Փոխարժեքներ
29 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, կայացել է Գագիկ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը: Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբան Մկրտիչ Դավթյանը ներկայացրել է որոշ մանրամասներ դատական նիստի մասին։
«Հերթական նիստը սկսվեց, բայց վկաները չէին եկել, դիմում էր գրել վկան, որ դատական նիստերին չի կարող գալ՝ զբաղված է։ Բայց ես առարկեցի, որ բերված պատճառը անհիմն է, և պետք է պարտադիր ներկայանա, այլապես բերման կենթարկեն։ Մնացած վկաների մասով էլ նշում էին իբրև, որ ոստիկանությունը գնացել ստուգել էր, տանը չէին, բայց ես նշեցի, որ դա պարզապես ձևական պրոցես է և անգործություն։ Դատախազը իմ խոսքերից վատ զգաց, ասաց, որ ոստիկանությունը լավ է աշխատում: Այդ դեպքում՝ իմ պաշտպանյալի հասցեն իմանալով դուռը ջարդել մտել էին ներս, արդյո՞ք դա իրավաչափ է, որ վկաներն ուղղակի տանը չեն լինում, իսկ ոստիկանները գնում ու հետ են գալիս՝ այն դեպքում, երբ իմ պաշտպանյալին բերման ենթարկելիս անգամ մարմնական վնաս են հասցրել»,- նշեց պատմեց փաստաբանը։
Որպեսզի վկաների բացակայության պատճառով տվյալ նիստը չավարտվեր, անցել են ապացույցների, դեպքի վայրի արձանագրությունների հետազոտմանը, նայել գործով մեղադրյալ Վահագն Հովհաննիսյանի տան խուզարկության տեսաերիզը։
«Սեփական տուն էր, ինչպես բոլոր սեփական տները՝ ամեն ինչ կար, տան հետնամասի մեծ տարածքում ժամացույց կար, բայց դե բոլորի տներում էլ կա ժամացույց, դա չի նշանակում, որ եթե տանդ ժամացույց կա, ուրեմն դու էլ ես մասնակցում էդ գործին կամ որևէ առնչություն ունես։ Օրենսդրական նորմերի ակնհայտ, կոպիտ խախտումով է եղել խուզարկությունը, որ արել են Գագիկի աշխատանքի վայրում, ստորագրել են տվել խուզարկության արձանագրությունը ու ուղղարկել են մեկուսարան, այսինքն իր ներկայությամբ չի եղել վերցրած իրերի փաթեթավորումը։ Ասացի, որ խուզարկությունը չի արվել, որ ենթադրյալ, գոյություն չունեցող պայթուցիկ իրեր գտնեն, այլ նպատակ են հետապնդել՝ ընկել էին գրքերի էջեր էին ուսումնասիրում, այսինքն՝ կուսակցական է և այլն: Կարճ ասած՝ բոլորովին այլ նպատակ էր հետապնդում այդ խուզարկությունը։ Դատախազը վրդովվեց և սկսեց վիրավորել, ասելով թե չեմ իջնի ձեր մակարդակին: Դե, ես, բանականաբար չէի կարող կուլ տալ այդ վիավորանքները և ասացի, որ իմ մակարդակին ոչ թե իջնել, այլ բարձրանալ է պետք, և կհասնի նա իմ մակարդակին, թե ոչ՝ անհայտ է։ Ես հայտարարեցի, որ այդ գործը քաղաքական երանգ ունեցող քրեական գործ է, ամբողջությամբ աբսուրդ է։ Երբ բանավեճի մտանք` դատավորը սաստեց դատախազին, զրկեց հայտարարություններ անելու իրավունքից»,- նշեց Մկրտիչ Դավթյանը՝ հավելելով՝ Գագիկ Սարգսյանը նիստի ժամանակ հայտարարել է, որ խուզարկության ժամանակ ինքը այնտեղ չի եղել և տեղյակ չէ, թե ինչ պտուտակներ և «բոլտեր» են դրվել, պարզապես խուզարկությունից հետո թղթեր են ստորագրել և տարել:
Մկրտիչ Դավթյանը նշեց նաև, որ հաջորդ նիստը հունվարի 3-ին է նշանակված. այդ օրը նաև խափանման միջոցի հարցը կքննարկվի։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել էին Գագիկ Սարգսյանի տուն, խուզարկել ու տակնուվրա արել ամեն ինչ, ապա՝ ձերբակալել նրան։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նա ձերբակալվել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան և ՔՊ Արաբկիրի գրասենյակի մոտ պայթուցիկ նյութեր տեղադրելու գործով, որը ՔԿ-ն որակել էր որպես ահաբեկչական գործողություն։ Գործն այժմ ապացույցների հետազոտման փուլում է։ Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարացվել է, չնայած վարույթն իրականացնող մարմինը որևէ փաստ չի ներկայացրել առ այն, որ Սարգսյանը մասնակցել կամ գոնե աջակցել է ենթադրյալ ահաբեկչությանը։
Փաստենք նաև, որ ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը ակտիվորեն զբաղվել է Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների հիմնախնդիրներով, հատկապես թալիշական հարցի արծարծմամբ, նախաձեռնել բազմաթիվ գիտաժողովներ, քննարկումներ, հրատարակել մի շարք ձեռնարկներ ու քարտեզներ, նվիրված նշված խնդիրներին: Ամենևին գաղտնիք չէ նաև, որ այդ ամենը Ադրբեջանի համար բաց նյարդ է: