Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Ռուսաստանի ԱԳՆ-ն օրերս բավականին ուշագրավ հայտարարություններ է արել: Նախարար Լավրովը, անդրադառնալով Արցախին, մասնավորապես, ասում է. «ՌԴ-ն իր ամենամոտ դաշնակիցների շահերը չի զոհաբերի հանուն աշխարհաքաղաքական խաղերի»: Լավրովը այսպես է արձագանքել Արևմուտքի հայտարարություններին, ըստ որոնց՝ Արևմուտքը չի ցանկանում աշխատել ՌԴ-ի հետ, և, ըստ Լավրովի, տառապում է ռուսաֆոբիայով: Այս պայմաններում՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ լավատես է, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանը Ադրբեջանի հետ կկնքի խաղաղության պայմանագիր: Արդյո՞ք Ռուսաստանը կհանդուրժի իր դիրքերի թուլացում ՀՀ-ում և Արցախում: Արդյո՞ք Հայաստանի համար նոր վտանգներ ի հայտ չեն գալիս՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դեպքում:
«Միանշանակ է՝ Ռուսաստանը չի հանդուրժելու իր դիրքերի թուլացումը և Արևմուտքի ակտիվացման փորձերը՝ մեծացնել իր դերակատարումն այն գործընթացներում, որոնք արդեն իսկ պատերազմից հետո մեկնարկել են Ռուսաստանի միջնորդությամբ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ երեկվա ասուլիսում հնչեցրած մի շարք հայտարարություններին:
«Այն, որ Ռուսաստանը չի հանդուրժելու Արևմուտքի ակտիվացումն այս տարածաշրջանում, տեսանք թե՛ Լավրովի վերջին հայտարարություններից, և՛ թե Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից հետո տարածված մամուլի հաղորդագրությունից: Փաստենք, որ, ի տարբերություն հայկականի, ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ հստակ ընդգծված էր՝ Ն. Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է այս երեք հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու, համապատասխան դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծելու, կոմունիկացիաներին առնչվող խնդիրների լուծման հանձնառությունները և այլն: Բրյուսելի հանդիպումից հետո ՌԴ-ն խնդիր է հետապնդում ցույց տալ, որ, անկախ Արևմուտքի նկրտումներից, անկախ բրուսելյան հանդիպման պայմանավորվածություններից, այս բոլոր պայմանավորվածություններն ի սկզբանե ձեռք են բերվել ՌԴ-ի միջնորդությամբ, և ՌԴ-ն հետամուտ է լինելու, որ պայմանավորվածությունների հետագա զարգացումը ևս լինի ՌԴ-ի միջնորդությամբ ու մասնակցությամբ: Ցավոք, այսօր ականատես ենք լինում Ռուսաստան-Արևմուտք առճակատմանը նաև մեր տարածաշրջանում, և Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան ԱՄՆ-ից և Ֆրանսիայից եկող ուղերձները ընկալում է որպես համանախագահության լուծարում, ցույց է տալիս, որ այս պահին, այս ձևաչափով համագործակցությունն անհնար է: Հետևաբար՝ թե՛ Արևմուտքը, թե՛ ՌԴ-ն միմյանց հետ մրցելու են այս գործընթացում իրենց դերակատարությունը մեծացնելու համար: Բոլորս էլ հասկանում ենք՝ այս հակազդեցությունը մեր տարածաշրջանում միմիայն մեզ համար խնդիրներ և մարտահրավերներ է ստեղծում, ինչի արդյունքում մեծանում է կողմերի վրա ճնշումը, մեծանում են ակնկալիքները, ինչպես նաև հստակ դիրքավորման, խնդիրների վրա հստակ կողմնորոշում ունենալու ակնկալիք է առաջանում, որը կողմերին բավական բարդ դրության մեջ է դնում: Եվ այս ամենը տեղի է ունենում այն պարագայում, երբ երկրի իշխանությունը, կարծես, փորձում է դիվիդենդներ քաղել այդ հակասություններից՝ էլ ավելի խորացնելով այդ առճակատումը: Բնական է՝ երկիրն այս պայմաններում է՛լ ավելի մեծ խնդիրների առջև է կանգնելու»,- ասաց Աննա Կարապետյանը:
Սերգեյ Լավրովն ասուլիսում անդրադարձավ նաև Հայաստանից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ չի ցանկանում հավատալ, թե այն հայտարարությունները, որոնք հնչում են Հայաստանից, արտահայտում են հասարակության և կառավարության վերաբերմունքը: Ըստ քաղաքագետի՝ ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը բավական հստակ և կոշտ ուղերձ էր. ըստ էության, մենք գործ ունենք այն իրողության հետ, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները կրկին մանիպուլացնում էին սեփական ժողովրդին, երբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում էր՝ ռուսական կողմն ունի հետաքննություն անցկացնելու վերաբերյալ հետաքրքրություն, կիսում է իրենց մտավախությունները և այլն:
«ՌԴ ԱԳՆ-ն հստակ ցույց տվեց, որ խաղաղապահների հասցեին նման հայտարարությունները և վերաբերմունքն իրենց համար ընդունելի չեն, ընկալելի չեն, և ՌԴ-ն չի պատրաստվում դրանք հանդուրժել ու հաշվի նստել: Ըստ էության, սա կոշտ ուղերձ է և ցույց է տալիս, որ այսօր ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը Մոսկվայի համար ընդունելի չէ, ինչը, հասկանում ենք, կարող է ՀՀ-ի համար մի շարք խնդիրների առաջացման պատճառ դառնալ»,- եզրափակեց Աննա Կարապետյանը:
Լենա Կարապետյան