կարևոր
322 դիտում, 2 ժամ առաջ - 2025-01-22 13:28
Տարածաշրջան

Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհ է բռնկվել. արդեն կա 76 զոհ

Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհ է բռնկվել. արդեն կա 76 զոհ

Թուրքիայի Բոլու նահանգի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում երեքշաբթի գիշերը հրդեհ է բռնկվել։ Այն արագորեն կլանել է ամբողջ հյուրանոցը։ Ներքին գործերի նախարար Ալի Յերիլքաիան հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 76-ի, ավելի քան 40 վիրավոր հիվանդանոցում պայքարում է ապրելու համար, գրում է BCC-ն։

Հրդեհը բռնկվել է 12-հարկանի (այլ տվյալներով՝ 11-հարկանի) Grand Kartal հյուրանոցում տեղական ժամանակով ժամը 03:27-ին: Այժմ Թուրքիայում ազգային երկշաբաթյա դպրոցական արձակուրդի սկիզբն է և լեռնադահուկային սեզոնի գագաթնակետը, ուստի հյուրանոցում 234 հյուր կար, բոլոր զոհերն ու վիրավորները Թուրքիայի քաղաքացիներ են։

Բոլուի նահանգապետ Աբդուլազիզ Այդընը հայտնել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը սկսվել է հյուրանոցի չորրորդ հարկում գտնվող ռեստորանի տարածքում եւ տարածվել վերին հարկերում։ Հյուրանոցը գտնվում է Բոլուի կենտրոնից բավականին հեռու։ Սառցե եղանակի հետ մեկտեղ՝ դա նշանակում էր, որ հրշեջներին ավելի քան մեկ ժամ է պահանջվել դեպքի վայր հասնելու համար:

Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով հրդեհը հաջողվել է մարել տասը ժամում։ Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հյուրանոցի պատուհաններից ցած նետվելով մահացել է առնվազն երկու մարդ։ Ոմանք էլ փորձել են պատուհաններից դուրս գալ անկողնային պարագաներից պատրաստված պարաններով:

Դահուկային հրահանգիչ Նեջմի Քեփչետուտանը թուրքական հեռուստատեսությանը պատմել է, որ իրեն հաջողվել է փրկվել, քանի որ լավ գիտեր հյուրանոցը, մինչդեռ հյուրանոցի հարմարություններին անծանոթ հյուրերն ավելի քիչ բախտավոր են եղել:

«Մարդիկ պատուհաններից գոռում էին` փրկեք մեզ, քանի որ ներսում շատ ծուխ էր, 20-25 հոգու դուրս հանեցինք»,- ասել է նա NTV-ին:

Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Արդեն 9 ձերբակալված կա, այդ թվում նաև հյուրանոցի սեփականատերը։ Արդարադատության նախարար Յիլմազ Թունչը հայտնել է, որ հետաքննությանը միացել է դատախազությունը: Թուրքիայում այսօր սգո օր է։