Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գևորգ Կոստանյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում հաստատելու համար ԱԺ-ում կայացած քվեարկության ժամանակ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Պարզապես «ընդդիմադիր» խաղացող որոշ պատգամավորներ արել են այն, ինչը միշտ անում են, այսինքն` հերթական անգամ խաբել են իրենց ընտրազանգվածին` չմտածելով, որ այս անգամ իրենց արարքը արագ կհայտնվի հանրության խոշորացույցի ներքո:
Խնդիրն իրականում ընդդիմություն-չընդդիմությունը չէ, այլ այն, որ մենք սովոր ենք չեղած բաներին ավելի մեծ ուշադրություն դարձնել և նրանց հետ հույս կապել: Հենց մեր ամբողջ անհանգստությունն էլ գալիս է դրանից, որ մեզ տարիներ շարունակ խաբում են իրենց` իբր «ընդդիմադիր» կեցվածքով, իսկ հետո մեղադրում իրենց կողքին չկանգնելու, չօժանդակելու և հիասթափվելու համար:
Այն, ինչ կատարվեց ԱԺ քվեարկության ժամանակ, հանելուկ չէ և ոչ էլ` գլուխկոտրուկ: Սա ընդամենը ապացույց է, որ բոլոր հոխորտանքները, ազգի ճակատագրով մտահոգությունները, պետականության վեհ գաղափարների մասին բոցաշունչ ելույթները «ընդդիմադիր»-ի դիմակի տակ տեղավորվածների համար ընդամենը ընդհանուր ափսեից մի պատառ փախցնելու միջոց է: Եվ ամենևին զարմանալի չէ, երբ քվեարկությունից հետո անխտիր բոլորը, ովքեր հայտարարել էին, որ «դեմ» են քվեարկելու, խղճալի հայացքով արդարանում և փնտրում են պայմանավորվածությունը խախտողներին` «կողմ» քվեարկած գործընկերներին: Այսքանից հետո արժե՞ արդյոք զարմանալ, որ մարդիկ չեն վստահում ընդդիմությանը:
Փաստորեն, դահլիճում ընդդիմության` «դեմ» քվեարկելու մասին հայտարարող ներկայացուցիչները եղել են ութը: Հայտարարել են ի լուր հանրության, բայց նրանցից առնվազն հինգը քվեարկել է «դեմ» իրենց իսկ որոշմանը` դառնալով «կողմ» Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: Այդ հինգից ամենաազնիվը, համենայն դեպս, Ստեփան Դեմիրճյանն է, ով արդարացել է` ասելով, որ ինքը սխալ նշան է դրել քվեաթերթիկում, իսկ հետո ճշտել է, թե ոչ մի սխալ նշան էլ չի դրել, քվեարկել է այնպես, ինչպես բոլորը: Ստեփան Դեմիրճյանին հասկանալ կարելի է, ի՞նչ մեղադրես: Իսկ մյուսները դեռ փնտրում են և իբր ուզում են պարզել` ով` ով է:
Մի ախտ է պատել մեր քաղաքական դաշտին` լինի ընդդիմություն, թե` ոչ ընդդիմություն. անկեղծ չեն: Եվ ամենազարմանալին այն է, որ երբ որոշ ընդդիմադիր հայացքներով պատգամավորներ չեն ստում և հայտարարում են, որ իրենք «կողմ» են քվեարկելու` ինչ-ինչ հարցերից ելնելով, միանգամից այս «ընդդիմադիր» կոչվածները սկսում են չարախոսել, բամբասել, հեգնել… Ինչպես եղավ ոչ վաղ անցյալում, երբ ընդդիմադիր զանգվածին թողեցին Բաղրամյան պողոտայում, իսկ իրենք` «շեֆերով», «զորավարի» հետ գնացին աղոթելու: Ահա այսպիսի ոչ անկեղծ ընդդիմություն:
Իսկ դուք ասում եք` չի կարող պատահել:
Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ