Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արագածոտնի թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներին՝ առաջնորդությամբ թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների պատասխանատու Արժանապատիվ Տ․ Փառեն քահանա Առաքելյանի։
Ներկայացնելով ուխտավոր հայորդիներին՝ Տեր Հայրը նշեց, որ երիտասարդներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ստանալու Հայոց Հայրապետի օրհնությունը։
Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, կարևորեց Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող երիտասարդական միությունների գործունեությունը, որով հայորդիները հնարավորություն են ունենում հաղորդ դառնալու հոգևոր արժեքներին ու սրբազան ժառանգությանը և իրենց ներդրումը բերելու Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորներին՝ թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, երիտասարդների նկատմամբ ցուցաբերած հոգածության, նրանց հավատն ու ոգին ամուր պահելու և Աստծո խոսքով զորացնելու համար։
Հանդիպմանը Հայոց Հայրապետը երիտասարդ հայորդիներին հորդորեց պահպանել և իրենց կյանքի ուղեցույցը դարձնել Եկեղեցու գանձարանում ամբարված անանց արժեքները, առաջնորդվել սուրբգրային պատգամներով, ամուր հավատքով կապված մնալ Մայր Եկեղեցուն, ծառայել Հայրենիքին և լինել ազգի արժանավոր զավակները։
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու երիտասարդական ծրագրերին, հովվական գործունեությանը և Եկեղեցու առաքելությանն ի նպաստ երիտասարդների ներգրավվածությանը։