կարևոր
1006 դիտում, 1 ամիս առաջ - 2025-02-04 13:10
Քաղաքական

Հայրենիքը իրենը չէ, որ վաճառի ու հանձնի. Փաշինյանի այցի առիթով բողոքի ցույցեր Վաշինգտոնում

Հայրենիքը իրենը չէ, որ վաճառի ու հանձնի. Փաշինյանի այցի առիթով  բողոքի ցույցեր Վաշինգտոնում

Նիկոլ Փաշինյանի այցի առթիվ ամերիկահայ երիտասարդությունը ցույց է կազմակերպել Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան դիմաց: Երիտասարդների բարձրացրած ցուցապաստառների վրա գրված էին՝ «Գերիները մոռացված», «Արցախը դավաճանված» և այլն։ Ցույցի մասնակիցները դատապարտում էին Փաշինյանի քաղաքականությունը, որը վտանգի տակ է դրել Հայաստանի ինքնիշխանությունը և լքել Արցախին ու նրա ժողովրդին։

Փաշինյանը, Վաշինգտոն այցելելով, փորձում է վերականգնել իր վարկը՝ հատկապես ուրանալով Հայոց ցեղասպանությունը և անտեսելով Սփյուռքը։

«Փաշինյանը նախընտրել է ժամանել Վաշինգտոն՝ մեր քաղաքը, եւ սպասում է, որ մենք իրեն  պատվենք, հանդիսանանք նրա բեմադրության մասնիկը եւ լռությամբ ընդունենք հայկական հողերի ու կյանքերի հանձնումը, ժողովրդավարության եւ արժանապատուության կորուստը։ Սակայն, մենք բացարձակապես մերժում ենք նմանօրինակ քաղաքականությունը եւ շարունակում ենք թիկունք կանգնել մեր իսկական ազգային արժեքներին եւ շահերին», - նշվում է ՀՅԴ Վաշինքտոնի «Սեպուհ» կոմիտեության հրապարակված հայտարարության մեջ։

Հայ Երիտասարդաց Դաշնակցության Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղի ատենապետ Վարդգես Փամպուկյանը եւս անդրադարձել է հարցին՝ նշելով. «Սփյուռքը պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արցախի համար։ Փաշինյանի՝ Վաշինգտոն այցի ժամանակ մենք չպիտի լռենք։ Մենք դեմ ենք իր որդեգրած քաղաքականությանը»։

ՀԵԴ Արեւելյան Ամերիկայի Կենտրոնական վարչության անդամ Նաիրի Շահնազարյանը  շեշտել է. «Մեր պատգամը Փաշինյանին այն է, որ Հայրենիքը իրենը չէ, որ վաճառի ու հանձնի: Եւ մեր պատգամը Հայաստանի եւ Արցախի ժողովրդին այն է, որ մենք ձեզ հետ ենք։ Հայաստանի անվտանգությունը, Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը եւ մեր ռազմագերիների ազատ արձակումը ամենակարեւոր հարցերն են, որոնք մենք պիտի պաշտպանենք։ Վաշինգտոնում Փաշինյանը կարող է լռել այս թեմաների մասին, բայց Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը միշտ առաջին գծում է այս հարցերով։ Իր անխոհեմ քաղաքականությունը մեզ հասցրեց Արցախի ցեղասպանությանը եւ մեր հողերի գրավմանը։ Մեր ամենամեծ մտահոգությունն այն է, որ, շարունակելով այս ուղին՝ Հայաստանը ևս պիտի կորցնենք»։

Այս ցույցերը շեշտում են Սփյուռքի և հատկապես երիտասարդների աճող  դժգոհությունը։ Նրանք Փաշինյանի վարած քաղաքականությունը համարում են ազգային շահերի դավաճանություն։ Երբ նա փորձում է կապեր հաստատել Ամերիկայի պետական պաշտոնյաների եւ հայ համայնքի հետ, իր ընդդիմադիրները վճռական են՝ բարձրաձայնելու իրենց մտահոգությունները եւ բաժանելու ցավերը։

Հրապարակումը՝ «Հայրենիքի»: Արևելահայերեն տարբերակը՝ Yerkir.am-ի: