կարևոր
928 դիտում, 1 օր առաջ - 2025-01-27 17:46
Աշխարհ

Թրամփը փորձում է խցկվել Իրանի և Ռուսաստանի միջև

Թրամփը փորձում է խցկվել Իրանի և Ռուսաստանի միջև
ԱՄՆ-ի նոր վարչակազմը նախքան Թեհրանի վրա ճնշումը մեծացնելը ցանկանում է Իրանի նկատմամբ բանակցել դիվանագիտություն, հաղորդում Է Financial Times-ը: Պարբերականի տվյալներով՝ Թրամփը պատրաստվում է Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին հանձնարարել զբաղվել Իրանի հետ Վաշինգտոնի խնդիրներով, ինչը վկայում է, նախագահը ցանկանում է դիվանագիտություն բանացնել նախքան Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելը: Թրամփի թիմն արդեն տարբեր միջոցներ է առաջարկել իրանական իշխանությունների վրա «առավելագույն ճնշման» արշավի շրջանակներում՝ ներառյալ նոր պատժամիջոցները եւ ներկայիս սահմանափակումների խստացումը: Սակայն Թրամփն ու նրա խորհրդականները խոսել են նաեւ Իրանի հետ առճակատումից խուսափելու ցանկության մասին: Թրամփի որոշ խորհրդականներ այժմ հայտարարում են՝ իրենց ակնկալիքներով Ուիթքոֆը կստուգի, թե արդյո՞ք դիվանագիտությունը կարող է թուլացնել լարվածությունը ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ:

Իսկապես, Թրամփի նոր խորհրդականների առաջին մեկնաբանությունները Թեհրանի նկատմամբ Սպիտակ տան ենթադրյալ նոր քաղաքականության վերաբերյալ տարբեր էին երկու դիրքորոշումների շուրջ՝ կամ «մեծ գործարք», կամ «էսկալացիայի վերսկսում»: Այսպիսով, Sky News Arabia հրատարակությունը պնդում էր՝ Թրամփը, որն ավելի վաղ դուրս էր եկել միջուկային համաձայնագրից, «ավելի շատ կկենտրոնանա Իսրայելի վրա, որը նախընտրում է չհասնել Իրանի հետ որեւէ նոր համաձայնագրի, որը, ըստ նրա, կանգնած է միջուկային զենքի ստեղծման շեմին, հանդես է գալիս պատժամիջոցների շարունակման եւ ուժեղացման օգտին, որպեսզի թուլացնի իրանական ռեժիմը ներսից եւ հանգեցնի դրա փլուզմանը»: Ընդ որում՝ Իսրայելին կոչ է արվում սկսել նման գործողության իրականացումը «որքան հնարավոր է շուտ, քանի դեռ Իրանը չի հայտնվել Ռուսաստանի եւ Չինաստանի լիակատար ազդեցության տակ»:

Բայց Թրամփը սկսեց գործել այլ սցենարով։ Նա կատարեց առաջին քայլը եւ անսպասելի որոշում կայացրեց չեղարկել անվտանգության միջոցառումները իր նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Իրանի հարցերով նախկին ավագ օգնական Բրայան Հուկի համար: Նրանք, ըստ փորձագետների ակնրակների, առնչություն են ունեցել Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ: Հիշեցնենք՝ անցած տարվա մայիսին Թեհրանի գլխավոր դատախազ Ալի Սալեհին հայտարարել էր նախկին նախագահ Թրամփի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության նախկին հրամանատար, գեներալ Քենեթ Մաքքենզիի դեմ դատական ծանուցագիր տրամադրելու մասին:

Թրամփը ԿՀՎ նախկին վերլուծաբան Մայքլ Դիմինոյին հանձնարարել է ղեկավարել ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) մերձավորարեւելյան քաղաքականությունը: Նա հայտնի է, որ հանդես է եկել Մերձավոր Արեւելքում, հատկապես Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայության կրճատման օգտին՝ հայտարարելով՝ «ԱՄՆ-ը տարածաշրջանում կենսական կամ էական շահեր չունի»: «Մենք իրականում այստեղ ենք Իրանին դիմակայելու համար, եւ իրականում դա տեղի է ունենում իսրայելցիների եւ սաուդցիների խնդրանքով», - ասում էր նա: «Ես կտրականապես կողմ եմ, որ մոտենանք շելֆում հավասարակշռման կետին, տարածաշրջանում անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի պարտավորությունների նվազմանը», - ասել է նա: Բայց գլխավորն այն է, որ Դիմինոն Իրանին դիտարկում է որպես «երկրորդական» եւ «վերահսկելի» սպառնալիք:

Վերջապես, երրորդ քայլը.Մերձավոր Արեւելքում նոր բանագնաց Ուիթկոֆի դուրսբերումը իրանական «խաղի» մեջ, որը մեծ դեր է խաղացել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում: Այժմ նա պետք է գլխավորի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ջանքերը, սակայն Թրամփի՝ «տարածաշրջանում պատերազմները դադարեցնելու» տարբերակների ավելի լայն տեսլականի համատեքստում: ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Օլինջերը ենթադրում է՝ Թրամփը «կսկսի արդիականացնել Թեհրանի վրա ճնշման իր դիվանագիտությունը՝ ավելի շատ ոտնակոխ անելով տնտեսության եւ նավթ արտահանելու Իրանի կարողությունը»: Նրա տվյալներով՝ նման դիվանագիտության համար Թրամփը ժամկետ է հատկացնում «մինչեւ 2025 թ-ի հոկտեմբեր»: Այս կապակցությամբ Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Մասումը հայտարարել է՝ անհրաժեշտության դեպքում իր երկիրը պատրաստ է միջնորդ հանդես գալ Իրանի եւ Ամերիկայի միջեւ:

Ամերիկյան Axios պորտալը ենթադրում է՝ «Թրամփը փորձում է խցկվել Իրանի եւ Ռուսաստանի միջեւ նոր միջուկային գործարքի միջոցով»: Այս կապակցությամբ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է․ «Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադարձել Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թ-ի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանների կատարմանը»: Միեւնույն ժամանակ, հունվարի 13-ին Ժնեւում Իրանի եւ «եվրոպական եռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա) միջեւ բանակցությունների երրորդ փուլի ընթացքում Իրանը պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները միջուկային գործարքի շուրջ, «սակայն ոչ 2015 թ-ի համաձայնագրի պայմաններով»: Թե ինչ դուրս կգա նման մանյովրերից, դեռ հայտնի չէ:

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի