կարևոր
7696 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-03 20:21
Հասարակություն

Եզդիների ցեղասպանությունը՝ 10 տարի անց․ այսօր Սինջարի ցեղասպանության տարելիցի օրն է

Եզդիների ցեղասպանությունը՝ 10 տարի անց․ այսօր Սինջարի ցեղասպանության տարելիցի օրն է

Հայաստանում օգոստոսի 3-ը  Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տեղի են ունեցել հարձակումներ եզդիներով բնակեցված Իրաքի Սինջար քաղաքի վրա, որտեղ սպանվել է ավելի քան երեք հազար մարդ: Սովի, ծարավի և անտանելի շոգի հետևանքով մահացել է լեռներում ապաստան գտած մոտ 1000 մարդ, ավելի քան 200 հազար եզդի դարձել է փախստական, առևանգվել են 13-ից 56 տարեկան շուրջ 5000 կանայք և աղջիկներ: Վերջիններիս կյանքի պահպանման նախապայման է եղել իսլամի ընդունումը և ամուսնությունը ջիհադիստների հետ: Այս առթիվ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ կոնֆերանս-քննարկում նվիրված վերոհիշյալ տարելիցին։ 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր խոսքում նշեց, որ, ի սկզբանե լսելով եզդիների մասին ցեղասպանություն արտահայտությունը, հիշում է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում թուրքերի ձեռքով տեղի ունեցածը, նաև, որ ընդամենը 10 տարի առաջ նորն է եղել, և հենց այստեղ է հայ-եզդիական բախտակցությունը երևան գալիս, և, ցավոք, նախորդ 3 տարվա ընթացում, ու հատկապես անցյալ տարի, երբ արձանագրվեց նորը, իհարկե մարդկային զոհերի առումով շատ ավելի «փափուկ», սակայն չփոխելով դրա էությունը։

Հայերն ու եզդիները, ներկայացնելով Մերձավոր Արևելքի նախաիսլամական և նախաթյուրքական պատմությունը, տարածաշրջանի բնիկության հավակնորդներից են, այսինքն նրանք մարմնավորում են բնիկության և նստակեցության խորհուրդը, և դրանով էլ բխում է հայերի և եզդիների քաղաքական բախտակցությունը, նաև ընդհանուր հայրենքի ու պայքարի երևույթները։ 

«Եթե չկա ցեղասպանության ճանաչում և դատապարտում, ապա նոր ցեղասպանությունները կարող են շարունակվել», - իր խոսքում նշեց քաղաքագետը։ 

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նշում է, որ եզդիների փաստաթղթավորված ցեղասպանությունը սկսվել է դեռևս 1890-ական թվականներից, երբ Օսմանյան կայսրությունում տեղի էր ունենում հարկադիր կրոնափոխության գործընթաց, և դրա հիմնավորմամբ էլ նրանք զանգվածաբար ոչնչացնում էին եզդի ժողովրդին։

«1890-1894 թթ․-ին զանգվածաբար և դաժանաբար ոչնչացվում էին եզդիները Մոսուլինում, Սինջարում,  Իրաքի և Սիրիայի տարածքում։ 1897 թվականին Աբդուլ Համիդը ոչնչացրեց 300000 հայ և 350000 հույն, և այն ժամանակ ո՞վ գիտի՝ ինչպես կթեքվեր պատմության անիվը, եթե այն ժամանակ եղած զարգացած աշխարհը պատշաճ ձևով արձագանքեր եզդիների ոչնչացմանը 1890 թվականից սկսած։ Այո՛, նրանք եկել էին մեր տուն ու մեզ ոչնչացնում էին, որովհետև մենք չէինք համաձայնվում դառնալ թուրք և չէինք դավաճանում մեր հավատքը։ Համոզված եմ, որ այն գործընթացը, որը 10 տարի առաջ տեղի ունեցավ Սինջարում, այն ուղիղ հետևանք էր միջազգային հանրության լռությանը»։

Լրագրող Զեմֆիրա Քալաշյանը ներկայացրեց եզդի կանանց հետ տեղի ունեցած դաժան գործողությունների, նրանց ստրկավաճառության, դրա պատճառով նաև շատերի ինքնասպանության և նաև նրանց, ովքեր կարողացել են մազապուրծ լինել, ստեղծել են հասարակական կազմակերպություններ, որոնք հետագայում նույնիսկ փորձել են հետևել և գտնել, անգամ գումար վճարելով գնել այն կանանց, ովքեր ժամանակին վաճառվել են և որոնց վերաբերվել են իբրև ապրանքի։

Բռնություններ են իրագործվել նաև եզդի տղա երեխաների նկատմամբ, նրանց գերեվարել են և մեծացրել այն հոգեբանությամբ, որ, երբ նրանք մեծանան, պետք է սպանեն իրենց ազգակիցներին։ 

«50-ից մինչև 1500 դոլար արժողությամբ նրանք վաճառում էին կանանց, և, որքան  նրանց վերավաճառում էին, այնքան նրանց գինն արժեզրկվում էր», - իր խոսքում հավելում է Զեմֆիրա Քալաշյանը։

Լրագորղ Բորիս Մուրազին նշում է, որ եզդիները առնվազն 74 անգամ ենթարկվել են ցեղասպանության։

«Նրանք ենթարկվել են ամենաանմարկդային, ամենաբիրտ ուժերի կիրառմանը, ամենադաժան կերպով սպանվել և խոշտանգվել են, կանայք և երեխաները ենթարկվել են բռնությունների, նրանցից շատ քչերին է հաջողվել ողջ մնալ, ոմանք հաստատվել են օտար երկրներում։ Ժամանակն է լուծումներ գտնել, որպեսզի այլևս չկրկնվեն նման ոճրագործությունները։

Եթե խոսքս մի փոքր քաղաքականացնեմ, ապա կնշեմ, որ մինչև 2018 թ․ ես ունեի այն վստահությունը, որ Հայաստանի Հանրապետությունը եզդիների իրավունքների և նրանց համախմբման առումով մեծ դերակատարություն ուներ, սակայն այսօրվա իշխանություններն ինձ համար հատկապես երկու բան են փչացրել․ առաջինը, որ Հայաստանն առաջ իր անվտանգությունը կարողանում էր ապահովել, ապագայում կարող էր հզորանալ ու օգնել եզդիներին, և ես կարծում եմ, որ մենք՝ Հայաստանում ապրող եզդիներս, պետք է ամեն բան անենք Հայաստանի հզորացման համար, քանզի եկեք չմոռանանք, որ Հայաստանն է եղել այն առաջին պետությունը, որը տպագրել է եզդիերենով թերթ, դպրոցներում դասավանդվել է եզդիերեն, ինչպես նաև պաշտպանված է եղել եզդիների կրոնը», - նշում է նա։ 

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանն էլ իր խոսքում նշեց, որ ցեղասպանությունը պետք է ճանաչել, դատապարտել  և կանխարգելել։

«Ահա այս եռաշղթան է, որ պետք է տեղի ունենա պետական քաղաքականության մակարդակով։ Եթե զուգահեռներ տարվի հայերի և եզդիների միջև կրկնակի ամոթալի է 2023 թ․-ին Արցախում կատարվածը, որը տեղի ունեցավ այնտեղ հայերի հետ և այն, ինչ 10 տարի առաջ տեղի ունեցավ Շանգալում եզդիների հետ, բոլորիս պետք է մտորելու տեղիք տա: Արցախում տեղի ունեցածը ոչ միայն ողբերգություն է, այլ նաև ամոթ: Ամոթի խարանը բոլորիս ճակատից կմաքրվի, երբ փոխենք Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը», - իր խոսքը եզրափակեց Անդրանիկ Թևանյանը։

Հայաստանի խորհրդարանը 2018 թ․ հունվարին ճանաչել է 2014թ «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թ-ին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը: 2024 թ․-ի ապրիլին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օգոստոսի 3-ը՝ որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը։  

 

Անժելա Սեդրակյան