կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-07 13:31
Հասարակություն

Վարչապետի հետ մեր հանդիպումից հետո անցել է մեկ ամիս, անհանգիստ ենք, քանի որ որևէ պատասխան չենք ստացել. օպերային թատրոնի աշխատակազմ

Վարչապետի հետ մեր հանդիպումից հետո անցել է մեկ ամիս, անհանգիստ ենք, քանի որ որևէ պատասխան չենք ստացել. օպերային թատրոնի աշխատակազմ

Վարչապետի հետ մեր հանդիպումից հետո անցել է մեկ ամիս, և մենք անհանգիստ ենք, քանի որ որևէ պատասխան չենք ստացել. լրագրողների և  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը` հավելելով, որ երեկ`մայիսի 6-ին, իրենք նամակ են ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով կրկին հանդիպել.

«Մենք կարծում ենք, որ վարչապետին սխալ են ներկայացրել իրավիճակը: Մեր նպատակն է նրան աջակցել ճշմարտությունն իմանալու հարցում: Մենք կրկին դիմել ենք նրան և խնդրել դարձյալ հանդիպել»,- նշեց նա` ավելացնելով, որ իրենց համար  թատրոնի նկատմամբ մշակույթի նախարարության վարած քաղաքականությունը շարունակում է անհասկանալի մնալ:

Ջավադյանը նաև ասաց, որ 2017 թ. Օրբելյանն ազատել էր թատրոնի որոշ աշխատակիցների, այդ թվում՝  թատրոնի իրավաբան Քրիստինե Նաղդալյանին, քանի որ, համաձայն իրենց ենթադրությունների,  նա կապ է ունեցել 2014-2016 թթ. թատրոնում տեղի ունեցած չարաշահումների հետ:

«Նաղդալյանի բողոքի հիման վրա կայքերից մեկը հոդված է հրապարակել թատրոնում իբր տեղի ունեցող խնդիրների վերաբերյալ: Մշակույթի նախարարության հիմնավորումների մեջ կա հատված այդ հոդվածից: Այստեղ մենք չարաշահում ենք տեսնում, քանի որ տիկին Նաղդալյանի ամուսինն աշխատում է մշակույթի նախարարությունում` աշխատակազմի ղեկավարն է»,- շեշտեց Ջավադյանը:

Լրագրողների հետ զրույցում անդրադարձ եղավ նաև այն հարցին, թե արդյո՞ք թատրոնի անձնակազմը համաձայն է, որ տնօրենի պաշտոնը զբաղեցնի Կարինե Կիրակոսյանը`հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոնստանտին Օրբելյանը դեմ չէ նրա պաշտոնավարման:.

Թատրոնի աշխատակիցների խոսքով` իրենք դեմ չեն: «Պարոն Օրբելյանը դա հավանաբար ասել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա վստահելի մարդ է: Մենք դեմ չենք, բայց օրենքում գեղարվեստական ղեկավարի մասին դրույթի փոփոխության անհրաժեշտություն ենք տեսնում, քանի որ հիմա նա տնօրենից «կախում» ունեցող մարդ է: Ցանկացած պահի կամայական սկզբունքով կարող է պաշտոնից հեռացնել գեղարվեստական ղեկավարին ու ցանկացած աշխատակցի»,- մանրամասնեցին նրանք:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և թատրոնի ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Այս առիթով թատրոնի աշխատակիցները կառավարության շենքի առջև բողոքի ցույց էին անցկացրել, որի ընթացքում էլ հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ըստ որի`օպերային թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես պետք է կատարի թատրոնի փոխտնօրենը` Կարինե Կիրակոսյանը: