կարևոր
7009 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-30 20:07
Հասարակություն

Արցախի՝ 5000-ից ավելի հայկական հուշարձանները՝ թշնամու շնչի տակ

Արցախի՝ 5000-ից ավելի հայկական հուշարձանները՝ թշնամու շնչի տակ

Արցախում մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27–ը վկայագրված եւ պետական ցուցակներով հաստատված էր 4112 հուշարձան։ 2021-23 թթ.–ին շարունակվել էր հուշարձանների վկայագրումը եւ պահպանական գոտիների կազմումը։  2009-ից մինչեւ 20 թթ.–ը կազմած է եղել մեր պատմաճարտարապետական հուշարձանների մոտ 1500 պահպանական գոտի։

-Մեծ աշխատանք էր կատարվել այդ հուշարձանները տեղորոշելու համար։  Դրանց ամրակայման որոշակի աշխատանքներ կատարելու նպատակով ստեղծվել էին մի քանի արգելոցներ։ Այդ ուսումնասիրությունների, պեղման, վկայագրման արդյունքների հիման վրա, կարելի է ասել,  Արցախում պատմամշակութային արգելոցների ցանց էր ստեղծվել։ Վերջինը հենց Քաշաթաղի շրջանի Միրիկի պատմամշակութային արգելոցն էր, որ ստեղծվեց,-նշում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ, Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

44–օրյա պատերազմի հետևանքով, սակայն, Արցախի տարածքի մեծ մասը բռնազավթելուց հետո թշնամուն անցած հողերում մնացին 2000-ից ավելի հայկական պատմամշակութային հուշարձաններ։

2021-23թթ-ին առավել մեծ թափով շարունակվեցին հուշարձանների վկայագրման եւ պահպանական գոտիների կազման աշխատանքները։ Ցավոք, այդ աշխատանքները 2023-ին ոչ այնքան ակտիվ էին արվում։ Ինչպես գիտենք, Արցախի ամբողջական  շրջափակման եւ վառելիքի բացակայության պայմաններում շրջաններ գնալը գրեթե անհնարին էր։

-Արցախի Հանրապետության մնացած, այսինքն մեր վերահսկողության տակ գտնվող, տարածքներից մոտ 700-800 հուշարձան նորից վկայագրվել են, այսինքն՝ մոտ 5000 հուշարձան է մնացել այնտեղ, որոնցից 430–ը վանքեր ու եկեղեցիներ են, մոտ 2400-ը՝  խաչքարեր, իսկ 400–ը հին գերեզմանոցներն են՝ նորերը չհաշված,- ներկայացնում է պրն․ Հովհաննիսյանը։

Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում եւ հետո Ադրբեջանը սկսեց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման՝ մշակութային էթնոցիդի քաղաքականությունը։

Հայկական եկեղեցիների և վանական այն համալիրների մի մասը, որոնք կառուցվել էին հիմնականում միջնադարում՝ վաղ, զարգացած եւ ուշ միջնադարում, համարվեցին ուդիական։ Ուդիական հայտարարվեց թե՛ Հադրութի շրջանի, թե՛ Քաշաթաղի եւ թե՛ Քարվաճառի տարածաշրջանների եկեղեցիները։ Իսկ նոր կառուցված եկեղեցիները, 1994թ.-ից սկսած Արցախի անկախության ժամանակաշրջանում կառուցված հոգեւոր պաշտամունքային շինությունները սկսեցին աստիճանաբար ոչնչացնել։

-Առաջին էդպես աղաղակող դեպքը դեռեւս 2020 թվականի նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին էր՝  Ջրականի Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչացումը , այնուհետև Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցու պայթեցումն էր՝ սկզբում գմբեթի եւ զանգակատան, ապա նաև նրա ամբողջական ոչնչացումը։ Նույն ճակատագրին է արժանացել 1997թ.–ին կառուցված եւ օծված Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին։ Սուրբ Նահատակաց եկեղեցին հիմա ցանցերով պատված է,  և մեր տվյալներով, ամենայն հավանականությամբ, կարող է վերածվել մզկիթի։ Դա նոր քաղաքականություն է Ադրբեջանի մոտ,- ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը և հավելում,- եթե հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը, որն Ադրբեջանը սկսել էր դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում և շարունակվում էր մինչև 90-ականների պատերազմն ու դրանից հետո, ըստ որի Արցախի, Ուտիքի, Սյունիքի եւ Նախիջեւանի տարածքներում մեր բոլոր քրիստոնեական հուշարձանները համարվեցին աղվանական, ապա հիմա նրանք նաև մի ուրիշ քաղաքականություն են որդեգրել, որը, հավանաբար, սովորել են  իրենց ավագ եղբորից՝ Թուրքիայից, երբ եկեղեցիները վերածում են մզկիթների։

 

Միջազգային դատարանները Ադրբեջանի մշակութային եղեռնը դատապարտող որոշումներ են կայացնում, բայց պատժամիջոց չեն կիրառում

Միջազգային  դատարաններում դատերի արդյունքներով որոշումներ https://pace.coe.int/en/files/29483/html կան, որ Ադրբեջանը պետք է պահպանի հայկական հուշարձանները, բայց երբ տեսնում են, որ այդ որոշումները չի իրականացվում, նույն այդ ատյանները պատժամիջոցների չեն անցնում՝ ասում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։

«Դժբախտաբար, մենք դա չենք տեսնում, հետեւաբար, Ադրբեջանը օգտագործում է առիթը եւ շարունակում է իր մշակութային եղեռնը։ Այժմ, թեկուզ դանդաղում են հայկական հուշարձանների ոչնչացման գործընթացները միջազգային հանրության աչքերը փակելու համար, բայց միեւնույն է, նրանք դադար չեն առնում եւ Ադրբեջանը շարունակում է հայկական հուշարձանների ոչնչացումը տարբեր պատրվակներով»,-փաստում է նա։

2021-ին, 2023-ին՝ տարբեր տարիների ընդունվել են Եվրախորհրդարանի որոշումը, հետո Արդարադատության դատարանի որոշումը, որ Ադրբեջանը պետք է պահպանի հայկական հուշարձանները, բայց դրանից հետո Ադրբեջանը շարունակում է այդ որոշումները ոտնահարել եւ շարունակել ոչնչացնել, պղծել, կեղծել հայկական հուշարձանները։

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը https://raa-am.org/ , որն այժմ գործում է իբրեւ հիմնադրամ, Արցախի հուշարձանների վերաբերյալ արխիվ ունի սկսած 1979 թ-ից․ ունի ավելի քան 40 հազար լուսանկարներ՝ չհաշված նաեւ ճարտարապետական հուշարձանների չափագրությունները։

«Ադրբեջանը ոչ թե միայն նոր է սկսել քանդել հայկական հուշարձանները, այլեւ 1990-ական թթ-ի սկզբից, երբ Արցախյան առաջին ազատամարտը շարունակվում էր, այն տարածքներում, ուր մտնում էր Ադրբեջանը, առաջին հերթին ավիրում էր հայկական հետքը։ 1994-ին, երբ արդեն ազատագրվեց Արցախը, այն հատվածներում, որոնք մնացին Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Հյուսիսային Արցախը հատկապես, որտեղից հայերը վտարվեցին, այդ տարածքներում Ադրբեջանը սկսեց հայկական հուշարջանների ոչնչացում։ Նաեւ Նախիջեւանում այդ նույն գործունեությունը շարունակեց, եւ Կուրի ձախ ափին հայկական հուշարձանների մի մասը ոչնչացրին, մի մասն էլ աղվանական կոչեցին։ Նույնն էլ հիմա Արցախի Հանրապետության տարածքում է իրականացվում»,-վստահեցնում է Րաֆֆի Քորթոշյանը։

Արցախցիների բռնի տեղահանումից հետո Ադրբեջանն առաջին հերթին ոչնչացրեց անցած 30 տարիներին կառուցված բոլոր հուշարձանները, նրանց անվանեց «օկուպանտների կողմից կառուցված հուշարձաններ», թեկուզ այդ ժողովուրդը բնիկ էր եւ բնիկ լինելով, այնտեղ ապրելով ամեն օր իրավունք ուներ հուշարձան կառուցելու եւ այնտեղ «օկուպանտների» կառուցած հուշարձանների մասին խոսք լինել չի կարող։

«Առաջին հերթին վերացրեց 30 տարիների ընթացքում կառուցված այդ բոլոր խաչքարերը, եկեղեցիները, հերոսների հուշարձանները, եւ հիմա շարունակում է ավելի վաղ շրջանի հուշարձանների ավիրումը։ Վերջերս տեսանք Շուշիի Կանաչ ժամը, որը 19-րդ դարի կառույց է․ սկզբում պայթեցրին նրա գմբեթները՝ ասելով, իբր պատերազմական գործողությունների ժամանակ է այդպես եղել, թեեւ այդպես չէ, մենք փաստացի ունենք լուսանկարները, որ դրանից հետո է եղել, իսկ վերջերս հայտնաբերեցինք, որ հիմնահատակ ավիրել են, այսօր Շուշիի Կանաչ ժամի տեղում մի քար էլ չկա։ Մոխրենեսի սուրբ Սարգիս եկեղեցին, որ նորից 19-րդ դարի հուշարձան էր, եւ այդպես շարունակ, գերեզմանոցներն ավիրեցին, օրինակ, Մեծ Թաղերի գերեզմանոցը․․․ բազմաթիվ են վանդալիզմի դեպքերը, Քարին տակ գյուղը ամբողջությամբ՝ 19-րդ դարի ճարտարապետության նմուշների գեղեցիկ տներով, փողոցներով, ամբողջությամբ գետնին հավասարեցրին»,-փաստում է Րաֆֆի Քորթոշյանը։

Ադրբեջանը կանխամտածված ոչնչացնում է ամեն ինչ, որ հայկական է։ Անգամ այդ երկրի առաջին դեմքը՝ Ալիեւը, հայտարարեց, որ եկեղեցիների վրայից հայերեն արձանագրությունները պետք է քերել, իբրեւ թե դրանք ավելի ուշ հայերի կողմից ավելացված գրություններ են։ Այնինչ հենց այդ եկեղեցին, որը մատնացույց էր արել թշնամի երկրի ղեկավարը, Հադրութի վանքերից մեկն էր՝ 17-րդ դարի հայերեն արձանագրությամբ, եւ նաեւ 19-րդ դարի գրքերում այդ արձանագրությունը կա։

 

Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցին ցանցապատված է, ամենայն հավանականությամբ, այն ևս վերածելու է մզկիթի

Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին ամբողջովին ոչնչացվեց, իսկ թե ինչ վիճակում են մյուս եկեղեցիները՝ տեսնում ենք միայն համացանցում հայտնված լուսանկարներից և տեսագրություններից՝ ասում է Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։ Օրինակ, Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցին ցանցապատված է։ Ամենայն հավանականությամբ, այն ևս վերածելու է մզկիթի, որովհետեւ ադրբեջանական սոցիալական մեդիայում այդպիսի տեղեկատվություն է սփռվել։ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ճակատագիրը նույնպես անհայտ է՝ նոր վերափոխումներ, վերաձեւումներ են կատարել։

- 2020 թվականի դեկտեմբերին, 2021 թվականի հունվար, փետրվար ամիսներին հատկապես Շուշիի եկեղեցիների շուրջ, այսպես կոչված, ուղղափառացման գործընթաց գնաց, եւ Ադրբեջանը իրեն գործիք դարձրեց Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի, այսպես կոչված, Կասպյան թեմը, և թեմի հոգեւորականները ոմանց օգտագործեցին այդ ուղղությամբ, սակայն դա որոշակիորեն հաջողություն չունեցավ եւ Կանաչ ժամը այսօր չկա, իսկ Ղազանչեցոցը https://x.com/NasimiAghayev/status/1413558311732006915 ինչ-որ վերանորոգումների, ռեստավրացիոն աշխատանքների անվան տակ, թե ինչ են անում, մենք էլ չգիտենք։ Ղազանչեցոցի պարագայում, եկեղեցին մզկիթի վերածելը մի քիչ քիչ հավանական է, որովհետեւ նրա հարեւանությամբ՝ ընդամենը 200 մ  վերեւ, նախկին Պռոշյան փողոցի 5 հարկանի շենքերը ոչնչացրել են եւ տեղը կառուցում են մզկիթ,-ներկայացնում է Հովհաննիսյանը և նկատում՝ իսլամացման գործընթացը մեծ թափ է առել Արցախում։

Գուգլի քարտեզներից տեղեկանում ենք, որ Շուշիից բացի նաև Քարին տակում են մզկիթ կառուցում, Հադրութում, Շոշ գյուղում, Մատաղիսում կառուցվող մզկիթը արդեն ավարտին են հասցնում։ Ավիրվել է Մոխրենիս գյուղն ու Սուրբ Սարգիս եկեղեցին, Խծաբերդ գյուղը։ Այսօր չկա Ստեփան Շահումյանի արձանը Ստեփանակերտում, Անատոլի Զինեվիչի, Ադմիրալ Իսակովի արձանը։ Վերացրել են Շառլ Ազնավուր մշակույթի կենտրոնի բարձրաքանդակները։ Ադրբեջանցիների ձեռքը հասել է նաև Արցախի խորհրդանիշ Տատիկ-Պապիկին՝ ռեստավրացիայի անվան տակ սկսել են «մենք ենք, մեր սարերը» հուշարձանի պղծումը։

Կարճ ասած, մեծ արագությամբ Արցախի յուրացման լուրջ գործընթաց  է տեղի ունենում։ Արցախում այսօր թուրքացման, նաեւ մշակութային առումով թուրքացման, լուրջ քաղաքականություն են վարում։ Եթե լուրջ քայլեր  չձեռնարկենք՝ մեր աչքի առջև հայաթափված Արցախը նաև հայկական մշակույթից է զրկվելու։

Ըստ 2021 թվականին ստեղծված՝ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (MONUMENT WATCH) ծրագրի՝ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ոչնչացվել է հայկական շուրջ 90 մշակութային հուշարձան: 

30 տարի հայկական ուժերն Արցախում պաշտպանում էին իրենց ժողովրդին, որ ապրեին իրենց բնիկ հողի վրա եւ պաշտպանում էին այդ ժողովրդի ստեղծած հուշարձանները

Քո ժողովրդին պահպանելու մի քանի ձեւեր կան այս տարածաշրջանում, որտեղ Ադրբեջանն այսօր էլ հայտարարում է, որ ինքը պետք է կուլ տա Հայաստանին, ասում է Հայկական չարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանը, դրա լավագույն կետը հզորացումն է։

«Այդ առումով, 30 տարի հայկական ուժերը ինչ որ անում էին Արցախում՝ այն էր, որ պաշտպանում էին հենց իրենց ժողովրդին, որ ապրեին իրենց բնիկ հողի վրա եւ պաշտպանում էին նաեւ այդ ժողովրդի ստեղծած հուշարձանները, որը համամարդկային արժեք է։ Ի՞նչ եղավ, երբ Արցախի պաշտպանության բանակը լուծարվեց․ նույն օրը հայաթափվեց ամբողջ Արցախը, հազարամյակների բնիկ ժողովուրդը մի օրվա մեջ բռնի գաղթի ենթարկվեց եւ դրանից հետո Ադրբեջանը այդ բնիկ ժողովրդի ստեղծած հուշարձանները սկսեց ոչնչացնել։ Ի՞նչ պետք է անենք․ պետք է այնպես հզորանանք, որ որեւէ մեկը չկարողանա մեզ բնաջնջի կամ տեղահանի մեր բնօրրանից»,-փաստում է Րաֆֆի Քորթոշյանը։

Բայց մինչ այդ, նրա համոզմամբ, պետք է միջազգային բոլոր խողովակներով ներակայացնել Ադրբեջանի իրական դեմքը եւ քաղաքակիրթ երկրներին հասկացնել, որ չի կարելի հանցագործ ձեռքը սեղմել։

 

Իրինա Հայրապետյան

Աննա Բալյան

 

Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է:  Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ։