կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-22 02:04
Տնտեսական

Գործադիրը կախվածության մեջ է նոտարներից

Գործադիրը կախվածության մեջ է նոտարներից

Կառավարության այսօրվա նիստում, եւս մեկ անգամ անդրադառնալով հանրապետության նախագահի հանձնարարականին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ կարճ ժամկետում գործադիրը պետք է բարձրացնի պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը: «Վերջին շաբաթների ընթացքում ընդունել ենք արմատական որոշումներ` կապված անձնագրերի տրամադրման, վարորդական իրավունքների տրամադրման, ավտոմեքենաների գրանցման, հաշվառման, տեխնիկական զննման կարգերին: Տարեկան հազարավոր քաղաքացիներ են օգտվում այդ կարգերից, սակայն մատուցվող ծառայություններն անորակ են եւ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր, հետեւաբար, մեր նկատմամբ վստահություն չի կարող լինել»,- նշեց վարչապետն` ընդգծելով, որ նախարարներն այս խնդիրը պետք է պահեն իրենց անձնական հսկողության տակ. ցանկացած կոռուպցիոն դրսեւորում պետք է խստագույնս պատժվի: Տիգրան Սարգսյանը վստահություն հայտնեց, որ երկու ամսվա ընթացքում արդեն ակնկալվում են շոշոփելի արդյունքներ:

Անդրադառնալով նոտարիատի համակարգում առկա խնդիրներին, գործադիր մարմնի ղեկավարն ընդգծեց, որ այստեղ համատարած դժգոհություն է.«Սա այն ոլորտն է, որտեղ նույնպես իրականացրել ենք մոնիտորինգ եւ բոլոր գործառույթներով անցել են մեր երիտասարդները, բայց համատարած կաշառակերություն է` գործառույթների կիրառման առումով, ընդ որում, քաղաքացիներին տեղյակ չեն պահում, թե իրականում ինչ վճարներ պետք է կատարի քաղաքացին, միանգամից գումարը վերցնում են, եւ պարզվում է` այդ գումարը երկու-երեք անգամ գերազանցում է մեր կողմից սահմանված սակագներին»,- նշեց Տ. Սարգսյանը` հավելելով, որ եթե ծառայությունն արժե 3000-5000 դրամ, ապա համատարած 5000 դրամ են վերցնում, եւ չկա որեւէ մեկը, որ 3000 դրամով մատուցի ծառայությունը: Վարչապետն առաջարկեց վերանայել սակագները եւ սանդղակն ուղղակի վերացնել:

«Մենք ուզում ենք նոտարների քանակն այսօր ավելացնել, բայց չենք կարողանում, որովհետեւ, ըստ էության, կախվածության մեջ ենք նոտարներից: Փակ համակարգ ենք ստեղծել եւ մենք ինքներս նոտարներից կախվածության մեջ ընկել»,- նշեց կառավարության ղեկավարը: