կարևոր
1963 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-16 12:10
Քաղաքական

Աշխատակազմ. վարչապետը դրսում «քրտնքով» է ձեռք բերում հեծանիվները

Աշխատակազմ. վարչապետը դրսում «քրտնքով» է  ձեռք բերում հեծանիվները

Yerkir.am-ը հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ պարզաբանման համար, թե ի՞նչ միջոցներով են ձեռք բերվում Նիկոլ Փաշինյանի կողմից արտերկրում պարբերաբար կազմակերպվող հեծանվային ներկայացումների համար անհրաժեշտ հեծանիվները, պետակա՞ն, թե՞ այլ, առաջին տարբերակի դեպքում՝ որքա՞ն է ծախսվել մինչ այս պահը արտերկրում կազմակերպված հեծանվաերթերի համար գնված հեծանիվների վրա, և ի՞նչ են արվում հեծանիվները (շպրտվում են, բերվում են ՀՀ, նվիրվում են ինչ-որ մեկին, այլ տարբերակ):

Վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ արտերկրում հեծանիվ վարելու համար նախատեսված ծախսերը հոգում է ՀՀ վարչապետը՝ անձնական միջոցների հաշվին:

Փաստենք՝ արտերկրում ցուցադրական հեծանվաերթերի բոլոր հեծանիվները տարբեր են: Դրանից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ հետը չի տանում դրանք, գումարած՝ ինքնաթիռով հեծանիվ տանելը բավականին բարդ է, պետք է դրա համար համապատասխան պատյան, օդակայաններում իջեցնել, տանել հյուրանոց, հատկապես, որ դա մեկը չի. առնվազն հետը երկու պահակ է գնում, եթե կինը հետը եղավ՝ ևս մի լրացուցիչ հեծանիվ, և այլն:

Ստացվում է՝ հեծանիվներն ամեն անգամ կամ վարձակալվում են արտերկրում, կամ գնվում: Փաստորեն, հեծանվային ներկայացումների գլխավոր հերոս Նիկոլ Փաշինյանը, ըստ իր աշխատակազմի հավաստիացումների, հենց հասավ Փարիզի, Լոնդոնի կամ Մոսկվայի հյուրանոց, իր աշխատավարձի քարտը տալիս է հետի մարդկանցից մեկին, սա թափով գնում է հեծանիվների վարձակալության կամ, որն ավելի մոտ է փաշինյանական «չտես իրականությանը», վաճառքի սրահ, ասում է՝ մի քանի հատ հեծանիվ տվեք, էս մեր վարչապետի քարտով էլ փողն ստացեք: Չէ, ներողություն, չափազանց հեշտ ենք ասում, բա ո՞նց կարող է PIN կոդը նա վստահել ուրիշին. բացառվում է: Ուրեմն ինքն է գնում անձամբ, առնում հեծանիվները, երկուսն էլ տալիս պահպանության մարդկանց ու հայդա՝ քշելու:

Դե իսկ ընդամենը մի քանի րոպե ցուցադրական երթից ու նկարվելուց հետո էլ, բնականաբար, «վարչապետի քրտնքով» գնված հեծանիվները շպրվում են մի տեղ: Խեղճ վարչապետ, ինչքա՞ն աշխատի, որ ծայրը ծայրին կամ աշխարհի տարբեր ծայրերում հեծանիվը հեծանվին հասցնի:    

 

Վ. Սարգսյան