Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստան ժամանած ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգից տեղեկացնում են` հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայր Սուրբին` վերստին շնորհավորելով առաջնորդ ընտրվելու կապակցությամբ: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ Հայր Դանիելն իր բազմամյա նվիրյալ ծառայության շնորհիվ սիրված է հայ համայնքի կողմից և վայելում է ամենքի վստահությունը: Խոսելով հայ համայնքի կյանքում առկա խնդիրների և մարտահրավերների մասին` Վեհափառ Հայրապետը համոզմունք հայտնեց, որ, աջակից ունենալով հոգևոր դասին և հավատավոր հայորդյաց, հնարավոր կլինի դրանք հաղթահարել և ազգային-եկեղեցական կյանքը վերընթացի մեջ պահել: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ հովվական խնամքի ներքո մեր ժողովրդի զավակները ապրեն ազգային-հոգևոր արժեքներով, հավատարիմ մնան իրենց ինքնությանը և, ծաղկեցնելով հայ համայնքը, իրենց օգտակար ծառայությունը բերեն ազգին, հայրենիքին և Եկեղեցուն:
Զրույցի ընթացքում ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդն իր որդիական սերն ու երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին` դեռևս Մայր Աթոռում իր սարկավագության տարիներից սկսյալ իր նկատմամբ մշտապես ցուցաբերված հայրական խնամքի և վստահության համար` պատիվ նկատելով առաջնորդական հանգամանքում իր ծառայությունը Հայոց Եկեղեցուն: Հայր Դանիելը ևս անդրադարձ կատարեց թեմի և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերներին` նշելով, որ իր ողջ ուժերն և կարողությունները պիտի ներդնի և ծառայեցնի ի պայծառություն Արևելյան թեմի և ի բարօրություն հավատավոր ժողովրդի:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծո զորակցությունը և հաջողություններ մաղթեց Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանին իր առաջնորդական առաքելության մեջ: