Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը մտել է իրավական նոր՝ ռեպրեսիվ իրականություն և շատ սուր է կանգնած դիմադրության և դրա հաղթահարման խնդիրը: Առկա և սպասվելիք մարտահրավերներն ու լուծումներն օրերս «Այլընտրանքային նախագծեր խումբ» և «Իմ Ձայնը» ՀԿ-ների կողմից համատեղ կազմակերպած քննարկման հիմնական օրակարգն էր:
Բավական ներկայացուցչական կազմով քննարկման արդյունքում ձևակերպվեցին մի քանի մոտեցումներ, որոնք կարող են անհրաժեշտ քայլ լինել երկրում օրեցօր խորացող իրավական կամայականությունների և ռեպրեսիվ փուլի կանխարգելման համար:
Հրատապ խնդիր է իրավապաշտպանության նոր մեխանիզմների ստեղծումը. ժամանակն ապացուցեց, որ իրավապաշտպանությունը եղել է խիստ քաղաքականացված, և որ այսօր նրանցից շատերը ստանձնել են մեղադրողի ֆունկցիա: Իսկ իրավաբանների թիվը, որոնք պատրաստ են կարծիք հայտնել, չի գերազանցում մի քանի տասնյակը: Անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի իրավապաշտպանների, փաստաբանների, իրավաբանների նոր շերտ, որոնք իրավունքի, սահմանադրականության, ժողովրդավարության կրողներ են, պատրաստ են դիմագրավել ամենօրյա ռեժիմով ավելացող մարտահրավերներին:
Այդ նպատակով ստեղծվել է իրավական նոր հարթակ: Myvoice.am կայքը նախատեսված է որպես հարթակ, որտեղ բարձրաձայնվելու են իրավական խնդիրները և որի միջոցով հնարավոր կլինի ապահովել իրավական աջակցություն: Այսօրվա պայմաններում իրավական համայնքի համախմբումը պարտադրված անհրաժեշտություն է. Արտահայտվելու համարձակությունը պահպանած իրավաբանները, փաստաբանները, իրավապաշտպանները, ինչպես նաև լրատվամիջոցներն ու լրագրողները պետք է միավորվեն, հակառակ դեպքում մենք ունենալու ենք օրվա իշխանությունների քմահաճույքներին դիմագրավելու ունակություն չունեցող հասարակություն: Պետք է ձևավորվի նոր առողջ քաղաքացիական հասարակության կառույցներ, քանի որ գոյություն ունեցողների մեծ մասը «Նոր Հայաստանում» շարունակում են պայքարել «Հին Հայաստանի դեմ»։
Վստահ եմ, որ այսօր սուր է դրված իրական անկախ արհմիությունների ստեղծման անհրաժեշտությունը. ես մնում եմ իմ համոզմանը, որ այսօր հատկապես կարևոր է դառնում գործուն, իրապես շահերի պաշտպանություն ապահովող արհմիությունների գոյությունը: Իշխանություններին հասկանալի պատճառներով դա ձեռնտու չէ: Բայց ուժեղացող ռեպրեսիվ ուղղորդվող մեքենայի դեմ պայքարելու գործում, արհմիությունները կարևոր դեր են խաղալու տեղերում սեփական իրավունքների պաշտպանության համար։ Myvoice.am կայքում գործելու է օնլայն արհմիություն, որը լինելու է արդյունավետ միջոց, գործիք՝ խախտված իրավունքների պաշտպանության համար:
Պատմության համար կարևոր է հասկանալ՝ ո՞րն էր ռեպրեսիվ մեխանիզմների գործադրման բաժանարար օրը. կան տարբեր տեսակետներ՝ մայիսի 20՞, երբ շրջափակվեցին դատարանների մուտքերը, կամ դատավոր Ազարյանի նկատմամբ ճնշումների գործադրման օրը, կամ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցման օրը և այլն։ Ես առավել հակված եմ այդ չարաբաստիկ օրը համարել սեպտեմբերի 17-ը, երբ Աննա Դանիբեկյանի կողմից անտեսվեց ՍԴ որոշումը: Այդ օրվանից իշխեց «ամեն ինչ կարելի է» մթնոլորտը։ Այդ բաժանարար օրով մենք մուտք գործեցինք իրեն բնորոշ կանոններով պատժիչ ռեպրեսիաների փուլ: Ցավում եմ, բայց սա դարձավ Հայաստանի ամենասուր մարտահրավերներից մեկը: Որոշ ժամանակ հետո, չի բացառվում, որ տոնացույցի այդ օրը նշվի հակաիրավականության կամ իրավական կամայականության օր։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
«Իմ Ձայնը» ՀԿ