Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն են հայտնում շփվելու հանդիպման շրջանակներում, սակայն այդ ուղղությամբ դեռ կոնկրետություն առայժմ չկա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նաև նշել է, որ որևէ նախնական պայմաններ անհրաժեշտ չեն երկու քաղաքական առաջնորդների հանդիպման համար։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահի և, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ շփումների՝ իր պատրաստակամության մասին։ Նախագահն ինքն է բազմիցս ասել այդ մասին: Դրա համար որևէ պայմաններ չեն պահանջվում: Պահանջվում են երկուստեք ցանկություն և քաղաքական կամք՝ վարելու երկխոսություն, լուծելու գոյություն ունեցող խնդիրները երկխոսության միջոցով», – ասել է Պեսկովը լրագրողներին։
«Մենք տեսնում ենք, որ պարոն Թրամփը նույնպես հայտարարում է երկխոսության միջոցով խնդիրները լուծելու՝ իր պատրաստակամության մասին»,- ընդգծել է նա։
Պեսկովի խոսքով՝ «հանդիպման կազմակերպման վերաբերյալ «նախկինի նման ոչ մի կոնկրետություն չկա»։
«Մենք հիմնվում ենք հանդիպման երկուստեք պատրաստակամության վրա: Ըստ երևույթին, այն բանից հետո, երբ պարոն Թրամփը մտնի Օվալաձև գրասենյակ, կլինեն որոշակի շարժեր», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու Թրամփի հայտարարությունը Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման պատրաստակամության մասին, Պեսկովը պատասխանել է, որ այդ հարցում նույնպես կոնկրետություն չկա: