ընդհանուր հրամանատար է ընտրվում Կ. Վարդանյանը:
Առաջին մարտերը: Մինչև ցրտերն ընկնելը Կ. Վարդանյանը փախստականների մի մասին առագաստանավերով կարողանում է ուղարկել Ռուսաստան (Սոչի, Աբխազիա): Խմբերը կառուցում են ձմեռային կացարաններ, հայթայթում որոշ քանակությամբ մթերք և այլ անհրաժեշտ պարագաներ: Զիլ Օհաննեսի հայթայթած նոր զենքերն ու զինամթերքը բարձրացնում է մարտիկների ոգին:
Շուտուվ Կ. Վարդանյանի 70 հոգանոց խումբը առիթ է ունենում կռվի դաշտում հանդիպելու թշնամու հետ: Թուրքերն իրենց լրտեսների միջոցով տեղեկանում են հայկական խմբերի զինվելու մասին և որոշում անմիջապես ոչնչացնել նրանց, քանի դեռ ավելի չեն մեծացել և հզորացել: Թուրքական մեծաքանակ զորամիավորումը խորանում է Սալամանա անտառի մեջ՝ վստահ իր ուժին: Կ. Վարդանյանի հրամանով Քյուչուկ Արթինը մի փոքրիկ ջոկատով դիրքավորվում է դեպի հայկական դիրքերը տանող ճանապարհին և անսպասելի հարվածով խուճապի մատնում թուրքերին, ապա որոշ դիմադրությունից հետո նահանջում է դեպի հիմնական դիրքերը, ուր թուրքերի համար ծուղակ էր պատրաստվել: Թուրքերը, ոգևորված հայերի նահանջից, սկսում են հետապնդել նրանց: Սակայն շուտով դեմ են առնում դարանակալած հայկական հիմնական ուժերին, որոնք նախ՝ կենտրոնից, որոշ ժամանակ անց, երբ թուրքերը փորձում են ուշքի գալ, նաև երկու թևերից ուժգին հարվածներով անակնկալի են բերում և մատնում ջախջախիչ պարտության թշնամուն, որը գլխապատառ փախչում է՝ թողնելով բազմաթիվ դիակներ և վիրավորներ:
Հայերը տալիս են երկու զոհ և երեք վիրավոր: Այս հաղթանակը հայերի համար ինքնավստահության և մարտական փորձի առումով կարևոր նվաճում էր, իսկ թուրքերի համար թե՛ բարոյահոգեբանական, թե՛ զուտ ռազմական տեսակետից լուրջ ձախողում էր:
1916 թ. գարնան-ամռան ամիսներին անտառներում թաքնված փախստականների վիճակը գնալով ծանրանում է: Մի կողմից՝ պարբերաբար մղվող մեծ ու փոքր կռիվներն ու ընդհարումները թուրքերի հետ, մյուս կողմից՝ օր օրի ավելացող փախստական կանանց, երեխաների, ծերերի և հիվանդների խնամքի ու անվտանգության ապահովման հոգսերը կաշկանդում էին մարտական խմբերին:
Խմբապետների հերթական ժողովը որոշում է ամեն գնով մինչև 1916 թ. ձմեռնամուտ Ռուսաստան տեղափոխել հնարավորինս շատ կանանց, երեխաների, ծերերի և հիվանդների: 1916-ին փախստականների տեղափոխման հարցն ավելի էր բարդացել, քանզի իշխանությունները գրեթե ամենուր և բոլոր նավատերերի վրա կարողացել էին հսկողություն սահմանել: Մինչև ցրտերն ընկնելը, սակայն, մեծ ջանքերի և դրամական միջոցների շնորհիվ հաջողվում է բավականաչափ թվով մարդկանց տեղափոխել Ռուսաստանի քաղաքներ, հիմնականում Սոչի և Սուխում:
Փակագծում նշենք, որ խմբերն ամենատարբեր ճանապարհներով էին մարդկանց տեղափոխում Ռուսաստան, զենք հայթայթում և կապեր հաստատում միմյանց հետ, հայտնում կամ ստանում անհրաժեշտ տեղեկություններ: Կամավոր կերպով նման հանձնառություն ստանձնած մի տրապիզոնցի երիտասարդի՝ Երվանդ Գասպարյանի մասին ուշագրավ տեղեկություն է հայտնում Հ. Հովակիմյանը. «Բնիկ տրապիզոնցի Երուանդ Գասպարեանը մեծահարուստ Մանթաշովի նաւթատար նաւին նաւապետն էր մինչև 1918: Ազատամիտ և ազգանուէր Երուանդը իր գործին բերումով մեծ ծառայութիւններ մատուցած է իր ազգին, հայրենիքին և յեղափոխական կուսակցութիւններուն: Անոր միջոցով բազմաթիւ վտանգուած մարդիկ Թուրքիայէն փախած են Ռուսաստան և այլուր. շատեր ալ գաղտնօրէն մտած են երկիր: Նաև գաղտնի նամակներ, ծրարներ և երբեմն ալ ռազմամթերք փոխադրած է ան սև ծովու քաղաքները և յատկապէս Տրապիզոն»[10]:
Այս երիտասարդը Կոստան Զարյանի հայտնի «Նավը լեռան վրա» վեպի գլխավոր հերոսի նախատիպն է, որը հետագայում դարձավ Սևանա լճի առաջին շոգենավի՝ «Աշոտ Երկաթի» նավապետը:
Օրդուի շրջանի նշանավոր խմբապետներից էր Արթին Արզումանյանը (Քյուչուկ Արթին)[11]: Թուրքերը նրա ծնողներին սպանել էին գաղթի ճանապարհին, իսկ փոքրիկ երեխային առևանգել էին: Արթինի խմբում՝ ամուսնու կողքին, զենքը ձեռքին կռվում էր նաև նրա առյուծասիրտ կինը՝ 22-ամյա Սաբերը, ով, ինչպես և Արթինը, հույսը չէր կորցնում, որ մի օր գտնելու և ազատելու են իրենց երեխային: Այս կնոջ անվեհեր կամքի և նվիրումի մասին է վկայում հետևյալ ցնցող դեպքը: 1915-ի ձմռանը, թուրք ժանդարմների դեմ հերթական կռիվներից մեկում, որին, ինչպես միշտ, մասնակցում էր նաև Սաբերը, հանկարծ սկսվում են երկունքի ցավերը, և նա ծնում է տղա երեխա:
Խմբի վիճակը բավականին ծանր էր՝ անընդհատ տեղաշարժեր, տեղափոխություններ տեղից տեղ և կռիվներ: Անտառներում վխտում էին թուրքական լրտեսներն ու ժանդարմական խմբերը: Որպեսզի տարրական խնամքից զուրկ երեխան պատահաբար իր լացի ձայնով չմատնի խմբի թաքստարանը, Սաբերը խեղդամահ է անում նրան: Այդ քայլին է դիմում մի կին, որն ամուսնու կողքին կռվում էր առևանգված երեխային գտնելու և ազատելու հույսով: Նման դեպքերը հաճախ ավելի խոսուն են պատմական ժամանակների, մարդկանց, նրանց բաժին հասած ողբերգության և, միևնույն ժամանակ, հերոսականության մասին:
Բազմաթիվ կռիվներում կոփված, մոտ 20 անգամ ձերբակալված և փախուստի դիմած Քյուչուկ Արթինը հայտնի է նաև տեղահանությունից մազապուրծ և անտառներում ու լեռներում պատսպարված հայրենակիցներին Ռուսաստան տեղափոխելու գործում: Նա և նրա զինակիցները երբեք չհավատացին թուրքական իշխանություններին: Անգամ 1918 թ. զինադադար հայտարարելուց հետո նրանք զենքը վայր չդրեցին և լեռներից չիջան: Զենքերը թաքցրած՝ երբեմն Քյուչուկ Արթինի հետ քաղաք էին իջնում մթերք գնելու և աքսորից վերադարձած հայրենակիցներին հանդիպելու համար: Կառավարությունն ամեն խոստում տալիս էր՝ նրանց իրենց հողերի վրա տեղավորելու համար, բայց՝ ապարդյուն: Իսկ երբ քեմալական Թուրքիան ուժեղանում է, նրանք առագաստանավերով տեղափոխվում են Սուխում[12]:
Ձմռան ամիսները խմբերի համար համեմատաբար հանգիստ շրջան էր, իսկ 1916 թ գարնանը՝ ապրիլի կեսերին, ռուսական նավատորմը մտնում է Տրապիզոնի նավահանգիստ:
2․ Սամսոնի լեռներում
Սամսոն գավառի վարչական միավորներն էին Չարշամբայի, Թերմեի, Ֆաթսայի, Ունիեի, Սամսոնի և Բաֆրայի գավառակները:
Գավառի ինքնապաշտպանական մարտերի պատմության մեջ յուրահատուկ է Ունիեի գավառակը, որի վարչական միավորներից էր Քյոքլուքի (Քյոքլուղ) գյուղախումբը կամ վիճակը՝ որի վարչական կենտրոնն էր զուտ հայաբնակ Քյոքլուք գյուղը: Վիճակի մյուս հայկական գյուղերն էին (կամ թաղերը) Օզանը, Յոմուրջան, Էյրուբելը, Թեքեթամը, Դյուզթարլան, Խաչդուռը, Յուսուֆլարը, Սեյլեն, Գյոզդերեն և Մանաստրը: Քյոքլուքը բարձրլեռնային գյուղ է, «…որտեղից մինչև Ունիե լեռնային արահետներով 5 ժամվա ճանապարհ է, իսկ խճուղով՝ 8 ժամվա: Ունիեն գավառակի ամենահամախմբված և բազմամարդ հայաբնակ գյուղն էր»[13]: Շրջապատված էր լեռներով և ամառանոցային արոտավայրերով (յայլաներ), որոնք հայ մարտիկների համար կատարել են բնական ամրությունների դեր:
Քյոքլուքի բնակչությունն առանձնահատուկ հոգատարություն էր դրսևորում երեխաների ուսման հարցում: Ուներ յոթնամյա դպրոց, որն առաջադիմությամբ ավարտողներին ուղարկում էին Օրդուի կամ Սամսոնի ոչ լրիվ միջնակարգ դպրոցները, ոմանց էլ՝ Մարզվանի Ամերիկյան քոլեջը: Այս սերնդի ներկայացուցիչների շնորհիվ հարևան հայկական գյուղերում նույնպես բացվում են դպրոցներ, ուր ուսուցչություն են անում Քյոքլուքի այս ուսյալ երիտասարդները: Գյուղն ստանում է նոր կյանք ու բովանդակություն, երբ «Մանաւանդ Հ.Յ. Դաշնակցութիւնը առաջին անգամ ըլլալով մտաւ այս գիւղերը և տարաւ քաղաքական մեծ աշխատանք, նաև ինքնապաշտպանութեան գետնին վրայ: Երիտասարդութիւնը ունէր ամէն գնով զինուելու փափաք մը և ամէն դժուարութիւն ու նեղութիւն յանձն կ՚առներ լաւ զէնք ձեռք բերելու համար»[14]: Եւ պատահական չէ, որ այս և շրջակա գյուղերի երիտասարդությունն է դառնում ինքնապաշտպանության հիմնական կազմակերպիչներից մեկը և իր անհավանական խիզախությամբ ու արյամբ գրում նահանգի հայության հերոսամարտի փայլուն էջերից մէկը:
Քյոքլուք գյուղի խմբերի հերոսական կռիվների մասին տեղեկություններ ենք քաղում Հ. Հովակիմյանի գրքից, որն էլ իր հերթին դրանք ստացել է դեպքերի մասնակից խմբապետներից: Ահա թե ինչ է գրում նա այդ մասին. «Սերոբ Գարաքէհեան և Գալուստ Քէօսեան Իւնիէի գաւառակի Քէօքլուք գիւղէն են: 1915ին Սերոբ 16 և Գալուստ 15 տարեկանին լեռ կը բարձրանան և իրենց առաջնորդներու ձեռքին տակ կը թրծուին փոթորկոտ տարիներու և ահեղ կռիւներուն մէջ և ի վերջոյ իրենց կը վիճակի փոխարինել այն խմբապետները, որոնք հերոսաբար նահատակուած էին և կամ զոհ գացած նենգ որոգայթներուն: Խմբապետ Սերոբ և օգնականը Գալուստ կազմեցին իրենց ութ տարիներու փախստական կեանքին օրագիրը և Փարիզէն ղրկեցին մեզի: Հերոսական դրուագներով հարուստ այդ օրագիրը ամփոփելով կուտանք այս էջերուն վրայ»[15]:
Այդ դրվագներն ընդգրկում են Հ. Հովակիմյանի գրքի 725-763 էջերը՝ «Գոյամարտ Ճանիկի լեռներուն մէջ (1915-1923)» վերնագրով[16]
Թեև, ինչպես արդեն ասվեց, ինքնապաշտպանական հարցի մասին գյուղացիները հոգ էին տարել տարիների ընթացքում, բայց այդ խնդրի առաջ են կանգնում այն ժամանակից սկսյալ, երբ Ունիեից և գյուղերից 25 մտավորականներ և ազգային-քաղաքական գործիչներ հրավիրվում են գավառապետի հետ հանդիպման և այլևս չեն վերադառնում իրենց տները: Տագնապի մատնված մարդիկ սպասում են աղետի, որը չի ուշանում: Հունիսի վերջերին հայտարարվում է տեղահանության մասին: Գյուղի ունևոր և ազդեցիկ մարդիկ առաջարկում են համակերպվել և կատարել կառավարության հրամանը: Այս տեսակետին հակադրվում է հեղափոխական անցյալով հայտնի ծերունի քահանա տեր Միքայելը, ով կոչ է անում համագյուղացիներին «մեռնիլ հայրենի հողին վրայ» (էջ 727):
Շատերը ենթարկվում են հրամանին և միանում տարագրվող քարավաններին: Քահանա տեր Միքայելի հորդորին հետևողները վերցնում են զենքերը և բարձրանում լեռները: Գյուղում մնում են ծերերը, հիվանդները և արիասիրտ քահանան:
Թազ դաղ լեռը բարձրացածների թիվն աստիճանաբար աճում է, որոնց մեջ քիչ չէին նաև կանայք ու երեխաները: Գործը դյուրացնելու համար զինված տղամարդիկ բաժանվում են չորս խմբի: Խմբապետներ են ընտրվում Ավետիս Չաքրյանը, Կարապետ Թահմազյանը, Գևորգ Քյոսյանը, Տիգրան Զեյթունջյանը:
Խմբերի առաջնահերթ խնդիրն է դառնում զենքի և զինամթերքի հայթայթումը, տարբեր վայրերից լեռներում և անտառներում ապաստանած հայերին հայտնաբերելը և միավորելը իրենց հետ, այլ զինյալ խմբերի հետ կապեր հաստատելը: Լինելով խիստ լեռնային և Թեմե քաղաքից բավականաչափ հեռավորության վրա գտնվող գյուղ՝ Քյոքլուքի խմբապետները չեն մասնակցել Ալեմդաղի ժողովին, կապ չեն ունեցել Զիլ Օհաննեսի և մյուս խմբապետների հետ: Սակայն շուտով դրա անհրաժեշտությունը զգացվում է: Խմբերը բարեհաջող կերպով կատարում են իրենց պարտականությունները. «Մեր Ղեկավարներուն առաջին գործը եղաւ զէնք և սնունդ ճարել և միաժամանակ, որքան կարելի էր, Ճանիկի լեռները ապաստանած հայերը գտնել և կապ հաստատել անոնց հետ» (ՕՐ., էջ 728):
Այդ որոնումների ժամանակ Տիգրան Զեյթունջյանի և Կարապետ Թահմազյանի խմբերը անակնկալ կերպով կռվի են բռնվում ժանդարմաների հետ և շրջապատվում: Կռվի թեժ պահին օգնության է հասնում Խաչիկ Կարագյոզյանի (Կարա Խաչիկ) 25 հոգանոց խումբը, ինչը որոշում է կռվի ելքը հոգուտ հայերի:
Կապեր են հաստատվում Խաչիկ Կարագյոզյանի 25 հոգիանոց խմբի, Ունիեից՝ Զիլ Օհաննեսի 30 հոգիանոց խմբի, Չարշամբայից՝ Աբրահամ Խաչատուրյանի, Սարգիս Թաթուլյանի, Փափազ Կալենջյանի և Խաչիկ Թուլումջյանի հետ, որոնց հրամանատարության տակ գտնվում էին մոտ 80 զինյալներ, Արութ Կրբաշյանի՝ 30 զինյալներ ունեցող խմբի հետ:
Խմբապետներն օգոստոս ամսին որոշում են մի փոքրիկ խմբով իջնել Քյոքլուք՝ գյուղում մնացած հարազատներին տեսնելու և նրանց օգնություն ցույց տալու համար: Սակայն այստեղ հանդիպում են ժանդարմական ջոկատի հետ և հարձակվում նրանց վրա: Կատաղի կռվում պարտության են մատնում թուրքական գերազանցող ուժերին, որոնք, թողնելով յոթ դիակ և բազմաթիվ վիրավորներ, դիմում են փախուստի:
Օրեցօր ավելացող փախստականներին զինելու համար խմբերն անակնկալ հարձակումներ են գործում թուրքական ժանդարմական ջոկատների վրա և նրանցից խլված զենքով զինում երիտասարդներին և նորագիրներին:
Բավականին վստահություն և փորձ ձեռք բերելուց հետո որոշում են հարաբերություններ հաստատել Օրդուի, Կիրասոնի, Ֆաթսայի և այլ շրջանների խմբերի հետ: Այս արշավներն անցնում են թուրքական զինվորական ջոկատների և ժանդարմական խմբերի հետ մեծ ու փոքր ընդհարումներով, որոնցում հայ զինյալները հաղթող են դուրս գալիս (ՕՐ., էջ 28-29):
Հատկապես նշելի է անհավասար ու հաղթական կռիվը հայրենի Քյոքլուք գյուղում: Խմբերին լուր են բերում, որ հարյուրավոր թուրք զինվորներ մտել են գյուղ, եկեղեցում հավաքել գյուղում մնացած մոտ 50 ծերունիների և լուսաբացին որոշել են նրանց այրել հենց եկեղեցում: Խմբապետների առաջնորդությամբ առավել փորձառու 35 մարտիկ, ողջ գիշերը քայլելով, կտրում են 20 կմ ճանապարհ և լուսաբացին հասնում իրենց գյուղի դիմացի անտառ, որտեղից բացվում է զարհուրելի տեսարան: Եկեղեցու շուրջ կուտակված էին հարդի դեզեր, որոնցից մեկի վրա կանգնած էր 85-ամյա տեր Միքայելը, որ, ձեռքերը երկինք կարկառած, աղոթում էր: Թուրք սպայի հրամանով դեզերն այրում են, և նույն պահին հայ մարտիկները խոյանում են դեպի բոցերը: Արիասիրտ քահանան տեսնում է քաջասիրտ համագյուղացիների գրոհը, վերջին օրհնությունը տալիս նրանց և կորչում բոցերի լեզուների մեջ:
Կռիվը տևում է ամբողջ օրը: Երեկոյան կողմ բազմաթիվ զոհեր տված թուրքերը դիմում են փախուստի՝ թողնելով նաև գերիներ: Հայ զինվորները հավաքում են տեր Միքայելի ոսկորները և թաղում այրված եկեղեցու պատի տակ: Ականատեսը պատմում է. «Այդ օրը մերինները անխնա սպաննեցին ու կոտորեցին հանդիպած Թուրքերը, ծեր, կին ու երեխայ: Անմարդկային ոճիրի զարհուրանքէն բոլորը խելագարուած էին ու վրէժէն զատ ուրիշ զգացում չունէին» (ՃՐ., էջ 730 731):
Մինչև ձմեռ, խմբերը ևս մի քանի հաղթական կռիվներ են մղում թուրք զինվորների դեմ և նախապատրաստվում ձմռանը: Թուրքական առևտրական քարավաններից խլելով բավարար պաշար՝ բարձրանում են Քել Թեփե կոչված լեռան անձավները, որտեղ նախօրոք պատրաստություններ էին տեսել ձմեռելու համար: Զինյալների խնամքի տակ էին ավելի քան 150 ծերեր, կանայք և երեխաներ:
Նախորդ տարվա կռիվների փորձառությամբ զինված՝ 1916-ի ձմռան ավարտին խմբապետները միջոցներ են ձեռք առնում՝ առաջիկա կռիվներին նախապատրաստվելու համար: Նախ որոշում են համալրել սպառվող պարենը և զինամթերքը: Խմբապետ Ավետիս Չաքրյանը մի խմբով իջնում է լեռներից և դիրքեր զբաղեցնում Յունիե-Նեքսար խճուղու վրա, որը Տրապիզոնի լեռներից անցնող միակ ռազմական ճանապարհն էր: Այդ շրջանում հայերը հույների, չերքեզների և թուրքերի հետ ունեին բարեկամական հարաբերություններ, որոնք երբեք չխախտվեցին: Խմբին հաջողվում է գերել մի սուրհանդակի, որի մոտ եղած գաղտնի նամակից իմանում են, որ մի քանի օրից այդ ճանապարհով Ունիե պետք է հասնի մի մեծ քարավան, որը բանակի համար տեղափոխում է պարեն և զենք-զինամթերք: Քարավանի տեղ հասնելուց հետո թուրքական մեծաթիվ մի զորամիավորում հարձակվելու է լեռան վրա ապաստանած հայկական խմբերի վրա՝ նրանց վերջնականապես ոչնչացնելու նպատակով:
Դարանակալած հայկական խումբը մի քանի օր սպասում է քարավանին, ոչնչացնում ուղեկցող զորաջոկատին և հսկայական պաշարով վերադառնում Թազ դաղ: Մասնակիցները վերոնշյալ օրագրում գրում են. «Մեկ անգամէ ապահովուած էինք սնունդով և ռազմամթերքով: Մենք ունեցանք 150ի չափ զինեալ ոյժ մը և առաջին անգամ ըլլալով ձեռնառումբեր…» (ՕՐ., էջ 734):
Հաջորդ քայլը լինում է նամակի բովանդակության մասին տեղեկացնելը Կարա Խաչիկին, որն էլ իր հերթին լուրն ուղարկում է մյուս խմբապետներին: Թուրքերի հարձակման նախօրեին տարբեր շրջաններից խմբերը շարժվում են դեպի Թազ դաղ:
Փետրվարի 23-ի առավոտյան թուրքական մի քանի հազարանոց զորամիավորում հայտնվում է լեռան ստորոտում, որի վրա մարտական դիրքեր էին բռնել ոչ միայն 150 զինյալ հայդուկները, այլև նրանց խնամքի տակ եղած կանայք և երեխաները:
Ճակատամարտի առաջին օրը կողմերից որևէ մեկն առավելության չի հասնում: Երկրորդ օրը թուրքերը, տալով բազմաթիվ զոհեր, կարողանում են օղակի մեջ վերցնել հայկական դիրքերը և աստիճանաբար մեծացնել ճնշումը: Մի պահ բոլորին թվում է, թե հանգուցալուծումը մոտ է, բայց այդ օրհասական պահին օգնության հասած խմբերը հարվածում են թիկունքից և փոխում ճակատամարտի ելքը: Երրորդ օրն օգնության են հասնում նոր ուժեր. Սևաջըք լեռան կողմերից հասնում են Ուրումյանի խումբը, Ֆաթսայի երեք խմբերը՝ Յազջյանի, Մինասյանի և Համալյանի գլխավորությամբ, Չարշամբայից՝ Սարգիս Թաթուլյանի խումբը:
Երրորդ օրը՝ փետրվարի 25-ին, հարձակումը համառորեն շարունակող թուրքերը, ի վերջո չդիմանալով հայերի հակահարվածներին, տալիս են բազմաթիվ զոհեր և խուճապահար փախչում՝ մարտադաշտում թողնելով զոհերի դիերը, վիրավորներին և մեծ քանակությամբ պարեն, զենք և զինամթերք: Անգամ թուրքերի հրամանատարը չի կարողանում փախուստով փրկվել:
Հայերը տալիս են 12 զոհ, որոնց թվում՝ մեկ պատանի՝ Հակոբիկ անունով, մեկ կին և երեք տարեկան մեկ երեխա: Զոհվել էր նաև քաջարի խմբապետ Տիգրան Զեյթունջյանը:
Մի քանի հազարանոց զորամիավորման այս խայտառակ պարտությունը 350 քաջարի[17] հայերից ահ ու սարսափ տարածեց ողջ շրջանում:
Նահատակների հուղարկավորության ժամանակ, քանի որ քահանա չկար, դամբանական խոսք ասաց խմբապետ Ավետիս Չաքրյանը. «Այսօր Թազ տաղի լեռնակատարին հողին կը յանձնենք 12 նահատակներ, երբ անդին, աքսորի ճամբաներուն վրայ թուրք բորենիէն ջարդուած մեր հարազատները թաղող մը չունին: Մի΄ լաք, քոյրեր, եղբայրներ և զինակիցներ, անոնք հպարտ են որ զէնքերը իրենց ձեռքերուն մէջ կռուեցան և զոհուեցան: Լացի ու արցունքի փոխարէն պայքարի ու վրէժի մարտակոչը միայն թող հնչէ մեր հոգիներուն մէջ, որպէսզի բարձրաբերձ սարերու այս հպարտ ու ազատ կատարներուն վրայ առ յաւէտ հանգիստ ըլլան անոնց ոսկորները» (ՕՐ., Էջ 730):
3․ 1916 թվականի գարուն. նոր իրադրություն
1916-ի գարնանը նոր իրավիճակ է ստեղծվում. ռուսական ռազմական նավատորմն ապրիլի կեսերին գրավում է Տրապիզոնը, ինչը ահ ու սարսափ է տարածում թուրքերի մեջ և նոր հույսեր ծնում հայերի հոգիներում: 1916-1917 թթ. Հայկական կամավորական 7-րդ գնդի հրամանատար իշխան Արղության Երկայնաբազուկը, որը ռուսական զորքի հետ մտնում է Տրապիզոն, հանգամանալից տեղեկագիր է կազմել այդ օրերի Տրապիզոնի վերաբերյալ[18]: Երբեմնի հայաշատ քաղաքի մասին նա հետևյալն է վկայում. «Երբ ռուսերը Տրապիզոն մտան, միայն 15.000 բնակիչ մնացած էր, գրեթէ բոլորը յոյն: Թուրքերը փախած էին բանակին հետ: Ինչ կը վերաբերի հայերուն, ջարդուած էին գրեթէ բոլորը թուրքերու կողմէ, կամ խեղդամահ եղած ծովուն մէջ: Սարսափելի այս սպանդէն վերապրած էին միայն քանի մը հարիւր երեխաներ եւ 100-120 ազատամարտիկներ, որոնք ջարդերէն ազատելու համար փարթիզանական կռիւ կը մղէին»[19]:
Հատորը կազմող և խմբագիր Ե. Փամբուկյանը տեղեկագրի մասին տալիս է հետևյալ ծանոթագրությունը. ««Դրօշակի կողմէ եւրոպական մամուլին յղուած ուրիշ փաստաթուղթ մը, – Ռուսական բանակի բարձրաստիճան զինուորականներէն Իշխան Արղութեան Երկայնաբազուկի տեղեկագիրը Տրապիզոնի ջարդերուն մասին: Հեղինակը անձամբ մասնակցած է Տրապիզոնի գրաւման, ականատես եղած շրջանին մէջ թուրքերուն գործած սարսափներուն, մանրամասն տեղեկութիւններ քաղած սակաւաթիւ վերապրողներէն ու, մանաւանդ, օտար հաւաստի աղբիւրներէ»[20]:
Իշխան Արղությանը նաև հիշատակում այն մարդկանց անունները, ումից քաղել է իր տեղեկությունները հայերի բռնագաղթի և կոտորածների վերաբերյալ. «Այն գազանութիւնները՝ որոնց զոհ գացին այս շրջանի հայերը, իրենց ահաւորութեամբ կը գերազանցեն այլուր կատարուածները: Յոյներու, ամերիկացի միսիոնարին, քաղաքի մէկ պանդոկատէր զուիցերուհիի մը, կարգ մը ռուսահպատակներու, կաթողիկէ երկու հայերու, Տրապիզոնի անկումը լսելով լեռներէն վար իջած [հայ] արձակազէններու յայտարարութիւններէն, հետեւեալ ձեւով կը պատկերացուին այդ սոսկալի ջարդերը»[21]: Եվ այնուհետ ամենայն բարեխղճությամբ տեղեկագրում շարադրում է այն ամենը, ինչ տեսնում է և լսում[22]:
Ուշագրավ է, որ քաղաքը լքած թուրքերն իրենց հետ գրեթե ոչինչ չեն տանում: Տեղեկագրում կարդում ենք. «Մենք քաղաքը գրաւեցինք առանց դժուարութեան, եւ անվթար վիճակի մէջ գտանք՝ շքեղ պալատները, ապրանքներով լեցուն վաճառատուները, կամուրջները, ճամբաները, զօրանոցները, ջրանցքը, ռազմագիտական դիրքերը, ինչպէս նաեւ հսկայական մթերք: [Թուրքերը] ոչինչ քանդած էին, համոզուած հաստատապէս որ շուտով պիտի վերագրաւեն զայն: «Պիտի չքանդենք, կ’ըսէին անոնք, այս հարստութիւնները, որոնք վերստին մեր ձեռքը պիտի անցնին անյապաղ»»[23]:
շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ
Դրօշակ 2024, թիւ 12
[1] Ե. Անդրեասյանի հուշերը տպագրված են Հ. Հովակիմյանի գրքում՝ էջ 519-523 և 526-528:
[2] Հայկազ Պ. Ծատուրյան, նրա մի քանի վկայություն տպվել է Հ. Հովակիմյանի գրքում՝ էջ 523-525:
[3] Կարապետ Վարդանյանը ծնվել է 1888 թ. Օրդուի գավառակի Փամբուկլուղ (Փամուքլուք) գյուղում, 1915-1923 թթ. շրջանի խմբերի գլխավոր հրամանատարն էր: Նա համշենահայության հերոսամարտի ամենափառավոր անուններից մեկն էր, թերևս երկրորդը՝ Զիլ Օհաննեսից հետո: Մինչև 1915 թ. ամառը եղել է առևտրական, մեծ հեղինակություն է ունեցել թե΄ հայերի և մյուս քրիստոնյաների, թե΄ մուսուլմանների մեջ: Նրան Վաշտոնօղլի անվանում էին թուրքերը: 1923 թ. տեղափոխվել է Աբխազիա, ուր և մահացել է 1950 թ.: Հուղարկավորված է Գանթիադի ավանի մերձակա գերեզմանատանը:
[4] Օրդուի շրջանի հայտնի խմբապետներից մեկն էր, Կ. Վարդանյանի մտերիմ ընկերը: Նա դեռևս տեղահանությունից առաջ, չհանդուրժելով իշխանությունների վարած քաղաքականությունը հայերի նկատմամբ, զենք է վերցնում և հեռանում անտառները: Մասնակցել է բազմաթիվ կռիվների: Քաջ և հնարամիտ ռազմիկ էր: Սպանվում է դարանակալած թուրքի ձեռքով Ասարի քար կոչված վայրում:
[5] Այս խորհրդաժողովի մասին «Մահապարտների պարը» վեպում (Երևան, 2006, էջ 80-84) տեղեկություններ է հաղորդում համշենահայ գրող Զորիկ Քեշիշյանը, որը նաև համշենցի նշանավոր խմբապետների մասին «Չանկիրիշցիների երգը» (Երևան, 1997) վիպակի, պատմվածքների և մի շարք հոդվածների հեղինակ է: Զ. Քեշիշյանը ծանոթ է եղել խմբապետներից մի քանիսի հետ, որոնք ապաստան են գտել Աբխազիայում, ուր նրանց հարևանությամբ ինքն ապրել է: Գրի է առել նրանց հուշերը, որոնց մի մասն օգտագործել է գեղարվեստական ստեղծագործություններում, մի մասը՝ նրանց նվիրված հոդվածներում, որոնք հրատարակվել են «Ֆիդայիներ» գրքում (Երևան, 2014), «Ձայն համշենական» ժողովածուի 3-րդ, 4-րդ, 5-րդ գրքերում: Ցավոք հեղինակը չհասցրեց հրատարակել խմբապետների բոլոր հուշերը:
[6] Խմբապետների մասին տեղեկությունները քաղված են Զ. Քեշիշյանի «Ֆիդայիներ» գրքից (Երևան, 2014), «Ձայն համշենական» ժողովածուի 3-րդ, 4-րդ, 5-րդ գրքերից՝ հրատարակված Երևանում համապատասխանաբար 1969, 1999 և 2006 թթ., Հ. Հովակիմյանի «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՈՆՏՈՍԻ» գրքի՝ Оրդուին նվիրված բաժիններից, М. Г. Минасян-ի «Армяне причерноморя» (Երևան, 1990) գրքի 68-83 էջերից
[7] Զիլ Օհաննեսը (Հովհաննես Զեյթունյան) ծնվել է Թերմեում, եղել է նահանգում հայտնի առևտրական: Ամենահեղինակավոր խմբապետն էր, առ այսօր նրա մասին համշենահայերի մեջ խոսում են ակնածանքով: Եղել է նահանգի հայդուկապետը, բազմաթիվ կռիվներում փայլել իր խիզախությամբ և հրամանատարական տաղանդով: Թուրքերը ջանք չեն խնայում նրան սպանելու համար, և ի վերջո 1917 թ. թուրքերի ահ ու սարսափ հայդուկապետը զոհ է գնում նրանց կազմակերպած դավադրությանը Թեք Քիրեզ կամ Դեպե Քիրեզ գյուղում:
[8] Խաչիկ Կարագյոզյանը (Կարա Խաչիկ) ծնվել է Թերմեի գավառակի Հոյլոն գյուղում (ծննդյան թվականը հայտնի չէ): Զիլ Օհաննեսի ամենամտերիմ ընկերն էր: Մղել է բազմաթիվ կռիվներ, որոնցից մեկը կարելի է համարել կենաց-մահու գոտեմարտ. 1917 թ. պարտության է մատնում կանոնավոր բանակի մեծաթիվ մի զորամասի և ստիպում հանձնվել: Բոլոր սպաներին գլխատում է, իսկ հասարակ զինվորներին ուղարկում Սամսոն՝ ներկայանալու հրամանատարությանը և զեկույց ներկայացնելու կատարվածի մասին: Նրա մեջ կենդանի էր Մամիկոնյանների ասպետական ոգին: Զիլ Օհաննեսի սպանությունից հետո ստանձնում է Թերմեի շրջանի խմբերի հրամանատարությունը: 1922 թ. հրավիրվում է Գոջաման գյուղ՝ հույն խմբապետ Սարու Յանիի հետ խորհրդակցության և դավադրաբար սպանվում:
[9] Հակոբ Քեհյանը (Ակոպոս) ծնվել է 1889 թ. Չարշամբայի գավառակի Չախմախ գյուղում՝ հասարակ գյուղացու ընտանիքում, խուսափել է թե΄ զորակոչից, թե΄ տեղահանությունից և միացել զինված խմբերին: Շուտով ընտրվում է խմբապետ: 1916-ին բազմաթիվ անօգնական հայերի նավով հասցնում է Աբխազիա, որտեղից մի խումբ ընկերների հետ գնում է Հայաստան և միանում Անդրանիկի բանակին: Իսկ 1919-ին, երբ Անդրանիկը հեռանում է հայրենիքից, նա վերադառնում է Չարշամբա և ստանձնում շրջանի խմբերի հրամանատարությունը: 1923-ին, դարձյալ հավաքելով բազմաթիվ կանանց և երեխաների, ստիպված ընդմիշտ հեռանում է հայրենիքից և բնակություն հաստատում Աբխազիայում՝ Աֆոնի մերձակա Անուխվա գյուղում, ուր մահանում է 1952 թ.:
[10] Յովակիմեան Յ. (Արշակունի), էջ 808:
[11] Արթին Արզումանյանը (Քյուչուկ Արթին) ծնվել է 1881 թ. Օրդուի գավառակի Բաշ Չարդախ գյուղում: Մասնակցել է բազմաթիվ կռիվների: Աբխազիա տեղափոխվելուց հետո բնակություն է հաստատել Գագրայի շրջանի Լեսելիձե գյուղում, որտեղ էլ մահացել է 1969 թ.:
[12] Յովհաննիսեան Յ. (Արշակունի), էջ 528-529:
[13] Թոռլաքյան Բ., Հայ ազգագրություն և բանահյուսություն, հտ. 13, Համշենահայերի ազգագրությունը, Երևան, 1981, էջ 87:
[14] Յովակիմեան Յ. (Արշակունի), նշվ. աշխ, էջ 719-720:
[15] Յովակիմեան Յ. (Արշակունի), նշվ. աշխ. Էջ 725:
[16] Ստորև հղումները կտանք այդ էջերից՝ մեջբերման վերջում փակագծի մեջ նշելով ՕՐ. էջերը:
[17] Օգնության հասածների թիվը 200 էր:
[18] Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Պէյրութ, 2016, հտ. ԺԲ, էջ 195-199:
[19] Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Պէյրութ, 2016, հտ. ԺԲ, էջ 195-199, ՀՅԴ արխիվի թիվ 65-41 փաստաթուղթը: Բնագիրը ֆրանսերէն է, թարգմանութիւնը՝ հատորի կազմողների:
[20] Նույն տեղում, էջ 195:
[21] Նույն տեղում, 195-196:
[22] Մանրամասները տես տեղեկագրում: Նաև՝ Ալվրցեան Հ. Տրապիզոնի նահանգի հայութեան ցեղասպանութիւնը, «Էջմիածին» ամսագիր, 2024, թիւ Դ, էջ 75-95:
[23] Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Պէյրութ, 2016, հտ. ԺԲ, էջ 195, ՀՅԴ արխիվի թիվ 65-41 փաստաթուղթը: