կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-22 17:28
Հասարակություն

Դրվագներ 1915 թ. արևմտահայության ինքնապաշտպանական կռիվներից

Դրվագներ 1915 թ. արևմտահայության ինքնապաշտպանական կռիվներից

Կարելի է վստահաբար ասել, որ հայոց 4-5 հազարամյա պատմության ամենաողբերգական էջը 1915 թ. Հայոց մեծ եղեռնն է: «Մեծ» բառն ինքնին խոսում է այդ աղետի անսահման մասշտաբների մասին, և 100 տարի է (սկսած 1920 թ.), ինչ համայն հայությունը Ապրիլի 24-ը նշում է իբրև Հայոց մեծ եղեռնի հիշատակի ու ոգեկոչման օր: 

Սակայն մեր այս հրապարակման մեջ հարկ ենք համարում խոսել ոչ թե   կոտորածների, այլ այդ նույն ճակատագրական տարում արևմտահայերի հերոսական ինքնապաշտպանական, դիմադրական կռիվների մասին: Նախ արձանագրենք` այն, որ երիտթուրք կառավարության պարագլուխները նախօրոք ծրագրել ու պատերազմական խառնաշփոթի պայմաններում սկսել էին իրագործել արևմտահայերի տեղահանությունն ու զանգվածային ջարդերը1, դեռևս չէր նշանակում, թե ողջ հայությունը գլուխը կախ, լուռումունջ  ընդունել է իր մահը: 

Մենք տեսնում ենք, որ ազատագրական պայքարի ոգի ու փորձ ունեցող առանձին շրջաններ ՀՅԴ-ի առաջ քաշած «Ազատություն կամ մահ» կարգախոսով դիմեցին հերոսական ինքնապաշտպանության: Ինքնապաշտպանական մարտերից ամենանշանավորը և ամենաարդյունավետը  թերևս  կարելի է համարել Վանի 1915 թ. ապրիլյան  հերոսամարտը: Շուրջ մեկ ամիս (ապրիլի 7 - մայիսի 5) տևած Վանի ինքնապաշտպանական կռիվները ղեկավարել են կազմակերպչական-քաղաքացիական առումով դաշնակցական Արամ Մանուկյանը, իսկ զինվորական  գործերով` արմենական-ռամկավար Արմենակ Եկարյանը: Վանը հայ ազատամարտի այն շրջաններից է, որտեղ սովորաբար հայ ավանդական երեք՝ ՀՅԴ, Արմենական և  Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունները հանդես են եկել միասնաբար,  համագործակցելով և ավելի հաճախ հաջողություններ են արձանագրել: Տվյալ դեպքում ՀՅԴ-Արմենական համագործակցության մի վառ օրինակ է ապրիլյան ինքնապաշտպանությունը: Ինքնապաշտպանության կենտրոն դարձավ Վան քաղաքը,  հատկապես` նրա Այգեստան թաղամասը: Այդ ընթացքում հայկական թաղամասը բաժանվում է յոթ պաշտպանական շրջանների, փորվում են խրամատներ, կառուցվում պաշտպանական ամրություններ, հմուտ զինագործ վանեցիները անգամ պատրաստում էին ինքնաշեն զենք, զինամթերք, վառոդ, նույնիսկ թնդանոթ: Եվ այդպես շուրջ մեկ ամիս վան-վասպուրականցիները կարողանում են քաջաբար պաշտպանվել Վանի կուսակալ Ջևդեթ բեյի գլխավորած թուրք-քրդական  12 հազարանոց զորքից, մինչև որ ռուսական զորամասերից առաջ օգնության են հասնում և մայիսի 5-ին քաղաք են մտնում Խանասորի Վարդանի (Սարգիս Մեհրաբյան) ու դաշնակցական Խեչոյի (Խաչատուր Ամիրյան) գլխավորած հայ կամավորական ջոկատները: Այս կապակցությամբ նշենք, որ իրականությանը չի համապատասխանում խորհրդային և սփյուռքյան որոշ շրջանների պատմահուշագրական գրականության մեջ տեղ գտած տեղեկությունը, թե Վանի ինքնապաշտպաններին առաջինը օգնության է հասել ու քաղաք է մտել Անդրանիկը: Վանի ազատագրումից հետո ռուսական բանակի հրամանատարության մայիսի 7-ի հրամանով Վան-Վասպուրականի  ժամանակավոր  նահանգապետ է նշանակվում  (մինչև հուլիսի 17-ի  հարկադիր մեծ գաղթը) Վանի ինքնապաշտպանության փաստական ղեկավար, իսկ մի քանի տարի անց (1918 թ.) Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը: Ա. Մանուկյանին հաջողվում է նահանգում ստեղծել կառավարման այնպիսի արդյունավետ մարմիններ, որոնց փորձը նա հետագայում  խելամտորեն կիրառում է արդեն նորահռչակ ՀՀ-ում2:

Վան-Վասպուրականի ինքնապաշտպանության պատկերն ամբողջացնելու համար հարկ է նշել, որ այդ նույն օրերին հաջող ինքնապաշտպանական կռիվներ  է մղել նաև հարևան Շատախ գավառի հայությունը: Եվ Վանի ազատագրումից հետո` մայիսի 14-ին, Շատախի կենտրոն Թաղի պաշտպաններին առաջինը օգնության է հասնում հայկական 2-րդ կամավորական ջոկատը` Դրոյի  հրամանատարությամբ: Ինչ վերաբերում է Մոկսի հայությանը, ապա այս դեպքում պետք է արժանին մատուցել քուրդ ցեղապետ Մուրթուլլա բեյին: Նրա շնորհիվ տեղի հայությունը մեծ մասամբ  կարողանում է փրկվել կոտորածներից: Հարկ է նշել, որ սա այն եզակի դեպքերից է, երբ քուրդ ցեղապետը բարյացակամություն է ցուցաբերել ու պաշտպանության տակ  առել տեղի հայ ազգաբնակչությանը. մնացած դեպքերում հայտնի է, որ հայերի կոտորածները, ալան-թալանը հիմնականում կատարվել են քուրդ հրոսակախմբերի կողմից, որոնք գործիք էին դարձել թուրք իշխանությունների ձեռքին՝ վերջիններիս ջարդարարական քաղաքականության իրականացման համար:

Խոսելով Առաջին աշխարհամարտի ծանր տարիների մասին՝ հարկ է  հիշատակել նաև այն իրողությունը, որ ռուսական քաղաքական ու զինվորական իշխանությունները, առաջնորդվելով զուտ մեծապետական-գաղութարարական շահերով, մեղմ ասած առանձնապես բարյացակամ ու գթասիրտ վերաբերմունք չեն ցուցաբերել ինքնապաշտպանվող, տառապանքներ ու զրկանքներ կրող արևմտահայ ժողովրդի հանդեպ` չնայած այն բանին, որ այդ ողջ ընթացքում հայերն իրենց քաղաքական շրջանակներով ցուցաբերում էին անկեղծ համակրանք և  համակողմանի օգնություն ռուսական զորքի ու զենքի հաղթանակի գործում: Այդ մասին կան աղաղակող փաստեր, երբ պատերազմի տարիներին ռուսական բանակը երեքից չորս անգամ կասկածելի, արհեստական ու միտումնավոր նահանջներ կատարեց ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական նկատառումներով: Պատմագիտական և հուշագրական գրականությունից հայտնի է ռուս գեներալ Պեշկովի ծրագիրը «Եփրատյան  կոզակության» մասին3: Այդ նահանջների հետևանքով, փաստորեն, հարյուր հազարավոր արևմտահայեր դառնում էին թուրք-քրդական հարձակումների ու կոտորածների թիրախ: Այս կապակցությամբ, օրինակ, արևմտահայ գործիչ Ավետիս Թերզիպաշյանը նշում է, որ «1915-ին, երբ ռուսական բանակը Մուշի դաշտին մօտիկացած էր, տեսնելով, որ իւր յառաջխաղացումով 100000 հայեր կ’ազատուին, կեղծ նահանջ մը սարքեց եւ թոյլ տուաւ` ամբողջ Մուշի գավառը կոտորուի: Միեւնոյն կեղծ նահանջը ըրաւ Վասպուրականի մեծ գաղթին, որմէ, ինչպէս գիտենք, 90000 հոգի ճանապարհին եւ Կովկասի մէջ մեռան հիւանդութենէն»4:

Այդուհանդերձ, Վան-վասպուրականցիների ինքնապաշտպանության  շնորհիվ 120 հազարից ավելի, իսկ որոշ տվյալներով` 200 հազար վան-վասպուրականցիներ  (հուլիսյան նահանջի ընթացքում հատկապես Բերկրի կիրճում քրդերի ավազակային հարձակման հետևանքով զգալի կորուստներ կրելով հանդերձ) կարողացան փրկվել թուրք-քրդական հետագա կոտորածներից ու ներգաղթել Արևելյան Հայաստան:

Ի տարբերություն Վան-Վասպուրականի՝ անհաջող ելք ունեցավ Մուշի և Սասունի (Դուրան-Բարձրավանդակի) ինքնապաշտպանությունը: Այստեղ գոյամարտը ղեկավարում էին Ռուբեն Տեր-Մինասյանը և Վահան Փափազյանը (Կոմս): Չորս կողմից պաշարված մշեցիները և սասունցիները 6-7 ամիս (1915 թ. գարնան և ամռան ամիսներին) դիմադրեցին: Հայ ինքնապաշտպանները, դիմադրություն ցույց տալով, այս անգամ ևս ակնկալում էին ռուսական զորքի և հայ կամավորների  օգնությունը:  Սակայն ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական նկատառումով այդ օգնությունը չցուցաբերվեց: Մի կողմից Մանազկերտ հասած ռուսական զորքերի` ժամանակին (իբրև ազդանշան Նեմրութ սարին կրակ պետք է վառվեր) օգնության չհասնելու, իսկ մյուս կողմից՝ տեղում զենքի ու զինուժի պակասի, ինչպես նաև ինքնապաշտպանության ղեկավարների թույլ տված մարտավարական սխալների պատճառով ամիսներ տևած դիմադրությունը պարտությամբ ավարտվեց: Տարոն-Սասունի ինքնապաշտպանությունը խեղդվեց արյան մեջ և փաստորեն վերածվեց տեղի հայության սպանդի: Փրկվեցին Սասունի քաջարի ժողովրդի միայն բեկորները:

1915 թ. հունիսին անկուսակցական Ղուկաս Տեովլեթյանի ղեկավարությամբ ինքնապաշտպանական կռիվներ մղվեցին ժողովրդական հերոս Անդրանիկի (Օզանյան) ծննդավայր Շապին-Գարահիսարում, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին դաշնակցական Մկրտիչ Յոթնեղբայրյանի գլխավորությամբ՝ Ուրֆայում: Սակայն երկու դեպքում էլ ամսից ավելի մղված գոյամարտը ճնշվեց թուրք-մահմեդական գերազանց ուժերի կողմից:

Ըստ ամենայնի, ուշադրության ու գովասանքի է արժանի 1915 թ. ինքնապաշտպանական մեկ այլ դրվագ: Խոսքը պատմության մեջ հայտնի Մուսա դաղի (լեռան) դյուցազնամարտի մասին է, որն ի վերջո անհամեմատ բարեհաջող ավարտ ունեցավ: Այդ պայքարը գլխավորել են ռազմական և վարչական մասերի ղեկավարներ Եսայի Յաղուբյանը և Տիգրան Անդրեասյանը: Միջերկրական ծովի ափամերձ հայկական 6 գյուղերի ավելի քան 4000 սուետիահայեր, 1915 թ. հուլիսի վերջերին չենթարկվելով բռնագաղթի թուրքական հրամանին, բարձրացան մոտակա Մուսա լեռը և 40 օր ու գիշեր հերոսաբար պաշտպանվեցին, մինչև որ հայերի խնդրանքով ծովից ֆրանսիական «Գիշեն» և ապա «Ժաննա դը Արկ» շոգենավերն օգնության  հասան և սեպտեմբերին  շրջապատվածներին բարեհաջող փոխադրեցին Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաք-նավահանգիստ: Ամենքին է հայտնի այս հերոսապատումին նվիրված ավստրիացի հրեա լրագրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» խորագրով վեպը2:

Ամփոփելով վերը շարադրվածը՝ կարելի է եզրակացնել, որ միանգամայն բնական ու արդարացված պետք է համարել Մեծ եղեռնի տարում արևմտահայերի  ինքնապաշտպանական կռիվները: Այնտեղ, որտեղ հայերը դիմել են ինքնապաշտպանության, համեմատաբար ավելի քիչ կորուստներ են ունեցել, իսկ այն վայրերում, որտեղ, միամտություն հանդես բերելով, դիմադրություն ցույց չեն տվել, հույսը դրել են թուրքերի գթասրտության վրա, ըստ էության, գլխովին կոտորվել են  կամ էլ քշվել Միջագետքի անապատները և ճանապարհին կոտորվել՝ զոհ դառնալով ավազակային հարձակումներին, բռնություններին, սովին, ծարավին ու համաճարակներին: Միանգամայն կեղծ ու մերժելի պետք է համարել  գրականության մեջ տարածում գտած այն վարկածը, թե իբր հայկական կամավորական շարժումն ու  ինքնապաշտպանական կռիվներն են եղել Հայոց ցեղասպանության պատճառ: Իրականում նման տեսակետի տարածողները փորձում են դրանով արդարացնել կամ մեղմել երիտթուրքերի հայաջինջ քաղաքականությունը: Եթե իբրև առարկություն ներկայացվում են հայերի ինքնապաշտպանական կռիվները կամ կամավորական խմբերի գործունեությունը, ապա դրանք կարելի է համարել ընդամենը պատրվակ թուրքական հայակուլ ծրագրերի իրականացման ճանապարհին: 1919 թ. աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ (Թ) Ընդհանուր ժողովը, տալով կամավորական շարժման գնահատականը, կայացրել է հետևյալ որոշումը. «Վճռապէս մերժել բոլոր այն կարծիքները, թէ հայկական աղետները ուղղակի հետեւանք էին կամավորական  շարժումին, ընդհակառակը այդ շարժումը նկատել հայ ժողովուրդի ինքնապաշտպանական մէկ պատմական փաստ եւ մեր քաղաքական ազատագրութեան ազդակ»6: Իբրև նոր որակ և 1915 թ. ինքնապաշտպանական կռիվների բովանդակության շարունակություն պետք է հատուկ ընդգծել 1918 թ. Մայիսյան հաղթական հերոսամարտերը, որոնք դարավոր ընդմիջումից հետո հիմք հանդիսացան Հայաստանի անկախության վերականգնման համար: Դրա կողքին չպետք է մոռանալ նաև 1921 թ. Փետրվարյան ապստամբությունը, որը մեկուկես ամսով վերականգնեց ազատ և անկախ Հայաստանը: Ըստ ամենայնի, եթե այն ժամանակ չլինեին այդ կռիվներն ու պայքարը, այսօր հավանաբար դժվար կլիներ խոսել մեր ժամանակների Արցախյան ազատամարտի ու հայոց երկու ազատ և անկախ հանրապետությունների մասին:


Արարատ Հակոբյան

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Աղբյուրներ

1.Ռուբէն, Հայ-թըրքական կնճիռը, Գահիրէ, 1924, էջ 89:

2. Ասրյան Ա., Արամ Մանուկյան. կյանքը և գործը, Եր., 2005, էջ 211-215:

3. Տե´ս Ռուբէն, նշվ. աշխ., էջ 83, տե´ս նաև Լէո,  Անցեալից, Թիֆլիս, 1925, էջ 323, Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Պէյրութ, 1958, էջ 14:

4. «Համահայկական խորհրդակցություններ (1912-1920 թթ.), փաստաթղթերի և նյութերի ժողովածու, պատ. խմբագիր՝ Վիրաբյան Ա., Եր., 2004, էջ 489:

5. Հակոբյան Ա., Հայոց պատմություն, Եր., 2018, էջ 259:

6. «Քաղուածներ Հ. Յ. Դ. 9-րդ Ընդհանուր ժողովի որոշումներից», Եր., 1920, էջ 16:

 

«Դրօշակ», թիվ 4 (1638), ապրիլ, 2020 թ.