կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-02 14:07
Հասարակություն

Կես միլիոնից ավելի փախստական, գերեվարված կանայք. եզդիների ցեղասպանությունից անցել է 5 տարի

Կես միլիոնից ավելի փախստական, գերեվարված կանայք. եզդիների ցեղասպանությունից անցել է 5 տարի

Իրաքի Շանգալ նահանգի եզդիների ցեղասպանության հետևանքները շարունակում են չվերացված մնալ: Կես միլիոնից ավելի եզդի փախստականներ են ի հայտ եկել ամբողջ աշխարհում, որոնցից շատերը շարունակում են ապրել վրանային ճամբարներում տարբեր տեղերում՝ Թուրքիայում, Սիրիայում, Հունաստանում, Հյուսիսային Իրաքում:

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-ի նախագահ Սաիդ Ավդալյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ այս մարդիկ հումանիտար աղետին դեմ հանդիման:

«Այդ վրանները նրանց տրամադրվել են հինգ տարի առաջ ՄԱԿ-ի կողմից: Դրանք հնամաշ են, ոչ ջրակայուն, դյուրավառ են: Ցրտաշունչ ձմռան պայմաններում, այդ տնակներում ապրելով, մարդիկ լուրջ վտանգների առաջ են կանգնում: Եզդիներից շատերն են ցանկանում վերադառնալ իրենց հայրենիք՝ Շանգալ, սակայն այստեղ էլ խնդիրներ կան: Մի կողմից՝ Շանգալի ենթակառուցվածքները պայթեցվել են, տները քանդվել են, մյուս կողմից՝ խոչընդոտներ են ստեղծվում»,-ասաց Սաիդ Ավդալյանը:

Նշվում է, թե Իսլամական պետության զինյալները դուրս են եկել Շանգալի գրավյալ տարածքներից ու ամեն ինչ վերջացած է, սակայն, Սաիդ Ավդալյանը պնդում է, որ դա այդպես չէ: Այսօր շարունակվում է եզդիների ցեղասպանությունը:

«Մենք պարբերաբար զոհեր ենք ունենում, փոքր խմբավորումներ շարունակվում են հարձակվել եզդիների վրա, սպանել, գերեվարել: Սա ցեղասպանություն է բառիս բուն իմաստով: Մարդիկ սպանվում են կրոնական և ազգային պատկանելության հիմքի վրա: Բազմաթիվ եզդի կանանց ու աղջիկների գերեվարում են ու ստրկության վաճառում: Այսօր 3 հազար եզդի կին և աղջիկ դեռ գտնվում են գերության մեջ, և շատերի ճակատագիրը դեռ մնում է անհայտ: Չունենք տեղեկություն՝ նրանք ողջ են, թե սպանված: Այս ընթացքում բազմաթիվ երեխաներ են մահմեդականացվել»,-ասաց նա:

Սաիդ Ավդալյանն ընդգծեց, որ իրականացվում է նաև մշակութային ցեղասպանություն: Հինգ տարվա ընթացքում արձանագրվել է բազմաթիվ եզդիական սրբավայրերի, մշակութային արժեքների ոչնչացում հենց Իսլամական պետության զինյալների կողմից: Արդեն 60-ից ավելի եզդիական սրբավայրեր են պայթեցվել: Որոշները վերականգնվել են, սակայն չունեն նախկինի տեսքը: ԱՄՆ-ի կառավարությունը ֆինանսական օգնություն է տրամադրել վնասված հուշարձաններն ինչ-որ ձևով վերականգնելու համար:

«Ցեղասպանության զոհերի կոնկրետ թիվ չենք կարող հաղորդել, որովհետև ամեն օր հայտնաբերվում են եղբայրական գերեզմաններ, որտեղ կան մեծ թվով սպանված եզդիների մասունքներ: ՄԱԿ-ի փորձագիտական և հետազոտական խումբն իրականացնում է մասունքների հայտնաբերումը, դրանց նույնականացումը»,-ավելացրեց ասոցիացիայի նախագահը:

Սաիդ Ավդալյանը նկատեց , որ Շանգալը գտնվում է Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի արանքում, այն ռազմավարական նշանակության տարածք է: Եվ ով տիրապետում է Շանգալին, նա կարողանում է վերահսկողություն սահմանել այդ երեք պետությունների սահմաններին: Այդտեղով են անցնում ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները: «Եթե միջազգային ամբողջ հանրության կողմից չդատապարտվեն ցեղասպանությունները, ապա կլինեն նորերը»,-հավելեց նա:

Շանգալի եզդիների ցեղասպանությունը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը: Հայաստանի խորհրդարանը ճանաչել է 2014 թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Եզդիների ցեղասպանությունը ճանաչել են նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը, Ֆրանսիան, Կանադան, ՄԱԿ-ը, Եվրախորհուրդը: