Փոխարժեքներ
29 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
«Ողջամիտ կասկած ունեմ, որ այս գործը, ի սկզբանե, կարվել է Գագիկ Սարգսյանի և մյուսների համար, բայց վստահ եմ՝ դատարանը կճանաչի, որ այս կարված գործն իրենց հագով չէ»,- դատական նիստից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Սարգսյանի փաստաբան Մկրտիչ Դավթյանը։ Փաստաբանը վերահաստատեց, որ մեղադրանքի հիմքում առաջադրված «փաստարկները» շինծու են։
«Հարգելի քննիչ, քո մոտ հարց չառաջացա՞վ էս սուտը որքանով կապ ունի Գագիկ Սարգսյանի հետ․ Գագիկին դարձրել եք N1 տեռորիստ՝ Բեն Լադենից հետո»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Գագիկ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Գրավոր ապացույցների հետազոտման փուլում հանրային մեղադրողը Գագիկ Սարգսյանի վերաբերելի մասով ներկայացրեց գործով անցնող վկայի՝ Էդվարդ Պետրոսյանի ցուցմունքը։ Արձագաքելով հանրային մեղադրողին՝ Գագիկ Սարգսյանի շահերի պաշտպան Մկրտիչ Դավթյանն ասաց, որ ՔՊ-ական Էդվարդ Պետրոսյանի կողմից հերթական մտացածին շինծու «փաստարկն» է առաջադրվել մեղադրանքի հիմքում։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ դեկտեմբերի 13-ին։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել էին Գագիկ Սարգսյանի տուն, խուզարկել ու տակնուվրա արել ամեն ինչ, ապա՝ ձերբակալել նրան։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նա ձերբակալվել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան եւ ՔՊ Արաբկիրի գրասենյակի մոտ պայթուցիկ նյութեր տեղադրելու գործով, որը ՔԿ-ն որակել էր որպես ահաբեկչական գործողություն։ Գործն այժմ ապացույցների հետազոտման փուլում է։ Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է, չնայած վարույթն իրականացնող մարմինը որեւէ փաստ չի ներկայացրել առ այն, որ Սարգսյանը մասնակցել կամ գոնե աջակցել է ենթադրյալ ահաբեկչությանը։
Ըստ պաշտպանական կողմի՝ ՔՊ-ի գրասենյակում պայթուցիկ սարք տեղադրած, գործողությունն իրականացրած անձը՝ Էդվարդ Պետրոսյանը, ազատության մեջ է։
Նաև հիշեցնենք․ մարտի 14-ին Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Երևանում 2024-ի փետրվարին կազմակերպված ենթադրյալ ահաբեկչության 2 դեպք է բացահայտել։
Ըստ ՔԿ-ի՝ տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ենթդրյալ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, երկուսը կալանավորված են, իսկ մյուս երկուսը ձերբակալված են: Քննչականի տվյալներով՝ ՀՀ քաղաքացի Գ. Ս.-ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք «հակաիշխանական հայացքներ ու Հայաստանում գործող իշխանության հետ գաղափարական թշնամանք են ունեցել» և 2024-ի փետրվարի 10-ին Երևանի Նոյ թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024-ի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում իբրև թե ահաբեկչություններ են կազմակերպել: Ըստ մեղադրանքի՝ Գ. Ս.-ն կազմակերպել է Ա. Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ենթադրյալ ահաբեկչություն։Նշվում է, թե իբր Ա. Գ.-ն, Է. Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024-ի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված ինքնաշեն պայթեցման սարքը, ապա ուղևորվել են Երևանի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է. Պ.-ն, կարծելով, թե այդ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին, Ա. Գ.-ն պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին սարքը պայթել է և առանձնատան սեփականատեր Ա. Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս: Ըստ Քննչական կոմիտեի՝ Վ. Հ.-ն, Գ. Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, 2024-ի փետրվարի 20-ին ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցության անդամ, Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի կուսակցության գրասենյակի մուտքի մոտ և գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ իբրև «ինքնաշեն պայթեցման սարքեր են տեղադրել, սակայն այդ սարքերը չեն պայթել, և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ»։