Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
Ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Հովհաննես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ցավակցագիր է հղել, որը ներկայացնում ենք ստորև.
«Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՅ Դաշնակցության սիրելի ընկեր, ազատամարտիկ Հովհաննես Ալեքսանյանը:
Արցախյան գոյապայքարում իր անուրանալի ներդրումն ունեցած Հովհաննես Ալեքսանյանը ծնվել է 1960 թ.՝ Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: 1990 թ. սեպտեմբերից մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին:
1990 թ. սեպտեմբերից մինչև 1991 թ. օգոստոս ամիսը ՀՅԴ ջոկատի կազմում եղել է Շահումյանի շրջանում, մասնակցել Գյուլիստան, Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի ինքնապաշտպանությանը: 1991 թ. նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 23-ը ՀՅԴ վաշտի կազմում մասնակցել է Ստեփանակերտի Կրկժան թաղամասի, Ասկերանի շրջանի Հասանաբադ, Բադարա, Լեսնոյ գյուղերի ինքնապաշտպական-ազատագրական մարտերին: Դեկտեմբերի 23-ին Լեսնոյում հակառակորդի կրակակետերի վնասազերծման մարտի ընթացքում ստացել է գնդակային վիրավորում:
1992 թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 30-ը ՀՅԴ վաշտի կազմում մասնակցել է Շուշի քաղաքի, Շուշիի շրջանի գյուղերի (Զարիսլու և Լիսագոր) ու Բերդաձորի ենթաշրջանի ազատագրմանը, Լաչինում տեղակայված թշնամու կրակակետերի ոչնչացմանը, Հադրութի (Ցոր, Ծամծոր գյուղեր) շրջանի ինքնապաշտպանական գործողություններին: 1992 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 1994 թ. հրադադարը Շուշիի առանձին հրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի, Ֆիզուլու, Քարվաճառի շրջանների ազատագրմանը:
Հովհաննես Ալեքսանյանը 2016 թ. Ապրիլյան քառօրյային և դրան հաջորդող շրջանում՝ ապրիլի 4-ից մինչև 24-ը, իրականացրել է մարտական հերթապահություն Թալիշի դիրքերում։
Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնական արիության համար պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» և «Շուշիի ազատագրման» մեդալներով:
Ցավակցում ենք հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և մարտական ընկերներին: ՀՅ Դաշնակցության նվիրյալ ընկերոջ լուսավոր հետագիծը հավետ կմնա Արցախյան գոյապայքարի տարեգրության մեջ»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
20.11.2024 թ.