կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-21 18:50
Իրավական

Չարաբաստիկ կնոջը լսած տուժողի բնակարանը, կարծես, իրենը չէր

Չարաբաստիկ կնոջը լսած տուժողի բնակարանը, կարծես, իրենը չէր

Մի բնակարանը մի քանիսին վաճառելու գործով այսօրվա դատական նիստում վերջապես սկսվեց խաբված գնորդների հարցաքննությունը: Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացությամբ` այս գործով հանդես կգա 254 տուժող:

 

Առաջինը ցուցմունք տվեց 75-ամյա Արա Տոնոյանը, ով պայմանագիր է կնքել «Գապբնակշինի» նախկին ղեկավար Գագիկ Պապոյանի հետ և 75 հազար դոլարով բնակարան  գնել Արամի 72 հասցեում, որը մինչ օրս  չի ստացել: Տուժողը դատարանին պատմեց իր` բնակարան գնելու մտադրության և Գ. Պապոյանի հետ ծանոթանալու հանգամանքների մասին:

 

«Ես չարաբաստիկ կնոջս ցանցն եմ ընկել»,- խոստովանեց տուժողը և հավելեց, որ, Նոր Արեշում գտնվող իր սեփական տունը վաճառելով 80 հազար դոլարով, ցանկացել է նոր բնակարան գնել:

 

«Գնում էինք, տարբեր շենքերում բնակարաններ նայում, բայց  ոչ մեկը կնոջս սրտով չէր: Ասում էր` էս պատը մրոտ ա, էս պատը հին ա և այլն: Վերջը  «Գինդով»  տուն գտավ, որ զանգեմ էդ չարաբաստիկ բրոկերին: Հետը պայմանավորվեցի, ասաց` կգաք Մալուբոյա, Մոլբոռնոյա (դատավարության մասնակիցները հուշեցին` «Մալիբու» սրճարան),  դրա մոտ:  Էս զզվանք արարածն ինձ խաբեց, որովհետև իմ տեսած տունը բոլորովին ուրիշ տեղ էր և արժեր 65 հազար դոլար: Ինձ ասաց` ձա'ձ ջան, արի ավելի լավ տուն առաջարկեմ, և բերեց այս գեղեցիկ, ամենազոր ընկերոջ մոտ»,- մատնանշելով Գ. Պապոյանին` ասաց խաբված գնորդը: 

 

«75 հազար չալաղաջը (նկատի ունի դոլարը) տվեցի Պապոյանին, պայմանագիրը ստորագրեցի, 72 քմ բնակարանի բանալիները վերցրի և կնոջս հետ գնացի բնակարանը տեսնելու»,- ասաց նա:


Տուժողի խոսքով` իրենք նոր բնակարանում այդ օրը մաքրություն են արել, իսկ օրեր անց, երբ կրկին եկել են, չեն կարողացել բանալիով դուռը բացել: «Ասացի` բարգալկա բերենք, դուռը բացենք, բայց խորհուրդ չտվեցին»,- անկեղծանում է տուժողը և հավաստիացնում, որ եթե իմանար` ինչ պատմության մեջ է ընկնելու, չէր դիմի նման գործարքի:

 

Տուժողը դատարանին հայտնեց նաև, թե ինչպես է ծանոթացել գործով մեկ այլ տուժող  Սուրեն Ավագյանի հետ, ով իրեն ասել է. «Ոնց որ  իմ ու քո բնակարանը նույնն ա»:

 

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Տոնոյանի գնած բնակարանը վաճառվել է մեկ ուրիշ գնորդի ևս, որի մասին, սակայն, տուժողը տեղյակ չէր: Տոնոյանը դատարանին հայտնեց նաև, որ բնակարանը գնելու համար միջնորդ հանդիսացած բրոքերին այդպես էլ հետո չի գտել, անունը մոռացել է, միայն հեռախոսահամարն ունի: Խաբված գնորդի միակ ցանկությունը բնակարանը ստանալն է: Նա  նոր բնակարան ստանալու քաղհայցով դիմել է դատարան:

 

 

Դեռեւս 253 տուժող պետք է հարցաքննվի: