Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են ընդլայնել ուժայինների լիազորությունները երկիրը լքած քաղաքացիներին հետապնդելու հարցում, որոնց թիվը, տարբեր գնահատականներով, կարող է տատանվել 600 հազարից մինչև 1 միլիոն մարդու սահմաններում։
Ուրբաթ օրը Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որը Գլխավոր դատախազությանը իրավունք է տալիս օգնություն խնդրել օտարերկրյա պետությունների իրավապահ մարմիններից՝ քրեական հետապնդման ենթարկված ռուսաստանցիներին որոնելու համար:
Գլխավոր դատախազությունը կկարողանա «նյութեր ուղարկել օտար երկրներ՝ պատասխանատվության ենթարկելու ոչ միայն օտարերկրյա քաղաքացիներին, այլև Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք հանցագործություններ են կատարել և փորձում են խուսափել պատժից՝ լքելով երկիրը», - ասել է Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարևը։
Ըստ նրա, նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՌԴ Քրեական դատավարության օրենսգրքի 458-րդ հոդվածում։ «Նրանք, ովքեր փախչում են արդարադատությունից արտասահմանում, պետք է պատասխան տան իրենց հանցագործությունների համար, անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում»,- ասել է Պիսկարևը:
Նա հավելել է, որ նոր օրենքը «կնպաստի քրեական դատավարության այնպիսի հիմնարար սկզբունքի իրականացմանը, ինչպիսին է պատժի անխուսափելիությունը»։
Էմիգրանտների «որսի» գործում ուժայիններին կօգնի մեկնած քաղաքացիների միասնական պետական տվյալների բազան, որոնց իշխանությունները համարում են «ծայրահեղականությանն» առնչակից: Դրա ստեղծումը Ներքին գործերի նախարարությունը ներառել է 2025-30 թթ․ ծայրահեղականության դեմ պայքարի ռազմավարության նախագծում։
Փաստաթղթի համաձայն, պետությունը կարիք ունի «տվյալների բանկ ստեղծել այն անձանց մասին, որոնք հեռացել են Ռուսաստանի Դաշնությունից ծայրահեղական կազմակերպություններին մասնակցելու, ինչպես նաև անբարյացակամ պետությունների օտարերկրյա կենտրոններում վերապատրաստում անցնելու համար»: Ռուսաստանին ուղղված արտաքին ծայրահեղական սպառնալիքներն աճում են, իսկ արտերկրից գործող ծայրահեղականները ձգտում են «ապակայունացնել սոցիալ-քաղաքական իրավիճակը» և «գունավոր հեղափոխություն իրականացնել», ասվում է ռազմավարության նախագծում։
Վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանից քաղաքական արտագաղթի ամենամեծ ալիքը, որը սկսվեց Ուկրաինա ներխուժումից հետո և արագացավ մոբիլիզացիայի հայտարարությունից հետո, ռուսաստանյան անձնագրերով հեղեղեց եվրոպական երկրները, Թուրքիան և ԽՍՀՄ նախկին պետությունները։ 2024 թվականի հուլիսի դրությամբ գրեթե 700 հազար ռելոկանտ չի վերադարձել Ռուսաստանի Դաշնություն, 70 երկրներում միգրացիոն ծառայությունների տվյալների հիման վրա հաշվարկել է The Bell-ը։
Իշխանությունները նախատեսում են էմիգրանտների որոնմանը ներգրավել Դաշնային հարկային ծառայությանը և բանկերին։ Դաշնային հարկային ծառայությանը հանձնարարվել է ստեղծել ֆիզիկական անձանց համար Ռուսաստանի հարկային և արժութային ռեզիդենտի կարգավիճակի որոշման ավտոմատացված համակարգ, իսկ վարկային կազմակերպություններին՝ բացահայտել արտերկրում գտնվող հաճախորդներին IP հասցեներով և տեղորոշման համակարգերով: