Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արագ զարգացող ինտերնետային եւ հեռահաղորդակցության ծառայություններ մատակարարող առաջատար ընկերություններից «Էֆ Նեթ» (FNET) ՍՊԸ-ն տեւական ժամանակ է՝ սկսել է զբաղվել նաեւ դոմոֆոնների տեղադրման ու տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցմամբ։ Պարզվում է՝ տվյալ ընկերությունը դա անում է ոչ թե առողջ մրցակցության սահմաններում, այլ շենքերի բնակիչներին մոլորության մեջ գցելով՝ մրցակցության չարաշահմամբ։
«Էֆ Նեթ»-ի վերը նշված գործողությունները շարունակական բնույթ են կրում, որի վերաբերյալ առկա են՝ խարդախության, ինքնիրավչության, գողության վերաբերյալ ներկայացված հաղորդումներ հանցագործության մասին:
2022-ի դեկտեմբերին ընկերությունը ապամոնտաժել է Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի մուտքի դռան «Արմատիս» ընկերության տեղադրած դոմոֆոնի տեխնիկական սարքավորումները։
Ըստ «Արմատիս» ընկերության՝ «Էֆ Նեթ»-ի աշխատակիցները մոտեցել են շենքի բնակիչներին՝ թաքցնելով, որ հանդիսանում են ոչ թե «Արմատիս» ՍՊ ընկերության, այլ մրցակից ընկերության՝ «Էֆ Նեթ»-ի աշխատողներ, հարցրել՝ արդյոք ցանկանում են որպեսզի բարելավվի ծառայության որակը։ Դրական պատասխան ստանալուց հետո, «խարդախությամբ»՝ բնակիչներից կորզել են ստորագրություններ, որով կհաստատեն իրենց ցանկությունը։ Հետո այդ ստորագրություններին են միացրել բնակիչներից գաղտնի պահած տեքստը, որի համաձայն՝ բնակիչները ցանկություն են հայտնում լուծարել «Արմատիս» ՍՊ ընկերության հետ իրենց պայմանագրերը։ Դա ուղարկել են «Արմատիս» ընկերությանն ու մինչեւ նրանց միջոցներ ձեռնարկելը, ապամոնտաժել են դոմոֆոնն ու իրենց ընկերությանը տեղադրել։ Պատրաստի բիզնեսի ու սարքավորումների վրա, ընդամենը իրենց դոմոֆոնները տեղադրելով՝ փաստացի «գողանում» են մի այլ ընկերության հաճախորդներին։ «Արմատիս»-ը անմիջապես դիմել է ոստիկանություն, սակայն ոստիկանություն մերժել է հարուցումը։ Գլխավոր դատախազություն բողոքարկելուց հետո գործ է հարուցվել։
«Արմատիս» ընկերությունը մի քանի նման դեպք է արձանագրել, այդ թվում՝ օրինակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Ընկերության փաստաբան Գուրգեն Թորոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դիմել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, իսկ հանձնաժողովը պատասխանել է, որ այդ իրավիճակը դուրս է իր լիազորությունների շրջանակից։ Փաստաբանի համոզմամբ, դա հենց հանձնաժողովի գործառույթների տիրույթում է, քանի որ անբարեխիղճ մրցակցության փաստն ակնհայտ է։ «Ներկայում թվով 4 քրեական գործ է հարուցված եւ «Արմատիս» ընկերությունը տուժող կողմ է ճանաչվել։ «Էֆ Նեթ»-ը ընկերությունը եկել ու «զոռբայությամբ» ուզում է տիրանալ ուրիշի բիզնեսին։ Մենք խոսել ենք այդ շենքերի բնակիչների հետ եւ ունենք փաստեր, որ նրանք տեղյակ չեն եղել, որ լուծվելու է իրենց պայմանագիրը «Արմատիս» ընկերության հետ։ Սա իրավապահ մարմինների անգործության հետեւանք է։ Դատարաններն այնքան գերծանրաբեռնված են, որ նման գործերը կարող են երկու-երեք տարի տարի քննվել ու հետո վաղեմությամբ փակվել, իսկ տնտեսվարողը կարող է այս ընթացքում մեծ վնասներ կրել ու կորցնել բիզնեսը։ Կան նաեւ այլ կազմակերպություններ որոնք ևս տուժող են ճանաչվել նշված գործողություններից» ,-պարզաբանեց փաստաբանը։
Նշենք, որ ըստ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալության տվյալների՝ «Էֆ Նեթ» տելեկոմի գլխավոր գործադիր տնօրենը Գեւորգ Ենգիբարյանն է, իսկ մյուս շահառուն Անդրանիկ Էլմասյանը։ Ընկերությունը հիմնվել է 2009 թվականին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: