կարևոր
1261 դիտում, 2 օր առաջ - 2025-01-04 17:38
Տնտեսական

Գույքահարկը «երկնքին կհասնի» կամ երևանցին՝ «օրինական թալանի աղբյուր»

Գույքահարկը «երկնքին կհասնի» կամ երևանցին՝ «օրինական թալանի աղբյուր»

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում գույքահարկի նոր սանդղակով հարկվելու է 432.000 բնակարան։ Արդեն երկող տարի՝ 2026 թ-ին, երբ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, գույքահարկից գոյացող ընդհանուր հարկային մուտքերը կկազմեն ավելի քան 40 մլրդ դրամ՝ ներկայիս 9 մլրդի փոխարեն։

Սա մեծ հարված կհասցնի ժողովրդի այն շրջանակներին, որոնք ունեն միջինից ցածր եկամուտ. Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս խնդրին, ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նա համոզված է՝ սա զգալի ազդեցություն կթողնի առանց այդ էլ տնտեսական բազում խնդիրների մեջ խրված ժողովրդի համար: Այս տարվա տարեվերջին և 2026 թ. սկզբում Երևանի հատկապես Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում անշարժ գույքի գույքահարկը «երկնքին կհասնի»:

«Երբ տարիներ առաջ որոշվեց, որ եկամտային հարկը պիտի իջեցվի, բայց դրան զուգահեռ բարձրացվի գույքահարկը, իշխանությունները հաշվի չէին առել, որ կենտրոնում բնակվում են նաև այնպիսի մարդիկ, որոնք այդ բնակարանները ժամանակին ձեռք են բերել իրենց աշխատանքային գործունեությամբ պայմանավորված կամ էլ ժառանգություն են ստացել: Այս ընթացքում նրանց եկամուտները չեն աճել: Կան նաև քաղաքացիները, որոնց եկամուտները կրճատվել են»,- նկատեց տնտեսագետը:

«Այս հարցը նաև թոշակառուներին է վերաբերում, որոնք միայն թոշակ են ստանում ու այդ փողերով մի կերպ ապրում: Ստացվում է, որ ապրելով նույն բնակարանում՝ նրանք պարտավորված են այս տարի 50% ավելի շատ գույքահարկ վճարեն, իսկ ահա մյուս տարի՝ 75% ավելի»:

Այս ամենի արդյունքում տնտեսագետը ցավով նշեց՝ կունենանք մի պատկեր, որտեղ Կենտրոն վարչական շրջանում ապրող թոշակառուները, ցածր եկամուտ ունեցող մարդիկ ստիպված են լինելու վաճառել իրենց տներն ու տեղափոխվել կամ մերձմայրաքաղաքային շրջաններ, կամ էլ մայրաքաղաքի ծայրամասային թաղամասեր, որտեղ ավել  ցածր գույքահարկեր կլինեն:

«Ժողովուրդն այս խնդիրը ճշգրտորեն պիտի հասկանա ու մարսի, որպեսզի համապատասխան քայլերի դիմի»,- շեշտեց տնտեսագետը:

Oրենքը խնդրահարույց է ոչ միայն քաղաքաբնակների, այլև մարզաբնակների համար: Թանկացումների ալիքը տարածվելու է ամբողջ հանրապետությունով մեկ: Բայց այստեղ մարզաբնակների վրա ընկնող հարկային բեռն ավելի թեթև կլինի, քանզի անշարժ գույքի ամենաբարձր շուկայական արժեքը Երևանում է: Ստացվում է, որ երևանցին այս անգամ ևս կհայտնվի իշխանությունների դիտակետում՝ որպես «օրինական թալանի աղբյուր»:

Սրանից հետո «թալանի» կիզակետում կհայտնվեն երևանամեձ համայնքներում ապրողները: Պարսյանն այստեղ նկատեց՝ խնդիրը ոչ թե հասարակության մեջ հարուստներ-աղքատներ  տարանջատում դնելն է, այլև թանկարժեք գույք ունեցող-չունեցողների բաժանելը:

«Կան մարդիկ, որոնք թանկարժեք գույք ունեն, բայց իրենց եկամուտները շատ ավելի ցածր են: Իշխանություններն ուղղակի որոշել են թանկարժեք գույք ունեցող մարդկանց ավելի շատ հարկել և սրանով փորձել են տեղական բյուջեն ավելի շատ լցնել: Այստեղ խնդիրն այն է, որ այն բնակարանների արժեքները, որոնք 40 միլիոն դրամից ավելի արժեն, անշուշտ, այդ բնակարանատերերի վրա ազդեցությունն ավելի շատ է լինելու»,- ասաց Պարսյանն ու օրինակ բերեց՝ Շենգավիթում բնակարանների գույքահարկը հնարավոր է ՝ լինի 15.000 կամ 20.000 դրամ, բայց նախկինում կազմում էր 5000 դրամ: Կենտրոնում, սակայն, 30.000 դրամ գույքահարկը կդառնա կես միլիոն դրամ: Սա երևանցու գրպանի վրա մեծ շողք կգցի:

Ընդհանրացնելով՝ զրուցակիցն ընդգծեց. «Այս պարագայում կարող ենք ասել՝ ովքեր ունեն ցածր, ֆիքսված եկամուտ, ապա այդ մարդիկ  խնդիր են ունենալու, նույնը և միջին ու բարձր եկամուտ ունեցողների դեպքում կլինի»:

Հիշեցնենք` գույքահարկի թանկացումը ՀՀ-ում սկսվել է 2021 թվականից: Այդ թվականի  դեկտեմբերից գույքահարկի համար կիրառվել է 25 տոկոս գանձում, 2022-ին՝ 30 տոկոս, 2023-ին՝ 35, իսկ ահա 2024-ին՝ 50 տոկոս: Այս տարվա համար կգանձվի 75 տոկոս, 2026 թ. գույքահարկը կգանձվի արդեն 100 տոկոսի չափով։ Ստացվում է, որ առաջիկա 2 տարում գույքահարկը 2024 թ. համեմատ ևս 50 տոկոսով կթանկանա` տարեկան 25 տոկոսով։

 

Սիլվի Մուրադյան