Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինքնահռչակ Աբխազիայի արտգործնախարարությունը քննդատել է Հայաստանի դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար։
«Հայկական կողմին կոչ ենք անում շաբլոն արտահայտություններ չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին, ինչը հակասում է օբյեկտիվ իրականությանը»,- հայտարարել է Աբխազիայի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Իլյա Դարչիաշվիլիի հայտարարությունները՝ միմյանց տարածքային ամբոջականությունը հարգելու և պաշտպանելու մասին։
Սուխումին նաև ուշադրություն է դարձրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությունում հայկական կողմի դիրքորոշման «լուրջ փոփոխության» վրա՝ վրացի փախստականների Աբխազիա և Հարավային Օսիա վերադառնալու բանաձևի հարցում։
Նաև Աբխազիայի հայ համայնքն է բողոքի նոտա հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ տարածելով հետևյալ հայտարարությունը․
«Աբխազիայի Հանրապետության հայ համայնքը չի ընդունում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ վրացի գործընկերոջ հետ հանդիպմանը հնչեցրած ձևակերպումները։ Թբիլիսիի դիրքորոշումը մեր հայրենիքի՝ ինքնիշխան Աբխազիայի նկատմամբ, մեզ վաղուց հայտնի է։ Դա հասնում է ակնհայտ բաների հերքմանը:
Աբխազիայի Հանրապետությունը ավելի քան 30 տարի գոյություն ունի աշխարհի քաղաքական քարտեզի վրա։ Այսօր այն ճանաչված է և ունի միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ։
Ցավալի է այլ բան։ Այժմ քաղաքական կարճատեսություն են դրսևորում նաև Հայաստանի իշխանությունները։ Ուրիշ ինչպես բացատրել երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վերջին հայտարարությունները։ Ինչպես ասում են, ծիծաղելի կլիներ, եթե այդքան վիրավորական չլիներ: Այս պաշտոնական իշխանությունը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, որը հանձնեց եղբայրական Արցախը։ Նրանք են, որ ռևերանսներ են անում Վրաստանի ուղղությամբ, որը փակել է իր սահմանները և 2020-ի աշնանը մարդասիրական բեռներ չի թողել արնահոսող Հայաստան։
Հիշում ենք, թե ինչպես բերման ենթարկեցին Սոչի քաղաքի հայերի կողմից ձեռք բերված շտապ օգնության տասնյակ մեքենաներ՝ Հայաստանի զինված ուժերի կարիքների համար։ Մեկնաբանություններն այստեղ, ինչպես ասում են, ավելորդ են։ Ընդամենը մի երկու տարի, և ամեն ինչ մոռացվեց։ Մոռացել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, մոռացել են «Արցախը Հայաստան է» կարգախոսը, մոռացել են, թե ինչպես Ղարաբաղի դավաճանությունից հետո Վրաստանում Ադրբեջանի դեսպանը շնորհավորանքներ էր ստանում Թբիլիսիի իշխանություններից, և միասին ոգևորված 44-օրյա պատերազմի ելքով ՝ նմանատիպ ելքի հույսեր էին հայտնում, այսպես կոչված, «Աբխազիայի ինքնահռչակ հանրապետությունը Վրաստանի կազմ վերադարձնելու» համար։
Պարոն Միրզոյանն իր կանոնադրությամբ չպետք է գա մեզ մոտ։ Ավելի քան մեկ սերունդ մենք խաղաղ ապրում ենք հին աբխազական հողի վրա։ Աբխազների, ռուսների, ադիգների, աբազինների, չերքեզների, վրացիների, հույների և շատ ուրիշների հետ միասին ինքնիշխան պետություն ենք կառուցում։ Եվ այս հարցում մենք լուրջ հաջողությունների ենք հասել։ Ի տարբերություն նրանց, ովքեր բացահայտ հանձնեցին Արցախը։
Թող ձեզ հայտնի լինի, որ Աբխազիայում գործում են 20-ից ավելի հանրակրթական դպրոցներ, որտեղ դասավանդվում է հայոց լեզու, կա Հայ առաքելական եկեղեցու տաճար, իսկ հայ մեծ համայնքը երկրի ներքին կյանքի լիիրավ մասնակիցն է։ Այն Հանրապետությունը, որտեղ դուք վերջերս եք այցելել, նման արդյունքներով պարծենալ չի կարող։ Ընդհակառակը, այնտեղ ակտիվորեն գրավում են հայկական եկեղեցիները ՝ դրանք ներկայացնելով որպես յուրային, մի քանի տարի առաջ փակել են Թբիլիսիի միակ հայկական դպրոցը։ Սա մի քաղաք է, որի առաջացման գործում մեծ դեր են խաղացել հայերը։ Դուք, իհարկե, գիտեք այս ամենը, բայց ձևացնում ենք, թե ոչինչ չի կատարվում։
Մենք հպարտ ենք, որ հայ ենք՝ Աբխազիայի Հանրապետության հայեր։ Մենք հարգում ենք մեր արմատները, գիտենք պատմությունը, սիրում ենք Ափսնին և միշտ հավատարիմ ենք լինելու այն հողին, որը մեզ պատսպարել է դժվարին ժամանակներում»։