Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի հրամանով` հայազգի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, լրագրողներին ֆուտբոլիստին ներկայացնելով, ՀՀ օրհներգի հնչյունների ներքո նրան հանձնեց ՀՀ անձնագիրը, որը հնարավորություն կտա Արազին խաղալ ազգային հավաքականում, նաև` 23 համարի մարզաշապիկը:
«Ես նայել եմ Անդորրայի և Սլովակիայի հանդիպումները: Սլովակիան վատ թիմ չէ, հիշենք Իտալիայի դեմ տարած հաղթանակը, և ես հպարտ եմ դառնալ այս թիմի անդամ: Ինձ համար դժվար էր ընտրություն կատարելը, որովհետև իմ մարզիչը խորհուրդ էր տալիս Հոլանդիան ընտրել. այսօր, սպորտային տեսանկյունից, այն 2-րդն է: Բայց իմ սիրտը զարկում է Հայաստանի համար: Դիրքային տեսակետից կապ չունի` կարող եմ և' աջից, և' ձախից խաղալ»,- ասաց Արասը:
Լրագրողի այն հարցին, թե պատրաստվո՞ւմ են նոր ֆուտբոլիստներ հրավիրել, Ռ. Հայրապետյանը պատասխանեց. «Ի՞նչ եք կարծում, մեր հավաքականը թո՞ւյլ է: Ուժեղանալու համար մեր ընտրանին պետք է տարիներ աշխատի: Բնականաբար, երբ որևէ տաղանդավոր ֆուտբոլիստ ենք գտնում, հրավիրում ենք: Թումասյանը հայ չէ, մենք հայերին ենք հրավիրում»:
Օզբիլիզն այժմ ֆունկցիոնալ լավ վիճակում չի գտնվում և առաջիկա խաղերում չի կարողանա հանդես գալ, սակայն նա նշեց, որ երեք շաբաթից ի վիճակի կլինի օգնել թիմին:
Արասը ֆուտբոլ է խաղում 4-5 տարեկանից, 7 տարեկանում մասնակցել է տաղանդների մրցույթին և ներգրավվել 18 ընտրյալների մեջ: Դրանից հետո 8 տարեկանից խաղում է «Այաքս»-ում: Հայերեն շատ քիչ է խոսում, բայց սովորում է:
«Երբ փոքր էի, կիրակի օրերին գնում էի եկեղեցի և այնտեղ հայերենի դասընթացներ էի անցնում, սակայն դա Ամստերդամում էր, իսկ ես հեռու էի ապրում: Եվ սովորելու հնարավորություն չունեցա»,- խոսքը եզրափակեց Հայաստանի հավաքականի նորընծա ֆուտբոլիստը:
Լուսանկարներն այստեղ