կարևոր
1081 դիտում, 5 ամիս առաջ - 2024-12-16 15:29
Հասարակություն

Ստամբուլում վախճանվել է «Արաս» հրատարակչության հիմնադիր Էդվարդ Թովմասյանը

Ստամբուլում վախճանվել է «Արաս» հրատարակչության հիմնադիր Էդվարդ Թովմասյանը

Ստամբուլում, 75 տարեկան հասակում վախճանվել է հայկական «Արաս» հրատարակչության հիմնադիրներից Էդվարդ Թովմասյանը։ Պարոն Թովմասյանը առողջական խնդիրներ ուներ։ Նրա աճյունը վաղը՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 14։00-ին կամփոփվի Կ․Պոլսո Բալըքլը հայկական գերեզմանատանը։

«Արաս» հրատարակչատունը հետևյալ հաղորդագրությունն է տարածել նրա մահվան վերաբերյալ․ «Կորցրեցինք մեր հրատարակչատան հիմնադիրներից ուսուցիչ, մեր մշտական աջակից Էդվարդ Թովմասյանին, մեր բոլորի Թոմո ախպարիկին։ Թոմո ախպարիկն իր կյանքը նվիրել էր հայ հասարակությանը, հայկական մշակույթին, գրականությանը։ Թոմո ախպարիկի վճռականությունը, համեստությունն ու խիզախությունը միշտ ուղեցույց է եղել մեզ համար։ Մեր հրատարակչատան էջերում, մեր հրատարակած ամեն մի ստեղծագործության մեջ նրա հետքերն են պահպանվում։ Նրան հիշում ենք սիրով, հարգանքով և երախտիքով։ Թո՛ղ քո աջը միշտ մեզ հովանի լինի, Թոմո՜ ախպարիկ»։

1993 թ․ Հրանտ Դինքի, Արտաշես Մարկոսյանի և Մկրտիչ Մարկոսյանի հետ «Արաս» հրատարակչությունը հիմնադրած Էդվարդ Թովմասյանն այսպես է ներկայացրել հրատարակչատան հիմնադրման պատճառը․ «Հայ համայնքը դժվարին ժամանակներ էր անցկացնում, նրա ձայնը չէր լսվում։ Հայերն ապրում էին լռելյայն, իրենց պատյանների մեջ ներքաշված։ Երբեմն անցանկալի շրջադարձներ էին լինում, բայց ի՞նչ կարելի էր անել։ Ի վերջո, մենք մեծ համայնք չէինք»։

«Արաս» հրատարակչատունը հիմնվել է հայկական համայնքը, նրա էությունը, պատմությունն ու անցյալը Թուրքիայի հասարակայնությանը ներկայացնելու նպատակով։ Հրատարակչատունը հիմնականում կենտրոնանում է հայ գրողների՝ թուրքերեն թարգմանված ստեղծագործությունները հրատարակելու, Թուրքիայում ապրող հայ գրողների թուրքերեն գրքերը տպագրելու, ինչպես նաև՝ հայերի հետ առնչվող մշակութային և պատմական ստեղծագործությունները հրապարակելու վրա։ Նաև հայերեն գրքեր տպագրած «Արաս»-ը հիմնադրումից մինչ օրս 170-ից ավել գիրք է հրատարակել։

 Էդվարդ Թովմասյանը ծնվել է 1949 թ․, Ստամբուլի Յեդիքուլե թաղամասում։ Նախ կրթություն է ստացել Սամաթյայի Անարատ Հղիություն դպրոցում, ապա՝ Սկյուտարի Դպրեվանքում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի համալսարանում։ Ամուսնացել է 1971 թ․, Փայլինի հետ, որից 2 արու զավակ է ունեցել՝ Պետրոսին և Միհրանին։

https://www.agos.com.tr/tr/yazi/31538/yetvart-tomasyani-tomo-abi-yi-kaybettik

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net