Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Երևանում այսօր վաղ առավոտից քաղաքային տրանսպորտի վարորդները գործադուլ են հայտարարել, բարձրաձայնելով տարիներով չլուծված խնդիրների մասին: Գործադուլի առանցքում տրանսպորտային միջոցների վատթար տեխնիկական վիճակն է, մասնավորապես՝ մաշված անվադողերը։ Վարորդներին միացել են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները և ահազանգել մի շարք խնդիրների մասին։
«Այս կոռուպցիոն սխեման, որ գործում է, վտանգի է ենթարկում և՛ վարորդների, և՛ ուղևորների կյանքը, վարորդների բարձրացրած խնդիրները արդարացի են, սա մեկ խնդիր չէ, այլ խնդիրների շարան, որը մարդկանց կանգնեցրել է փաստի առաջ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով վարորդների կազմակերպած բողոքի ակցիային։
Ըստ վարորդների և պատգամավորների՝ ուղևորների կյանքը լուրջ վտանգի տակ է դրվում: Ավտոբուսների մաշված անվադողերը վառ օրինակ են այն բանի, թե ինչպես է պետական անգործությունը հարվածում հասարակ մարդկանց կյանքին: Վարորդները հայտարարում են, որ աշխատում են անընդունելի պայմաններում, իսկ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակն արդեն իսկ վտանգավոր է դարձնում երթևեկությունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիյանը ևս գործադուլ անող վարորդների մոտ է: Նա կոչ արեց փաստաբաններին՝ միանալ ու կանգնել գործադուլ անող վարորդների կողքին, որպեսզի պաշտպանեն նրանց իրավունքները:
«Մարդկանց կյանքերի հետ են խաղում», - հայտարարում է հանրային գործիչ Արթուր Չախոյանը՝ ընդգծելով, որ տարիներ շարունակ պատկան մարմինները չեն լուծել այս խնդիրները:
Հասարակական գործիչներն այս խնդրի լուծումը տեսնում են պետական ծախսերի արդյունավետ բաշխման մեջ: «Թող չստանան պարգևավճարներ, թող 7.6 մլն դրամով Լոս Անջելես չմեկնեն, այդ գումարով նոր անվադողեր գնեն», - ասում է Չախոյանը:
Գործադուլի պատճառով քաղաքային կանգառներում առավոտից կուտակումներ են նկատվում: Քաղաքացիները չեն կարողանում տեղաշարժվել, ինչը բարդացրել է աշխատանքի և կենցաղային այլ հարցերով զբաղվելը:
Վարորդները, որոնք տարիներով պայքարում են իրենց իրավունքների համար, այս անգամ հայտարարում են, որ չեն դադարեցնի գործադուլը, մինչև լուծում չտրվեն իրենց պահանջներին, այդ թվում՝
• տրանսպորտային միջոցների նորացման և անվադողերի փոխարինման,
• աշխատավարձերի արդար բարձրացման,
• աշխատանքային պայմանների բարելավման:
Երևանի քաղաքապետարանը ոչ թե լսել է վարորդների պահանջները, այլ կիրառել է պատժիչ մեթոդներ՝ 18 վարորդի ազատելով աշխատանքից, այն էլ «WhatsApp»-ով նամակ ուղարկելով: Սա միայն ավելի է խորացրել դժգոհությունը թե՛ վարորդների, թե՛ քաղաքացիների շրջանում:
Քաղաքապետարանի և կառավարական մարմինների լռությունը վկայում է, որ խնդիրը ոչ միայն տրանսպորտային, այլև համակարգային է, որը լուծման համար պահանջում են խորքային մոտեցումներ:
Ավելի մանրամասն՝ ուղիղ եթերում: (https://www.youtube.com/watch?v=zVwRj3AVelU)