կարևոր
27550 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-10 10:46
Սփյուռք

Կանադահայությունը մերժել է Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը. հայտարարություն

Կանադահայությունը մերժել է Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը. հայտարարություն

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Կանադա այցելության առիթով

Միջպետական հարաբերությունների զարգացման շրջանակներում սեպտեմբերի 25-30-ը  նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ԱԺ պատվիրակության այցելությունն Օտտավա։ Մտահոգիչ է տեղեկանալ, որ Ալեն Սիմոնյանի պատվիրակության կազմում ներառված են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամները՝ առանց ընդդիմության պատգամավորների: Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամության խմբակցության ըննդիմադիր պատգամավորները միտումնավոր դուրս են մնացել այս պատվիրակությունից։ Այս երեւույթն  ինքնին ժողովրդավարական կանոնակարգի խախտում է։

Ժողովրդավարության տարրական սկզբունքներն ու մարդու հիմնական իրավունքները ոտնահարող ՀՀ գործող վարչախմբի այցելությունը ողջունելու մտադրություն չունի կանադահայությունը: Գործող վարչախմբի՝ ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի օգտագործմամբ գործելաձեւը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։ Այս բոլորը դատապարտելի արարքներ են ժողովրդավարության դրոշակակիր Կանադայում ապրող ժողովրդի համար։

Վարչախմբի կողմից որդեգրված ապազգային քաղաքականության հետեւանքով աններելի նահանջ է արձանագրվում մեր ազգային կենսական շահերի նկատմամբ։ Արցախի հիմնախնդիրը վերստին միջազգային օրակարգ բերելու հնարավորության ուղիների որոնման հետամուտ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքները խափանող Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական գործող վարչախումբը հետեւողական զիջումներով, սահմանազատման ապօրինի եւ անձնատվողական գործընթացով, դարձել են թուրք-ադրբեջանական քաղաքական օրակարգի կամակատարը։

Մենք համոզված ենք, որ Հայաստանի գործող վարչախումբն իրավունք չունի որոշելու Արցախի կարգավիճակի ճակատագիրը և նախորոշելու Հայաստանի ինքնիշխան սահմանները, եւ առ այդ, վերստին դատապարտելով իրենց ազգակործան ընթացքը, առաջիկա օրերին Կանադա ժամանող վարչախմբի կազմը նկատվում է անցանկալի պատուիրակություն։


ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտե