Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Կարծում եմ, 2024 թվականը շրջադարձային էր եվրոպական քաղաքականության համար. Ծայրահեղ աջ ուժերի ալիքը, որը սկսեց թափ հավաքել նախորդ տասնամյակում, 2024թ-ին վերածվեց շոշափելի ալիքի։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ արմատական աջ կուսակցությունները ոչ միայն ստանում են զանգվածային աջակցություն, այլև ստանում են պետություններ կառավարելու իրական հնարավորություններ։
Առաջին հայացքից այս միտումը կարող է տագնապ առաջացնել՝ այլատյացության աճի, լիբերալ արժեքների էրոզիայի, հակամիգրացիոն հռետորաբանության ուժեղացման և այլ տեսքով։ Այնուամենայնիվ, արժե մտածել այս տեղաշարժի պատճառների մասին։ Եվրոպան, վերջին տարիների բախվելով տնտեսական, միգրացիոն, անվտանգային և մշակութային ճգնաժամերին՝ պատասխաններ է փնտրում։ Եվրոպական երկրների շատ քաղաքացիներ զգում են, որ իրենց ձայնն այլևս չի լսվում, և որ գլոբալիզմի ու բազմամշակութայնության պատճառով, Եվրոպայիում քայքայվում է ազգային ինքնությունը:
Նման պայմաններում աջակողմյան արժեքներին վերադարձը կարելի է ընկալել որպես եվրոպական ինքնությունը պահպանելու փորձ։ Ազգային պետության մոդելները, որոնք որպես այլընտրանք ԵՄ համաեվրոպական բյուրոկրատիայի և լիբերալ-գլոբալիստական մոդելին, առաջ են քաշվում աջակողմյան կուսակցությունների կողմից՝ եվրոպացիներին առաջարկում են ազգային պատկանելության և սեփական շահերի նկատմամբ վերահսկողության զգացում:
Հարկ է նաև ընդգծել, որ այս գործընթացները միատեսակ ու միանշանակ չեն: Կա որոշակի տարբերություն Իտալիայում Ջորջի Մելոնիի պրագմատիկ մոտեցման և Ավստրիայում Հերբերտ Քիքլի կամ Գերմանիայում Ալիս Վայդելի արմատական հռետորաբանության միջև: Եվրոպայի ապագան, իմ կարծիքով, կախված է լինելու նրանից, թե աջակողմյան ուժերի որդեգրած ուղիներից ո՞րն է լինելու գերիշխողը:
Այսօր, ապագայի համար հարց է նաև, թե արդյոք այն կպահպանի՞ հավասարակշռությունը եվրոպական ավանդութային արժեքների և արդիականության, ազգային ինքնության և մարդու իրավունքների հարգման միջև: Այս հարցի պատասխանը ապագայում կորոշի, թե արդյոք 2024 թվականը եվրոպական պատմության մեջ կգրանցվի որպես զուտ ինքնության վերածննդի սկիզբ, թե՞ կվերածվի համաշխարհային զարգացումներից ժամանակավոր մեկուսացման ու բաժանման քայլի:
«Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է մի անպտուղ գործընթաց, որը վնասելով առկա ռազմավարական շահերին ու աշխարհագրական-անվտանգային առանձնահատկություններին՝ մեծ հավանականությամբ ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին:
Հարց է նաև, թե ինչպիսի՞ տեսք և առաջնահերթություններ է ունենալու Եվրոպական Միությունը մի քանի տարի հետո, եթե իհարկե պահպանի իր այսօրվա կառուցվածքն ու ներգրավվածությունը արևելյան գործընկերության և ընդլայնման հարցերում»: