կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-06 23:30
Քաղաքական

Համահայկական ներդրումներով շենացնելու ենք Արցախը. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պրոֆեսոր

Համահայկական ներդրումներով շենացնելու ենք Արցախը. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պրոֆեսոր

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, պ. գ. դ., պրոֆեսոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կրթության և գիտության հանձնախմբի նախագահ Խաչատուր Ստեփանյանը գրում է.

«Պատմաբանի դիտարկում.
 
Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը 1920 թ․հունիսի 10-ին հաստատեց «Հայաստանի անկախության փոխառության մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում էր նորանկախ պետության արդյունաբերական ուժերը և տնտեսությունը վերականգնելու նապատակով կազմակերպել հանգանակություն։ Կնքվելու էր 20 մլն. ամերիկյան դոլարի անվանական գումարի պետական փոխառություն 6 տոկոսով: Փոխառությունն արվելու էր 10 տարով Հայաստանում և արտասահմանում։ Բաց էին թողնվելու 10, 25, 50, 100, 500 և 1000 դոլարանոց պարտաթղթեր, որոնք ազատ էին լինելու տուրքերից։ Փոխառությունն ապահովագրվում էր Հայաստանի Հանրապետության ամբողջ գույքով։ Անկախության փոխառության գաղափարը մեծ ոգևորություն առաջացրեց թե Հայաստանում և թե արտասահմանում:
 
Աշխարհի տարբեր անկյուններից շատերն էին ցանկանում իրենց մասնակցությունն ունենալ պետության վերաշինման գործին: Հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներ, թերթեր, անհատ գործիչներ կանգնեցին ՀՀ կառավարության կողքին։ Բոլորը համոզված էին, որ փոխառությունը ցանկալի արդյունք կունենա:
 
Անկախության փոխառության ծրագրի բացումը տեղի ունեցավ 1920 թ․ օգոստոսի 1-ին Թիֆլիսում և Բաթումում։ Հրատարակվեց «Անկախության փոխառություն» միօրյա թերթ, որտեղ գրառումներով հանդես եկան բազմաթիվ մեծանուն գործիչներ (Թերթի մեկ օրինակ պահվում է Հայաստանի ազգային արխիվում):
 
Հենց օգոստոսի 1-ին բազմաթիվ անհատներ, հիմնարկություններ, խորհրդարանի և կառավարության անդամներ տրամադրում են զգալի գումարներ, Կաթողիկոսը Էջմիածնի կողմից տալիս է 1 մլն. ռուբլի: Մի քանի ժամվա ընթացքում հավաքվում է 45 մլն. ռուբլի:
 
Վրաստանից հետո Ա․ Խատիսյանն անցավ Եվրոպա, Եգիպտոս, Զմյուռնիա, որտեղ հանդես եկավ հաջող փոխառություններ կատարելու վերաբերյալ հրապարակային դասախոսություններով։ Ամենուր գաղութահայությունը մեծ ցնծությամբ ու ոգևորությամբ էր դիմավորում Խատիսյանին և վստահեցնում փոխառության հաջող ընթացքի մասին; Անկախության փոխառությանը բաժանորդագրվում էին ոչ միայն ունևորները, այլև հասարակ ժողովուրդը:
 
Միաժամանակ Հայաստանի Հանրապետության անունով կտակներ էին կազմում արտասահմանի հայ մեծահարուստները: Այդպես, Եգիպտոսի գործարանատեր Մելքոնյան եղբայրները, ընդունելով Հայաստանի քաղաքացիություն, իրենց ամբողջ հարստությունը` մոտ 6 մլն. դոլար, կտակում են Հայաստանին: Թիֆլիսահայ մեծահարուստ Ա. Մելիք-Ազարյանը Հայաստանին է կտակում Թիֆլիսի իր տունը: Այնտեղ էր տեղափոխվելու Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Բաքվի հայտնի դրամատեր Ա. Ղուկասյանը ՀՀ-ին կտակել էր 8 մլն. ռուբլի, որը և փոխանցվեց պետությանը: Հայ ռամկավարների կուսակցությունը Եգիպտոսում որոշել էր ՀՀ-ին փոխանցել «Ռամկավար Հայաստանին օդային տորմիղ»` բաղկացած 50 օդանավից, ՀՅԴ-ի կողմից ԱՄՆ-ում կազմակերպված «բանակի հանգանակություն»-ից հավաքվեց ավելի քան կես միլոն դոլար: Այդ հանգանակության շրջանակներում մեծ քանակությամբ սննդամթերք ուղարկվեց Հայաստան։
 
Հայաստանում ներդրումներ էին անելու Մայիլյան եղբայրները, Փիթոյանները, Ժամհարյանները և շատ ուրիշներ։ Կառուցվելու էին նոր երկաթուղագծեր, էլեկտրակայաններ և այլն։
 
Ցավոք, Հայաստանի 1920 թ․ աշնանը տեղի ունեցած թուրք-հայկական պատերազմը և Հայաստանի խորհրդայնացումը կիսատ թողեցին բոլոր ծրագերը։ Բայց ակներև էր այն փաստը, որ հայկական գաղութների հնարավորությունները սիրահոժար տրամադրվելու էին Հայաստանի Հանրապետության ռազմական, տնտեսական, կրթամշակութային վերելքին։
 
Պատմությունը կարծես կրկնվում է: Պատերազմը շուտով ավարտվելու է, անշուշտ, մեր հաղթանակով: Այս օրերին արտասահմանում տեղի ունեցող համահայկական դրամահավաքի խանդավառությունը ոգևորիչ է: Նախ՝ ամեն ինչ հաղթանակն արագացնելու համար: Բայց հետո գալու է Արցախի վերաշինության հերթը: Այդժամ նույնպես պետք է համահայկական ներդում ապահովել մեր ավերված շեներն ու քաղաքները ոտքի կանգնեցնելու համար: Համահայկական ներդրումներ… Եթե հարյուր տարի առաջ չհաջողվեց ավարտին հասցնելու Հայաստանի իշխանությունների ծրագրած փառահեղ նախագիծը, ապա այս անգամ մենք դա անելու ենք: Հաղթելու ենք պատերազմում և շենացնելու ենք Արցախը»: