կարևոր
6790 դիտում, 1 ամիս առաջ - 2024-08-08 23:23
Աշխարհ Քաղաքական

Իսրայելը Ղարաբաղը չէ. Էրդողանի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել Բաքվում

Իսրայելը Ղարաբաղը չէ. Էրդողանի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել Բաքվում

Իր պերճախոսությամբ և վառ կերպարներով hայտնի Թուրքիայի նախագահը Բաքվի ակնհայտ դժգոհությունն է առաջացրել 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմում, որն ավարտվել է Ադրբեջանի հաղթանակով,  իր երկրի դերի մասին հերթական հնչեղ (սակայն, կհամոզվենք ստորև, ամենևին էլ՝ ոչ սենսացիոն) հայտարարություններով ։

Ինչպես նախկինում, արտաքին քաղաքական արդի թեմաների հիշատակմամբ ընդարձակ դատողությունները նախատեսված են հիմնականում ներքին բուռն լսարանի համար, սակայն այս անգամ դրանք նաև կողմնակի ազդեցություն ունեցան։

Հիշեցնենք՝ վերջերս հայրենի մերձսևծովյան Ռիզե քաղաքում գումարված կուսակցական ժողովի ժամանակ Էրդողանը, ռազմական էքսպորտի տպավորիչ հաջողությունների հետ մեկտեղ, անուղղակիորեն խոստովանել էր նաև որոշ խնդիրների առկայությունը․

«Մեր ռազմական էքսպորտը կազմում էր 36 միլիոն դոլար, սակայն մենք հիմա հատել ենք 250 միլիարդը։ Իրավիճակը վարելավվում է։ Որտե՞ղ էր մեր ներմուծում-արտահանումը ռազմական արդյունաբերությունում և որտե՞ղ է այն ներկայումս։ Բայց, իմ թանկագին եղբայրներ և քույրեր, թող որ այս հաջողությունները ձեզ չմոլորեցնեն։ Մենք պետք է լինենք շատ ուժեղ, որպեսզի այդ Իսրայելը չկարողանա նման բան անել Պաղեստինի հետ։ Ճիշտ այնպես, ինչպես մենք մտանք Ղարաբաղ, ճիշտ այդպես էլ մտանք Լիբիա, մենք կարող ենք նման բան անել և նրանց հետ (Իսրայելի)։ Ոչ մի պատճառ չկա, որ մենք չկարողանանք դա անել։ Մեզ անհրաժեշտ է՝ միայն ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք անենք ի՞նչ։ Որպեսզի կարողանանք ձեռնարկենք այդ քայլերը» (Telegram

Նման ընդարձակ սենտենցիան օպերատիվ պարզաբանումներ է պահանջել պաշտոնական մարմնից՝ ի դեմս Daily Sabah-ի, որը շեշտը դրել է «սուլթանի» խաղաղասիրության և ռացիոնալ մոտեցումներին նրա հավատարմության վրա.

«Թուրքիայի նախագահի հայտարարությունները, ով միշտ անկեղծորեն արտահայտվել է, թե ինչ է մտածում Իսրայելի վարչակազմի մասին, մի փոքր երկիմաստ էին… թեև Թուրքիան «չմտավ» Ղարաբաղ, նա բացահայտ աջակցեց Ադրբեջանի՝ հայերի կողմից ապօրինի օկուպացված տարածքները վերադարձնելու գործողություններին։ Ինչ վերաբերում է Լիբիային, ապա Թուրքիան զորքեր է ուղարկել ՄԱԿ-ի կողմից աջակցվող հյուսիսաֆրիկյան երկրի վարչակազմին աջակցելու համար: Այսպիսով, «ներխուժում» երբեք չի եղել»:

Էրդողանի հայտարարությունները, մեջբերված հոդվածի հեղինակ Յուսիֆ Զիյա Դուրմուշի մեկնաբանությամբ, առաջին հերթին «ցույց են տալիս Իսրայելին կանգնեցնելուն ուղղված միջազգային հանրության անգործությունից հիասթափված մարդու զայրույթ։ Թուրքիան երբեք «զավթիչ» չի եղել, և Էրդողանի ղեկավարությամբ եղել է դիվանագիտության անխոնջ ջատագով… Նա բարելավեց կապերն այն երկրների հետ, որոնց հետ ժամանակին պատերազմի եզրին էր, ինչպիսին Հունաստանն էր, և նույնիսկ դիմեց Եգիպտոսին և Սիրիային՝ հարաբերությունները կարգավորելու խնդրանքով: Ինչ վերաբերում է զորքերի տեղակայմանը, ապա այն գործում է միայն ինքնապաշտպանության նպատակով, օրինակ՝ Սիրիայում և Իրաքում PKK ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունների ընթացքում, որը Թուրքիայի անվտանգության համար ներկայացնում է ամենաանմիջական վտանգը․..»։

Այնուհետև շարունակում է․ «Կարո՞ղ է Թուրքիան համարձակվել մարտահրավեր նետել Թել Ավիվի ռեժիմին, որը համարվում է գերտերություն, իսկ Եվրոպայի մեծ մասը՝ նրա դաշնակիցները։ «Ոչ»  միանշանակ պատասխան չկա։ Իսրայելին ռազմական ճանապարհով մարտահրավեր նետելու համար պահանջվում է պարզապես միասնական ճակատ, և հենց որ նրանք, ում Թուրքիան ձգտում է մոբիլիզացնել, գոնե մի կաթիլ միասնություն ցուցաբերեն, նույնիսկ Նեթանյահուի վարչակազմին նախազգուշացումը բավարար կլինի նրա ռազմական կաբինետի սրտերում վախ սերմանելու համար»: Այնուամենայնիվ, այս և նմանատիպ բանավոր հյուսվածքներն ակնհայտորեն ոչ բոլորին են գոհացրել: Ի պատասխան Թուրքիայի առաջնորդի խոստովանություններին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը տեղական լրատվամիջոցներին ասել է. «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար մղվող մարտերին որևէ երկրի զինծառայողների մասնակցության վերաբերյալ հայտարարությունների հիմք չկա:

Ալիևը բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիայի և Պակիստանի ղեկավարությանն իրենց քաղաքական աջակցություն ցուցաբերելու համար։ Ադրբեջանի զինված ուժերը պատերազմի ընթացքում կրել են՝ մոտ 3000, իսկ հակաահաբեկչական գործողության ընթացքում՝ 204 կորուստ (2023-ի սեպտեմբերին՝ մոտ 204 զոհ). հավելել է պաշտոնյան։

Հուլիսի 29-ին Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Մեհմեդ Քեմալ Բոզայի հետ՝ ակնհայտորեն մտահոգություն հայտնելու և առաջացած խնդիրը քննարկելու համար: Բայց արդեն հաջորդ օրը, քննադատելով Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանն ԱԶԿ մարզային բաժանմունքների նախագահների հետ հանդիպման ժամանակ, Էրդողանն աներկբա շարունակել է իր միտքը.

«30 տարվա օկուպացիայից հետո Ղարաբաղի ազատագրման համար մեր պայքարում մենք ամենակոշտ քննադատության ենթարկվեցինք ԺՀԿ ղեկավարության կողմից»:

Մինչդեռ, պահպանողական ճամբարի մրցակիցները նույնպես չեն նիրհում:

«Ուզում եմ հիշեցնել պարոն նախագահին, որ մենք չենք կարող գիշերը հանկարծակի մտնել Իսրայել, այն պատճառով, որ Կուրեչիկի ռադիոլոկացիոն բազան կտեղեկացնի մեր տարածքում գործողությունների մասին»,- հեգնանքով հիշեցրել է ժողովրդականություն վայելող «Բարօրություն» կուսակցության ղեկավար Ֆաթիհ Էրբաքանը:

Հուլիսի 31-ին Անկարայում Ադրբեջանի դեսպանը ենթադրաբար երկկողմ հարաբերությունների ակտուալ օրակարգը քննարկել է փոխարտգործնախարար Էքինջիի հետ: Մամեդովի երկու լսարանները երեք օրվա ընթացքում գրավել են դիտորդների ուշադրությունը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մտքեր են փոխանակվել էներգետիկայի և տրանսպորտային կապերի ոլորտում համագործակցության, ինչպես նաև բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում փոխգործակցության շուրջ: Իսկ մի քանի օր անց Բաքվում է հայտնվել Թուրքիայի ԱԳՆ վարչության ղեկավարը, որին ընդունել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

Էրդողանի հայտարարությունն ու դրա վերարտադրությունը մամուլում տեղին չէր, բայց՝ «մենք պետք է հասկանանք, որ կան կոնկրետ բաներ, որոնց չի կարելի շոշափել, և դա ոչ մի օգուտ չի բերում»,- ասում է Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը, ով գովերգում է Ալիևի քաղաքական-դիվանագիտական տաղանդները, որը կարողացել է Ադրբեջանին աջակցության դաշտում համախմբել հակառակ կողմնորոշում ունեցող ուժերին:

Թուրք առաջնորդի ասածը «վնաս հասցրեց ոչ միայն թուրք-ադրբեջանական հարաբերություններին, այլև ջուր լցրեց բոլոր նրանց ջրաղացին Հայաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլն, ովքեր պնդում էին, որ (Ղարաբաղում) կռվում է ինտերնացիոնալը, որ հայկական բանակին կարծես անհնար կլիներ հաղթել»։

Միևնույն ժամանակ, Մամեդովի կարծիքով, Թուրքիայի և Ադրբեջանի միջև սկզբունքային տարաձայնություններ չկան, և եթե կան, ապա դրանք կարող են վերաբերել նախևառաջ Մերձավոր Արևելքում Իսրայելի քաղաքականության գնահատման մոտեցումներին:

Թուրքիայի ուժը Հարավային Կովկասի տարածաշրջանում ձևավորվում է Ադրբեջանի և Վրաստանի հետ փոխգործակցության հաշվին, և հազիվ թե Թուրքիայում ամերիկամետ շրջանակները կարողանան առաջ տանել «հայ-թուրքական կարգավորումը» Բաքվի և նրա շահերի հաշվին, զգուշացնում է իշխանամետ տեսակետ հնչեցնող այս քաղաքագետը՝ հիշեցնելով 2009թ. ադրբեջանա-թուրքական ճգնաժամի մասին Արևմուտքի կողմից աջակցվող «ֆուտբոլային դիվանագիտության» ֆոնին։

Անկարայի և Բաքվի համակողմանի աջակցությունը, որը հատկապես ակտիվ է վերջին մի քանի տարիներին, անվիճելի փաստ է, որը լայնորեն ճանաչված է և առանձնապես չի ժխտվում նաև Կասպից ծովի ափերին։

Այսպես, 2018-ին թուրքական առաջատար պաշտպանական կապալառու Aselsan-ը Բաքվի հետ համաձայնագիր է ստորագրել կապի միջոցների համատեղ արտադրության մասին։ Նմանապես, Turkish Aerospace Industries-ը (IAI) նույն տարվա սեպտեմբերին համագործակցության արձանագրություն է ստորագրել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (AMEA) հետ՝ միավորելու ջանքերը պաշտպանության և ավիացիայի ոլորտներում:

Նույն թվականին, ըստ Anadolu գործակալության, թուրքական մեխնիկական և քիմիական արդյունաբերության կորպորացիան (MKEK) պաշտպանության ոլորտում համագործակցության առաջարկ է ստացել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունից: 2009-ից Roketsan ընկերությունը և Բաքվի Iglim ռազմագիտական ձեռնարկությունն աշխատում են հեռահար հրթիռային համակարգի մշակման վրա։

Ըստ Ադրբեջանի ռազմական գերտեսչությանը մոտ կանգնած «Վզգլյադ» ինտերնետային պարբերականի աղբյուրի՝ 2020-ի աշնանը «Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Բախտիար Էրսայի գլխավորած խումբն անմիջականորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների կազմակերպմանը։ Էրսայը Բաքվում է։

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի պաշտոնանկությունից հետո նա անձամբ է վերահսկում գլխավոր շտաբը Ղարաբաղի դեմ գործողության հարցով։ Նա հաշվետու է Թուրքիայի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությանը գործողության ընթացքի մասին»։

Բացի այդ, Ղարաբաղում գործողության պլանավորմանը և իրականացմանը մասնակցել է Թուրքիայի ցամաքային զորքերի 3-րդ դաշտային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայը, «ով Ադրբեջան էր ժամանել սեպտեմբերին և հոկտեմբերին, իսկ մինչ այդ՝ ամռանը։ Օնգայը և ևս մի քանի թուրք գեներալներ իրականացրել են թուրք-ադրբեջանական համատեղ հարձակողական գործողությունների պլանավորում»։

Մեկ այլ գեներալ, ով մասնակցել է Լեռնային Ղարաբաղում գործողության ղեկավարմանը, եղել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի 1-ին մատակարարման և սպասարկման կենտրոնի ղեկավար Գյոքսել Քահյան, ով առնվազն երկու անգամ հանդիպել է Ալիևին։ Մինչև Ադրբեջան գործուղվելը դա Լիբիայում կազմակերպում էր Անվտանգության և գործողությունների գլոբալ կենտրոնի (Global Center for Security and Operations, GSSO) աշխատանքը՝ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի կառավարման համար՝ Տրիպոլիի կառավարությանն աջակցելու համար, որը հակադրվում էր Խալիֆա Հաֆթարի «Լիբիայի ազգային բանակին»։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում մարտական լուրջ փորձ ունեցող թուրք զորահրամանատարների աշխատանքը կարող էին ապահովել շուրջ 200 զինվորական խորհրդականներ, որոնք զբաղվում էին կազմակերպչական և շտաբային աշխատանքով: Թուրք մասնագետների առաջադրանքների ներքո հատուկ արբանյակային կապի երկու կայան է տեղակայվել Բաքվում և Գաբալայի ռազմական օդանավակայանի տարածքում։

2020թ. Ղարաբաղյան պատերազմի ընթացքում «բայրաքթարներ» արտադրող Baykar Makina ընկերության ղեկավար Հալուք Բայրաքթարը 2021թ. հունիսի 15-ին պարգևատրվել է Ադրբեջանի առաջնորդի ձեռքից ստացած շքանշանով, ինչն արժանացել է լրատվամիջոցների լայն արձագանքին։ Ավելի վաղ՝ ապրիլի 1-ին, նույն պատվին էր արժանացել նաև Baykar Makina-համասեփականատեր, Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը: 2021թ. հունիսին Ալիևի և Էրդողանի կողմից ստորագրված «Շուշիի հռչակագիրը» երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի է հասցրել. փաստաթղթի առանցքային դրույթը երրորդ պետության կողմից հարձակման կամ սպառնալիքի դեպքում փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերելու պարտավորությունն է, ինչն ընդգծում է Անկարայի և Բաքվի միջև ռազմավարական դաշինքը։

Էրդողանը, ով հայտնի է Գազայում իսրայելական ռազմական գործողությունների դեմ իր կտրուկ հայտարարություններով, բախվել է ներքին խնդիրների ֆոնին աճող ընդդիմության քննադատությանը՝ կապված Նեթանյահուի ռեժիմի հետ իր մերձավոր զինակիցների գործնական կապերի հետ, նշում է Nordic Monitor-ը:

Ի պատասխան հանրային հնչեղության՝ թուրքական իշխանությունները 2024թ. ապրիլին սահմանափակումներ են մտցրել Իսրայել որոշ ապրանքների արտահանման վրա։ Ավելի վաղ գրել էինք՝ դա բավական էքսպրեսիվ բողոքի է հանդիպել մերձպաղեստինյան խմբավորումների ակտիվիստների կողմից, որոնք հունիսի 1-ին եռապատկել են Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR ընկերության Ստամբուլի գրասենյակի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան։ Մասնավորապես, թուրքական իշխանությունները քննադատվում են Արևմտյան Կասպից ծովի հանքավայրերից խողովակաշարով դեպի Հարավային Ջեյհան նավահանգիստ նավթ  տեղափոխելու թույլտվության համար՝ հետագայում Իսրայել ուղարկելու համար (տես, 20240710 «Թուրքիա. ադրբեջանական նավթի արտահանումն Իսրայել ծնում է Էրդողանի կողմնակիցների դժգոհությունը» հոդվածը։- Գ.Մ.):

Անկախ սահմանները խախտած սիոնիստների արարքներից, փոխշահավետ բիզնեսը կշարունակի ուղեկցվել հակաիսրայելական հռետորաբանությամբ, որը քողարկում է այն առանց իսկապես լուրջ հետևանքների, համենայնդեպս, այդպես էր թվում մինչև վերջերս:

Economist-ը գրում է՝ կրոնական դրդապատճառներով ընտրողները կարծում են, որ նախագահը բավականաչափ դաժան չէ Իսրայելի նկատմամբ, ինչը, հնարավոր է, Էրդողանին դրդի խստացնել առևտրային սահմանափակումները։ Թուրքիայի առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ սահմանափակող միջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը Գազայում անհապաղ հրադադար չի հայտարարել և չի ապահովել մարդասիրական օգնության բավարար և շարունակական հոսք:

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գ.Մ.