կարևոր
1699 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-12-13 15:19
Քաղաքական

Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. Էլինար Վարդանյան

Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ,  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է.

«Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալու է «իրական հերոս»

Մի քանի օրից ՀՀ քաղաքացին մուտք կգործի անորոշությունների նոր 2025 թվականը։ Իշխանությունը քաղաքացու համար նախապատրաստել է մի ամբողջ փաթեթ փոփոխսւթյուններ, որոնք ծանրացնելու են նրա կյանքը և վատացնելու են յուրաքանչյուրի ընտանիքի բարեկեցությունը։

Ասել է, թե 2025-ին քաղաքացին իրեն իսկապես «հերոս» կզգա։

1.Հաջորդ տարվանից գույքահարկի մասին օրենքը կգործի 75 տոկոսի չափով, իսկ 2026-ին ամբողջությամբ։ Մեր քաղաքացիները կզգան գույքահարկի իրական բեռը։ Իշխանություններն, օրենքն ընդունելիս դիմեցին սանդղակով անցում կատարելու լավ մտածված մեթոդին, որպեսզի գույքահարկի վերջնական բարձր դրույքաչափերին անցումը անցնցում լինի։ 2025թ.-ին, սակայն, ֆինանսական մեծ բեռ է առաջանալու այն մարդկանց համար, ովքեր անշարժ գույք ձեռք են բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, ստացել են որպես ժառանգություն, գույքը բաժին է հասել Խորհրդային Միության շրջանից և ունեն ցածր եկամուտ։ Օրինակ՝պայմանական 85 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող գույքի համար հաջորդ տարի կգանձվի 177000 դրամ, 2026-ին՝ 236000։ Ավելի թանկ գույքի դեպքում թվերը աստղաբաշխական են լինելու։

2. Հունվարի 1-ից թանկանալու է տրանսպորտային ուղևորափոխադրումների սակագները։ Սա ոչ միայն լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնելու քաղաքացիների համար, այլ կարող է բերել շղթայական թանկացումների։ Կթանկանա տաքսիների ուղեվարձը։ Տրանսպորտի թանկացումը ազդելու է նաև հաջորդ տարվա գնաճի վրա, ըստ ԿԲ նախագահի սակագների փոփոխությունը կազդի գնաճի վրա մինչև 0.5տոկոս։ Դրան զուգահեռ չեն աճելու կենսաթոշակների անապահովության նպաստների և նվազագույն աշխատավարձերի չափերը։

3. 2025 թ. հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար՝ ներկայումս սահմանված 1.5 մլն դրամի փոխարեն չի գերազանցի 750 հազար դրամը:

4. 2025 թվականի հունվարի 1-ից հարկերի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկ վճարողը կամ հարկային գործակալը կվճարի տույժ 0.075 տոկոսի չափով՝ ներկայիս 0.04 տոկոսի փոխարեն։

5. Հարկային օրենսգրքում առաջին ընթերցմամբ կատարված փոփոխություններով 2025թ. հուլիսի 1-ից առանձին մասնագիտություններով աշխատանքի կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից /շրջհարկից/ կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ։ Այդ մասնագիտությունների շարքում են մասնագիտացված շինարարական գործունեությունը, իրավաբանական և հաշվապահական գործունեությունը, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունները, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեությունը և այլն։ Շուրջ 13000 տնտեսվարողի հարկերը բարձրանալու են 6 անգամ՝ 5 տոկոսից 31,67 տոկոս: Սա, իհարկե, կբերի ծառայությունների թանկացման։ Իրենց ծառայություններն ու ապրանքը կթանկացնեն նաև այն ընկերությունները, որոնք օգտվում են այս ծառայություններից։ Արդյունքում տուժելու է սովորական քաղաքացին։
Կամ էլ գնալու են այլ ճանապարհով՝ մինչ այս պահը «սպիտակով» ծառայություն մատուցողները պայմանավորվելու են ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների հետ և հաջորդ տարի գումարի մեծ մասը ստանալու են կանխիկ /սևով/։

6. 2025թ. կպահանջվի 1.117.1 մլդ դրամ պետական պարտքի մարման և սպասարկման համար։ 723.0 մլդ դրամը կկազմի պարտքի գծով մարումները, 394.1 մլդ դրամը՝ տոկոսավճարների։ Եվ սա արվելու է հերոս հարկատուների վճարած հարկերի հաշվին, մինչդեռ բաց է մնում ստացված վարկերի արդյունավետության և նպատակայնության հարցը։ Թե ինչի վրա է ծախսվել և արդյոք արդյունավետ է ծախսվել 12 մլրդ 644 մլն դոլարի հասնող պետական պարտքը, քաղաքացին ինքը պետք է դատի։

7. Առանձին քննարկման թեմա է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հարցը. վերջիններս հաջորդ տարի հայտնվելու են սոցիալական բարդ վիճակում։ 2024թ. շահառուները կշարունակեն ստանալ աջակցություն մինչև մարտ ամիսը ներառյալ։ Ապրիլից սոցիալական աջակցություն կտրամադրվի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցողներին, 63 և ավելի տարեկաններին, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողներին, մինչև 18 տարեկան երեխաներին։ Սոցիալական աջակցության ամսական չափը ապրիլից մինչև հունիսը ներառյալ՝ կլինի 40000 դրամ, իսկ հուլիսց մինչև դեկտեմբերը ներառյալ՝ 30000 դրամ։ Մնում է հասկանալ ի՞նչ է փոխվել Արցախցիների կյանքում. արդյոք, բոլորին ապահովե՞լ են աշխատանքով, թե այս խմբերից դուրս մարդիկ ապրելու և բնակարանի խնդիր չունեն կամ չեն ունենալու հաջորդ տարի։

8. Բաց է մնում արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտների հարկման հարցը։ Չեմ բացառում, որ կառավարությունը հաջորդ տարի կրկին կհիշի «խոպանչիներին»։

Հարկ վճարելը քաղաքացիների արդարացի պարտավորությունն է։ Սակայն այն պետք է լինի համարժեք մարդկանց բարեկեցությանը։ Այս տեմպերով բարեկեցության մասին խոսք լինելչի կարող»։