կարևոր
4408 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-20 13:23
Քաղաքական

Ես իլուզիա չունեմ, որ թշնամական համակարգի դեմ պայքարը 1-2 օրվա, մեկ շաբաթվա հարց է․ Քրիստինե Վարդանյան

Անհայտ կայքում, անհայտ աղբյուրից ինչ-որ ձայնագրություններ են տարածվել ու մենք Հանրայինով պիտի քննարկենք, պիտի պաշտպանվեմ կամ փորձեմ պաշտպանել Գերասիմ Վարդանյանին առանց իմանալու՝ դրանք ճի՞շտ են, թե՞ ոչ, Վարդանյանի ձայնն այդտեղ կա՞, ինչքանո՞վ կա։ Խոսում ենք այն մարդու մասին, ով հիմա բանտում է, կալանքի տակ է, տեսակցությունները փակ են ու ինքը տեխնիկապես հնարավորություն չունի որևէ ձև մեկնաբանելու։ Առաջին ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։ Նա խորը կասկած է հայտնել, որ այդ ձայնագրությունները իրական են և մոնտաժված չեն, ընդգծել, որ Դաշնակցության Հայաստանի հանրային կապերի գրասենյակը հենց այդ իսկության փաստին է արձագանքել։ 

«Այդ ձայնագրություններն ստեղծողները, դրանց տարածմանը կապ ունեցողները պիտի արժանան քրեաիրավական գնահատականի և քրեորեն պատժվեն։ Ես որևէ հիմք չունեմ հավատալու, որ դրանք իսկություն են, բայց մարդուն իրավունք չունեն ձայնագրելու։ Այդ ապօրինի ձայնագրությունները դատարանում որպես ապացույց չեն դիտարկվում, որովհետև մարդուն չեն կարող ապօրինի ձայնագրել ու հետո դա օգտագործել իր դեմ»։  Վարդանյանը անիմաստ է համարում Հանրայինով ինչ-որ ձայնագրություններ քննարկելը, երբ տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, սահմանազատման-գծման անվան տակ տարածքների հանձնում է տեղի ունենում առանց սահմանադրական նորմը պահպանելու, և ասում են, որ Տավուշում տեղի ունեցածը պետք է տեղի ունենա նաև Սյունիքում։ 

Պատասխանելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքի, մարել-չմարելու և պառակտման մասին հարցին՝ Վարդանյանը նշել է, որ հիմք չունի մտածելու, որ այն պառակտված է։ «Ես ավելի կարևոր ելակետ ունեմ՝ այն շարժումը, որն իմ համար ձևակերպել է լրիվ, միանգամայն ընդունելի նպատակադրումներ, ներկայացրել է իր պահանջները, ստացել է հանրային լայն աջակցություն։ Հիմա հայտարարել է, որ վերադասավորման խնդիր ունի։ Ես այդտեղ ոչ միայն որևէ խնդիր չեմ տեսնում, այլ բա ո՞նց պիտի լիներ։ Մենք տարիներ շարունակ հայտարարում ենք, որ պայքարում ենք թշնամական համակարգի դեմ, ունի բազմաթիվ մեծ ռեսուրսներ և քո դեմ գործում է, իսկապես քեզ թիրախավորում է որպես թշնամի։ Ես իլուզիա չունեմ, որ այդ համակարգի դեմ պայքարը մեկ օր, երկու օր, մեկ շաբաթվա հարց է» ,-հայտնել է ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին՝ թե երկրի իշխանությունները թշնամակա՞ն համակարգ են, Վարդանյանն ընդգծել է․ «Երկրի իշխանությունները ինձ, արցախցիներին, դաշնակցականներին, իրենց դեմ պայքարողներին հռչակել են թշնամի։  Մեր դեմ խոսում են նույն հռետորիկայով, ինչ Ադրբեջանն է խոսում։ Մեր հետ վարվում են նույն կերպ, ոնց որ Ադրբեջանն է վարվում Ադրբեջանը՝ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի։ Այստեղ արդեն, իրենց և Ադրբեջանի գործողություններում՝ մեր նկատմամբ, որևէ տարընթերցում, տարաձայնություն չկա։ Հետևապես, եթե քո հետ վրավում են որպես թշնամի, ավելի լավ է ընդունես, որ այդպես էլ քեզ թիրապավորում են ու հասկանաս, թե ինչ համակարգի դեմ ես պայքարում։ Ինձ համար այս պայքարն ավարտ ունի միայն այն ժամանակ, երբ որ մենք կկարողնանաք դա ավարտին հասցնել, երբ որ կկարողանա Հայաստանում այս ամոթի ու խարանի էջը փոխվել։ Իսկ մինչ այդ բոլոր վերադասավորումները, մարտավարության փոփոխություններն ինձ համար միանգամայն ընդունելի և հասկանալի են»։ 

Խոսելով Շարժման ներկայացրած համերաշխության օրակարգի մասին՝ Վարդանյանը շեշտել է, որ հաշտություն ու համերաշխությունն պետք է լինի, բայց դա չի նշանակում, որ մարդիկ իրենց արածների համար պատասխանատվություն չպետք է կրեն։ «Տեղի է ունեցել պետական հանցագործություն։ Եթե հույս ունեն, որ դրա համար պատասխանատվություն չի լինելու, ապա հիասթափեցնեմ՝ դա վաղ թե ուշ լինելու է»։

Զրույցի առանցքային թեմաներից է եղել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը՝ իմպիչմենթը։  Վարդանյանը բացատրել է, որ իրենք օգտվել են իրենց այդ պահի ունեցած ռեսուրսից ու գործիքակազմից և հանդես են եկել ուղերձի նախագծի օրակարգով արտահերթ նիստ կազմակերպելու պահանջով, քանի որ հնարավոր չի եղել ապահովել իմպիչմենթի գործընթացն սկսելու համար հարկավոր նվազագույն ձայները։ Մանդատները վայր դնելու հարցին անդրադառնալով՝ Վարդանյանը վստահեցրել է՝ չկա այնպիսի օրենք, որով եթե ԱԺ ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները, արտահերթ ընտրություններ կլինի։ «Արտահերթ ընտրությունների մի ճանապարհ կա։ Այդ մի օրենքն է նախատեսված՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, երկու անգամ չի ընտրվում վարչապետ՝ ազգային ժողովով»։ Նա մատնանշել է ժամանակավոր կառավարության անհրաժեշտության մասին, որի ղեկավարը չի հավակնելու իշխանության և այդպիսով կերաշխավորի ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունները։

Հաղորդման ընթացքում հնչել է նաև հարց առ այն, որ Շարժումն սկզբում այլ պահանջներ ուներ, իսկ հետո, Երևան հասնելուն պես փոխվեցին դրանք ու հնչեց Փաշինյանի  հրաժարականի պահանջը։ «Լրիվ տրամաբանական է, որ Շարժումը, ժողովրդային մի շարժում պահանջի այն անհատի հրաժարականը, ով պատասխանատու է սահմանազատման-գծման ապօրինի գործընթացի համար։ Բա ո՞ւմ հրաժարականը պահանջեին, ի՞մ։ Սահմանազատումից-գծումից դժգոհ շարժումը, որը խնդիրների մասին մի ամիս բարձրաձայնել է, ասել է՝ կասեցրեք այս գործընթացը․ այն ոչ միայն չի կասեցվել, այլ արագացած տեմպերով շարունակվել է»։ 

Մանրամասն՝ տեսանյութում