կարևոր
508 դիտում, 7 ժամ առաջ - 2025-02-28 15:22
Հասարակություն

Համշենահայության ինքնապաշտպանական մարտերը 1915-1923 թթ. (մաս երրորդ)

Համշենահայության ինքնապաշտպանական մարտերը 1915-1923 թթ. (մաս երրորդ)

Հայկազուն Ալվրցյան

Ռուսների կողմից Տրապիզոնի գրավումով ստեղծված կացությունը թելադրում է հետագա պայքարը շարունակելու համար որոշ հարցեր վերանայել, ընդունել պայմաններին համապատասխան նոր որոշումներ: Այդ նպատակով Սամսոնի հայ և հույն խմբապետները հավաքվում են խորհրդակցության՝ հետագա անելիքները ճշտելու համար: Հայերից մասնակցում են Կարա Խաչիկը և Զիլ Օհաննեսը, Չարշամբայից՝ Գալեջյան քահանան: Որոշվում է հանդիպել Տրապիզոնի ռուսական հրամանատարության հետ և լուծել փախստականներին Ռուսաստան տեղափոխելու հարցը: Հանդիպումը կայանում է, որոշվում է, որ հոկտեմբերին 2000 հայ և հույն փախստական Թերմեից նավով կտեղափոխվեն Տրապիզոն, իսկ այնտեղից՝ Ռուսաստան: Բանագնացները վերադառնում են՝ իրենց հետ բերելով բավականաչափ ռուսական զենք ու զինամթերք, որը հավասարապես բաժանում են հայերի և հույների միջև:

Տրապիզոնի գրավումը խմբագրումներ էր մտցրել նաև հարևան Յոզղաթի գավառի հայկական խմբերի ծրագրերի և տրամադրությունների մեջ: Աքդաղ լեռան վրա ապաստանած հայդուկները՝ թվով 400 հոգի, որոշում են մաս-մաս անցնել Տրապիզոն, այնտեղից էլ՝ Ռուսաստան: Շրջանի հայտնի խմբապետներն էին Հաջի Բեյը, Արթին Աղան, Սամուելը և Ադամ Չաուշը: Մինչև Տրապիզոն անցնելը «Հաճի Պեյը կռիւ մը ունեցաւ Ագ-Տաղի վրայ: Աւելի ճիշդը իրական ճակատամարտ մը»[2]: Լեռան վրա նրա խումբն անսպասելի կերպով շրջապատվում է մեծաթիվ թուրքական ուժերով: Հաջի Բեյն անմիջապես սուրհանդակներ է ուղարկում մյուս խմբապետներին և դիմավորում թշնամուն: Սրընթաց կերպով օգնության փութացող Արթին Աղայի և Ադամ Չաուշի աջակցությամբ մի քանի ժամ տևած ծանր ճակատամարտն ավարտվում է հայ ռազմիկների փայլուն հաղթանակով: Թշնամին տալիս է 55 սպանված ու վիրավոր և փախչում[3]:

Հեղինակավոր խմբապետ Հաջի Բեյն այն համոզմունքն ուներ, որ պետք է անցնել Ռուսաստան, միանալ կանոնավոր զորքերին և նրանց հետ կռվել թուրքական ճակատում: Այդ համոզմունքն ամրապնդվում էր օրեցօր հայ ռազմիկների թվի նվազումով: Նրա այս գաղափարը կիսում էին խմբերից շատերը, որոնցից երեքը, բազում դժվարություններ հաղթահարելով, հասնում են Ունիեի շրջանի Չանկիրիշ լեռը, ուր հանդիպում են Զիլ Օհաննեսին: Չորս խմբերի միացումից գոյանում է մի հզոր ուժ՝ բաղկացած 200 ռազմիկներից, ինչը մեծ ոգևորություն է առաջացնում նրանց մոտ[4]:

Գարնան-ամռան ամիսներն անցնում են առանց մեծ միջադեպերի: Հոկտեմբերին, երբ հայերն ու հույները պատրաստվում էին փախստականների տեղափոխմանը, թուրքերը որոշում են մի հզոր հարվածով ոչնչացնել հայկական զինյալ խմբերը և ծրագիրը վիժեցնել:

1916 թ. հոկտեմբերի սկզբին Չանկիրիշ լեռան վրա Զիլ Օհաննեսի գլխավորած հայկական միացյալ ջոկատը՝ թվով 200 մարդ, շրջապատվում է ավելի քան չորս հազարանոց թուրքական զորաջոկատով: Հայ մարտիկները բաժանվում են 5 խմբի և  34 ժամ անհավանական հերոսությամբ մարտնչելուց հետո սրընթաց գրոհով ճեղքում են պաշարման օղակը և հեռանում դեպի Թերմե քաղաքի շրջակա անտառները: Խմբապետական ժողովի որոշմամբ Զիլ Օհաննեսը և Կարա Խաչիկն ութ մարտիկներից բաղկացած խմբով գաղտնի մտնում են Տրապիզոն: Նրանք հանդիպում են ռուսական զորքերի հրամանատարության հետ և ներկայացնում շրջակա բնակավայրերում և Թերմե քաղաքում տիրող իրավիճակը: Ռուսական հրամանատարությունը որոշում է հայկական ջոկատների աջակցությամբ գրավել Թերմեն: Ռուսական հրամանատարությունը հայ մարտիկներին մի փոքրիկ տորմիղով, որը բարձած էր անհրաժեշտ զենք-զինամթերքով, գիշերով դուրս է բերում Տրապիզոնից և հասցնում Թերմեի մատույցները: Հայկական ջոկատները զբաղեցնում են նախօրոք որոշված դիրքերը: Նշված օրը ռուսական հրետանին ռմբակոծում է Թերմեն, որից հետո հայկական 200 հոգիանոց ջոկատը կոզակների մասնակցությամբ գրոհում և գրավում է քաղաքը: Թուրքական զորքը խուճապահար փախչում է:

Ռուսական հրամանատարությունը հավատարիմ չի մնում իր խոստմանը: Դեպքերի մասնակիցներն իրենց հուշերում գրում են. «Ապշեցանք, երբ Ռուսները մերժեցին ընդունիլ հոն հաւաքուած փախստականները, այնպէս որ միայն կիներն ու երեխաները մեկնեցան: Բացառաբար իրենց հետ տարին նաև Միքայէլ Զէյթունճեանն ու Գարա Խաչիկը: Այս երկուքը հետագային Տրապիզոնէն կամաւոր գացին: Զեյթունճեանը սակայն հիւանդանալով մեռաւ Թիֆլիսի հիւանդանոցին մէջ, Իսկ Գարա Խաչիկը կրկին վերադարձաւ մեզ մօտ: Շատ ուշ հասկցանք, որ Ռուսերը կ΄ուզէին մեզ օգտագործել, պահելով թշնամիի թիկունքին իբրև հարուածող ոյժ: Մինչ այդ, մնացողներս սրտաբեկ քաշուեցանք լեռները»։ (ՕՐ., էջ 738): Նավահանգստում Ռուսաստանից նոր ժամանած Միսաք Թոռլաքյանը գաղտնի կերպով հայ ռազմիկներին է հանձնում բավականաչափ զենք ու զինամթերք, որ տեղափոխել էր Բաթումից:

Հոկտեմբերի վերջերին թուրքերը Սամսոնի հայկական խմբերը ոչնչացնելու ևս մի փորձ են անում: Այդ նպատակով նրանք նույնիսկ հանցագործներին են ազատում բանտերից և զինում: 1916 թ. հոկտեմբերի 25-ին դարձյալ շրջապատում են Չանկիրիշ լեռը:

Թուրքական բանակում ծառայող մի հույն զինվոր, վտանգելով իր կյանքը, Չանկիրիշում ապաստանած Զիլ Օհաննեսին լուր է բերում, որ նրանք չորս կողմից շրջապատված են. «Խմբապետ, ես յոյն զինուոր մըն եմ, փախայ ձեզի եկայ լուր տալու համար թէ չորս կողմէ պաշարուած էք, իւրաքանչիւր կողմը հազարի մօտ թուրք զինուորներով»[5]:

Կարճ ժամանակ անց սկսվում է անհավասար գոտեմարտը: Հայկական ջոկատները Զիլ Օհաննեսի հրամանատարությամբ քաջաբար կռվում են մինչև մայրամուտ և թուրքերի թվական գերակշռության ճնշման տակ նահանջում դեպի լեռները: Հայերի դիրքերն անցնում են թուրքերին, սակայն բոլոր ճակատներում չէ, որ տեղյակ էին այդ մասին. «Այնպէս որ, մթնշաղին՝ երբ արդէն հայերը ելից վերջին դուռը բախելու ստիպուած էին, թուրքերը լաւ մը իրար ջարդել սկսան: Այս կոյրերու կռիւը աւելի քան ժամ մը տևեց և ձրի սպաննուեցան 300-350 թուրքեր»[6]:

Այս ճակատամարտին մասնակցում է Յոզղաթի նահանգի Չաթ գյուղի 50 հոգիանոց ջոկատը՝ հայտնի խմբապետ Ադամ Չաուշի հրամանատարությամբ[7]: Այստեղ հայերի հետ կողք կողքի կռվում էր նաև 35 հույներից բաղկացած մի ջոկատ:

Տրապիզոնի գավառակում և մերձակա գյուղերում թուրքերը, բնականաբար, չէին կարող հայերի կամ հույների դեմ ռազմական գործողությունները շարունակել, բայց ռուսների վերահսկողության սահմաններից դուրս պարբերաբար տեղի էին ունենում հայ-թուրքական կամ թուրք-հունական ընդհարումներ, որոնք հաճախ վերածվում էին կատաղի կռիվների:

Աշնան վերջին նման մի կռիվ տեղի ունեցավ Քերիշ թեփե լեռան շուրջ, ուր հավաքվել էին հայ և հույն փախստականները: Հետախույզների միջոցով տեղեկացված լինելով թուրքերի հարձակման ծրագրին՝ հայ խմբապետները որոշեցին ընդհանուր հրամանատար Զիլ Օհաննեսի գլխավորությամբ մնալ և հույների հետ դիմագրավել թուրքերին: Հայ-հունական զինյալների թիվը 450 էր՝ ներառյալ յոզղաթցի Ադամ Չաուշի խումբը: Վիճակը բարդանում էր նրանով, որ զինյալները պետք է պաշտպանեին նաև մոտ 200 անզեն հույն գյուղացիների:

Այս ուժի դեմ դուրս էր եկել բազմահազարանոց թուրքական զորախումբը, որի կեսը կանոնավոր բանակի զինվորներ էին, նրանք ունեին նաև չորս թնդանոթ: Կռիվն սկսվում է և մինչև կեսօր շարունակվում թուրքերի անընդհատ մեծացող ճնշմամբ: Կեսօրից հետո հայ-հունական ուժերը նահանջում են դեպի լեռան բարձունքները: Մութն ընկնելուց հետո հայերը տեսնում են, որ այրվում են հունական գյուղի տները՝ բոցերի մեջ կլանելով նաև անզեն բնակչությանը: Միացյալ ուժերի հրամանատարությունը որոշում է մթության մեջ անսպասելի հարձակման անցնել: Վերոհիշյալ հուշագրության հեղինակներն անհավանական հերոսամարտի այդ դրվագն այսպես են նկարագրում. «Մութը վրայ հասնելուն գործեցինք վերջին յուսահատական ու վճռական յարձակումը ձեռնառումբերով, զենքերով ու դաշոյններով. գիրկընդխառն կռիւ մըն էր և զիրար կը դաշունահարէինք: Աստծոյ հրա՞շքն էր, ի՞նչ էր, չեմ գիտեր, մութին մէջ թշնամին սկսաւ զիրար կոտորել… մինչև որ գլխի ինկան, քանի մը հարիւր հոգի կոտորած էին արդէն. այդ առիթէն օգտուելով նոյնքան մըն ալ մենք սատկեցուցինք» (ՕՐ., էջ 739-740): Սակայն անհատնում զորքի դեմ անհնար էր անվերջ կռվել, և միացյալ ուժերը, օգտվելով մթության քողից, քաշվում են դեպի անտառները: Նրանք տալիս են 120-ից ավելի զոհ, վիրավորվում է Զիլ Օհաննեսը, իսկ նրա կողքին առյուծաբար կռվող կինը վիրավորվում է և գերվում:

Ապաքինվելուց հետո Զիլ Օհաննեսը որոշում է գտնել կնոջը: Դեկտեմբերի վերջին իրեն բարեկամ մի թուրքի տալիս է 40 ոսկի, որ վերջինս որոնի կնոջը և գտնի հետքը: Որոշված օրը մի քանի զինվորի հետ գնում է թուրքի տուն, բացում է դուռը և տապալվում ներսում դարանակալած ժանդարմների գնդակների տարափից: Ընկերները հարձակվում են ժանդարմների վրա, բայց դրսից նույնպես թակարդ էր լարված, և նրանք ստիպված փախուստով փրկվում են. «Յետոյ իմացանք, որ ջարդարարները Զիլ Օվաննէսի գլուխը կտրած և ցուցադրած են գավառական քաղաքներու մէջ» (ՕՐ., էջ 740): Այսպես դավադրաբար ավարտվում է ազատատենչ համշենահայերի անվեհեր հրամանատար Զիլ Օհաննեսի հերոսական կյանքը:

Նրա սպանությունից հետո շրջանի խմբերի հրամանատար է ընտրվում խմբապետ Խաչիկ Կարագյոզյանը (Կարա Խաչիկը):

1917-ի գարնան-ամռան կռիվները

Գարնանը հայ զինյալները բախվում են Տրապիզոնի շրջանից Քյոքլուքում հաստատված լազերի հետ, այնուհետև գլխատում են հայերի նկատմամբ անլուր հանցանքներ գործած և նրանց հաշվին խիստ հարստացած Քյոմուրճիօղլու անունով ավազակապետին:

Այս գործողությունները զայրացնում են թուրքերին, որոնք որոշում են վրեժ լուծել. «Եւ այս անգամ անակնկալօրէն պաշարուեցանք ընտրեալ աւազակներու կողմէ: Նահանջելը կապուած էր մեծ վտանգներու հետ, այնպէս որ ուզած-չուզած պիտի դիմադրէինք մինչև վերջին փամփուշտը» (ՕՐ., էջ 740): Ի վերջո հաջողվում է ճեղքել պաշարման օղակը: Թշնամին հետապնդում է նրանց, իսկ վերջիններս, ասպատակելով թուրքական գյուղերը, հասնում են Չարշամբայի լեռներում ապաստանած հայ ռազմիկների մոտ. «Խմբապետներ Աբրահամ աղա Խաչատուրեանը, Սարգիս Թաթուլեանը, Սարգիս Գալենճեանը, Խաչիկ Թուլումճեանը և եոզղատցի Ադամ Չաուշը մեզ ընդունեցին գուրգուրանքով: Չարշամպայի ընկերներն ալ ընդհարումներու մէջ էին միշտ և հոն ալ թշնամին ծեծ կուտեր տևապէս: Այդ տեղէն անցանք Գուշ տաղը խմբապետ Արութ Գրպաշեանի մօտ: Եւ երբ իմացանք, որ կռիւները դադրած են, վերադարձանք Թազ տաղը» (ՕՐ., էջ 741):

Գարնանը տեղի են ունենում ևս մի քանի կռիվներ: Հայկական խմբերը գործում են համախմբված, միմյանց տեղյակ պահելով թշնամու հարձակումների մասին և համաձայնեցնելով գործողությունները:

Յոզղատի խմբերը Պոնտոսի լեռներում

1917-ի գարնան-ամռան ամիսներին Տրապիզոնի նահանգում համշենահայերի կողքին կռվում էին Յոզղատի հայկական խմբերից մի քանիսը, որոնցից հատկապես աչքի էին ընկնում երկու նահանգներում էլ մեծ հեղինակություն վաստակած Արթին աղայի և Ադամ Չաուշի խմբերը, որոնց հռչակը այնքան մեծ էր, որ շրջանի թուրքերից շատերը ձգտում էին նրանց հետ բարեկամանալ՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար: Նման «բարեկամության» դիմաց նրանք հայերին մատակարարում էին պարեն և այլ անհրաժեշտ ապրանք[8]:

1917-ի հունիսի վերջերին Ադամ Չաուշի, չարշամպացի Էքսուզյան Կարապետի (Էքսուզի Կապետ), Ավետիս Չաքրյանի անջատաբար գործող խմբերը միավորվում են և որոշում են Նիքսարի շրջանի թուրքական գյուղերից վրեժ լուծել՝ հայերի նկատմամբ գործած վայրագությունների համար:

Առաջին թիրախը դարձավ Ղարա Ղուշ գյուղը, որի վրա հարձակումն ավարտվեց հաղթանակով, և խմբերը մեծ ավարով շարժվեցին դեպի Թազդաղ լեռը, որը իր բնական ամրությունների շնորհիվ շրջանի խմբերի թաքստարանն էր:

Շուտով նրանց են միանում Չաքր Օղլուի խմբի զինվորները, որոնք լուր են բերում, որ դեպի ընդհանուր բանակավայր է շարժվում Արթին աղայի 65 հոգիանոց խումբը, որի նկատմամբ մյուս խմբերի սիրո և հարգանքի մի տուրք էր նրանց դիմավորելու արարողությունը, որի մասին դեպքերի մասնակիցները գրում են. «Ադամ Չավուշ ուրախ ոստումով մը հրահանգեց խումբին առնել զենքերը և դիմաւորել Արթին Աղան և իր կտրիճները, որոնց կարօտը կը քաշէին տարիէ մը ի վեր: Խումբը խանդավառօրէն շարք կազմեց և շէնշող հուրրաներով դէմ ելավ երգելով.

                           Վէրքերով լի ջան ֆիդայ եմ,

                           Թափառական տուն չունիմ…

Երբ Արթին Աղայի խումբը մօտեցաւ, օդը թնդաց կեցցէներով և ուրախութեան աղաղակներով»[9]:

Համախմբելով ուժերը և որոշ ժամանակ հանգստանալով և քննարկելով անելիքները՝ միացյալ խմբերը որոշում են նախ պատժել հայտնի թուրք ավազակապետ Հոմուշօղլուին, որը, օգտագործելով Յոզղատի խմբերի հեղինակությունը, նրանց անունից թալանում էր իրենց ազգակիցներին: Եվ քանի որ նրանց անիրավությունները վարկաբեկում էին հայ զինյալներին, նրան դատապարտում են մահվան և վճիռն իրականացնում[10]:

Աշնան վերջերին խմբերի ընդհանուր ժողովը որոշում է պատվիրակ ուղարկել Յունիայի և Թերմեի միջև ծովեզերքում հաճախ երևացող ռուսական զրահանավի հրամանատարի մոտ, որպեսզի նրա աջակցությամբ կապ հաստատեն Տրապիզոն քաղաքում տեղակայված ռուսական զորքերի հրամանատարության հետ և ստանան նրա աջակցությունը՝ լեռներում ապաստանած մի մեծ խումբ հայ փախստականներին քաղաք տեղափոխելու հարցում: Սակայն ծովափին մոտ երկու շաբաթ զրահանավին սպասելուց հետո ուղարկված հետախուզական խումբը Արթին աղայի գլխավորությամբ ձեռնունայն և հուսահատ վերադառնում է բանակավայր: Ռուսաստանում սկիզբ առած քաղաքացիական պատերազմի պատճառով ռուսական նավատորմը հեռացել էր թուրքական ափերից[11]:

«Հաշտության» առաջարկ

Չկարողանալով զենքի ուժով հաշվեհարդար տեսնել հայկական զինյալ խմբերի հետ՝  իշխանությունները որոշում են նրանց առանձին-առանձին ոչնչացնելու համար հայտարարել «ներում», պայմանով, որ նրանք իջնեն լեռներից, տեր կանգնեն իրենց տներին և հողերին, զբաղվեն խաղաղ աշխատանքով:

Գայմագամը «ներման» պայմաններն անձամբ է ցանկանում ներկայացնել խմբապետներին՝ առավել վստահություն ներշնչելու համար: Նա պայմանավորված օրը խմբապետների հետ հանդիպման է ժամանում իսլամ ընդունած երկու հայերի՝ դեղագործներ Հովսեփ և Գևորգ Մութաֆյանների հետ, որպեսզի վերջիններս վկայեն գայմագամի առաջարկության անկեղծության մասին: Սակայն, օգտվելով հարմար առիթից, Գ. Մութաֆյանը հասցնում է շշնջալ խմբապետ Չաքրյանի ականջին. «Ինչ որ ըսենք, մի հաւատաք մեր խօսքին» (Օր., էջ 742):

Հանդիպման ժամանակ հիմնական խոսք ասողը, բնականաբար, գայմագամն էր, որը թրքական խարդախությամբ և քծնանքով համեմված հետևյալ առաջարկն է անում. «Եղածներուն հետ մենք ալ համաձայն չենք, բայց այլևս վերջ տրուած է ամէն կարգի հալածանքի և հետևաբար բոլոր Հայերը պէտք է վերադառնան իրենց տուները, վերսկսելու համար իրենց խաղաղ աշխատանքը. ամէն տեսակ օգնութիւն պիտի ըլլայ ձեզի, որպէսզի վերականգնեք ձեր տնտեսութիւնը և ապահովէք լաւ կեանք մը» (ՕՐ., էջ 742):

Խմբապետներն անվստահություն են հայտնում գայմագամին և մերժում նրա առաջարկը՝ հետևյալ պահանջ-հիմնավորումով. «Մինչև որ մեր ընտանիքները մեր տուներու մէջ չտեսնենք, մենք ձեր խօսքին չենք հաւատար. այնպէս որ մինչև այդ օրը մենք պիտի մնանք լեռները և հոն ալ պիտի մեռնինք» (ՕՐ., էջ 742):

Վրեժխնդրություն

Գայմագամը հեռանում է ձեռնունայն[12]: Խմբապետները որոշում են նախքան բաժանվելը համատեղ ուժերով պատժել Քեմուկերիզ գյուղի գյուղապետին, որը հայտնի էր որպես հայերի ամենաաչքի ընկնող ջարդարարներից մեկը: Կռիվն սկսվելուց որոշ ժամանակ անց հարևան գյուղերից նորանոր թուրքական ջոկատներ են հասնում օգնության: Շուրջ 5 ժամ տևած կռվում թշնամին գլխովին ջախջախվում է՝ տալով բազմաթիվ զոհեր: Հայկական խմբերը հեռանում են հարուստ ավարով, որը հիմնականում սննդամթերք էր, որոշ քանակությամբ զենք-զինամթերք և այլ անհրաժեշտ իրեր:

Չարշամբայի գավառակի ամբողջությամբ թրքաբնակ Թերեջե գյուղը հայտնի էր իր վայրագություններով և կրոնական մոլեռանդությամբ: Հայերի տեղահանման օրերին և դրանից հետո այդ գյուղացիների միակ զբաղմունքը դարձել էր հայերի թողած գույքի՝ տների, անասունների, այգիների և այլ ապրանքների թալանը: Գյուղապետ Օսման չաուշը այդ բարբարոսներից կազմել էր բավականին մեծ և լավ զինված մի ավազակախումբ:

1917-ի դեկտեմբերի վերջերին հայկական խմբերը վաղ առավոտյան Աբրահամի, Ադամ Չաուշի և Արթին Աղայի գլխավորությամբ երեք կողմից շրջապատում են գյուղը: Անզիջում կռիվը տևում է մինչև երեկո: Մութն ընկնելուց հետո գյուղապետը, վախենալով գիշերային հարձակումից և թողնելով յուրայիններին, գաղտնի փախչում  և թաքնվում է հարևան Տյոնկել գյուղում: Հայկական խմբերը գիշերը մտնում են գյուղ: Բոլոր հայտնի ավազակներին և նրանց պարագլուխներին սպանում են, իսկ հայերի ունեցվածքով լցված նրանց տները՝ հրդեհվում: Կռվի մասնակիցների հուշերում կարդում ենք. «Գիշերը անցաւ խրախճանքի և վրիժառութեան երգերով, միշտ սակայն երեխայ, կին, ծեր ու տկար յարգուելով իրենց կեանքի և հանգստի իրաւունքներուն մէջ՝ հայդուկներու վեհանձն ու հպարտ զգացումներէն»[13]:

Խմբերը հարուստ ավարով վերադառնում են բանակատեղի: Երկու օր անց Արթին Աղան և Ադամ Չաուշը իրենց խմբերով շարժվում են դեպի Բալախոր հայկական գյուղը, իսկ այնտեղից՝ հունական Այազ Լալան հունական գյուղը, ուր վիրավորներին և հիվանդներին թողնելով հույների խնամքին՝ հեռանում են այլ ուղղությամբ: Կռվից խայտառակ կերպով խույս տված Թերեջե գյուղի գյուղապետը, հայերից վրեժ լուծելու համար, առևանգում է հունական Արփա Չուխուրու գյուղում պատսպարված Մարթա անունով մի հայ կնոջ, ով հազվագյուտ փրկվածներից էր:

Հույներն այդ մասին տեղեկացնում են Ադամ Չաուշին, ով որպես փոխվրեժ, հրամայում է անմիջապես պատանդ վերցնել մոտակա Հասան Աղա Դերեսի թուրքական գյուղի ողջ բնակչությանը՝ մանուկներից մինչև ծերեր: Նրանց բոլորին քշում են դեպի իրենց լեռնային բանակատեղի: Հայ խմբապետը թուրք գյուղապետից պահանջում է վերադարձնել հայ կնոջը, այլապես բոլոր պատանդները կսպանվեն: Չարշամբայի ղեկավարությունն ստիպված վերադարձնում է հայ կնոջը, որի դիմաց հարյուրավոր պատանդները ազատ են արձակվում. «Ադամ Չավուշին երբ իմացուցին, անիկա իսկոյն ճամբայ հանեց ոչխարանման բազմութիւնը դէպի Հասան Աղա Դերեսի»[14]:

Դավադրություններ

«Հաշտության» առաջարկի մերժումը հայկական խմբերի կողմից թուրքական իշխանություններին դրդեց փոխել գործելաոճը: Այդ տարիներին Պոնտոսի լեռները լցված էին բազմաթիվ մեծ ու փոքր թուրքական ավազակախմբերով, որոնք հայերի հետ խնդիրներ չունեին, ավելին՝ փորձում էին նրանց հետ բարեկամական հարաբերություններ հաստատել: Քիչ չէին դեպքերը, երբ նրանք հայերն օգտակար տեղեկություններ էին հաղորդում, աջակցում պարենով և այլն: Ավազակների հիմնական զբաղմունքը թալանն ու կողոպուտն էր: Նրանք հարձակվում էին քարավանների, առևտրականների, պետական փոստային ծառայությունների վրա: Գերում էին հարուստ մարդկանց և փրկագնի դիմաց ազատում: Չթշնամանալով հայկական խմբերի հետ՝ նրանք իրենց համեմատաբար ազատ էին զգում իրենց գործունեության մեջ, իսկ հայերն առաջնորդվում էին «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով:

Իշխանությունները, որ լավ էին հասկանում ստեղծված կացությունը, որոշում են փոխել ավազակների նկատմամբ վերաբերմունքը: Նրանք լիակատար ներում են հայտարարում ավազակներին՝ գործած բոլոր հանցանքների համար, ավելին՝ նրանց խոստանում են ոստիկանությունում և գյուղապետարաններում պաշտոններ, փող և այլ արտոնություններ, եթե նրանք իրենց հանձնեն հայ զինյալներին կամ բերեն նրանց գլուխները: Նման ամեն դեպքի համար խոստանում էին հավելյալ խոշոր դրամական պարգևներ: Նման դրամական պարգևներ էին խոստանում նաև բոլոր թուրք, լազ, հույն գյուղացիներին, որոնք կմատնեին հայերի թաքստարանների տեղերը կամ նրանց մասին կհաղորդեին օգտակար տեղեկություններ:

Մատնության առաջին զոհը, ինչպես տեսանք, դարձավ նահանգի հայդուկապետ Զիլ Օհաննեսը: Հաջորդը օրդուցի խմբապետ Օգսենն էր, ով Ռուսաստան անցնելուց հետո որոշ ժամանակ անց՝ 1917-ի հուլիսին, նոր ձևավորած մի խմբով վերադառնում է՝ փախստական հայերին՝ կին, երեխա, ծեր և հիվանդ, Ռուսաստան տեղափոխելու համար,  սակայն` մատնվում անհաջողության: Նա 12 ընկերներով գնում է Չարշամբա, 23-ը բարձրանում են Թազդաղ լեռը, իսկ մյուսները մնում են Թերմէին շրջանում: Վերջիններս իրենց խնամքի տակ գտնվող 30 փախստականների համար պարեն հայթայթելու ժամանակ պաշարվում են թշնամու գերազանցող ուժերի կողմից: Անակնկալի եկած խումբն անհավասար կռվում ամբողջությամբ նահատակվում է: Մի քանի օր անց ընկերների վրեժը լուծելու նպատակով Օգսենը մի քանի ընկերներով ուղևորվում է դեպքի վայրը: Ճանապարհին որոշում է հյուր գնալ իր վաղեմի բարեկամ, Յայլաջուկ հունական գյուղի քահանային: Կեսգիշերին, երբ նրանք քնած էին, քահանան դավադրաբար նրանց սպանել է տալիս: Հետագայում խմբապետ Ռաֆայել Թահմազյանը սպանում է դավաճան քահանային՝ լուծելով ընկերների վրեժը (ՕՐ., էջ 117):

Հունական Այազ Լալան գյուղում կայացած մի ժողովի որոշմամբ Ադամ Չաուշը Չարշամբայից կես ժամ հեռավորության վրա գտնվող Ջեյվար գյուղի լազերից պետք է գներ թուրքական հրացաններ, քանզի իրենց ունեցած ճապոնական հրացանների համար փամփուշտ ճարելը խիստ դժվարացել էր: Պայմանավորված օրը՝ 1917-ի մարտի 3-ին, Ադամը մի քանի ընկերներով հանդիպում է լազ ավազակապետ բալախորցի Ահմեդին, որի տնից պետք է վերցնեին խոստացված զենքը: Սակայն հյուրասիրության պահին լազ ավազակները, որ հաճախ էին գործ ունեցել հայերի հետ, անսպասելի կերպով հարձակվում են նրանց վրա և սպանում նախ՝ Ադամ Չաուշին, ապա՝ մյուսներին: Սպանդից մի կերպ ազատված Նազար Գապիկյանը, լսելով, որ հաջորդ զոհը լինելու է Արթին Աղան, մթության մեջ ազատվելով հետապնդումից, երեք ժամվա ճանապարհն անցնելով մեկ ժամում՝ դավադրության մասին լուրը հասցնում Բալախոր գյուղում իջևանած Արթին Աղային, որն անմիջապես խմբով հեռանում է դեպի լեռների թաքստոցները: Հաջորդ առավոտյան գյուղը շրջապատած լազ ավազակները վերադառնում են ձեռնունայն[15]:

1917-ի այսպես կոչված հաշտությունից հետո տեղի ունեցան նաև բազմաթիվ այլ դավադրություններ, որոնց կազմակերպիչները մեծավ մասամբ կյանքով էին հատուցում իրենց մատնությունների համար: Սակայն միշտ չէ, որ դրանք հասնում էին նպատակին: Հաճախ հայկական խմբերն իրենց հետախուզության կամ հավատարիմ բարեկամների միջոցով տեղեկացված էին լինում և խուսափում ծուղակներից: Պատահում էր նաև, որ օգնության էր հասնում դիպվածը կամ այլ հանգամանք, սակայն արդեն պարզ էր, որ վտանգը օղաիկը խմբերի շուր սեղմվում էր:

Աշնան վերջերին, երբ սկիզբ առած քաղաքացիական պատերազմի պատճառով խիստ դժվարացել կամ անհնարին էր դարձել փախստականներին Ռուսաստան տեղափոխելը, գրեթե երկու տարի լեռներում և անտառներում ապաստանած փախստականների մի մասը՝ կանայք, երեխաներ, ծերեր և հիվանդներ, աստիճանաբար իջնում են լեռներից, դուրս գալիս անտառային թաքստոցներից և վերադառնում իրենց բնակավայրերը:

Մինչև աշնան վերջը Չարշամբայի շրջանի խմբերից շատերն էլ են իջնում լեռներից՝ իրենց ընտանիքի հետ լինելու և նրանց մասին հոգալու համար: Լեռներում մնում են միայն Խաչիկ Թուլումճյանի և Սուրեն Չաքրյանի խմբերը: Ռուսաստան տեղափոխված չարշամպացի մարտիկներից Հաջի Բեկը իշխանությունների կողմից իր խմբով ուղարկվում է հետախուզական աշխատանքներ կատարելու համար, բայց նա միանում է Թազդաղի ընկերներին, որոնց տեղեկացնում է Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին. «Շատ աննպաստ լուրեր բերաւ ան Ռուսաստանէն քաղաքացիական և զինուորական կացութեան մասին: Այնպէս որ ջուրն ինկան Ռուսաստան անցնելու մեր յոյսերը» (ՕՐ., էջ 744): Շուտով Հաջի Բեկի ընկերները, զենքերը վայր դնելով իջնում են գյուղերը: Այդ ընթացքում Օրդուում գտնվող նրանց հրամանատարը նույնպես հետևում է իր զինվորներին:

Իշխանությունները մինչև ձմեռ փորձում են համոզել բոլոր հայ և հույն փախստականներին վերադառնալ իրենց տները: Գործընթացն արագացնելու համար միևնույն ժամանակ վարձում են բաշիբոզուկների խմբեր, որոնք հալածում են փախստականներին: Սրանց պարագլուխն էր Թոնկուլ օղլու Խալիլ անունով հայտնի ոճրագործը, որը տեղահանության օրերին սպանել էր բազմաթիվ հայերի: Նա փորձում է բարեկամանալ խմբապետների հետ, մի քանի անգամ նույնիսկ խմբերին պարեն է ուղարկում: Սակայն նրա ոճիրները չէին մոռացվել, և շատ չանցած հայ վրիժառուները կտրում են նրա գլուխը և մի ցցի անցկացնելով՝ ի ցույց դնում բոլոր նրանց, ովքեր ծրագրել էին սրա օգնությամբ ծուղակը գցել զենքերը վայր դնելուց հրաժարված խմբերին:

Դեպի Ռուսաստան

            Թեև Սամսոն գավառի նավահանգիստներից փախստականներն այլևս չէին կարող անցնել  Ռուսաստան, սակայն որոշ փորձեր հաջողությամբ են պսակվում. Այսպես՝ 1917 թ. աշնանը մոտ 400 հայեր զենքի ուժով պարտադրում են տրապիզոնցի նավատեր Թեֆանին, որ ազգությամբ լազ էր, Սամսոնից  մոտ երեք կիլոմետր հեռու գտնվող Տեվրենց բնակավայրի ծովափից իրենց տեղափոխել Ռուսաստան: Թեև փոթորիկների պատճառով նավի ուղևորները բավականին նեղություններ են կրում, երկու երեխա էլ մահանում է, բայց ի վերջո նավը հաջողությամբ հասնում է Ռուսաստանի Բեյազ Դերե ծովափնյա փոքրիկ նավահանգիստը[16]:

Ռուսաստան անցնելու հաջորդ փորձը կատարում է Յոզղատի գավառի Ակ դաղի Ալիս խումբը: Խուսափելով հալածանքներից և ծուղակներից՝ որոշում է անցնել Տրապիզոն, այնտեղից էլ՝ Ռուսաստան, սակայն Տրապիզոնի մատույցներում խումբն ընոում է թուրքերի՝ փշալարերով պատրաստած ծուղակը: Հայ զինվորները փոձում են հեռացնել փշալարերը. «Հազիվ թե անոնց դպած էին, զանգակները սկսան հնչել»[17]: Ազդանշանը լսելով՝ թուրք զինվորները շրջապատում են խումբը: Սկսվում է կռիվը: Հայեր զինվորները տարբեր ճանապարհներով նահնջում են և ի վերջո, զոհեր տալով, հայտնվում ռուսական վերահսկողության գոտում: Նրանք այստեղ գերվում են և որպես թուրքեր ուղարկվում նախ՝ Տրապիզոն, ապա՝ Բաթում, որտեղ, շնորհիվ զորավար Անդրանիկի և ազգային կուսակցությունների, «…ազատ կ’արձակուին և Սարիղամիշէն Սարգիս Արմաղեանի ձիաւոր խումբին միանալով կ’անցնին Էրզրում, դէպի կռուի ճակատ»[18]:

Ձմռան և գարնան ամիսներին աչքի ընկնող իրադարձություններ չեն արձանագրվում: Օգոստոսին Առաջին աշխարհամարտում պարտված օսմանյան կառավարությունը «ներում» է շնորհում լեռներում ապաստանած ըմբոստ խմբերին:

Նահանգի հայության կյանքում սկսվում է նոր և դպքերով հարուստ մի շրջան:


[1] Չանկիրիշ (Չանկելիշ) լեռը գտնվում է Ունիեից 50 կմ հեռավորության վրա՝ հյուսիսարևմտյան կողմում: Լեռը և նրա շրջակայքը ծածկված են թավուտ անտառներով: Լեռան հյուսիսային թևը ձգվում է դեպի Սև ծովը, արևելյան և արևմտյան կողմերում արոտավայրեր են և խորունկ ձորեր, հարավային կողմում տարածվում են դժվարամատչելի ժայռոտ լեռներ՝ յոթանասուն կիլոմետր երկարությամբ: Այն իր դիրքով և բնական ամրություններով մի ամրոց է, որին ապավինում են համշենահայերի ինքնապաշտպանական ջոկատները նահանգի տարբեր գյուղերից և քաղաքներից:

[2] Կ. Գալուստեան և Ն. Գաբիկեան, «Ագ-Տաղ», Մարսէյլ, 1932, էջ 61:

[3] Նույն տեղում:

[4] Նույն տեղում, էջ 64:

[5] Կ. Գալուստեան և Ն. Գաբիկեան, «Ագ-Տաղ», Մարսէյլ, 1932, էջ 92:

[6] Նշվ. աշխ., էջ 94:

[7] Չաթ գյուղի և նրա խմբի մասին տե΄ս Կ. Գալուստեան և Ն. Գաբիկեան, Ագ-Տաղ, էջ 26:

[8] Տե΄ս, օրինակ, Կ. Գալուստեան և Ն. Գաբիկեան, Ագ-Տաղ, էջ 121-122:

[9] Նշվ. աշխ., էջ 133:

[10] Նշվ. աշխ., էջ 134:

[11] Նշվ. աշխ., էջ 136:

[12] Այս մասին մանրամասն տես նաև Կ. Գալուստեան և Ն. Գաբիկեան, Ագ-Տաղ, էջ 136-138:

[13] Նշվ. աշխ., էջ 146:

[14] Նշվ. աշխ. Էջ 147:

[15] Այս դրամատիկ պատմության մանրամասները տե’ս Կ. Գալուստեան և Ն. Գաբիկեան, Ագ-Տաղ, էջ 151-156 (այս հուշագրության հեղնակներից Ն. Գապիկեանը դավադիրների սպանդից հրաշքով փրկված Նազար Գապիկյանն է):

[16] Մ. Թոռլաքեան, Օրերուս հետ, Պեյրութ, 2001, էջ 338:

[17] Կ. Գալուստեան և Ն. Գաբիկեան, Ագ-Տաղ, էջ 237:

[18] Մ. Թոռլաքեան, նշվ., աշխ., էջ 339:

Դրօշակ, փետրվար, 2025 թ․, թիւ 2 (1696)