կարևոր
5014 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-04 17:18
Քաղաքական

Հանրահավաքը պետք է կանխարգելի ստորագրվելիք փաստաթուղթը․ Էլինար Վարդանյան

Հանրահավաքը պետք է կանխարգելի ստորագրվելիք փաստաթուղթը․ Էլինար Վարդանյան

Արցախում բազմահազարանոց հանրահավաքը ցույց տվեց, որ Արցախի ժողովուրդը համաձայն չէ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, այն է՝ ամեն կերպ ազատվել Արցախից և դրա արդյունքում փորձել պաշտպանել իրենց աթոռը։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Արցախի ժողովուրդը ցույց տվեց, որ ինքն ունի ինքնորոշման իրավունք և երբևէ Արցախը որրէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Դա ուղերձ է Արցախի ժողովրդի կողմից` ուղղված Հայաստանին, և վաղվա հանրահավաքը, որ հայտարարվեց Իշխան Սաղաթելյանի կողմից, նպատակ ունի ցույց տալ միասնականությունը, այսինքն այն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցում մենք միասնական ենք և համաձայն չենք իշխանության այն քաղաքականության հետ, որ հանձնելով Արցախը՝ ապահովելու ենք Հայաստանի անվտանգությունը։ Մենք տեսել ենք, որ Արցախի 75 տոկոսը զիջելուց հետո Ադրբեջանը նոր նկրտումներ ունի, Ադրբեջանը նաև Հայաստանի տարածքում է և իշխանության այս սուտ թեզը՝ հանձնելով Արցախը՝ փրկելու  ենք Հայաստանը, չի համապատասխանում ճշմարտությանը»։

Պատգամավորը հիշեցրեց, որ պատերազմից անմիջապես հետո, Փաշինյանը հայտարարում էր, որ կապիտուլյացիոն պայմանագրով փրկեց 20 000- 30 000 հայ զինվորի կյանք, բայց մենք տեսնում  ենք, որ պատերազմից հետո այս երկու տարիների ընթացքում արդեն մեր հայրենակիցները, մեր երիտասարդները զոհվում են Հայաստանի սահմաններում։  

Նրա խոսքով՝ սեպտեմբերին Հայաստանի սահմաններում, Ջերմուկի մատույցներում մենք ունեցանք 200-ից ավել զոհ և հետևաբար այսօրվա իշխանությունների այս մտացածին, սուտ թեզերը որևէ կերպ չեն արդարացվում։

Անդրադառնալով «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ շրջանառվող փաստաթղթերին պատգամավորը նշեց․

 «Մենք այդ փաստաթղթերի վերաբերյալ իմանում ենք ոչ թե մեր պատասխանատու պետական պաշտոնյաներից, այլ՝ լրատվամիջոցներից, հավաստի աղբյուրներից, ինչպես նաև ՌԴ ղեկավարից կամ արևմտյան գործիչների շուրթերից։ Փաստաթղթերի վերաբերյալ պատասխանատուները, ըստ էության, այն բոլոր մանրամասները, որ պետք է ներկայացնեն քաղաքացիներին, և նաև հանրային և քաղաքական գործիչներին, չեն ներկայացնում։ Դատելով ամեն դեպքում և՛ ՌԴ-ի ղեկավարի շուրթերով հնչած, և՛ արևմտյան գործիչների շուրթերով հնչած ձևակերպումներից՝ կարող ենք ենթադրել, որ ռուսական տարբերակում դիտարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը՝ ստատուս քվոյի կարգավիճակում պահպանելու հնարավորությունը, մինչդեռ արևմտյան տարբերակում, ըստ էության, Արցախի հարցը ընդհանրապես հանվում է եղած պայմանագրի միջից, դիտարկելով դա Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Իսկ առավել վտանգավոր հանգամանք է, որ և՛ արևմտյան հայտարարությունում, և՛ Ռուսատանում Սոչիում եղած  հայտարարությունում Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ներմուծվեց Ալմաթայի հռչակագիրը, որն ըստ էության, որբևէ չի դրվել Արցախի հարցի կարգավորման հիմքում»։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ իրենց դիրքորոշումը մեկն է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք և հետևաբար, իրենց համար ընդունելի է այն տարբերակը, որը հարթեցնի այս հարցերը։

Պատգամավորը կարծում է, որ նոյեմբերի 5-ին նախատեսված հանրահավաքը պետք է կանխարգելի ստորագրվելիք փաստաթուղթը․

«Այն, որ մինչև տարեվերջ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու Ազգային Ժողովից հնչեցրել է Փաշինյանը, ինչպես նաև ՔՊ պատգամավորների միջոցով հասկացնել են տալիս, թե ինչ փաստաթուղթ է լինելու։ Իշխանական պատգամավորները ասում են, թե մինչև տարեվերջ մեզ ստիպում են կնքել պայմանագիր, այդ նույն պատգամավորները ասում են` իսկ ո՞վ է ասում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նույն պատգամավավորները ասում են, թե Արցախի ժողովուրդը իրավունք չունի Հայաստանին պահանջներ ներկայացնել։ Այսինքն, այս ամբողջականության մեջ կա մի բան, որ ստիպում են ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ կձերբազատվեն Արցախից։ Այո՛, այս հանրահավաքը նաև պետք է լինի կանխարգելիչ միջոց, որպեսզի միջազգային հանրությունը տեսնի, որ Նիկոլ Փաշինյանը չունի այն մանդատը, որի հարցում փորձում է համոզել միջազգային հանրությանը։ Նաև միջազգային հանրությունը, իրենց խոսքերով՝ իրենց պայմանագիր ստորագրել պարտադրողները, պետք է տեսնեն, որ Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև մեր Արցախի քաղաքացիները չեն հանդուրժելու Փաշինյանին, այսինքն մեկ անձի կողմից ճակատագրական որոշման կայացումը»,- ասաց նա։

Լ.Ա.